-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Մեկ տարի անց ու մեկ տարվա պարտադրված դադարից հետո ձյուդոյի Հայաստանի հավաքականի առաջատար, Եվրոպայի 2018թ. չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը կմասնակցի Թել Ավիվում կայանալիք «Մեծ սաղավարտի» մրցաշարին, որը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար: 2020-ին հենց այդ մրցաշարի ժամանակ Կարապետյանը վնասվածք ստացավ ու չկարողացավ ներկայանալ եզրափակիչ գոտեմարտին՝ բավարարվելով արծաթե մեդալով:
Ձյուդոյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը մեկնումից րոպեներ առաջ VNews.am-ին պատմեց Ֆերդինանդի մարզավիճակի ու խոսեց նրա հավակնությունների մասին այս մրցաշարում:
«Վնասվածքներից բուժվելուց հետո Ֆերդինանդը առաջին հավաքն է անցկացրել հավաքականի հետ: Երևանյան հավաքից հետո որոշեցինք, որ նա կմասնակցի այս մրցաշարին: Ընդհանուր առմամբ՝ լավ մարզավիճակում է, մրցումներից հետո արդեն ընդհանուր պատկեր կունենանք, գնահատականների հարցում չեմ ցանկանում շտապել:
Նրա վնասվածքները մասամբ են բուժվել, բայց արդեն հնարավորություն ունենք մասնակցելու մրցման: Եթե մարզիչներով նկատեինք, որ նրա հետ ինչ-որ բան այն չէ, այս մրցաշարին մասնակցելու որոշում չէինք կայացնի: Պետք է փորձենք մոռանալ վնասվածքները ու անել ամեն հնարավորը լավ ներկայանալու համար: Նա միանշանակ կարող է պայքար մղել մեդալների համար»:
Դավթյանը շեշտեց, որ ձյուդոյում Օլիմպիական ուղեգրերի ձեռքբերման կարգը մի փոքր տարբերվում է մյուս մարզաձևերից. քառամյակի գլխավոր սպորտային իրադարձությանը Եվրոպայից մասնակցելու իրավունք են ստանում այն ձյուդոյիստները, որոնք կուտակած միավորներով կարողանում են ընդգրկվել թոփ 13-ի մեջ: Կարապետյանի շանսերն էլ բավական մեծ են վարկանիշ ձեռք բերելու հարցով:
«Այս մրցաշարը մեծ նշանակություն ունի, քանի որ ավելի բարձր միավորներ է տալիս, ավելին՝ քան Եվրոպայի առաջնությունը»:
Տիտղոսակիր մարզիկը հայտնեց նաև, որ Թել Ավիվի մրցաշարից հետո մեր ընտրանին ուսումնամարզական հավաք կանցկացնի արտերկրում, որից հետո էլ կմեկնեն Ուզբեկստանի «Մեծ սաղավարտի» մրցաշարին:
Հարցին՝ արդյոք հավաքականում կտեսնենք նոր անուններ, Դավթյանը շեշտեց, որ ունենք տաղանդավոր մարզիկներ, ինչպես օրինակ Յուրա Իսրայելյանը, Մերուժ Սարգիսյանը, Բորիս Շատվերյանը, որոնց շանս կտրվի մասնակցելու Եվրոպայի գավաթի մրցաշարերին, որոնք նույնպես վարկանիշային միավորներ են տալիս: Եթե ձյուդոյիստները լավ արդյունքներ ունենան ու արդարացնեն մարզիչների ակնկալիքները, նրանց նույնպես կտեսնենք միջազգային հեղինակավոր գորգերում:
«Մենք նպատակահարմար ենք գտնում այդ տղաներին փորձարկել այդ մրցումներին»,-եզրափակեց մարզիչը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո