Արտակ Գրիգորյանը դարձավ 12-րդ ֆուտբոլիստը, որ հատեց անցկացրած 400 պաշտոնական խաղի սահմանագիծը - VNews
Բաժիններ

Արտակ Գրիգորյանը դարձավ 12-րդ ֆուտբոլիստը, որ հատեց անցկացրած 400 պաշտոնական խաղի սահմանագիծը

«Ալաշկերտի» 33-ամյա ավագ Արտակ Գրիգորյանի ֆուտբոլային կարիերայում նշանակալի իրադարձություն տեղի ունեցավ: «Նոայի» հետ կայացած առաջնության 11-րդ տուրի հանդիպումը պաշտոնական մրցումներում հայկական ակումբներում և ՀՀ ազգային հավաքականում նրա անցկացրած հոբելյանական՝ 400-րդ խաղն էր:

Դրանցից 296-ը Գրիգորյանն անցկացրել է ՀՀ առաջնությունների Բարձրագույն խմբում (Ա), 38-ը՝ Հայաստանի գավաթի (Գ), 4-ը՝ Սուպերգավաթի (Ս), 29-ը՝ եվրոպական գավաթների (Ե) մրցաշարերում, 30-ը՝ ՀՀ ազգային հավաքականում (ԱՀ), 3-ը՝ ԱՊՀ երկրների «Համագործակցության գավաթի» (ԱՊՀ) խաղարկություններում:

Արտակ Գրիգորյանը պաշտոնական մրցումներում 400 խաղի սահմանագիծը հատած ընդամենը 12-րդ ֆուտբոլիստն է: Հայկական ֆուտբոլում նման ցուցանիշի հասնելն իրոք դժվար է: Դրա համար ֆուտբոլիստն առաջին հերթին պետք է կայուն ելույթներ ունենա և զերծ մնա լուրջ վնասվածքներից: Դա Գրիգորյանին հաջողվել է: Այս ցուցանիշին հասնելու համար փորձառու ֆուտբոլիստին 15 տարի պահանջվեց:

Ֆուտբոլային առաջին քայլերը Գրիգորյանը կատարել է Աբովյանում՝ հաճախելով տեղի ֆուտբոլի դպրոց: Պաշտոնական առաջին խաղն էլ 17-ամյա Արտակն անցկացրել է Աբովյանի համանուն թիմում 2005թ. մարտի 14-ին: Այդ օրն Առաջին խմբում հանդես եկող նորաստեղծ «Աբովյանի» կազմում Գրիգորյանը մասնակցեց «Բանանցի» հետ Արտաշատում կայացած Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչ հանդիպմանը: Խաղը չափազանց անհաջող դասավորվեց «Աբովյանի» համար, որը 9 անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը: 5 օր անց Երևանում կայացած պատասխան խաղում Արտակ Գրիգորյանը կրկին թիմի մեկնարկային կազմում էր: Այդ խաղում գրանցվեց ՀՀ գավաթի խաղարկությունների պատմության ամենախոշոր հաշիվը՝ 15-0:

Շուտով Գրիգորյանը տեղափոխվեց «Արարատ»՝ հանդես գալով ակումբի 2-րդ թիմում: Բարձրագույն խմբում նրա նորամուտը կայացավ 2008թ. ապրիլի 19-ին «Ուլիսի» հետ անցկացրած առաջնության 2-րդ տուրի խաղում, որում «Արարատը» հաղթեց 2-0 հաշվով: Հանդիպման 88-րդ րոպեին Վարուժան Սուքիասյանը թիմի ավագ Արթուր Մինասյանի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց 20-ամյա Արտակին:

Այդ մրցաշրջանում Արտակ Գրիգորյանն ընդամենը 8 անգամ խաղադաշտ դուրս եկավ՝ միայն «Բանանցի» հետ մրցավեճին մասնակցելով մինչև խաղավարտ: Նա մասնակցեց նաև նոյեմբերի 19-ին «Փյունիկի» հետ կայացած «ոսկե» խաղին՝ 39-րդ րոպեին փոխարինելով վնասվածք ստացած Ռենատո դե Մորայեսին: Այդ խաղում Արտակն էլ դարձավ Արարատ Ճաղարյանի կողմնակալ մրցավարության «զոհը»՝ ֆուտբոլային իր կարիերայում արժանանալով առաջին կարմիր քարտին:

Մրցաշրջան-2008-ում Արտակ Գրիգորյանն իր առաջին պարգևը ստացավ՝ թիմակիցների հետ արժանանալով արծաթե մեդալի:

Հաջորդ մրցաշրջանում, երբ «Արարատի» ղեկը կրկին ստանձնեց Արկադի Անդրեասյանը, Արտակ Գրիգորյանն իր հաստատուն տեղը զբաղեցրեց թիմի մեկնարկայի կազմում: Նա մասնակցեց առաջնության 28 հանդիպումներից 24-ին՝ դառնալով 2 գոլի հեղինակ: ՀՀ առաջնություններում իր գոլերի հաշիվը Գրիգորյանը բացեց հուլիսի 25-ին՝ Գյումրիում գրավելով «Շիրակի» դարպասը:

2009թ. մրցաշրջանն էլ հաջող էր 22-ամյա ֆուտբոլիստի համար, որն իր առաջին տիտղոսը նվաճեց՝ «Արարատի» կազմում դառնալով Հայաստանի սուպերգավաթակիր: Ընդ որում հենց Արտակի դուբլի շնորհիվ «Արարատը» սեպտեմբերի 24-ին «Հանրապետական» մարզադաշտում կայացած Սուպերգավաթի խաղում 2-1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Փյունիկի» նկատմամբ:

Նա թողել էր ֆուտբոլը և անցել ծառայության, իսկ հետո դարձավ հավաքականի ամենակայուն ֆուտբոլիստներից մեկը․ Արտակ Գրիգորյանի պատմությունը

Հաջորդ 3 մրցաշրջաններն Արտակ Գրիգորյանն անցկացրեց «Ուլիսում», որի կազմում 2011թ. առաջին անգամ չեմպիոն հռչակվեց՝ նախորդ առաջնությունում արժանանալով բրոնզե մեդալի: Հենց որպես «Ուլիսի» ֆուտբոլիստ էլ Գրիգորյանն առաջին անգամ կրեց ՀՀ ազգային հավաքականի մարզաշապիկը՝ մասնակցելով 2010թ. օգոստոսի 8-ին «Հրազդան» մարզադաշտում Իրանի ընտրանու հետ կայացած ընկերական հանդիպմանը (1-3):

Հետագայում նա կարճ ժամանակահատված անցկացրեց «Գանձասար-Կապանում» և «Միկայում»: 2014/15թթ. առաջնության ավարտից հետո Արտակ Գրիգորյանը տեղափոխվեց «Ալաշկերտ», ինչը նոր մարտահրավեր էր արդեն զգալի փորձ ու վարպետություն ձեռք բերած ֆուտբոլիստի համար: Հենց «Ալաշկերտում» էլ նա հասավ ֆուտբոլային կարիերայում իր ամենանշանակալի նվաճումներին՝ արժանանալով Հայաստանի եռակի չեմպիոնի տիտղոսին, մեկական անգամ դառնալով ՀՀ գավաթակիր, սուպերգավաթակիր և բրոնզե մրցանակակիր:

Հենց «Ալաշկերտում» խաղալիս Արտակ Գրիգորյանին հնգամյա ընդմիջումից հետո կրկին սկսեցին հրավիրել Հայաստանի հավաքական, որի կազմում 33-ամյա ֆուտբոլիստն արդեն 30 խաղ է անցկացրել՝ դառնալով մեր ընտրանու առանցքային խաղացողներից մեկը:

«Ալաշկերտի» ավագին ընթացիկ մրցաշրջանում առջևում ևս երկու հաճելի իրադարձություն է սպասում: Նախ, նա շուտով կարող է նշել Բարձրագույն խմբում 300-րդ խաղի հոբելյանը: Դրա համար անհրաժեշտ կլինի մասնակցել առաջիկա 4 հանդիպումներին: Դրանից հետո ևս 3 հանդիպումում հանդես գալու դեպքում Արտակ Գրիգորյանը կդառնա Բարձրագույն խմբում «Ալաշկերտում» անցկացրած խաղերի քանակով (137) ռեկորդակիրը՝ գերազանցելով Միհրան Մանասյանի ցուցանիշը:

Արտակ Գրիգորյանն իր ներկայիս ցուցադրած խաղով ու ֆունկցիոնալ պատրաստվածությամբ դեռ մի քանի մրցաշրջան կարող է օգտակար լինել «Ալաշկերտին»: Ուստի բացառված չէ,  որ մի գեղեցիկ օր էլ նրան կշնորհավորենք հերթական հաճելի իրադարձության՝ պաշտոնական մրցումներում 500-րդ խաղի հոբելյանը նշելու առիթով:

Իսկ մինչ այդ, VNews.am-ը ներկայացնում է պաշտոնական մրցումներում 400 և ավելի խաղ անցկացրած ֆուտբոլիստների ցանկը:

Ֆուտբոլիստներ Ա Գ Ս Ե ԱՀ ԵՀ ԱՊՀ ԸՆԴ
1.Սարգիս Հովսեփյան 365 66 3 26 132 13 605
2.Հովհաննես Թահմազյան 461 83 6 20 6 6 582
3.Տիգրան Դավթյան 409 62 3 31 1 1 507
4.Գևորգ Կասպարով 345 55 5 21 29 2 10 467
5.Արթուր Քոչարյան 357 67 1 11 4 10 2 452
6.Կարեն Ալեքսանյան 324 52 4 21 25 15 10 451
7.Արարատ Հարությունյան 336 68 3 17 7 8 3 442
8.Արսեն Ավետիսյան 329 62 3 14 25 7 440
9.Աղվան Մկրտչյան 271 50 5 32 45 9 19 431
10.Սամվել Մելքոնյան 282 58 1 17 29 16 6 409
11.Ալեքսանդր Թադևոսյան 275 42 3 21 41 8 13 403
12.Արտակ Գրիգորյան 296 38 4 29 30 3 400

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Դեսիրեն միայն Մարկոսին է զիջում առաջնության ամենաարդյունավետ լեգեոնականների ցանկում

Ուրոշ Նենադովիչը՝ Հայաստանի առաջնությունների ամենաարդյունավետ սերբ ֆուտբոլիստ

Դավիդ Դավիդյան․ «Ցավալի է, երբ մրցավարներն այսպես «կոտրում» են խաղը» (տեսանյութ)

Կարեն Մուրադյան․ «Ընդմիջմանը խնդիր էր դրվել երկրորդ գոլ խփել և շատ ուշադիր խաղալ պաշտպանությունում․ ստացվեց, և հաղթեցինք» (տեսանյութ)

Եղիշե Մելիքյան. «Թիմը խաղում էր ճիշտ, գրագետ, մոտիվացված, տղաները ամեն ինչ արեցին, բայց մեզ խանգարեցին» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան. «Հետ նայելով կարող եմ ասել, որ Մկոյանի կարմիր քարտը արդարացված էր» (տեսանյութ)

10 հոգով մնացած «Արարատը» հաղթանակ տարավ «Ալաշկերտի» դեմ խաղում (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Ակումբային ֆուտբոլը վերադառնում է կարևոր խաղերով․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET ՀՊԼ 12-րդ տուրին ընդառաջ

Podcast #16. Հայաստանի ազգային հավաքականի նվաճման հետքերով

Կապառոսի արդյունքը լավագույնն է Հայաստանի հավաքականը գլխավորած 20 մարզիչների մեջ

«Կապառոսի հաղթական ու յուղոտ վերջակետը». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Հս. Մակեդոնիայի հետ խաղում

Արտակ Գրիգորյան. «Այստեղ ենք եկել Հյուսիսային Մակեդոնիային հաղթելու համար»

«Օդային տարածքը վրացիների համար փակ էր». Հայ ֆուտբոլիստների գնահատականները Վրաստանի հետ խաղում

Կոնեն 2001թ․-ից ի վեր լավագույն արդյունքն ունի «Արարատում», ավելի քան 3 տարի է՝ «Շիրակը» չի հաղթում գավաթի մրցաշարում

«Ալաշկերտը» պատասխան խաղում ևս հաղթեց «Շիրակին» ու դուրս եկավ VBET Հայաստանի գավաթի 1/4 եզրափակիչ (տեսանյութ)