Առանձնացող գրանդ ակումբ. 21-րդ դարում «Բավարիայի» լավագույն 10 տրանսֆերները - VNews
Բաժիններ

Առանձնացող գրանդ ակումբ. 21-րդ դարում «Բավարիայի» լավագույն 10 տրանսֆերները

assa6as6 - Առանձնացող գրանդ ակումբ. 21-րդ դարում «Բավարիայի» լավագույն 10 տրանսֆերները

Ապրել գիշատիչների հետ, բայց չդառնալ մսակեր, լինել դոպինգ ընդունող մարզիկների շրջապատում, բայց հույս դնել միայն սեփական ուժերի վրա կամ լինել թոփ ակումբ, բայց մեծ ծախսեր չկատարելով պահպանել դիրքերը: Այդպիսի ակումբ է «Բավարիան», որի ռեկորդային տրանսֆերը երկար ժամանակ 42 մլն եվրո էր, այն դեպքում, որ մյուս գրանդներն անցել էին 100-ի սահմանը, իսկ ինչ-որ մեկը հասել էր 222-ի: Ինչ-որ պահի մյունխենցիները որոշեցին ոտք գցել ժամանակակից ստանդարտներին և թանկարժեք տրանսֆեր կատարել, սակայն այն դեռ հաջողված չէ. Լյուկա Էրնանդեսի տրանսֆերը հերթական անգամ ապացուցեց, որ «Բավարիայի» նախկին մոդելը ճիշտ էր, կարիք չկա «խելագարվել» և պարտքեր կուտակել:

21-րդ դարում «Բավարիան» բազմաթիվ հիասքանչ տրանսֆերներ է կատարել դժվար է կազմել լավագույն տասնյակը, ուր մնաց ընտրել լավագույնին:

VNews.am-ը շարունակում է իր շարքը՝ ներկայացնելով 21-րդ դարում տարբեր ակումբների թոփ-10 տրանսֆերները մեր վարկածով (միայն գնումները, քանի որ վաճառքներին դժվար է միանշանակ գնահատական տալ):

10. Ջերոմ Բոատենգ՝ «Մանչեսթեր Սիթիից». 13,5 մլն եվրո (2011 թվական)

«Մանչեսթեր Սիթին» դեռ 10 տարի առաջ էր փորձում թոփ պաշտպաններ ձեռք բերել, բայց ոչ միշտ էր գործարքը հաջողված դառնում: Այդպես Բոատենգին ձեռք բերելուց մեկ տարի անց «քաղաքաբնակները» գրեթե նույն գնով նրա տրանսֆերը վաճառեցին «Բավարիային»: Գանական արմատներով գերմանացին «Բավարիայում» 10 տարի անցկացրեց, ու այդ ընթացքում ոչ միանշանակ դեպքերի պակաս չեղավ: Առաջին հերթին շատ էին վնասվածքները. Մյունխենում նա 41 վնասվածք է ստացել, որոնցից 5-ը՝ ծանր: Մարդիկ Բոատենգի անունը լսելիս հաճախ հիշում են նաև, թե Լեո Մեսին ինչպես շրջանցեց նրան, գոլ խփեց և Ջերոմին դարձրեց մեմերի հերոս:

Այդուհանդերձ, դրականն ավելի շատ է: Բոատենգն չնայած բազմաթիվ վնասվածքներին, հասցրեց 363 խաղ անցկացնել, 7 տիտղոս նվաճել, այդ թվում՝ 9 անընդմեջ Բունդեսլիգա և երկու Չեմպիոնների լիգա: 2016 թվականին Բոատենգը ճանաչվեց Գերմանիայի լավագույն ֆուտբոլիստ, ինչը մեծ նվաճում է, եթե հիշում ենք, թե նա ում հետ է մրցակցել:

boateng 3 960x640 - Առանձնացող գրանդ ակումբ. 21-րդ դարում «Բավարիայի» լավագույն 10 տրանսֆերները

9. Լուսիո՝ «Բայերից». 7 մլն եվրո (2004 թվական)

Ժամանակակից ֆուտբոլում դժվար է պատկերացնել, որ աշխարհի չեմպիոն դարձած հավաքականի հիմնական կենտրոնական պաշտպանը, որը նույն տարում համեստ ակումբի հետ հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, չի տեղափոխվի որևէ գրանդ: Բայց 20 տարի առաջ այդպես հաճախ էր լինում. Լուսիոն մեծ հաջողություններից հետո ևս 2 տարի մնաց «Բայերում», հետո նոր տեղափոխվեց «Բավարիա»:

Մյունխենում Լուսիոն անցկացրեց 5 տարի, որոնցից 3-ում «ոսկե դուբլ» նվաճեց: Բրազիլացին այն ֆուտբոլիստներից էր, որոնք գրեթե չեն սխալվում, իսկ եթե դա անում էլ են, ապա դա ներվում է, որովհետև գրեթե միշտ անթերի են, ինչպես նաև շատ վտանգավոր են մրցակից տուգանային հրապարակում: Լուսիոն նաև երկաթյա առողջություն ուներ, ինչը նրան թույլ տվեց 5 տարում 218 խաղ անցկացնել «Բավարիայում»:

lucio 960x540 - Առանձնացող գրանդ ակումբ. 21-րդ դարում «Բավարիայի» լավագույն 10 տրանսֆերները

8. Լեոն Գորեցկա՝ «Շալկեից». անվճար (2018 թվական)

Հայտնի պնդում է, որ «Բավարիան» թալանում է Բունդեսլիգան՝ «փախցնելով» իր մրցակիցների առաջատարներին, բայց անհնար է աչք փակել այն փաստի վրա, որ Գերմանիայում գրեթե բոլորը ցանկանում են խաղալ «Բավարիայում»: Առանց մյունխենյան թիմը ներկայացնելու նրանց կարիերան ասես թերի լինի: Այդ պատճառով քչերը զարմացան, որ 2018 թվականին «Շալկեի» առաջատար Գորեցկան մերժեց «Բարսելոնայի» պես գրանդին և ընտրեց «Բավարիան»: Գերմանացին անհավանական մեծ արագությամբ հարմարվեց մյունխենցիների ֆուտբոլին և դարձավ առանցքային ֆուտբոլիստներից մեկը:

Գորեցկան նաև զարգացրեց գրոհներին միանալու հմտությունը, ինչն այդքան էլ արտահայտիչ չէր Գելզենկիրխենում: 3 տարում կիսապաշտպանը արդեն 112 խաղի է մասնակցել, որոնցում 25 գոլ է խփել ու 27 գոլային փոխանցում կատարել: 2019/20 մրցաշրջանում Գորեցկան կարևոր դերակատարում ունեցավ «Բավարիայի» տրիումֆում, որը մեկ տարում նվաճեց բոլոր 6 տիտղոսները և կրկնեց «Բարսայի» ռեկորդը:

Լեոնն այս պահին 26 տարեկան է, ինչը նշանակում է, որ դեռ երկար տարիներ նա կարող է մեծ օգուտ տալ «Բավարիային» կամ թանկ գնով վաճառվել, եթե ցանկանա հեռանալ: Բայց գերմանացիները, դժվար թե, ցանկանան բաժանվել այսպիսի ֆուտբոլիստից:

goretzka 960x540 - Առանձնացող գրանդ ակումբ. 21-րդ դարում «Բավարիայի» լավագույն 10 տրանսֆերները

7. Ալֆոնսո Դևիս ՝ «Վանկուվերից». 10 մլն եվրո (2019 թվական)

Ձեռք բերել 18-ամյա ֆուտբոլիստի, նրան դարձնել հիմնական ձախ պաշտպան, հետո էլ նա կարևոր դեր խաղա թիմի սուպերնվաճումներում և դառնա աշխարհի ամենաթանկարժեք խաղացողներից մեկը. դա համակարգչային խաղից օրինակ չէ, այլ Ալֆոնսո Դևիսի վերջին 2 տարին «Բավարիայում»:

Կանադացու տրանսֆերը տասնյակ ակումբների է առաջարկվել, որոնցից շատերն այդ տարբերակը նույնիսկ լուրջ չեն համարել, որովհետև նա խաղում էր ոչ ֆուտբոլային Կանադայում: Միջակները չցանկացան, գրանդը գործեց. «Բավարիան» ձեռք բերեց Դևիսի տրանսֆերը, երբ նա չափահաս դարձավ: Հիմա Ալֆոնսոն 20 տարեկան է, իսկ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 131 մլն եվրո: Եթե ավելի երկար ժամանակ անցներ և լատերալն ավելի շատ օգուտ տար թիմին, ապա այս վարկանիշում կարող էր էլ ավելի բարձր տեղ զբաղեցնել: Միգուցե, 10 տարի անց նա թոփ-3-ում հայտնվի:

alphonso davies bayern munich run 960x540 - Առանձնացող գրանդ ակումբ. 21-րդ դարում «Բավարիայի» լավագույն 10 տրանսֆերները

6. Սերժ Գնաբրի՝ «Վերդերից». 8 մլն եվրո (2017 թվական)

Եթե ցանկանում եք ներկայացնել Արսեն Վենգերի աշխատելաոճը, ապա Սերժ Գնաբրին ավելի քան ցայտուն օրինակ է: Ֆրանսիացին կարողանում էր տաղանդներ գտնել այնտեղից, որտեղ քչերն են տեսնում, բացահայտել նրանց, բայց հետո բաց թողնել: Արդյունքում, այդ աշխատանքից օգտվում է ոչ թե «Արսենալը», այլև ուրիշ ակումբներ: Այդպես էր նաև Գնաբրիի դեպքում: Գերմանացին անգլիացի վերադարձավ Գերմանիա, իրեն դրսևորեց «Վերդերում» և տեղափոխվեց «Բավարիա»: Մյունխենում նրան խաղաժամանակ ստանալու համար ուղարկեցին «Հոֆենհայմ», որտեղից Գնաբրին վերադարձավ բավականին առաջադիմած: 2018 թվականից ինսայդը խաղում է «Բավարիայի» մեկնարկային կազմում: Հատկապես մեծ էր Գնաբրիի դերը նախորդ մրցաշրջանի տրիումֆի ժամանակ: Մյունխենում նա միջինը 3 խաղում մոտ 2 գոլային գործողություն է կատարում, ինչը շատ բարձր ցուցանիշ է: Գերմանացին 25 տարեկան է և այսպես շարունակելու դեպքում կարող է դառնալ «Բավարիայի» լեգենդը:

serge gnabry celebration fcb 960x540 - Առանձնացող գրանդ ակումբ. 21-րդ դարում «Բավարիայի» լավագույն 10 տրանսֆերները

5. Արյեն Ռոբեն՝ «Ռեալից». 25 մլն եվրո (2009 թվական)

Մինչև «Բավարիա» տեղափոխվելը հոլանդացին հասցրել էր 5 տարում 3 թիմ փոխել: Ամենուր նա շատ օգտակար էր, սակայն 2009 թվականին վինգերը դարձավ Ֆլորենտինո Պերեսի նոր «գալակտիկոսի» տուժածներից մեկը: Պերեսը որոշեց բաժանվել վինգերից, որպեսզի գումար խնայի գերաստղային տրանսֆերներ կատարելու համար: «Բավարիան» արագ արձագանքեց և հրավիրեց Ռոբենին, բայց նույնիսկ Մյունխենում, երևի թե, չէին սպասում, որ այդքան հաջող գործարք են կնքում: Գերմանիայում Արյենը բացահայտեց իր բոլոր տաղանդները: Նա անմիջապես դարձավ «Բավարիայի» առաջատարներից մեկը, խփեց անչափ կարևոր գոլեր, այդ թվում գնդակ, որը նրա թիմին դարձրեց Չեմպիոնների լիգայի հաղթող: Փառահեղ ելույթներին զուգահեռ Ռոբենը նաև «բյուրեղապակյա ֆուտբոլիստի» համբավ ձեռք բերեց, քանի որ անընդհատ վնասվածքներ էր ստանում: «Բավարիայում» նա 50 անգամ տարբեր պատճառներով և ժամկետներով դուրս է մնացել շարքից:

Բարեբախտաբար, վնասվածքները Ռոբենին չխանգարեցին 10 տարի մնալ «Բավարիայում» ու դառնալ ակումբի լեգենդը: Հոլանդացին «Բավարիայի» կազմում 309 հանդիպման է մասնակցել, որոնցում 144 գոլ խփել և 101 գոլային փոխանցում կատարել: Ֆանտաստիկ թվեր են, հատկապես հաշվի առնելով, որ նա կենտրոնական հարձակվող չէր:

robben 960x543 - Առանձնացող գրանդ ակումբ. 21-րդ դարում «Բավարիայի» լավագույն 10 տրանսֆերները

Մեր ընտրանին

4. Ֆրանկ Ռիբերի՝ «Մարսելից». 30 մլն եվրո (2007 թվական)

Լուսիոյի մասին գրածը նաև կիրառելի է Ռիբերիի դեպքում, չնայած նրան, որ Մարսելի «Օլիմպիկը» Ֆրանսիայում ամենասիրելի ակումբն է: Ֆրանկն իրեն արտակարգ դրսևորեց ԱԱ-2006-ի ժամանակ, երբ դեռ 23 տարեկան էր, բայց շարունակեց ևս մեկ տարի խաղալ «Վելոդրոմում»: «Բավարիա» տեղափոխությունը դարձավ եզրային հարձակվողի կարիերայի լավագույն որոշումներից մեկը:

Գերմանիայում ֆրանսիացին անմիջապես սկսեց իրեն հիանալի դրսևորել, իսկ 2 տարի անց նրան միացավ նաև Արյեն Ռոբենը, որի հետ միասին կազմեցին սարսափազդու՝ «Ռոբերի» զույգը: Մյունխենում Ռիբերիի կարիերայի գագաթնակետը դարձավ 2013 թվականը, երբ մյունխենցիները թրեբլ ձևակերպեցին, իսկ Ռիբերին ճանաչվեց Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ: Նա մոտ էր նաև «Ոսկե գնդակը» ստանալուն, բայց այն «նվիրեցին, հանձնեցին» Կրիշտիանու Ռոնալդուին:

«Բավարիայում» Ռիբերին 425 հանդիպման մասնակցեց, 124 գոլ խփեց, 182 գոլային փոխանցում կատարեց և 22 տիտղոս նվաճեց: Հենց Ռիբերիի ու Ռոբենի հետ են արդեն համեմատում ցանկացած վինգերի, որը փորձում է հաջողության հասնել Մյունխենում: Գրեթե միշտ, նորեկները պարտվող են դուրս գալիս:

ribery 1 960x676 - Առանձնացող գրանդ ակումբ. 21-րդ դարում «Բավարիայի» լավագույն 10 տրանսֆերները

3. Ջոշուա Կիմիխ՝ «Շտուտգարտից». 8,5 մլն եվրո (2015 թվական)

«Բավարիայի» շատ երկրպագուներ դժգոհ են Խոսեպ Գվարդիոլայի աշխատանքից, երբ նա գլխավորում էր նրանց սիրելի թիմը, չնայած նրան, որ հենց կատալոնացու օրոք Բունդեսլիգան պարտադիր հաղթելը դարձավ նորմալ երևույթ (նախկինում այդպես չէր): Բայց նրանք չեն կարող հերքել, որ Կիմիխին հենց Գվարդիոլան է բացահայտել: Գերմանացին խոստովանում է, որ երբ առաջին անգամ հանդիպեց Պեպի հետ, նա այնպիսի բաներ էր պատմում Ջոշուայի խաղի մասին, որ նույնիսկ նա չէր պատկերացնում: Գվարդիոլան երիտասարդ ֆուտբոլիստին սկսեց վստահել աջ պաշտպանի, ինչպես նաև երկու անչափ կարևոր՝ կենտրոնական պաշտպանի և հենակետայինի դիրքերը:

Այժմ Կիմիխը «Բավարիայի» գլխավոր խաղարկողն է: Հենց նա է կազմակերպում մյունխենցիների այդքան վտանգավոր գրոհները: 2020-ի նոյեմբերին նա վնասվածք ստացավ և 40 օր բաց թողեց: Գերմանացու կարևորությունը հենց այդ ժամանակ ամենավառ կերպով զգացնել տվեց, որովհետև ամենազոր թվացող «Բավարիան», հանկարծ սկսեց սայթաքումներ թույլ տալ և չփայլել իր վառ խաղով: Դա դեռ նրա ամենալուրջ վնասվածքն է: Մեծ դիմացկունության շնորհիվ գերմանացին 6 տարում արդեն 261 խաղ է անցկացրել, որոնցից մեծ մասը պաշտպանությունում, սակայն հասցրել է 101 գոլային գործողություն կատարել (30+71): Դրանցից մեկը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում էր, երբ նրա փոխանցումը երկար սպասված տիտղոսը պարգևեց գերմանական գրանդին: «Բավարիան» ոսկի է գտել, որը նրա անցյալն է, ներկան և երկար տարիների ապագան: Կիմիխն, մեծ հավանականությամբ, ապագայում կդառնա «Բավարիայի» ավագը և, ինչո՞ւ ոչ ակումբի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը:

kimich 960x541 - Առանձնացող գրանդ ակումբ. 21-րդ դարում «Բավարիայի» լավագույն 10 տրանսֆերները

2. Մանուել Նոյեր՝ «Շալկե». 30 մլն եվրո (2011 թվական)

Ամենայն հավանականությամբ, Նոյերը պատմության վրա ամենամեծ ազդեցություն թողած դարպասապահն է համարվելու: Հենց նրա ոտքով հիանալի խաղի և լիբերոյի աննախադեպ որակներն այնպես փոխեցին ժամանակակից դարպասապահների մասին պատկերացումը, որ անցյալի լավագույնները հիմա հնարավոր է առանձնապես պահանջված չլինեին:

Նոյերը 25 տարեկանում տեղափոխվեց «Բավարիա» և արդեն 10 տարի է աշխարհի լավագույն դարպասապահն է (որոշ ընդմիջումներով): Առաջին տարին հարմարվեց գրանդին, իսկ դրանից հետո չգիտի, թե ինչ է Բունդեսլիգայի չեմպիոնի կոչումն՝ առանց «Բավարիայի»: Հենց Նոյերի ֆանտաստիկ խաղը նաև նպաստեց, որ այս ընթացքում «Բավարիան» երկու թրեբլ ձևակերպի, ինչը նախկինում միայն «Բարսելոնային» էր հաջողվել: Գերմանիայի հավաքականը հենց Նոյերի հետ միասին դարձավ աշխարհի չեմպիոն, ինչում շատ մեծ էր նաև դարպասապահի դերը:

«Բավարիայում» Նոյերը 433 խաղից 212-ում սեփական դարպասն անառիկ է պահել: Այսինքն՝ գրեթե ամեն երկրորդ խաղում նա գոլ բաց չի թողնում: Հիացնող ցուցանիշ է:

neuer 960x613 - Առանձնացող գրանդ ակումբ. 21-րդ դարում «Բավարիայի» լավագույն 10 տրանսֆերները

1. Ռոբերտ Լևանդովսկի՝ Դորտմունդի «Բորուսիայից». անվճար (2014 թվական)

Թոփ-5 յուրաքանչյուր ֆուտբոլիստ իսկապես հավակնում էր առաջին տեղը գրավելուն: Նրանց միջև տարբերությունը նվազագույն է, բայց հաղթող դառնում է այն ֆուտբոլիստը, որին ձեռք են բերել անվճար և արդյունավետության անհավանական ցուցանիշի է հասել:

Լևանդովսկին զարմանալիորեն ավելի ուշ սկսեց իր լավագույն խաղը ցույց տալ, չնայած նրան, որ մինչև այդ էլ պոռթկումներ կային, օրինակ՝ 9 րոպեում 5 գոլ խփելու տեսքով: Վերջին մի քանի տարում լեհը պատմական մակարդակի է դուրս եկել: ՖԻՖԱ-ի վարկածով արժանիորեն ճանաչվեց աշխարհի լավագույն ֆուտբոլիստ: Նա պետք է «Ոսկե գնդակ» էլ ստանար, ինչն էլ ավելի կբարձրացներ նրա դերը պատմության մեջ, բայց «France Football»-ը նրան զրկեց այդ հնարավորությունից:

2021-ին լեհը նույնպես շանսեր ունի այդ մրցանակը ստանալ, սակայն հավանականությունը այդքան էլ մեծ չէ: Շատ բան կարող է փոխել ԵՎՐՈ-2020-ը: Փոխարենը, Լևանդովսկին արդեն գերազանցել է Գերդ Մյուլերի «հավերժ» թվացող ռեկորդը և 41 գոլ խփել Բունդեսլիգայի մեկ մրցաշրջանում:

Ընդհանուր առմամբ՝ «Բավարիայի» կազմում հարձակվողը 329 խաղում 294 գոլ է խփել և արագ տեմպերով մոտենում է 1 խաղում 1 գոլ խփելու գալակտիկական մակարդակին, որը վերջին 10-12 տարում հաջողվել է միայն Մեսիին ու Ռոնալդուին:

Ռոբերտը դեռ 32 տարեկան է և կասկած չկա, որ առաջիկա տարիներին շարունակելու է իր ռմբարկուական փառահեղ ցուցանիշները և զուգահեռաբար տիտղոսներ է բերելու իր թիմին:

lewandowski 960x480 - Առանձնացող գրանդ ակումբ. 21-րդ դարում «Բավարիայի» լավագույն 10 տրանսֆերները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Դեպայի վերջնական պատասխանը «Բարսելոնային»

43-ամյա Բուֆոնը շուտով նոր ակումբ կտեղափոխվի

Սուպերտրանսֆերը մոտենում է. ազդանշաններ ֆուտբոլիստի շրջապատից

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ, որոնք ամռանը պետք է փոխեն ակումբները

Բարսեղյանի ու Հարոյանի տրանսֆերային արժեքը բարձրացավ

«Լիվերպուլ» կամ «Բավարիա». Տրանսֆերային պայքար գերմանացի ֆուտբոլիստի համար

«Ուրարտուի» կազմում 95 խաղ անցկացրած ֆուտբոլիստը հեռացավ ակումբից

Ալեգրին տվել է համաձայնությունը․ բրազիլացի հարձակվողը հնարավոր է տեղափոխվի «Յուվենտուս»

AS. Լևանդովսկին ցանկանում է հեռանալ «Բավարիայից»

Կոմանը հնարավոր է կարիերան շարունակի Պրեմիեր լիգայում

Ինսայդ. Չեմպիոնների լիգայից առաջ «Ալաշկերտը» կատարեց առաջին տրանսֆերը

Մոուրինյոյի առաջին տրանսֆե՞րը. «Ռոման» համաձայնության է եկել «Արսենալի» ֆուտբոլիստի հետ

Կոմանը կգնա Ալաբայի հետքերով. ֆրանսիացին մտածում է «Բավարիայից» հեռանալու մասին

Ինսայդ. Հայտնի է՝ որ ակումբ է տեղափոխվելու Էդգար Մովսեսյանը

«Մանչեսթեր Յունայթեդը» առաջարկ է արել Սանչոյի համար․ «Բորուսիայի» պատասխանը հայտնի է

Շոկային թեկնածու․ Ա սերիան ներկայացնող ակումբը առաջարկ է նախապատրաստում Քեյնի համար