Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Հերթական հաղթանակը գավաթի ճանապարհին

ararat 1 - «Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Հերթական հաղթանակը գավաթի ճանապարհին

Այս տարի լրանում է հայկական ֆուտբոլի երբեմնի դրոշակակիր Երևանի «Արարատի» փառահեղ հաղթանակի 45-ամյակը: 1973թ. հայկական ֆուտբոլի տարեգրությունում մի նոր վառ ու անկրկնելի էջ գրվեց: «Արարատն» իսկական մարզական սխրանք գործեց՝ նվաճելով խորհրդային ֆուտբոլի ամենապատվավոր տիտղոսները՝ երկրի չեմպիոնի ոսկե մեդալներն ու բյուրեղապակյա գավաթը:

VNews.am-ը փառահեղ հաղթանակի 45-ամյակի կապակցությամբ շարունակում է մրցաշրջան-73-ում «Արարատի» ելույթների մասին պատմող հոդվածաշարի տպագրությունը, ինչն անկասկած հաճելի հուշեր կարթնացնի ֆուտբոլասերներից շատերի մոտ:

Նիկիտա Սիմոնյան. «Ֆուտբոլասերները մեծամտացել և թիմից միայն հաղթանակ են պահանջում»

ararat zarya kubok - «Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Հերթական հաղթանակը գավաթի ճանապարհին

 «Արարատ» – «Զարյա» Վորոշիլովգրադ՝  2- 0 (2 – 0)

Երևան, 11 հուլիսի, «Հրազդան» մարզադաշտ, 62 հազար հանդիսական:

Մրցավար՝ Պավել Կազակով (Մոսկվա):

«Արարատ» – Ալյոշա Աբրահամյան, Սանասար Գևորգյան (Սերգեյ Բոնդարենկո, 42), Արմեն Սարգսյան, Ալեքսանդր Կովալենկո, Նորայր Մեսրոպյան, Արկադի Անդրեասյան, Սերգեյ Պողոսյան (Նազար Պետրոսյան, 65), Լևոն Իշտոյան, Էդուարդ Մարգարով, Հովհաննես Զանազանյան, Նիկոլայ Ղազարյան:

«Զարյա» – Միխայիլ Ֆորկաշ, Սերգեյ Կուզնեցով, Վլադիմիր Մալիգին, Նիկոլայ Պինչուկ, Յուրի Վասենին, Ալեքսանդր Ժուրավլյով, Վիկտոր Կուզնեցով, Վլադիմիր Բելոուսով, Սերգեյ Մորոզով (Անատոլի Պավլով, 70), Անատոլի Կուկսով, Ալեքսանդր Պոպով (Վալերի Կոպի, 65):

Գոլերը՝  Իշտոյան 2՛, Մարգարով 33՛:

Մինչ առաջնության 2-րդ շրջանի մեկնարկն «Արարատը» ԽՍՀՄ գավաթի քառորդ եզրափակչի առաջին հանդիպումն անցկացրեց երկրի չեմպիոն «Զարյայի» հետ: Վերջինս 1/8 եզրափակչում առավելության էր հասել Դոնեցկի «Շախտյորի»  նկատմամբ (2-0, 0-1): Իսկ արարատցիները պայքարից դուրս էին մղել Բաքվի «Նեֆթչիին»՝ հաղթելով երկու խաղերում էլ՝ 1-0, 3-1:

Մրցաշրջան-73-ում «Զարյան» երկրորդ անգամ էր Երևան ժամանում: Մրցակիցների առաջին հանդիպումը կայացել էր առաջնության 2-րդ տուրում՝ ապրիլի 14-ին: Խաղի հիմնական ժամանակում գրանցվել էր ոչ-ոքի՝ 1-1, իսկ հետխաղյա 11մ հարվածաշարում 4-3 հաշվով հաղթել էր «Արարատը»: Բնականաբար, «Զարյան» գավաթային մրցախաղում փորձելու էր ռևանշի հասնել առաջնությունում կրած պարտության դիմաց:

Հանդիպման նախօրեին «Արարատի» ավագ մարզիչ Նիկիտա Սիմոնյանը հեռուստատեսությամբ պատասխանեց մարզական մեկնաբան Գեորգի Սարկիսյանցի հարցերին: Պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս են արարատցիներն իրենց զգում առաջատարի դերում, Սիմոնյանը հետևյալը նշեց. «Ֆուտբոլիստներն իրենց նորմալ են զգում, իսկ ահա ֆուտբոլասերները մեծամտացել են, ինչպես երևում է ավելի ծանր են տանում հաջողությունը: Դեռ ԲԿՄԱ-ի հետ չէինք խաղացել, իսկ նրանք արդեն հարցնում էին, թե գավաթային խաղում «Զարյային»  քանի գնդակի առավելությամբ պիտի հաղթենք: Ես նրանց ասում եմ, որ պետք է համբերել, նախ հարկավոր է բանակայիններին հաղթել, հետո մտածել «Զարյայի»  հետ հանդիպման մասին»:

Այո, «Արարատն» իր հաջող մրցելույթներով ստիպել էր ֆուտբոլասերներին թիմից միայն հաղթանակ պահանջել, ամենաբարդ խնդիրներն առաջադրել արարատցիներին՝  հավատալով, որ նրանք ունակ են հաջողությամբ լուծելու դրանք:

Նիկիտա Սիմոնյանն էլ  «Զարյայի» հետ խաղում արարատցիների առջև խնդիր էր դրել գավաթային դիմակայության ելքը վճռել արդեն երևանյան մրցախաղում՝ մրցակցին հաղթելով խոշոր հաշվով: Հարկ է նշել, որ «Արարատը» շատ մոտ էր իր առջև դրված խնդրի կատարմանը, սակայն բազմաթիվ գոլային պահերից միայն երկուսն օգտագործեց:

Հանդիպման առաջին իսկ րոպեին «Զարյայի» դարպասին սպառնացին Իշտոյանն ու Մարգարովը, իսկ դարպասը գրավելու երկրորդ փորձը հաջողությամբ պսակվեց:

Սերգեյ Կուզնեցովը Ղազարյանի հետ պայքարում խախտեց կանոնները: Անդրեասյանը տուգանային հարվածով գնդակը փոխանցեց Մարգարովին, որի գլխի հարվածը հետ մղեց Ֆորկաշը, իսկ վրա հասած Իշտոյանը գրավեց դարպասը:

Բաց թողած գոլից հետո հյուրերը կարող էին վերականգնել հավասարակշռությունը, սակայն Վասենինը նպաստավոր դիրքից վրիպեց: Իրենց հերթին հաշիվը կրկնապատկելու լավ հնարավորությունները չօգտագործեցին Զանազանյանն ու Իշտոյանը:

Վերջապես 33-րդ րոպեին «Արարատին» հաջողվեց կրկնապատկել հաշիվը: Պինչուկը փորձեց խաբս տալ Զանազանյանին, սակայն «Արարատի» ավագը գնդակը խլելով նրանից, անմիջապես այն հասցեագրեց Իշտոյանին, որն էլ հարվածային դիրք դուրս բերեց Մարգարովին: Վերջինս հնարամտորեն շրջանցելով Ժուրավլյովին ու դարպասապահին, հանգիստ գնդակն ուղարկեց դարպասը:

Ընդմիջումից հետո արարատցիներն ունեցան հաշիվն ավելացնելու ևս մի քանի նպաստավոր պահեր, սակայն «Զարյայի»  դարպասը մնաց անառիկ: Գավաթի քառորդ եզրափակիչ առաջին խաղում հաղթելով 2-0 հաշվով, «Արարատը» հաջորդ փուլ մտնելու լուրջ հայտ ներկայացրեց:

Աշոտ Հայրապետյան


«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Արարատցիներն ամրապնդեցին առաջատարի իրենց դիրքերը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Արարատցիները չտրվեցին ադրբեջանցիների սադրանքին

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Խոշոր հաշվով 3-րդ անընդմեջ հաղթանակը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Առաջին հաղթանակը Բաքվում

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Հաղթանակ ռեկորդային հաշվով

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Պարտությանը հաջորդած հաղթանակ առաջատարներից մեկի նկատմամբ

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Արարատը» հավատարիմ մնաց ավանդույթին

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Մեկնարկը

Նիկիտա Սիմոնյան. «Մխիթարյանը փայլուն ֆուտբոլիստ է. Շատ ակումբներ ուրախ կլինեն տեսնել նրան իրենց կազմում»