Առանց գերաստղի, բայց կարգապահ խաղով. ԵՎՐՈ-ի ամենադասական ֆուտբոլով թիմը - VNews
Բաժիններ

Առանց գերաստղի, բայց կարգապահ խաղով. ԵՎՐՈ-ի ամենադասական ֆուտբոլով թիմը

eurocombat20205544 - Առանց գերաստղի, բայց կարգապահ խաղով. ԵՎՐՈ-ի ամենադասական ֆուտբոլով թիմը

Շվեդիայի հավաքականն «ամուր ընկույզի» համբավ ունի, որն աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում անզիջում պայքար է մղում ցանկացած մրցակցի հետ: ԵՎՐՈ-2020-ում սկանդինավները կփորձեն շարունակել ավանդույթը՝ հասնել փլեյ-օֆֆ և այնտեղ «նեղացնել» որևէ գրանդի:

Շվեդիան ԵՎՐՈ պետք է գնար ամենաոգևորիչ պատմությամբ. 39 տարեկանում հավաքական էր վերադարձել Զլատան Իբրահիմովիչը: Հարձակվողը 5 տարվա ընդմիջումից հետո միացել էր «դեղնակապույտներին» և նպաստել երկու հաղթանակի ԱԱ-2022-ի ընտրական  փուլում` դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ: Ցավոք, Եվրոպայի առաջնությունը զրկվեց իր գլխավոր աստղերից մեկից, քանի որ Զլատանը «Միլանի» կազմում ծնկի վնասվածք ստացավ մայիսի սկզբին և չի միանալու հավաքականին:

Այդուհանդերձ, գլխավոր մարզիչ Յանե Անդերսոնը մտադիր չէ վաղաժամ հանձնվել և արդեն հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք մեկնում են Եվրոպային զարմացնլու:

VNews.am-ը շարունակում է ներկայացնել ԵՎՐՈ 2020-ի հավաքականներին: Այս անգամ կպատմենք Իտալիայի հավաքականի անցած ճանապարհի, հայտացուցակի, գլխավոր աստղի, մարզչական գործոնի և, իհարկե, առաջիկա մրցաշարում շանսերի ու հավանական մեկնարկային կազմի մասին:

Անցած ճանապարհը

Ինչպես բոլորի, այնպես էլ Շվեդիայի համար վերջին խոշոր մրցաշարն ԱԱ-2018-ն էր: Այնտեղ շվեդները 2 խոշոր անակնկալի հասան: Նախ անցումային խաղերի շնորհիվ սկանդինավները եզրափակիչ մտնելու հույսերից զրկեցին զորեղ Իտալիայի հավաքականին, իսկ Մունդիալի խմբային փուլում Մեքսիկայի ու Հարավային Կորեայի հետ միասին պայքարից դուրս թողեցին աշխարհի չեմպիոն Գերմանիային: 1/8 եզրափակիչում շվեդները հաղթեցին Շվեյցարիային և հասան քառորդ եզրափակիչ, որտեղ զիջեցին Անգլիային: Դա «դեղնակապույտների» լավագույն արդյունքն էր ԱԱ-1994-ից ի վեր, երբ նրանք դարձել էին աշխարհի բրոնզե մեդալակիր:

2018-ի աշնանը Շվեդիան ելույթները սկսեց Ազգերի լիգայի Բ դիվիզիոնում: Անհաջող մեկնարկից հետո Անդերսոնի թիմը վերջին երկու տուրում հաղթեց թուրքերին ու ռուսներին, խմբում գրավեց առաջին տեղը և դուրս եկավ Ա դիվիզիոն: Հաջորդ փորձությունը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում էր: Արդեն պարզ է, որ նրանք հաջող հանդես եկան: Առաջին տեղի համար լուրջ պայքար չկար, որովհետև Իսպանիան մրցակցությունից դուրս էր, իսկ ահա երկրորդ ուղեգրի համար պայքարում շվեդներն առաջ անցան Նորվեգիայից ու Ռումինիայից:

zlatan 960x558 - Առանց գերաստղի, բայց կարգապահ խաղով. ԵՎՐՈ-ի ամենադասական ֆուտբոլով թիմը

Նախորդ աշնանը Շվեդիան սկսեց հանդես գալ Ազգերի լիգայի Ա դիվիզիոնում, որտեղ հայտնվեց գայլերի ոհմակում: Նրա մրցակիցներն էին աշխարհի չեմպիոն Ֆրանսիան ու փոխչեմպիոն Խորվաթիան, ինչպես նաև Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիան: Բնականաբար, նման մրցակիցների դեմ Շվեդիան չի կարող պայքարել երկար տարածություններում (առավելագույնը 1-2 խաղում), այդ պատճառով սկանդինավները վաստակեցին ընդամենը 3 միավոր, զբաղեցրին վերջին տեղը և դուրս մնացին Ա դիվիզիոնից: Ուշագրավ է, որ 3 միավոր ուներ նաև Խորվաթիան (նրանք մեկական անգամ 2:1 հաշվով հաղթել էին միմյանց), բայց բալկանները երրորդ տեղը գրավեցին ընդամենը 1 գնդակի հարաբերակցության շնորհիվ:

Ինչպես նշեցինք, Իբրահմիովիչի օգնությամբ մարտին Շվեդիան հիանալի մեկնարկեց ԱԱ-2022-ի ընտրական փուլում` հաղթելով Վրաստանին (1:0) և Կոսովոյին (3:0): Երկու խաղում վաստակած 6 միավորով Անդերսոնի թիմը երկրորդ տեղում է, բայց առաջատար Իսպանիան (7) մեկ հանդիպում շատ է անցկացրել:

Հայտացուցակը Եվրո-2020-ում

Դարպասպապահներ. Կարլ-Յոհան Յոնսոն («Կոպենհագեն»), Քրիստոֆեր Նորդֆելդտ («Գենչլերբիրլիգի»), Ռոբին Օլսեն («Էվերթոն»)

Պաշտպաններ. Վիկտոր Լինդելոֆ («Մանչեսթեր Յունայթեդ»), Լյուդվիգ Աուգուստինսոն («Վերդեր»), Մարկուս Դանիելսոն («Դալյան Իֆան»), Անդրեաս Գրանկվիստ («Հելսինբորգ»), Ֆիլիպ Հելանդեր («Ռեյնջերս»), Պոնտուս Յանսոն («Բրենտֆորդ»), Էմիլ Կրաֆտ («Նյուքասլ»), Միկաել Լուստիգ (ԱԻԿ), Մարտին Օլսոն («Հելսինբորգ»)

Կիսապաշտպաններ. Դեյան Կուլուշևսկի («Յուվենտուս»), Էմիլ Ֆորսբերգ («ՌԲ Լայպցիգ»), Վիկտոր Կլասոն («Կրասնոդար»), Յենս-Լյուս Կայուստե («Միտլուլանդ»), Ալբին Էկդալ («Սամպդորիա»), Սենաստիան Լարսոն (ԱԻԿ), Քրիստոֆեր Օլսոն («Կրասնոդար»), Ռոբին Կվայսոն («Մայնց»), Կեն Սեմա («Ուոտֆորդ»), Մատիաս Սվանբերգ («Բոլոնյա»), Գուստավ Սվենսոն («Սիեթլ Սաունդերս»)

Հարձակվողներ. Մարկուս Բերգ («Կրասնոդար»), Ալեքսանդր Իսակ («Ռեալ Սոսյեդադ»), Ջորդան Լարսոն («Սպարտակ Մոսկվա»):

Շվեդիայում շատ խոստումնալից սերունդ է աճում: Կուլուշևսկին 21 տարեկանում արդեն «Յուվենտուսում» է խաղում, 21-ամյա Իսակը Լա լիգայի գլխավոր ռմբարկուներից է, իսկ 23-ամյա Լարսոնը դարձել է «Սպարտակի» առաջատարը:

sweden 960x540 - Առանց գերաստղի, բայց կարգապահ խաղով. ԵՎՐՈ-ի ամենադասական ֆուտբոլով թիմը

Բայց նրանց կողքին կան փորձառու ֆուտբոլիստներ, որոնք հիանալի կարիերա ունեն և նրանց վրա կարելի է միշտ հույս դնել: Սեբաստիան Լարսոնը, Էկդալը, Լուստիգը, Բերգը, Գրանկվիստը և մյուսները կփորձեն թիմին օգնել իրենց փորձով, իսկ Ֆորսբերգը, Կլասոնը, դարպասապահ Օլսենը և Լինդելոֆը հիմա գտնվում են իրենց կարողությունների գագաթնակետում:

Մարզչի գործոնը

Յանե Անդերսոնը Շվեդիայի հավաքականը գլխավորում է արդեն 5 տարի և երկրպագուները գոհ են նրա աշխատանքից: 58-ամյա մասնագետը դասական ֆուտբոլի սիրահար է: Նրա թիմը միշտ խաղում է 4-4-2 սխեմայով, իսկ փոփոխություններ նա կատարում է միայն այդ մարտավարության շրջանակում: Երբեմն շվեդներն անցնում են երկու հենակետային կիսապաշտպանով խաղին, ավելի հաճախ` 1-ով: «Դեղնակապույտներն» Անդերսոնի գլխավորությամբ 58 հանդիպում են անցկացրել, որոնցից 48-ում թիմը խաղացել է մեկ հենակետայինով, երկու եզրային կիսապաշտպանով, մեկ ենթահարձակվողով և երկու կենտրոնական հարձակվողով: Ակնհայտ է, որ մարզիչն ունի իր նախընտրելի մարտավարությունը, իսկ մյուս դեպքերում ընդամենը փորձարկումներ է անում:

Մեր ընտրանին

Զլատանի բացակայությամբ` հատկապես հետաքրքիր է, թե ով կփոխարինի նրան հարձակման գծում: Անդերսոնը հրավիրել է փորձառու Բերգին, որին խաղաոճով նման է երիտասարդ Իսակը: Նրանք կարող են միասին խաղալ, սակայն նաև փոխարինել միմյանց: Այդ դեպքում երկրորդ հարձակվողը կլինի լեգենդար Հենրիկ Լարսոնի որդին` Ջորդան Լարսոն: Մեծն Մայքլ Ջորդանի պատվին անվանված ֆուտբոլիստը մինչև վերջերս ոչ միանշանակ վերաբերմունքի էր արժանանում հարազատ երկրում, քանի որ ոմանց կարծիքով հարձակվողին շանս էին տալիս հոր կապերի միջոցով: Բայց հետո Ջորդանը տեղափոխվեց «Սպարտակ» և Ռուսաստանի «փակ» առաջնության պես մրցաշարում կարողացավ 15 գոլ խփել ու 5 գոլային փոխանցում կատարել:

janne anderson 960x540 - Առանց գերաստղի, բայց կարգապահ խաղով. ԵՎՐՈ-ի ամենադասական ֆուտբոլով թիմը

Անդերսոնին Եվրոպայում լավ չեն ճանաչում, որովհետև նա միշտ Շվեդիայում է աշխատել: Մարզել է տեղի ակումբները, իսկ հիմա նաև հավաքականը: Այս ընթացքում համոզվել ենք, որ նա հավասարակշռված և մինչև վերջ պայքարող թիմ է ստեղծում: Դրա շնորհիվ նա արդեն մի քանի անգամ զարմացրել է Եվրոպային և լավ հնարավորություն ունի երրորդ անգամ անել դա:

Գլխավոր աստղը

Վերջին տարիների եվրոպական ֆուտբոլի լավագույն տրանսֆերներից մեկը ձևակերպեց «Ատալանտան»: Նրանք 3,5 մլն եվրոյով գնեցին 16-ամյա Դեյան Կուլուշևսկուն, իսկ 2020-ին նրան վաճառեցին «Յուվենտուսին» 35 մլնով: Բայց էլ ավելի ապշեցուցիչ է, որ այդ 4 տարում շվեդն «Ատալանտայի» գլխավոր թիմում մասնակցեց ընդամենը 3 խաղի, մնացած ժամանակ երիտասարդական թիմերում էր կամ վարձակալությամբ՝ այլ ակումբում:

Կուլուշևսկին դեռ 19 տարեկանից սկսեց հրավիրվել Շվեդիայիի ազգային հավաքական: Նա արդեն 11 խաղի է մասնակցել և առաջիկա ԵՎՐՈ-ին կարող է դառնալ լիարժեք աստղ: Չնայած երիտասարդ տարիքին, Կուլուշևսիկին «Յուվենտուսում» անցկացրած իր առաջին մրցաշրջանում մասնակցեց 47 հանդիպման՝ խփելով 7 գոլ և կատարելով 7 գոլային փոխանցում:

kulusevski 960x540 - Առանց գերաստղի, բայց կարգապահ խաղով. ԵՎՐՈ-ի ամենադասական ֆուտբոլով թիմը

Իհարկե, Շվեդիայի հավաքականի գլխավոր աստղի կարգավիճակը Կուլուշևսկին դեռ չի կարող լիարժեք յուրացնել, քանի որ այն պատկանում է Զլատան Իբրահիմովիչին:

Մրցակիցներ/շանսեր

ԵՎՐՈ-2020-ում Շվեդիան հայտնվել է E խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Իսպանիայի, Լեհաստանի ու Սլովակիայի հավաքականները: Բնականաբար, ակնհայտ ֆավորիտը «ֆուրիա ռոխան» է, բայց փլեյ-օֆֆ դուրս գալու համար սկանդինավները շատ լավ շանսեր ունեն:

Առաջին հանդիպումն Իսպանիայի դեմ է, որին նույնիսկ պարտվելու դեպքում հույսերը չեն մարի, իսկ ոչ-ոքին կամ հաղթանակը շվեդներին գործնականում 80-90 տոկոսով 1/8 եզրափակիչ կուղարկի:

Սկանդինավների հիմնական առավելությունը Սլովակիայի ու Լեհաստանի նկատմամբ խաղային բարձր կարգապահությունն է: Վտանգ կար, որ Զլատանի ժամանումից հետո այն կարող էր նվազել, որովհետև 39-ամյա վետերանը գրեթե չի պաշտպանվում և մյուս 9 խաղացողները պետք է ավելի շատ վազեին, բայց հիմա կրկին տեսնելու ենք մեզ արդեն սովորական դարձած Շվեդիան:

Հավանական մեկնարկային կազմը

Օլսեն – Աուգուստինսոն, Գրանկվիստ, Լինդելյոֆ, Լուստիգ – Օլսոն, Ս. Լարսոն, Ֆորսբերգ, Կուլուշևսկի – Բերգ, Իսակ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Լիվերպուլի» հետ խաղին «Միլանը» կլինի առանց առաջատարի

Կլոպ. «Նա այս խաղում երբևէ եղած լավագույն ֆուտբոլիստներից է»

Պիոլի. «Նրա ներսում հրդեհ է»

Զլատան․ «Մեսին և Ռոնալդուն խաղային հատկանիշներով չեն գերազանցում ինձ»

Ընտրական փուլի վճռորոշ հատվածը. որ հավաքականը կարող է լինել Հայաստանի հավաքականի մրցակիցը փլեյ-օֆֆում

Անգլիայի հավաքականը լեհ ֆուտբոլիստին մեղադրում է ռասիզմի համար. հետաքննություն է սկսվել

Իտալիան «ապտակեց» Լիտվային, Իսպանիան ու Բելգիան հաղթանակներ տարան, մյուս արդյունքները (տեսանյութ)

Էնրիկե. «Կցանկանայի, որ նա գլխավորեր Իսպանիայի հավաքականը»

Իսպանիայի հավաքականի հայտացուցակում տեղի է ունեցել փոփոխություն

Լևանդովսկին գոլ է խփել ընթացիկ մրցաշրջանում անցկացրած բոլոր խաղերում

Պոգբան՝ Եվրոպայի առաջնությունից դուրս մնալու մասին

Լուիս Էնրիկեն ներկայացրել է Իսպանիայի հավաքականի հայտացուցակը

Ռոբերտ Լևանդովսկին 33 տարեկան է (տեսանյութ)

Կացպեր Կոզլովսկին. սարսափելի վթարից մինչև ԵՎՐՈ-ում խաղացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստ

Արդարացված «գործուղում»․ 10 խաղացող, ում արժեքը վարձակալության ժամանակ ամենաշատն է աճել

ՏՈԿԻՈ 2020. Բրազիլիայի հավաքականը՝ Օլիմպիական չեմպիոն (տեսանյութ)