fbpx

Աշխարհի առաջնություն. Աշխարհի չեմպիոնը կորոշվի լրացուցիչ մրցախաղում

Մեկօրյա դադարից հետո Լոնդոնում այսօր կայացավ շախմատի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցախաղի վերջին՝ 12-րդ տուրի հանդիպումը, որում սպիտակներով խաղում էր Ֆաբիանո Կարուանան:

Ինչպես նախորդ բոլոր պարտիաներում, այս անգամ էլ շախմատիստներից ոչ մեկին չհաջողվեց առավելության հասնել: 31-րդ քայլին մրցակիցներն արդեն 12-րդ անգամ հաշտություն կնքեցին: Մրցախաղի հաշիվը դարձավ 6-6:

Այսպիսով, մրցակարգով նախատեսված դասական շախմատի 12 պարտիաները բավարար չեղան աշխարհի չեմպիոնին ի հայտ բերելու համար: Մեկօրյա հանգստից հետո նոյեմբերի 28-ին Կառլսենն ու Կարուանան հաղթողին որոշելու համար լրացուցիչ մրցախաղ կանցկացնեն:

Սկզբում նրանք իրենց հարաբերությունները կպարզեն արագ շախմատի 4 պարտիաներում: Եթե հաշիվը կրկին հավասար լինի, ապա աշխարհի չեմպիոնը կորոշվի կայծակնային մրցախաղում, որը բաղկացած կլինի 2 պարտիայից:

Անհրաժեշտության դեպքում առավելագույնը կանցկացվի կայծակնային շախմատի 10 պարտիա: Հավասար արդյունքի դեպքում կկայանա կայծակնային շախմատի վճռորոշ՝ 11-րդ պարտիան՝ արմագեդոնը: Ոչ-ոքի արդյունքի դեպքում հաղթող կճանաչվի այդ պարտիայում սևերով խաղացող շախմատիստը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: