«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Արարատը» նվաճեց նաև չեմպիոնական բարձունքը - VNews
Բաժիններ

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Արարատը» նվաճեց նաև չեմպիոնական բարձունքը

ararat 2 - «Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Արարատը» նվաճեց նաև չեմպիոնական բարձունքը

Հոկտեմբերի 28-ին լրացավ հայկական ֆուտբոլի երբեմնի դրոշակակիր Երևանի «Արարատի» փառահեղ հաղթանակի 48-ամյակը: 1973թ. հայկական ֆուտբոլի տարեգրությունում մի նոր վառ ու անկրկնելի էջ գրվեց: «Արարատն» իսկական մարզական սխրանք գործեց՝ նվաճելով խորհրդային ֆուտբոլի ամենապատվավոր տիտղոսները՝ երկրի չեմպիոնի ոսկե մեդալներն ու բյուրեղապակյա գավաթը:

Ուղիղ 48 տարի առաջ այս օրն «Արարատը» «Զենիթի»  նկատմամբ տոնած հաղթանակով պաշտոնապես գրանցեց իր չեմպիոնությունը՝ ավարտելով մրցաշրջան-73-ում գերազանց ելույթները: Իսկ մինչ այդ, հոկտեմբերի 10-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում լրացուցիչ ժամանակում 2-1 հաշվով պարտության մատնելով Կիևի «Դինամոյին», «Արարատը» նվաճել էր ԽՍՀՄ գավաթը:

VNews.am-ի այս անդրադարձը մրցաշրջան-73-ի ավարտական խաղին, անկասկած, հաճելի հուշեր կարթնացնի ավագ սերնդի ֆուտբոլասերների մոտ: Նրանց թվում ես ինձ կրկնակի երջանիկ եմ զգում, քանի որ ոչ միայն ականատեսն եմ եղել «Արարատի» կրկնակի հաջողությանը, այլև բախտ եմ ունեցել տարբեր առիթներով բազմիցս անդրադառնալու հայկական ֆուտբոլի տարեգրության ամենավառ ու անկրկնելի էջին:

Մրցաշրջան-73-ի վերջին ակորդը «Հրազդանում»

«Արարատ»«Զենիթ»՝  3-2 (1-0)

Երևան, 28 հոկտեմբերի, «Հրազդան» մարզադաշտ, 75 հազար հանդիսական:

Մրցավար՝ Գեորգի Բաքանիձե (Թբիլիսի):

«Արարատ» – Ալյոշա Աբրահամյան – 5, Սանասար Գևորգյան – 5 (Սերգեյ Բոնդարենկո, 70 – 5), Արմեն Սարգսյան – 5, Ալեքսանդր Կովալենկո – 5, Նորայր Մեսրոպյան – 5,  Արկադի Անդրեասյան – 5, Նազար Պետրոսյան – 5 (Սուրեն Մարտիրոսյան, 80 – 5), Լևոն Իշտոյան – 5, Էդուարդ Մարգարով – 5, Հովհաննես Զանազանյան – 5, Նիկոլայ Ղազարյան – 5:

«Զենիթ» – Վլադիմիր Պրոնին – 4, Ալեքսանդր Դերյոմով – 4, Միխայիլ Լոխով – 4, Վլադիմիր Գոլուբև – 4, Յուրի Զագումեննիխ – 4, Պավել Սադիրին – 4, Ալեքսեյ Ստրեպետով – 4, Վիկտոր Տրեմբաչ – 4, Ալեքսանդր Նիկոլաև – 4, Անատոլի Զինչենկո – 4, Վլադիմիր Ժիգունով – 4:

Գոլերը՝ Զանազանյան 27՛, Մարգարով 47՛, 59՛, Նիկոլաև 48,՛ Զինչենկո 52՛:

Հոկտեմբերի 28-ին «Արարատն» առաջնության ավարտական խաղն էր անցկացնելու «Հրազդանում»՝ հյուրընկալելով «Զենիթին»: Այդ օրը տեղի էին ունենալու առաջնության նախավերջին տուրի հանդիպումները, իսկ մրցաշարը եզրագիծը հատելու էր միայն նոյեմբերի 2-ին: Իսկ ահա «Արարատն» ու ԲԿՄԱ-ն առաջինն էին հատելու վերջնագիծը:

ararat - «Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Արարատը» նվաճեց նաև չեմպիոնական բարձունքը

4 օր առաջ Մոսկվայում ԲԿՄԱ-ի նկատմամբ տոնած հաղթանակով «Արարատը» գործնականում լուծել էր չեմպիոնի տիտղոսի նվաճման հարցը՝ 3 միավորով գերազանցելով Կիևի «Դինամոյին»: Այնպես որ, «Զենիթի» հետ խաղում արարատցիները պետք է պաշտոնապես գրանցեին իրենց չեմպիոնությունը:

Իհարկե, տեսականորեն Կիևի «Դինամոն» դեռ պահպանում էր չեմպիոն դառնալու հնարավորությունը: Դրա համար անհրաժեշտ էր, որ դինամոյականներն Ալմա Աթայում և Տաշքենդում հաղթեին մրցակիցներին, իսկ «Արարատն» էլ իր հերթին պարտվեր «Զենիթին»:

Հայ ֆուտբոլասերների համար դեպքերի նման ընթացքը ֆանտաստիկայի ժանրից էր: Ուստի նրանք ոսկե մեդալների նվաճման առիթով նորընծա չեմպիոններին ողջունելու և շնորհավորելու ակնկալիքով էին տեղ զբաղեցրել լեփ-լեցուն տրիբունաներում: Ֆուտբոլասերները մարզադաշտ էին եկել մասնակիցը դառնալու համաժողովրդական մեծ տոնախմբության, ականատես լինելու ֆուտբոլային ներկայացման:

Մինչև խաղը սկսվելը տրիբունաներում արդեն ուրախ և տոնական տրամադրություն էր տիրում, երաժշտություն էր թևածում: Մարզադաշտ էին եկել պարային մի քանի համույթներ: Այնպես որ, բոլորը պատրաստվում էին նշելու մեծ հաղթանակը:

Արարատցիները խաղադաշտ մտան նորընծա չեմպիոնների կարգավիճակով

Ստացվեց այնպես, որ «Արարատը» հանդիպումը սկսեց արդեն նորընծա չեմպիոնի կարգավիճակով: Մինչև «Զենիթի» հետ խաղը սկսվելը հայտնի դարձավ, որ Կիևի «Դինամոն» Ալմա Աթայում 11մ հարվածներով պարտվել է «Կայրաթին», որին մարզում էր «Արարատի» նախկին մարզիչ Արտյոմ Ֆալյանը: Տեղեկանալով այդ մասին, Նիկիտա Սիմոնյանը խնդրել էր արարատցիներից գաղտնի պահել կիևցիների պարտության լուրը և միայն խաղավերջում այդ մասին հայտնել մարզադաշտի ռադիոհանգույցով:

Սակայն ուրախալի այդ լուրը դժվար էր գաղտնի պահել: Ֆուտբոլասերներից շատերը մարզադաշտ էին եկել ռադիոընդունիչներով և «Մայակ» ռադիոալիքով ունկնդրել էին «Կայրաթ»-«Դինամո» Կիև հանդիպման 2-րդ խաղակեսի ռադիոռեպորտաժը: Այնպես որ, դինամոյականների պարտության լուրն արագորեն տարածվեց տրիբունաներում ու հասանելի դարձավ նաև արարատցիներին՝ ցնծության ալիք առաջացնելով ֆուտբոլասերների մոտ:

ararat zenit - «Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Արարատը» նվաճեց նաև չեմպիոնական բարձունքը

Չնայած այդ ամենին, «Հրազդանում» հնչած վերջին ակորդը մեծ բավականություն պատճառեց ֆուտբոլասերներին: Երկու թիմերն էլ մարտականորեն էին տրամադրված: Նիկիտա Սիմոնյանը կրկին խաղադաշտ էր դուրս բերել 3 հարձակվողի, որոնց ակտիվորեն աջակցում էին կիսապաշտպանները:

Խաղասկիզբն անցավ փոխնիփոխ գրոհներով: Հյուրերը գրոհները հիմնականում կազմակերպում էին ձախ թևով, որտեղ հաճախակի հայտնվում էին Ժիգունովը կամ Նիկոլաևը: Սակայն առաջին վտանգավոր պահը ստեղծվեց հակադիր թևից: Հսկողությունից դուրս մնացած Ստրեպետովը մեն-մենակ հայտնվեց Աբրահամյանի դիմաց, սակայն շեղ հարվածեց:

Երկու րոպե անց հանդիպումը գերազանց անցկացրած Անդրեասյանը դարպասապահի դեմ դուրս բերեց Ղազարյանին, սակայն վերջինիս հարվածը մի փոքր բարձր ստացվեց:

Արարատցիներն աստիճանաբար ուժեղացնելով ճնշումը մրցակցի դարպասին, շուտով հասան հաջողության: 27-րդ րոպեին Զանազանյանի հեռահար հուժկու հարվածից հետո գնդակը հայտնվեց դարպասի վերին ձախ անկյունում: Այդ գոլը կրկնակի հոբելյանական էր: Դա երկրի ընթացիկ առաջնությունում «Արարատի» 50-րդ գոլն էր: Այն նաև ԽՍՀՄ Բարձրագույն խմբի առաջնություններում Զանազանյանի խփած 50-րդ գնդակն էր:

«Արարատի» ավագը թիմի ֆուտբոլիստներից առաջինը հատեց 50 գոլի սահմանագիծը և կրկին դարձավ Բարձրագույն խմբում թիմի բոլոր տարիների լավագույն ռմբարկուն՝ մեկ գնդակով գերազանցելով Նիկոլայ Ղազարյանին:

Գոլն ավելի ոգևորեց արարատցիներին, որոնք ձգտում էին գեղեցիկ հաղթանակով վերջակետ դնել լարված մրցաշրջանին: Ընդմիջումից հետո ֆուտբոլասերներն ականատես դարձան գոլերով հարուստ մրցավեճի: Դրա սկիզբը դրվեց 47-րդ րոպեին: Նազար Պետրոսյանը, որի սլացիկ անցումներն ու տուգանային հրապարակ կատարած վտանգավոր փոխանցումներն առանձնակի սրություն էին ստեղծում Պրոնինի պաշտպանած դարպասի մոտ, ձախ թևով առաջ շարժվեց և ճշգրիտ փոխանցումով գնդակը հասցեագրեց հարմար դիրքում գտնվող Մարգարովին, որը գլխի հարվածով կրկնապատկեց հաշիվը:

ararat zenit 1 - «Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Արարատը» նվաճեց նաև չեմպիոնական բարձունքը

Թվում էր, թե խաղի ելքը վճռված է, սակայն լենինգրադցիները մտադիր չէին առանց պայքարի հանձնվելու: Նրանց ընդամենը մեկ րոպե պահանջվեց պատասխան առաջին գնդակը խփելու համար: Ստրեպետովը հաղթող դուրս գալով Մեսրոպյանի հետ պայքարում, գնդակը փոխանցեց Նիկոլաևին, որը մոտ տարածությունից գրավեց դարպասը:

Չորս րոպե անց Զինչենկոյի հեռահար հարվածը հասավ նպատակին՝ 2-2: Սակայն հավասարակշռությունն ընդամենը 7 րոպե պահպանվեց: Զանազանյան-Անդրեասյան-Մարգարով եռաքայլ կոմբինացիան դիպուկ հարվածով ավարտեց «Արարատի» կենտրոնական հարձակվողը՝ խփելով առաջնությունում իր 10-րդ գնդակը, որը 115-րդն էր Մարգարովի ֆուտբոլային կարիերայում ԽՍՀՄ առաջնություններում: Այդ գոլը հաղթական վերջակետ դրեց հանդիպմանը, թեև խաղի արդյունքն այլևս ոչ մի նշանակություն չուներ արարատցիների համար:

Համաժողովրդական տոնախմբություն «Հրազդանում»

«Արարատը»  դեռևս խաղից առաջ էր նվաճել ԽՍՀՄ չեմպիոնի տիտղոսը: Մարզադաշտում հավաքված ֆուտբոլասերներն անհամբերությամբ էին սպասում վրացի մրցավար Գեորգի Բաքանիձեի եզրափակիչ սուլոցին: Եվ երբ մրցավարն ազդարարեց հանդիպման ավարտը, ֆուտբոլասերները հոտնկայս, երկարատև ծափահարություններով ու բացականչություններով ողջունեցին հոգնած, բայց երջանկությունից ժպտացող արարատցիներին: Նրանք մեկ անգամ ևս պատվո շրջան կատարեցին գավաթով, այս անգամ արդեն «Հրազդան» մարզադաշտում, որտեղ քիչ անց իսկական տոնախմբություն սկսվեց:

ararat2 - «Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Արարատը» նվաճեց նաև չեմպիոնական բարձունքը

Միմյանց անծանոթ մարդիկ հին բարեկամների պես ձեռք ձեռքի տված պար էին բռնել, երգում էին, հուզվում, հպարտության հաճելի պահեր ապրում: Մարզադաշտով մեկ թնդում էր երգ-երաժշտությունը, ֆուտբոլասերները վանկարկում էին «Ա-րա-րատ», «Ա-րա-րատ»

Բերկրանքն անսահման էր: Արարատցիներն իրոք մարզական սխրանք էին գործել, մի նոր փայլուն ու անկրկնելի էջ էին բացել հայկական ֆուտբոլի տարեգրությունում՝ նվաճելով ԽՍՀՄ չեմպիոնի և գավաթակրի տիտղոսները: Տարբեր խառնվածքի ու բնավորության տեր տղաները, որոնց միավորում էր մի վեհ նպատակ, կրկնակի հաղթանակով նշանավորեցին թիմի անվանափոխության  10-ամյա հոբելյանը: Իրականացավ թիմի անվան հեղինակ Արտավազդ Խաչիկյանի այն կանխատեսումը, որ տարիներ անց «Արարատը» կլինի իր անվանն արժանի բարձունքում:

Արարատցիների ելույթների արժանի գնահատականը

Մրցաշրջան-73-ում «Արարատի» հաջողությունն օրինաչափ էր: Այդ են վկայում նաև թիմի գրանցած ցուցանիշները: Առաջնությունում անցկացրած 30 հանդիպումներում «Արարատը» տոնեց բոլորից շատ հաղթանակ (18), դարձավ ամենաարդյունավետ թիմը՝ խփելով 52 գնդակ, վաստակեց 39 միավոր՝ 3 միավորով գերազանցելով իր հիմնական հակառակորդ Կիևի «Դինամոյին»:

Երկրի նորընծա չեմպիոնն արժանացավ 4 մրցանակի՝ Գ. Ֆեդոտովի անվան (ամենաարդյունավետ թիմին), «Խոշոր հաշվի», «Ագրեսիվ հյուրին» (մրցակցի հարկի տակ բոլորից շատ միավոր վաստակած թիմին), «Լավագույն տարբերության» (խփած և բաց թողած գնդակների):

ararat zenit 3 - «Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Արարատը» նվաճեց նաև չեմպիոնական բարձունքը

Երկրի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար «Ֆուտբոլ-Հոկեյ» շաբաթաթերթի անցկացրած հարցման արդյունքներով Արկադի Անդրեասյանը ճանաչվեց երկրորդը կիևցի Օլեգ Բլոխինից հետո: Լավագույնների ցանկում Լևոն Իշտոյանը 4-րդն էր, Էդուարդ Մարգարովը՝ 5-րդը, Ալյոշա Աբրահամյանը՝ 8-րդը, Հովհաննես Զանազանյանը՝ 13-րդը, Նիկոլայ Ղազարյանը՝ 23-րդը:

8 արարատցիներ՝ Ալյոշա Աբրահամյանը, Սուրեն Մարտիրոսյանը, Ալեքսանդր Կովալենկոն, Նորայր Մեսրոպյանը, Արկադի Անդրեասյանը, Լևոն Իշտոյանը, Էդուարդ Մարգարովը և Հովհաննես Զանազանյանն ընդգրկվեցին երկրի «33 լավագույնների» ցանկում: Ընդ որում, Անդրեասյանն ու Իշտոյանը խաղային իրենց դիրքերում գլխավորեցին լավագույն եռյակները: Այդ ամենն արարատցիների նվաճած հեղինակության և անհատական բարձր վարպետության վկայությունն էր, որը նման գնահատականի արժանացավ:

«Արարատի» կենտրոնական հարձակվող, 31-ամյա Էդուարդ Մարգարովին շնորհվեց սպորտի վաստակավոր վարպետի պատվավոր կոչում: Հարություն Քեհեյանից հետո նա դարձավ նման կոչման արժանացած «Արարատի» երկրորդ ֆուտբոլիստը:

«Տրուդ» թերթի սահմանած «Լավագույն ռմբարկու» մրցանակի համար պայքարում Արկադի Անդրեասյանը 13 գնդակով եզրափակեց առաջնության ամենաարդյունավետ ֆուտբոլիստների եռյակը՝ իրենից առաջ թողնելով Օլեգ Բլոխինին («Դինամո» Կիև)՝ 18 գոլ և Անատոլի Կոժեմյակինին («Դինամո» Մոսկվա)՝ 16:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: