Արայիկ Հարությունյան. «Սպորտի ոլորտում մեր որոշումները եղել են արդար ու իրականությանը համապատասխան» - VNews
Բաժիններ

Արայիկ Հարությունյան. «Սպորտի ոլորտում մեր որոշումները եղել են արդար ու իրականությանը համապատասխան»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը այսօր պատասխանել է լրագրողների հարցերին: Նախարարը մասնավորապես անդրադարձել է կորոնավիրուսի համավարակի պատճառով մարզական հավաքներ անցկացնելու խնդիրներին:

«Չեմ կարծում, որ ուշ ենք արձագանքել մարզիկների հավաքների կազմակերման խնդրին: Արձագանքել ենք այն ժամանակ, երբ համավարակային իրավիճակը դա մեզ թույլ է տվել: Կոնտակտային ոլորտները մեզ թույլ չէին տալիս գնալ փոփոխությունների՝ պարետի որոշումներից ելնելով:

Գիտեք՝ հունիս-հուլիս ամիսներին ինչ ծանր իրավիճակ է եղել COVID-ի հետ կապված, և հիմա փառք Աստծո սպորտային ուսումնական հաստատություններն երեկվանից սկսել են գործել՝ համավարակի կանոններին հետևելով:

Իրավիճակը ուսումնասիրել ենք նաև այլ երկրներում, հասկանում ենք, որ սպոտում երկար դադարները կարող են բացասաբար ազդել:

Հույս ունենք, որ կվերականգնենք բաց թողածը: Այն մարզիկները, որոնք հավակնում են Օլիմպիական խաղերին մասնակցելու, արդեն երկար ժամանակ է, ինչ մարզումները վերականգնել են, նրանցից լուրջ արդյունքներ ենք սպասում»:

Հարությունյանին նաև հարց են ուղղել 2020 թվականին մարզիկների պատվովճարների վերաբերյալ, քանի որ միջազգային մրցաշարերի մեծ մասը չի կայացել համաճարակի պատճառով:

«Այստեղ ունենք խնդիր: Եվ խնդիր ունենք ոչ միայն պատվովճարների հետ կապված, այլև տարվա տասը լավագույն մարզիկներին որոշելիս: Այդ թեմայով քննարկումներ ենք ունեցել, տարբեր չափորոշիչներ ենք մշակում, որոնք թույլ կտան մեզ առավել օբյեկտիվ ներկայացնել 2020-ի պատկերը: Ինչո՞ւ օբյեկտիվ, քանի որ օրինակ եղել են մարզաձևեր, որոնք հնարավորություն են ունեցել բացվելու ու մրցումներ անցկացնելու, եղել են մարզաձևեր, որտեղ այդ հնարավորությունը չի եղել, եղել են մարզաձևեր, որոնց միջազգային մրցումները եղել են հունվար-փետրվար ամիսներին, և որոշ առումով խնդրահարույց է, եթե միայն այդ ամիսներով որոշումներ կայացնենք:

Այդ պատճառով քննարկումները շարունակվում են: Սպորտի ոլորտում մեր որոշումները եղել են արդար ու իրականությանը համապատասխանող, և դա մենք տեսնում ենք մարզիկների արձագանքից մեր գործելաոճին»:

Նախարարը չի ցանկացել մեկնաբանել Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու պատճառները: Հարությունյանը հայտարարել է, որ մարզիկի հետ վերջին ամիսներին ունեցել է «զրո» քննարկում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հարությունյանի խոսքով՝ Մխիթարյանը հաջորդ հավաքին կլինի հավաքականի հետ

Կառավարությունը 232 մլն դրամ կհատկացնի Օլիմպիական խաղերի նախապատրաստությանը

Հակոբ Մկրտչյանն արժանացել է սպորտի վաստակավոր վարպետ կոչմանը

Արայիկ Հարությունյանը ընդունել է ուսանողական խաղերին մասնակցող մարզիկներին (լուսանկարներ)