Արթուր Ալեքսանյան. «Եթե առաջ գնալու տեղ չկա, պետք է կրկնել արդյունքը» - VNews
Բաժիններ

Արթուր Ալեքսանյան. «Եթե առաջ գնալու տեղ չկա, պետք է կրկնել արդյունքը»

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը 2019-ին մեր առաջին մարզիկներից էր, որ ապահովեց իր մասնակցությունը Օլիմպիական խաղերին, որոնք կայանալու են միայն այս տարի: Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոնը Տոկիոյում ոսկե մեդալի գլխավոր հավակնորդներից է: Աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոնը VNews-ին պատմեց, թե ինչպես է պատրաստվում խաղերին, ինչ տրամադրվածությամբ է մեկնելու, ինչ նպատակներ է իր առջև դնում, ինչն է իրեն մոտիվացնում ու ինչպես է հաղթահարել վնասվածքներն ու 2020-ի ունեցած դժվարությունները:

Արթուր, սա Ձեր 3-րդ Օլիմպիական խաղերն են լինելու: Ինչպե՞ս եք Ձեզ զգում:

Ինձ լավ եմ զգում: Թեթև վնասվածքներ ունեի, հիմա ամեն ինչ լավ է: Լավ մարզավիճակում եմ ու հույս ունեմ, որ լավ եմ մասնակցելու Օլիմպիական խաղերին: Ֆիզիկական վիճակը հիմա նորմալ է, մինչև Օլիմպիական խաղեր ավելի լավ կլինի: Դեռ մի ամիս ժամանակ կա:

Այս Օլիմպիական խաղերը Ձեզ համար նախորդից ինչո՞վ են տարբերվում:

Տարբերվում են նրանով, որ մեկ տարի ուշացումով են կայանալու: Իսկ մնացածը նույնն է, նույն Օլիմպիական խաղերն են, նույն պայքարն է ընթանալու:

Իսկ եթե Օլիմպիական խաղերը անցկացվեին մեկ տարի առաջ…

Եթե մեկ տարի առաջ անցկացվեր ավելի լավ կլիներ, բայց այնպես էլ չէ, որ մեկ տարին երկար ժամանակ է սպորտի մեջ, ու կարող են շատ բաներ փոխվել տարիքի հետ կապված: Անցած տարի շատ քիչ ժամանակ էր մնացել Օլիմպիական խաղերի մեկնարկին, հավանաբար 2 ամիս, երբ որոշեցին հետաձգել: Այդ ժամանակ արդեն պատրաստ էինք ու տրամադրված Օլիմպիական խաղերին: Հետաձգման որոշումից հետո մի փոքր հիասթափություն կար, բայց այդ ամենն արդեն անցյալում է: Նույն կերպ պատրաստվել ենք այս տարվան:

artur aleksanyan greco roman wrestling 960x572 - Արթուր Ալեքսանյան. «Եթե առաջ գնալու տեղ չկա, պետք է կրկնել արդյունքը»

Այդ շրջանում ինչպե՞ս էր ստացվում կազմակերպել սպորտային կյանքը:

Գիտեք՝ այդ շրջանը շատ բարդ էր: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով մարզադահլիճները փակ էին: Հիմնականում բացօթյա մարզումներ էինք անցկացնում, փորձում էինք լավ մարզավիճակում մնալ, բայց հետո ամեն ինչ կարգավորվեց, ու իր տեղն ընկավ:

Եղավ նաև պատերազմը. դա ի՞նչ անդրադարձ ունեցավ:

Երկար ժամանակ թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ հետո, չէինք կարողանում կենտրոնանալ ու մարզվել, բայց փորձեցինք ու հաղթահարեցինք այդ ամենը՝ գիտակացելով, որ առջևում կան կարևորագույն մրցաշարեր: Մենք էլ այնտեղ մեր գործն ենք անելու ու փորձելու ենք Հայաստանի պատիվը բարձր պահել:

Աշխարհի 2018 թվականի առաջնությունից անհաջող շրջան ունեցաք: Հիմա կա՞ զգացողություն, որ ապացուցելու բան ունեք բոլորին, ու ինքներդ Ձեզ:

2018-ին շատ վնասվածքներ ստացա: Դրանք շատ էին խանգարում մարզումներիս: Բայց ինչ-որ կա ապացուցելու ես արդեն ապացուցել եմ, բայց գնում եմ այս Օլիմպիական խաղերին, որպեսզի կրկնեմ նախորդ խաղերի արդյունքը: Պետք է փորձենք միշտ առաջ գնալ, ոչ թե հետ, բայց եթե առաջ գնալու տեղ չկա, պետք է փորձենք կրկնել արդյունքը:

Artur Aleksanyan 1 2 finals 15 960x640 - Արթուր Ալեքսանյան. «Եթե առաջ գնալու տեղ չկա, պետք է կրկնել արդյունքը»

Այս Օլիմպիական խաղերին ըմբշամարտի աշխարհը սպասելու է Ձեր ու Մուսա Եվլոեվի հանդիպմանը: Արդյո՞ք Ձեզ մոտ լարվածություն կա:

Կոնկրետ այդ գոտեմարտի վերաբերյալ լարվածություն չկա: Լարվածություն կա, բայց դա նորմալ է նման մրցաշարերից առաջ դա միշտ առկա է: Բոլոր մարզիկների մոտ էլ կլինի: Բայց ինձ համար բոլորն էլ նույն մրցակիցներն են, Օլիմպիական խաղերը դա այն մրցաշարն է, որտեղ թույլ մարզիկներ չկան: Եթե կենտրոնանաս մեկ հոգու վրա, ապա մյուսների հետ հնարավոր է լավ չկարողանաս գոտեմարտել, ու անակնկալներ գրանցվել: Պետք է կենտրոնանալ բոլոր հակառակորդների վրա, ոչ թե մեկի:

Շատերն ասում են, որ 97 կգ քաշային կարգում մրցակցությունը ավելի է թեժացել ու շատացել են բարձր մակարդակի ըմբիշները: Դուք ի՞նչ եք կարծում, Ձեր խնդիրը ավելի՞ բարդ է լինելու:

Այո, կա այդպիսի խոսակցություն: Եթե առանձնացնենք 2-3 քաշային կարգեր, որտեղ ամենաթեժ պայքարն է ընթանում, ապա ամենաուժեղներից մեկը՝ 97 կգ քաշային կարգն է, որովհետև, երևի թե, մոտ 10-12 լուրջ ըմբիշներ կան, իրար հավասար:

Արթուր, որպես մարզիկ, բոլոր հնարավոր ու անհնարին տիտղոսները նվաճել եք. ո՞րն է Ձեր մոտիվացիան, հագեցե՞լ է քաղցը հաղթանակներից:

Այո, մի քանի տարի առաջ նվաճել եմ բոլոր հնարավոր տիտղոսները, բայց զգում եմ, որ նորից կարող եմ հաղթել, ունակ եմ դրան: Եթե հնարավոր է նորից հաղթել ու մեր երկրի պատիվը բարձր պահել, ինչո՞ւ ոչ, դրա համար շարունակել եմ մարզվել:

Արթուր, ըստ Ձեզ, Օլիմպիական խաղերում դեպի հաղթանակ տանող ամենակարևոր գործոնները որո՞նք ենք:

Ամենակարևորն այն է, որ վերջին հավաքների ժամանակ վնասվածքներից հեռու մնանք, ճիշտ տրամադրվենք, ճիշտ մարզվենք: Բայց առաջինը պետք է ճիշտ տրամադրվել: Այս Օլիմպիական խաղերին ավելի մեծ փորձ ունեմ, ավելի հանգիստ եմ մոտենում:

Artur Aleksanyan 5th gold European championship Rome 2020 9 960x622 - Արթուր Ալեքսանյան. «Եթե առաջ գնալու տեղ չկա, պետք է կրկնել արդյունքը»

Որպես թիմի ավագ ու փորձառու ըմբիշ՝ ի՞նչ խորհուրդներ եք տալիս մեր մյուս ըմբիշներին, որոնք բոլորն էլ առաջին անգամ են մասնակցելու Օլիմպիական խաղերին:

Միշտ ձգտել եմ իմ փորձով կիսվել ու օգուտ տալ մյուս տղաներին: Փորձում եմ նրանց հետ շատ զրուցել Օլիմպիական խաղերի մասին: Նրանց պատմում եմ այն, ինչ զգացել եմ իմ առաջին Օլիմպիական խաղերին ու հասկացնել, որ չի կարելի շատ լարվել ու կենտրոնանալ, այլ պետք է մոտենալ այնպես, ինչպես մյուս մրցումներին: Չնայած դա շատ դժվար է, բայց փորձում եմ օգուտ տալ:

Գյումրիում արդեն մեկնարկե՞լ են Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքները:

Մարզադպրոցի կառուցումը մեկնարկել է մոտ 20 օր առաջ: Հիմա կատարում են հողային աշխատանքները: Երևի թե, 2 կամ 2 ու կես տարի հետո ամեն ինչ պատրաստ կլինի, և Գյումրի քաղաքը կունենա սպորտային մեծ համալիր:

Տեսե՞լ եք մարզադպրոցի նախագիծը ու ի՞նչ տպավորություններ ունեք:

Այո՛ տեսել եմ նախագիծը: Ամեն ինչ հիմնականում մեր ցանկությամբ է եղել, ու կարծում եմ, որ հրաշալի սպորտային համալիր է լինելու, որը կնպաստի մեր երկրում սպորտի զարգացմանը:

գյումրի 960x540 - Արթուր Ալեքսանյան. «Եթե առաջ գնալու տեղ չկա, պետք է կրկնել արդյունքը»

Արթուր, Դուք Ձեր ամբողջ կյանքը նվիրել եք սպորտին, ու Ձեր բոլոր երազանքներն ու մտքերը կապված են եղել ըմբշամարտի հետ, հնարավո՞ր է, որ այս խաղերից հետո այլ մտքեր ունենաք:

Իհարկե, մտածելու եմ ուրիշ գաղափարների ու նպատակների մասին, բայց դեռ առջևում Օլիմպիական խաղերն են: Հիմա միայն Օլիմպիական խաղերի մասին եմ մտածում, Տոկիոյից հետո միայն պարզ կլինի՝ ինչ եմ անելու: Դեռ ոչինչ չեմ որոշել:

Արդյո՞ք Տոկիոյում առաջին անգամ եք լինելու, ու ի՞նչ գիտեք այդ քաղաքի մասին:

Երբ Ճապոնիայի կամ Տոկիոյի մասին ինձ մոտ խոսակցություններ են լինում, միանգամից պատկերացնում եմ Օլիմպիական խաղերն ու ոսկե մեդալը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Երևանի քաղաքապետը «Էրեբունի-Երևան 2800»-ամյակի հուշամեդալով է պարգևատրել մարմնամարզիկ Արթուր Դավթյանին (լուսանկարներ)

Վարչապետը հյուրընկալել է հայ օլիմպիականներին (տեսանյութ)

«Շնորհակալ եմ բոլորից». Արթուր Ալեքսանյանն իր օլիմպիական մեդալների նկարն է հրապարակել

«Առանց չելենջների». Ավետիք Վարդանյանը ամփոփեց իր առաջին Օլիմպիական խաղերը

Բաչկով. «Երկար տարիների ընթացքում կարողացա Հայաստանի համար բոլոր կարևոր մրցաշարերից մեդալ նվաճել»

ՏՈԿԻՈ 2020. Վերջին պահին ԱՄՆ հավաքականը շրջանցեց չինացիներին, մեդալային հաշվարկ

ՏՈԿԻՈ 2020-ի փակման արարողությունը՝ VNews-ի ֆոտոշարքում

ՏՈԿԻՈ 2020. Բրազիլիայի հավաքականը՝ Օլիմպիական չեմպիոն (տեսանյութ)

ՏՈԿԻՈ 2020. Հովհաննես Բաչկովը կլինի Խաղերի փակման արարողությանը Հայաստանի դրոշակակիրը

ՏՈԿԻՈ 2020. Բրազիլիա – Իսպանիա. Մեկնարկային կազմեր

ԱՄՆ հավաքականի 16-րդ չեմպիոնությունն Օլիմպիական խաղերում՝ VNews-ի ֆոտոշարքում

ՏՈԿԻՈ 2020-ում գրանցվել է կորոնավիրուսի 22 նոր դեպք

ՏՈԿԻՈ 2020. Դանի Ալվեսը խոսել է Իսպանիայի դեմ կայանալիք եզրափակիչի մասին

Բասկետբոլի ԱՄՆ հավաքականը՝ ՏՈԿԻՈ 2020-ի հաղթող

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Վազգեն Թևանյան. «Ոչ մի պարտություն չի կարող իմ մեջ կոտրել նպատակներիս հասնելու ձգտումը»