fbpx
Բաժիններ

Աշխարհի առաջնություն. Հայ շախմատիստների հաջող մեկնարկը

Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում մեկնարկել է մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունը: Մրցաշարում Հայաստանը ներկայացնող 4 շախմատիստներից 3-ը հաղթանակով մեկնարկեցին:

Պատանիների մրցաշարում իրենց օգտին հաղթական միավորներ գրանցեցին Շանթ Սարգսյանն ու Արամ Հակոբյանը՝ պարտության մատնելով համապատասխանաբար ռուսաստանցի Ստեփան Պողոսյանին և Ֆրանսիան ներկայացնող Եվգենի Ֆլորիանին: Արթուր Դավթյանը հաշտություն կնքեց հնդիկ Սինղանի Վատսալի հետ:

Աղջիկների մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Մարիամ Ավետիսյանը հաղթեց հնդիկ Կոտվալ Արուշին:

Հիշեցնենք, որ վերջերս Հնդկաստանի Մումբայ քաղաքում ավարտված շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում մինչև 18 տարեկանների մրցաշարում Շանթ Սարգսյանն ու Արթուր Դավթյանը դարձել էին արծաթե և բրոնզե մրցանակակիրներ:

Շվեյցարական մրցակարգով կանցկացվի 11 տուր: Բացի մեդալներից, մրցանակակիրները նաև դրամական պարգևներ կստանան: Պատանիների մրցաշարի հաղթողը կպարգևատրվի 3000 եվրոյով, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները կստանան համապատասխանաբար 2000 և 1000 եվրո:

Աղջիկների մրցաշարում ուժեղագույնը ճանաչված շախմատիստուհին կպարգևատրվի 2000 եվրոյով, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստուհիները կստանան համապատասխանաբար 1250 և 750 եվրո:

Երկու մրցաշարերում էլ 4-10-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն գավաթներով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: