fbpx

Արժանապատիվ ֆուտբոլը հաղթանակներ է բերում. Հայաստանի հավաքականի թեժ հունիսը

Հունաստանի նկատմամբ հաղթանակը դասական սպորտային ներկայացում էր, որը լարված կպահեր ոչ միայն հայ երկրպագուներին, այլ ցանկացած մարզասերի: Շնորհավորում եմ, մենք հասել ենք,  մենք վերջապես սովորեցինք զբաղվել սպորտով: Սպորտը դա միայն այն չէ, երբ 4-0 հաշվով ջախջախում ես Դանիային, իսկ հետո տարիներով հետ հանձնում էմոցիաներդ: Սպորտը հենց սա է՝ պայքար մինչև վերջ, բնավորություն, ջանքեր, 2 թիմ դաշտում, 2-ն էլ ոչ կատարյալ, 2-ն էլ կարող էին հաղթել, բայց հաղթեց նա, ով սուլիչի պահին ավելի շատ գոլ էր խփել:

Սպորտում երկրպագուն իր թիմից ուզում է… ամիսներ առաջ Գյուլբուդաղյանցի ասուլիսին ընդհանուր հայտարարի եկանք՝ արժանապատիվ ելույթ: Մենք 2 խաղ շարունակ արժանապատիվ ֆուտբոլ տեսանք մեր թիմի կատարմամբ, ու պարզվեց, որ դա հաղթանակներ է բերում:

Գյուլբուդաղյանցն առայժմ կատարում է իր խոստումը՝ խաղից խաղ ավելացնելով արժանապատիվ ֆուտբոլի մասնաբաժինը, րոպեները: Նույնիսկ Բոսնիա և Հերցեգովինայի ու Ֆինլանդիայի հետ խաղերում մեր թիմը պայքարեց, որոշ հատվածներում դա նրանց մոտ ստացվեց: Մեր թիմը զիջեց անհատներով, պատրաստվածությամբ, ֆուտբոլային պարամետրերով, այո, գուցե և Գյուլբուդաղյանցի տակտիկական ու հոգեբանական հմտությունները չբավարարեցին: Բայց մարզական նվիրումը կար: Իսկ հիմա՝ կտոր կտոր…

Առաջին գոլերն ու առաջին հաղթանակը հույների հետ մրցավեճում. Հունաստան-Հայաստան հանդիպումը՝ 10 փաստով

Հենրիխ Մխիթարյան

Արդեն մի քանի տարի, դեմ գնալով մեր մեծագույն ֆուտբոլիստի տոտալ հեղինակությանը մարզաշխարհում ու երկրպագուների շրջանում, դեմ էինք դուրս գալիս այդ ալիքին ու պնդում, որ Հենրիխ Մխիթարյանը ամբողջությամբ չի ցույց տալիս իր որակները հավաքականի խաղերին: Թե՛ ֆուտբոլիստն էր կարծես խաղում ավելորդ զգուշությամբ, թե՛ թիմում ստեղծված վիճակն ու մթնոլորտն էր արգելակում նրան, և թե՛ մարզչական կցկտուր որոշումներն էին օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով նրան զրկում այն էֆեկտից, որ նա կարող էր ունենալ թիմի խաղի վրա:

Ավելի վատն այն է, որ շատ մարզիչներ ու մասնագետներ պնդում էին, թե նման բան չկա, Հենոն էլ այն Հենոն է, որ կա: Չի կարող արդեն 6 տարի թոփ-լիգաների թոփ-թիմերում թոփ-դերակատարություն ունեցող ֆուտբոլիստի խաղը դաշտում չառանձնանա մյուսներից, հատկապես երբ այդ մյուսները ջիբրալթարցի հաշվապահ է, կամ թեկուզ ֆուտբոլիստ, բայց Էստոնիայի, Մոլդովայի կամ, կներեք, բայց Հայաստանի առաջնությունից: Մխիթարյանը պետք է ստորացնի այդպիսի մրցակիցներին դաշտում: Ահա այսպես՝

Հիմա բոլոր վերոնշյալ գործոնները կարծես հաջողվել է շտկել, թե՛ Հենոյի տրամադրությունն է տեղը, թե՛ տրամադրվածությունը: Այսպիսի ֆուտբոլիստի հետ կարելի է հարցեր լուծել դաշտում: Էլ չասեմ, որ նրա շուրջ առաջացած որոշակի լարվածությունը միանգամից վերացավ, հիմա նա իսկական հերոս է, ով մոտենում ու լուսանկարվում է դաշտ մտած երկրպագուի հետ, Աթենքում էլ անձամբ կազմակերպում ընդհանուր լուսանկար բոլոր երկրպագուների հետ: Իսկական հերոս, այնպիսին, ինչպիսին մենք նրան ուզում էինք տեսնել:

Երբ մեր երկրպագուներն ավելի շատ էին, ու ավելի ուրախ. Հունաստան – Հայաստան խաղի ֆոտոշարքը

Ռոման Բերեզովսկի

Հունաստանի հետ տարիներ առաջ կայացած խաղում Ռոման Բերեզովսկու 2 փրկած 11 մետրանոցներն այդ ժամանակ անիմաստ դարձան: Մինչև այս խաղը նրա խաղընկերները այդպես էլ ոչ գոլ էին խփել Հունաստանի դարպասը, ոչ էլ որևէ արդյունք գրանցել բացի ընկերական խաղի ցամաք ոչ-ոքուց:

Երեկ Ռոման Բերեզովսկին վերջապես ստացավ իր արժանի պարգևն այդ հերոսության համար: Ու այդ պարգևը ոչ միայն մեր թիմի հաղթանակն էր, այլ նրա «սան» Արամ Հայրապետյանի փայլուն խաղը, ով ընդգրկվեց ընտրական այս տուրի խորհրդանշական հավաքականում:

Մեր ֆուտբոլիստները մարզավիճակում էին

Երկու խաղերի գլխավոր ամփոփումներից մեկը տվեց Գևորգ Ղազարյանը.

Մեր տղաները լավ մարզավիճակում էին, ու մարզիչը հրահանգ էր տվել գործել նույնքան ագրեսիվ, ինչքան Լիխտենշտեյնի հետ

Այս 2 խաղերում հաջողության մեջ մեծ մասնաբաժին ունի նաև այս գործոնը, այն, որ մեր բոլոր տղաները լավ մարզավիճակում էին: Մեկնարկային կազմի մեր բոլոր ֆուտբոլիստները խաղաժամանակի խնդիր չունեին: Նրանք գրեթե բոլորն էլ կարևոր դերակատարություն ունեն իրենց թիմերում: Նախկինում կամ նման ֆուտբոլիստներ ուղղակի չէին հավաքվում, կամ էլ տեսնում էինք մարզչական տարօրինակ որոշումներ:

Ինչքան էլ դժգոհենք, բայց մեր թիմում հիմա կա որոշակի որակ, որը պետք է գործի դնել ու ամեն անգամ այն կռվի նետել: Կստացվի, թե ոչ՝ սա ֆուտբոլ է, ոչ ոք չի կարող երաշխավորել: Բայց պետք չէ ամեն անգամ մեղքը բարդել ֆուտբոլիստների, ավելի ճիշտ նրանց խաղամակարդակի վրա:

Հունաստան – Հայաստան․ Մեր ֆուտբոլիստների գնահատականները

Ագրեսիվ մեկնարկ

Արդեն երկրորդ խաղն է, ինչ մեր հավաքականը շատ ագրեսիվ է մեկնարկում: Լիխտենշտեյնի դեմ դա կարող էր դիտվել որպես միակ հնարավոր տարբերակ, իսկ ահա Հունաստանի դեմ դա կարող էր խենթություն թվալ: Բայց այն աշխատեց:

Մեր ուժեղ կողմը հարձակողական ոճի կիսապաշտպաններն են: Ուրեմն պետք է հիմնվել հենց նրանց ուժի վրա: Պաշտպանության խնդիրներից ելնելով՝ կիսապաշտպանների ջանքերը ստիպված ենք օգտագործել նաև պաշտպանությունում, ուստի խաղի կեսում նրանց թարմության վրա հույս դնելը սխալ կլինի: Այո, երկրորդ կեսում նույն թարմությունը հաղորդում են փոխարինման մտած՝ նույն դիրքի ֆուտբոլիստները, նրանց պակասը մենք կարծես չունենք: Ստացվում է, որ միակ արդարացված մարտավարությունը խաղասկզբի 10-15 րոպեանոց շտուրմն է, ինչպես նաև հակագրոհների որսը խաղի վերջնամասում: Մարտավարությունը աշխատեց:

Այն, որ մեր մարտավարությունը պետք է հիմնված լինի շատ գոլեր խփելու, այլ ոչ թե քիչ ընդունելու վրա, ապացուցվում է նաև վերջին 1 տարվա գոլային վիճակագրությամբ: 21 գոլ 10 խաղում, ինչի շնորհիվ մեր հավաքականի խփած գոլերի քանակը պատմության մեջ առաջին անգամ գերազանցեց անցկացրած խաղերի քանակին:

Պարզ է, առաջիկա խաղերին արդեն սա մրցակիցների համար անակնկալ չի լինի, գուցե և հատուկ նախապատրաստվեն դրան: Բայց նաև պետք է ընդունել, որ մեր կիսապաշտպանությունը իր ռեսուրսներով պատրաստ է ճնշել խմբի բոլոր թիմերի պաշտպանություններին, բացառությամբ Բոնուչիենց: Հա, բայց գոնե խփենք, հետո տեսնենք ինչ կլինի…

Հունաստան – Հայաստան խաղի գոլերն ու բոլոր վտանգավոր պահերը (տեսանյութ)

Չվառվել…

Երբ նախորդ տարի աշխարհի առաջնության ժամանակ տեսա, թե ինչ տոնախմբություն էին կազմակերպել թունիսցի երկրպագուները Վոլգոգրադում, այլևս իմ երազանքների տախտակին հիմնովին մեխվեց մեր ազգային թիմին մեծ մրցաշարում տեսնելու երազը: Չնայած, դրանից առաջ էլ պատկերացնում էի, թե ինչ թույն բան է լինելու դա:

Բայց…

Այդ երազը դեռ պետք է փայփայենք ու փայփայենք: Պետք է հասկանալ, որ մեզ համար խմբում ոչ մի բան չի փոխվել: Պետք է միավորների հաշվարկը թողնել վիճակագրական ռեսուրսներին, և ուղղակի դիտել ու վայելել սպորտ՝ ֆուտբոլ, որը լի է լինելու թե ուրախ պահերով, թե անհաջողություններով ու հիասթափություններով: Մեր այս հավաքականը կարող է ուրախացնել, բայց չի կարող հստակ հարցեր լուծել:

Պետք չէ մեր երազանքը փաթաթել նրանց վզին, հատկապես իմանալով, որ նրանք ավելի ուժգին են երազում այդ մասին: Պետք է միայն տղաներից պահանջել արժանապատիվ ֆուտբոլ, չէ որ այն հաղթանակներ է բերում:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ռումյան Հովսեփյան․ «Մոտ օրերս նորություններ կլինեն»

Դավիթ Մանոյանը՝ «Ռաբոտնիչկիից» հեռանալու պատճառների մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին

«Դուք մեր օրն ավելի յուրահատուկ դարձրիք»․ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնում

Ռոբերտ Արզումանյան․ «Հավաքականի համար վերջին հաղթանակները շատ կարևոր էին հատկապես հոգեբանական առումով»

«Հիմա Հայաստանի հավաքականից պետք է ավելին պահանջել»․ Դել Բոսկեն պատասխանեց հայ լրագրողների հարցերին

Մխիթարյանի ու Բեթիի հարսանեկան պարը՝ հանրահայտ Ալ Բանոյի կատարման ներքո (տեսանյութ)

Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել իր և Բեթիի պսակադրությունից (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի պսակադրությունը (լուսանկարներ)

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է (լուսանկար)

«Հաջորդ հանդիպումը կլինի ֆուտբոլային դաշտում». Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է 11-ամյա Էդուարդի հետ (տեսանյութ)

ՈՒԵՖԱ-ի նախագահ. «Եթե Լոնդոնում երկու ադրբեջանական թիմ խաղար, ոչ ոք չէր անհանգստանա»

Վարդան Մինասյան. «Ազգային հավաքականի ֆուտբոլիստների աչքերում կրկին «կրակ» կար» (տեսանյութ)

Ալեքսանդր Կարապետյան. «Ռասինգի» հետ պայմանագիր չեմ կնքել»

Հայաստանի հավաքականը բարձրացել է 9 հորիզոնականով ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում

Mirror. Էմերին առանձնազրույցներ է ունեցել Մխիթարյանի և թիմի մյուս ֆուտբոլիստների հետ