Արթուր Դավթյանը դեպի Տոկիո 2020. Մեդալի երկու կողմն ու Օլիմպիական հետաձգված երազանքը - VNews
Բաժիններ

Արթուր Դավթյանը դեպի Տոկիո 2020. Մեդալի երկու կողմն ու Օլիմպիական հետաձգված երազանքը

gymnastics armenian championship21 - Արթուր Դավթյանը դեպի Տոկիո 2020. Մեդալի երկու կողմն ու Օլիմպիական հետաձգված երազանքը

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը VNews.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես է ընթանում նախապատրաստությունը այս ամռանը կայանալիք Օլիմպիական խաղերին, ինչպես նաև պատասխանեց հարցերին, թե ինչպես է սկսել զբաղվել մարմնամարզությամբ, ինչ է անելու կարիերան ավարտելուց հետո ու խոսեց մարզաձևում առկա խնդիրների մասին:

Արթուր, Դուք միակ հայ մարմնամարզիկն եք, որ մասնակցելու եք Տոկիոյի Օլիմպիական խաղերին: Ի՞նչ զգացողություններ ունեք:

Շատ ուրախ եմ, որ մասնակցելու եմ, սա արդեն իմ 3-րդ Օլիմպիական խաղերն է լինելու: Կաշխատենք ավելի լավ պատրաստվենք ու մեկնենք ոչ միայն մասնակցության համար, այլ մեդալով վերադառնանք: Նշանակություն չունի՝ ինչ գույն կունենա մեդալը:

Ի՞նչ նախապատրաստական փուլ եք անցնում Օլիմպիական խաղերին ընդառաջ:

Մենք ուսումնամարզական հավաք էինք անցկացնում Թբիլիսիում, հիմա պատրաստվում ենք Եվրոպայի առաջնությանը: Աշխարհի գավաթի մրցաշարեր կան, բայց դեռ չգիտենք ինչպես կընթանա ամեն ինչ, քանի որ համաճարակի պատճառով շատ մրցումներ չեղարկվում են: Հնարավոր է, որ աշխարհի գավաթի մասնակցեմ, հետո սկսեմ պատրաստվել Օլիմպիական խաղերին:

Իսկ մեջքի վնասվածքը լիարժեք բուժվե՞լ է:

Չեմ կարող ասել, որ ցավը ամբողջությամբ անցել է: Ցավը բավական թեթևացել է ու տանելի է: Մարմնամարզիկների համար անսովոր է որևէ ցավ չզգալը, քանի որ ծանրաբեռնվածությունը մեծ է: Անցած տարի ցավը այնքան ուժեղ էր, որ չէի կարողանում ցատկել, հրվել: Մոտավորապես 3 ամիս բուժվելուց հետո ցավը անցավ: Այսպիսի վնասվածք ես դեռ չէի ունեցել: Հավաքներից առաջ ֆիզոթերապիայի եմ գնացել:

Այսինքն՝ կարող ենք ասել, որ Օլիմպիական խաղերի հետաձգումը Ձեր օգտին աշխատեց:

Միանշանակ՝ այո: Ես չէի պատկերացնում, թե այդ ցավերով ինչպես եմ մասնակցելու, անընդհատ մտածում էի՝ երբ կանցնի մեջքիս ցավը, լարված էի: Երկար ժամանակ չէի մարզվում, ու ժամանակ էր պետք Օլիմպիական խաղերին պատրաստվելու համար: Հիմա, օրինակ, Եվրոպայի առաջնությանը ու աշխարհի գավաթին կանեմ այն, ինչ պետք է կատարեմ Օլիմպիական խաղերում: Որքան շատ ես մասնակցում մրցումներին, այնքան ավելի շատ վստահություն ես ձեռք բերում:


Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը հայտարարել էր, որ Օլիմպիական խաղերում հենացատկում նոր տարր եք կատարելու, որ լինելու է եզակի ու կրելու է Ձեր անունը…

Դժվար թե կարողանամ դա անել: Վրաստանում հավաքի ժամանակ փորձել ենք ու բարդության պատճառով մեջքս ավելի էր ցավում: Որոշեցինք դրա վրա այդքան չաշխատել, հիմա կենտրոնացել ենք նրա վրա, ինչ ինձ մոտ ստացվում է, դա պետք է կատարելագործենք: Դրանից բացի, մեկ ուրիշ ցատկ էլ կա, որ ավելի բարդ է իմ ցատկերից, դա էլ եմ ընթացքում փորձում, հնարավոր է, որ դա կատարեմ: Շատ բան կախված է մեջքիս ցավերից: 

Հավաքականի մարզիչը ասաց, որ Տոկիոյում նժույգթափերում կարող եք նոր հնարք կատարել, որ նորից կլինի աշխարհում առաջինը:

Այո, դա հիմա էլ ինձ մոտ ստացվում է: Ոչ մի խնդիր չկա, մեջքս էլ չի ցավում (ժպտում է-խմբ): Եվրոպայի առաջնությանը դժվար թե անեմ դա, բայց հնարավոր է, որ աշխարհի գավաթի որևէ մրցաշարին փորձեմ: Այն կլինի իմ անունով:

Ի՞նչ նպատակ եք դրել ինքներդ Ձեր առջև Տոկիոյի Օլիմպիական խաղերում:

Նպատակս մեդալն է, պետք է անեմ ամեն հնարավորը: Հույս ունեմ, որ կարդարացնեմ սպասելիքները ու մեդալով կվերադառնամ, կուրախացնեմ բոլորին, քանի որ իմ հաղթանակը բոլորինն է լինելու:

Մարզիչները ի՞նչ կանխատեսումներ են անում:

Նախնական գնահատականներով՝ հենացատկում գրեթե բոլոր մարզիկների ցատկը, բացառությամբ մեկ-երկու հոգու, բարդությամբ նույնն է: Դա նշանակում է, որ Օլիմպիական խաղերում ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ով՝ ինչպես կկանգնի: Եթե քայլ չկատարես կամ փոքր քայլ անես, հնարավորությունը մեծ է, որ մեդալ կնվաճես:

gymnastics armenian championship14 960x670 - Արթուր Դավթյանը դեպի Տոկիո 2020. Մեդալի երկու կողմն ու Օլիմպիական հետաձգված երազանքը

Սերոբյանը՝ Եվրոպայի առաջնության ու Օլիմպիական խաղերում Դավթյանի՝ բացառիկ հնարք կատարելու մասին

Արդեն նշեցիք, որ Օլիմպիական խաղերին 3-րդ անգամ եք մասնակցելու: Լոնդոնի ու Ռիոյի խաղերը Ձեզ ի՞նչ են տվել, որոնք կօգնեն այս ամռանը Տոկիոյում:

Առաջին Օլիմպիական խաղերին շատ երիտասարդ էի, ակնկալիքներ առանձնապես չկային: Բայց օղակների վրա վնասվածք ստացա, հենացատկը չցատկեցի ինչպես պետք էր: Ռիոյի խաղերին էլ 2-րդ ցատկս վատ ստացվեց, գծերից դուրս եկա: Հիմա ես ավելի շատ դրա վրա եմ աշխատում: Այս վերջին հավաքի ժամանակ էլ կարծես ստացվեց ավելի լավ «բռնել» 2-րդ ցատկը: Ճիշտն ասած՝ հիմա ավելի շատ վստահություն եկավ:  Հիմա պատասխանատվություն եմ զգում ու լարվածություն, սակայն կաշխատեմ այնպես անել, որ Տոկիոյում դրանք ինձ չխանգարեմ:

Առաջիկա Եվրոպայի առաջնությունը Ձեզ համար ճանապա՞րհ է դեպի Տոկիո, թե՞ մեդալ նվաճելու ևս մեկ հնարավորություն:

Երկուսն էլ: Ամեն մրցում Օլիմպիական խաղերից առաջ մեծ փորձ է տալիս: Եթե Եվրոպայի առաջնությանը կարողանամ լավ ցատկել, վստահությունս կմեծանա: 

Հիմա հետ գնանք. ինչպե՞ս եք սկսել զբաղվել մարմնամարզությամբ:

Մայրս ու հայրս ասում են, որ փոքր տարիքում շատ ճարպիկ էի, բարձրանում էի, լուսափեղկին էի նստում, «ստոյկա» ու «կլխկոնձի» էի անում: Ասեմ նույնիսկ, որ լացելով եմ եկել այստեղ, չէի ուզում գալ: Բայց դե ծնողներս այդպես էին ճիշտ գտել:

Իսկ ո՞ր պահից սկսեցիք հաճույքով հաճախել մարզումներին:

Չեմ կարող հիշել: 5 տարեկանից սկսել եմ զբաղվել մարմնամարզությամբ, 7 տարեկանից տեղափոխվել ենք Ռուսաստան, հետո 16 տարեկանում վերադարձել եմ: Այդ տարիքի մրցումներում հաղթանակներով ուրախանում ես, բայց դա չես կարող համեմատել, օրինակ 2010-ին թվականին Եվրոպայի պատանիների առաջնությունում չեմպիոնության հետ: Այդ ժամանակներից արդեն փոխվեցի, սկսեցի ավելի լուրջ նայել, ավելի շատ սիրել: 

european gamaes boxers and gymnats 11 960x640 - Արթուր Դավթյանը դեպի Տոկիո 2020. Մեդալի երկու կողմն ու Օլիմպիական հետաձգված երազանքը

Ո՞րն է եղել Ձեր կարիերայի ամենատպավորիչ հաղթանակը:

2019 թվականին Մինսկում կայացած Եվրոպական խաղերը: Դա տպավորված է, քանի որ երկու ցատկն էլ եկա ու կանգնեցի: Մարմնամարզությունում հազվադեպ է նման բան լինում,  ես երբևէ չեմ տեսել, որ մարզիկը երկու ցատկն էլ այպես ասած «մխի»: Այդ մրցաշարում շատ տպավորիչ էր, ուրախալի էր, որ Վահագն էլ երկրորդ տեղը գրավեց: Մեր տարին էր. Արթուրն էլ (Արթուր Ավետիսյան-խմբ) ուսանողական խաղերում առաջին տեղը գրավեց:

Այդ ցատկը կրկնե՞լ եք հետո կամ հնարավո՞ր է, որ Տոկիոյում էլ նման բան տեսնենք: Այդ դեպքում մեդալը ապահոված կլինի:

Շատ կուզեի, բայց դժվար ցատկ էր: Աշխատելու եմ, ամեն ինչ անելու եմ դրա համար: 

Ի՞նչ խնդիրների է մարմնամարզիկը բախվում Հայաստանում:

Կարծում եմ՝ ամենամեծ խնդիրը պայմաններն են: Մարզիկի համար պետք են համապատասխան պայմաններ լիարժեք մարզումներ անցկացնելու համար: Օրինակ, ազատ վարժությունների վրա շատ դժվար է այստեղ աշխատելը (Ալբերտ Ազարյանի մարզադպրոցում-խմբ): Հենացատկը ու նժույգթափերը մի փոքր մեզ ենք հարմարացրել, բայց այն չէ: Այստեղից հետո, երբ գնում ենք ուրիշ գործիքների վրա ենք մարզվում, զգացողությունները լրիվ տարբերվում են:

Սկզբում խոսակցություններ կային, որ այս մարզադպրոցն են վերանորոգելու, բայց հետո որոշվեց նորը կառուցել:

Այո, նոր մարզահալիճը լինելու է «Հրազդանի» մարզադաշտի հարակից տարածքում, սակայն համաճարակի պայմաններում ու պատերազմից հետո հայտնի չէ՝ երբ պատրաստ կլինի: Ասում են, որ այնտեղ եվրոպական բարձր որակի գործիքներ են լինելու, այլևս կարիք չի լինի գնալ դրսում հավաքների, երեխաները ավելի շուտ կսկեն բարդացնել վարժությունները:

gymnastics armenian championship10 960x618 - Արթուր Դավթյանը դեպի Տոկիո 2020. Մեդալի երկու կողմն ու Օլիմպիական հետաձգված երազանքը

Ի՞նչ եք անելու Օլիմպիական խաղերից հետո:

Միանշանակ շարունակելու եմ մարզվել: Եթե վնասվածք չունեմ,  իմ տարիքն այնպիսին է, որ դեռևս չեմ մտածում, կարիերաս ավարտելու մասին:

Մտածե՞լ եք՝ ինչով եք զբաղվելու կարիերան ավարտելուց հետո:

Հնարավոր է, որ Օլիմպիական խաղերից հետո սկսեմ այստեղ մարզիչ աշխատել:  Նախկինում երեխաների հետ աշխատում էի, բայց հիմա ամբողջությամբ կենտրոնացած եմ Օլիմպիական խաղերի վրա: 

Շատ լավ երեխաներ ունենք, բայց պայմանները վատ են: Տարիք է գալիս, երբ նրանք պետք է բարդացնեն վարժությունները, այս պայմաններում սակայն անհնար է: Այդպես ստիպված երբ գնում ենք դրսում հավաքների, բարդ հնարքները այդ ժամանակ ենք փորձարկում: 

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայ երկու շախմատիստներն էլ մրցանակակիր դարձան

Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի առաջնությունից հետո. «Արդարացումներ չկան»

«Չեմպիոն ես երկու շաբաթով, կամ սպասում ես մի ամբողջ տարի»․ 4 արտասովոր դեպք կորոնավիրուսի պատճառով

Սերոբյանը՝ Եվրոպայի առաջնության ու Օլիմպիական խաղերում Դավթյանի՝ բացառիկ հնարք կատարելու մասին

5 հայ մարմնամարզիկ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Լևոն Աղասյանը՝ Օլիմպիական խաղերից «6սմ պակաս». «Ավելի կենտրոնացած կլինեմ»

Մարզիչներն ու մարզիկները ամփոփեցին վարկանիշային մրցաշարը

Տոկիոյի օլիմպիական խաղերը՝ առանց արտասահմանցի երկրպագուների

Վազգեն Թևանյանը հաղթեց Օլիմպիական չեմպիոնին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Արսեն Հարությունյանին մեկ քայլ է բաժանում ուղեգրից, Թևանյանը քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)

Վարկանիշային մրցաշար. Թևանյանը ու Հարությունյանը հաղթանակներով մեկնարկեցին

Օլիմպիական վարկանիշային մրցաշարին ընդառաջ. Ինչ սպասել հունահռոմեական ոճի հայ ըմբիշներից

Վարկանիշային մրցաշարում այսօր մեկնարկում է 4 ազատ ոճային ըմբիշ

Մարմնամարզության Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի արտասահմանում

Հակոբ Սերոբյանն ու Արթուր Դավթյանն ամփոփել են մարմնամարզության Հայաստանի առաջնությունը

Հայաստանի մարմնամարզության առաջնություն. ինչ արդյունքներ են գրանցվել