«Ատլետիկոյի» ծագող աստղ Օբաման հայտնվել է Հայաստանում․ Ինչպես փառքի հասած տղան մնաց իր իսկ ստվերում - VNews
Բաժիններ

«Ատլետիկոյի» ծագող աստղ Օբաման հայտնվել է Հայաստանում․ Ինչպես փառքի հասած տղան մնաց իր իսկ ստվերում

asd25asd5 - «Ատլետիկոյի» ծագող աստղ Օբաման հայտնվել է Հայաստանում․ Ինչպես փառքի հասած տղան մնաց իր իսկ ստվերում

«Եթե Բարաք Օբաման արդեն մտել է պատմության մեջ որպես ԱՄՆ-ի առաջին սևամորթ նախագահ, ապա Սալոմոն Օբաման, որը նրա գուցե հեռավոր ազգականն է, ունի բոլոր հնարավորությունները, որպեսզի հասնի նույնիսկ ավելի մեծ փառքի»,- Diario De Cadiz պարբերականը 2011 թվականին այսպես է բնութագրել Սալոմոն Օբամային՝ ֆուտբոլիստի, որին Մադրիդի «Ատլետիկոյի» երկրպագուները տեսնում էին թիմի բազմամյա գոլահարի դերում: Քչերին է հաջողվում փառքի հասնել դեռ դպրոցական տարիքում, մշտապես լինել ուշադրության կենտրոնում: Սակայն դա գունավոր ու գայթակղիչ է թվում միայն կողքից նայողի աչքերով: Իսկ կյանքը սիրում է անակնկալներ մատուցել: Ի հեճուկս բոլոր կանխատեսումների՝ Օբաման այսօր ոչ թե Դիեգո Սիմեոնեի «Ատլետիկոյի» հարվածային ուժն է, այլ խաղում է Հայաստանում, այն էլ՝ Առաջին խմբի առաջնությունում: 21-ամյա ֆուտբոլիստի անցած ճանապարհը շատ հետաքրքրական և ուսուցողական է՝ ոչ միայն ֆուտբոլիստների, այլև մեզ բոլորիս համար:

Սալոմոն Օբաման ծնվել է 2000 թվականի փետրվարի 4-ին՝ Հասարակածային Գվինեայի մայրաքաղաք Մալաբոյում: Բայց ճակատագիրն Օբամաների ընտանիքին տարավ լրիվ այլ ճանապարհով՝ հասցնելով Եվրոպա: «Ծնողներս մեկնեցին Իսպանիա՝ աշխատելու նպատակով: Երբ նրանք որոշակի գումար «հետ գցեցին», ինձ ու երկվորյակ եղբորս նույնպես տեղափոխեցին այնտեղ: Նրանք ուզում էին, որ ես կրթություն ստանայի: Բայց ես շատ էի թերանում այդ հարցում: Ակնհայտ էր, որ ուզում էի ֆուտբոլիստ դառնալ: Հայրենիքումս ֆուտբոլ խաղալու շատ հնարավորություններ չկային, ինչը չի կարելի ասել Իսպանիայի մասին»,- պատմում է Օբաման:

DIVsZ1NXkAArvMj 960x638 - «Ատլետիկոյի» ծագող աստղ Օբաման հայտնվել է Հայաստանում․ Ինչպես փառքի հասած տղան մնաց իր իսկ ստվերում

«Ռեալը» փոխեց «Ատլետիկոյով», փայլեց հեղինակավոր մրցաշարում և մրցանակ ստացավ Դել Բոսկեից

Մադրիդի նահանգի կազմում գտնվող Տորեխոն դե Արդոս քաղաքում ապրող Սալոմոնին նկատեցին Մադրիդի «Ռեալի» ակադեմիայից, թեպետ այնտեղ երկար ժամանակ չանցկացրեց: 2010 թվականին մեկ ամիս մարզվեց այնտեղ, ինչից հետո միացավ իր կարիերայի գլխավոր ակումբին՝ «Ատլետիկոյին»: Նրա հետ էր նաև եղբայր Ֆեդերիկոն: Վերջինս խաղում էր որպես պաշտպան, իսկ Սալոմոնին մարզիչները վստահեցին հարձակվողի դիրքը: Նրա արդյունավետությունն այնքան բարձր էր, որ գոլահարի մասին սկսեցին խոսել բոլորը: Օբամայով սկսեցին հետաքրքրվել «Ինտերն» ու «Մոնակոն», բայց ծնողները նրան թույլ չտվեցին հեռանալ Իսպանիայից: «Ասացի ծնողներիս, որ ուզում եմ հեռանալ, բայց նրանք ընդգծեցին, որ անգլերեն կամ իտալերեն չգիտեմ, ու ինձ համար դժվար կլիներ հարմարվելը: Նրանք պնդում էին, որ այդքան վաղ տարիքում հեռանալով Իսպանիայից՝ չեմ կարողանա հարմարվել արտերկրում: Կարծում եմ՝ նրանք սխալվեցին այդ հարցում»,- պնդում է ֆուտբոլիստը:

«Ատլետիկոյի» պատանեկան թիմերն Օբամա եղբայրների առաջնորդությամբ նորանոր հաջողություններ էին գրանցում: Իսպանիայում ամեն տարվա դեկտեմբերին անցկացվում է Մ12 տարեկան ֆուտբոլիստների հեղինակավոր միջազգային մրցաշար (Torneo Arona): «Ատլետիկոն» 2011-2012թթ․ 2 անգամ անընդմեջ հռչակվեց չեմպիոն: Սալոմոնն առաջին մրցաշրջանում 8 գոլ խփեց գլխավոր մրցակցի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ 2 հանդիպումներում: Նրա արագությունը, ֆիզիկական գերազանցությունը մրցակիցների նկատմամբ և նախանձելի սառնասրտությունն իսկական պատուհաս էին դարձել դեմ հանդիման դուրս եկող թիմերի համար: Օբաման նվաճեց մրցաշարի լավագույն ռմբարկուի կոչումը, իսկ մրցանակը ստացավ ոչ ավել, ոչ պակաս՝ իսպանացի ամենահեղինակավոր մարզիչներից մեկից՝ Վիսենտե դել Բոսկեից:

1570558615 464857 1570558763 noticia normal 960x540 - «Ատլետիկոյի» ծագող աստղ Օբաման հայտնվել է Հայաստանում․ Ինչպես փառքի հասած տղան մնաց իր իսկ ստվերում

Ինչպես նվաճած գավաթը ներկայացրին «Վիսենտե Կալդերոն» ստադիոնում՝

Օբաման «Ատլետիկոյի» համակարգում մշտապես խաղացել է ավելի բարձր տարիքային թիմերի ֆուտբոլիստների հետ: Նրանք շատ տիտղոսներ էին նվաճում, կարևոր է նաև այն, որ հիմնականում գերազանցում էին «Ռեալի» պատանեկան թիմերին: Սալոմոնը նաև անհատական ռեկորդներ էր գրանցում: Իսպանական մամուլը գրում էր, որ Օբաման նույնքան ճանաչված է երկրպագուների շրջանում, ինչքան ակումբի գլխավոր թիմի շատ ֆուտբոլիստներ: Ասում են՝ Իսպանիայում մամուլը երբեք նման ուշադրության կենտրոնում չէր պահել այդ տարիքի որևէ ֆուտբոլիստի: Խաղացողը հիշում է․ «Ինձ համար հեշտ չէր ուշադրության կենտրոնում լինելը: Երբ դպրոց էի գնում, ինձ հետ շատ էին զրուցում, հարցեր տալիս: Ուզում էին ինձ հետ ֆուտբոլ խաղալ, և երբ համաձայնվում էի, կարծես չէին հավատում, որ նման հնարավորություն ունեն»:

Հրավեր Իսպանիայի հավաքականից և գոլ նրա կազմում, նաև ուշադրություն Սիմեոնեից

Մրցակիցները սկսեցին այլ կերպ վերաբերվել Սալոմոնին: Նրանք հասկանում էին՝ ինչ վտանգ է իրենից ներկայացնում այդ ֆուտբոլիստը, և երբեմն նույնիսկ սադրում էին հարձակվողին: «12-ամյա երեխայի համար շատ դժվար է, երբ նրան վիրավորում են ֆուտբոլային խաղադաշտում: Այդ փորձն ինձ օգնել է աճել: Դա երևույթ է, որ կա ամենուր, բայց կարծում եմ՝ մարդիկ պետք է համակերպվեն՝ հարկավոր է աշխատել հանուն սեփական թիմի, ոչ թե ընդդեմ մրցակցի»,- նշում է Օբաման: Երբ բոլորեց նրա 16-ամյակը, «Ատլետիկոն» Օբամային ընդգրկեց Չեմպիոնների լիգայի գավաթի 2016/17թթ․ խաղարկության հայտացուցակի B խմբում: Այնտեղ հայտնված մի քանի երիտասարդ կարող էին հայտավորվել խմբային փուլի խաղերին, եթե «Ատլետիկոյում» լինեին վնասվածքներ կամ որակազրկումներ: Օբաման ամենաերիտասարդն էր այդ ցուցակում: Սակայն հերթը դրան չհասավ: Պատանի հարձակվողը փոխարենը 8 հանդիպում անցկացրեց Մ19 Չեմպիոնների լիգայում և դարձավ 2 գոլի հեղինակ: Մադրիդյան թիմը հասավ մինչև քառորդ եզրափակիչ ու պարտվեց մրցաշարի ապագա հաղթող «Զալցբուրգին»:

CmEKSvbUoAIKrLq - «Ատլետիկոյի» ծագող աստղ Օբաման հայտնվել է Հայաստանում․ Ինչպես փառքի հասած տղան մնաց իր իսկ ստվերում

Պատանի գոլահարն այդ ընթացքում սկսեց հրավիրվել նաև Իսպանիայի Մ17 հավաքական: Նա ընկերական խաղում գրավեց Խորվաթիայի Մ17 ընտրանու դարպասը, իսկ 2017 թվականի մարտին՝ հնարավորություն ունեցավ մասնակցել ԵՎՐՈ 2017-ի էլիտ ռաունդի մրցաշարի 3 խաղերից 2-ին: Սանտիի գլխավորած թիմը վստահորեն դուրս եկավ եզրափակիչ փուլ ու նույն տարվա մայիսին Եվրոպայի չեմպիոն հռչակվեց, թեպետ Օբաման այդ ժամանակ արդեն հավաքականի ճամբարում չէր: Սալոմոնի այն ժամանակվա թիմակիցներից շատերը, որոնք այսօր աստղեր են դարձել (Վիկտոր Չուստ, Անտոնիո Բլանկո՝ «Ռեալ Մադրիդ», Ֆերան Տորես, Էրիկ Գարսիա՝ «Մանչեսթեր Սիթի»), 2019 թվականին արդեն Մ19 հավաքականի կազմում Երևանում կրկին նվաճեցին Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

Մեր ընտրանին

2017 թվականին ևս մեկ նշանակալի իրադարձություն տեղի ունեցավ: Օբաման օգոստոսին «Ատլետիկոյի» առաջին թիմում 2 ընկերական խաղի հայտավորվեց, թեպետ չմասնակցեց «Լեգանեսի» ու «Խետաֆեի» դեմ մրցավեճերին:

«Երկրորդ թիմից 4 ֆուտբոլիստներ էին հայտավորվել այդ հանդիպումներին: Շատ մոտիվացված էի: Թոմաս Փարթին ու Կոկեն ինձ շատ լավ ընդունեցին հանդերձարանում, մասնակցեցի նախավարժանքին, բայց, ցավոք, խաղալու հնարավորություն չստացա: Մինչև հիմա կապի մեջ եմ այդ տղաների հետ: Երբ դու երկրորդ թիմի ֆուտբոլիստ ես, քեզ համար երազանք է «Ատլետիկոյի» աստղերի հետ մարզվելը: Կոլեկտիվը շատ լավն էր, ես շատ բան սովորեցի այդ մարզումներից»,- պատմում է Սալոմոնը:

C7HqzIxXkAIYSMY 960x737 - «Ատլետիկոյի» ծագող աստղ Օբաման հայտնվել է Հայաստանում․ Ինչպես փառքի հասած տղան մնաց իր իսկ ստվերում

«Նրանք «կոտրեցին» ինձ»

Օբաման «Ատլետիկոյի» Մ19 թիմում շուտով չեմպիոնություն նվաճեց ու դարձավ գավաթակիր (եզրափակիչում հաղթեցին «Ռեալին»): Նրա կարիերան կարծես աստիճանական զարգացում էր ստանում: Արդեն «Ատլետիկոյի» երկրորդ թիմի ֆուտբոլիստ էր ու խաղում էր Սեգունդա Բ-ում (հեղինակությամբ երրորդ առաջնություն), բայց միաժամանակ Մ19 թիմում մասնակցում էր Երիտասարդական Չեմպիոնների լիգային: «Ատլետիկոն» կրկին քառորդ եզրափակիչ հասավ ու կրկին պարտվեց ապագա գավաթակրին՝ «Բարսելոնային»: 2017/18թթ․ մրցաշրջանի ընդհանուր 24 խաղում ոչ մի գոլ չխփեց: Շարունակում էր երբեմն մարզվել նաև առաջին թիմի ֆուտբոլիստների հետ:

Ցածր արդյունավետությունն արդեն իսկ հուշում է, որ ծանր ժամանակներ սկսվեցին երբեմնի խոստումնալից ֆուտբոլիստի համար: Ակումբը 2019 թվականի հունվարին որոշեց բաժանվել Օբամայից: «Հույս ունեի, որ բոլոր տարիքային թիմերով անցնելուց հետո կստանամ նաև գլխավոր թիմում խաղալու շանս, բայց դա տեղի չունեցավ: Միշտ հավատացել էի սեփական ուժերիս, սակայն դա անհետացել էր: Երբ եկա երկրորդ թիմ, ամեն ինչ փոխվեց: Այդ թեմայով խոսեցի նաև ընտանիքիս հետ, նրանք էլ չէին հասկանում՝ ինչու այդպես ստացվեց: Ակումբը դադարեց վստահել ինձ, ու դա լրջորեն ազդեց հոգեբանությանս վրա: Երկրորդ թիմում առաջին մրցաշրջանում միայն 10 անգամ հայտնվեցի մեկնարկային կազմում, իսկ երկրորդ մրցաշրջանում՝ ոչ մի անգամ: Նրանք «կոտրեցին» ինձ: Իսկ հետո առաջին թիմի գլխավոր մարզիչն ասաց, որ ինձ հետ այլևս հույսեր չեն կապում, և մտադիր են չեմպիոնական թիմ կառուցել»,- ասում է խաղացողը:

DK51VnqWAAIrkZf - «Ատլետիկոյի» ծագող աստղ Օբաման հայտնվել է Հայաստանում․ Ինչպես փառքի հասած տղան մնաց իր իսկ ստվերում

Օբաման չհեռացավ Իսպանիայից ու որոշեց երկրի ֆուտբոլային էլիտա մուտք գործել այլ ակումբում՝ «Սելտայում» ելույթների միջոցով: Ակումբի՝ խաղացողի հետ կապված լուրջ մտադրությունների մասին էր վկայում, որ Օբամայի հետ ստորագրվեց 4,5 տարվա պայմանագիր: Սակայն «Սելտայում» անցկացրեց ընդամենը․․․ կես տարի: Ի սկզբանե նախատեսված էր, որ Սալոմոնը պետք է ելույթ ունենա առաջին թիմում: Այդուհանդերձ, Լա Լիգայում տեղը պահպանելու համար պայքարող թիմում մրցաշրջանում արդեն երրորդ մարզչական փոփոխությունը եղավ, ինչն ուղղակիորեն ազդեց Օբամայի կարգավիճակի վրա: Նա ուղարկվեց երկրորդ թիմ ու մինչև ամառ միայն 1 խաղի մասնակցեց՝ անցկացրած 4 րոպեում այդպես էլ չգտնելով «Ռեալ Մադրիդ Կաստիլյայի» դարպասապահ Լուկա Զիդանի պաշտպանած դարպասի բանալին:

Երիտասարդ տաղանդի կարիերայի գահավիժումն էլ ավելի սրընթաց դարձավ: 1 տարի վարձավճարով անցկացրեց Սեգունդա Բ-ի «Մերիդա» թիմում, բայց մասնակցած 8 խաղից միայն 2-ում հայտնվեց մեկնարկային կազմում՝ չխփելով ոչ մի գոլ: Մրցաշրջանի վերջում, երբ Օբաման վերադարձավ «Սելտա», ակումբը դադարեցրեց համագործակցությունը նրա հետ:

«Սելտայում» հասցրել էի մի քանի մարզում անցկացնել առաջին թիմի հետ, որոնց ժամանակ ինձ շատ էր հուշում ակումբի լեգենդը՝ Յագո Ասպասը: Նա շատ լավ մարդ է: Իրեն այնպես է պահում, կարծես բոլորից մեկը լինի, մինչդեռ թիմի առաջատարն է: Հետո ունեի «Ալկորկոն» տեղափոխվելու տարբերակ, բայց «Մերիդայի» մարզական տնօրենի հետ զրույցը ստիպեց հենց այնտեղ գնալ: Նախքան «Մերիդան» երբեք չէի եղել թիմում, որտեղ կունենայի ինձանից 10 տարի մեծ թիմակիցների: Պրոֆեսիոնալ թիմերում կարող ես սովորել այնպիսի բաներ, ինչպիսին չես տեսնի պատանեկան թիմերում»,- ասում է Օբաման:

futbol 531958570 163813382 1706x960 960x540 - «Ատլետիկոյի» ծագող աստղ Օբաման հայտնվել է Հայաստանում․ Ինչպես փառքի հասած տղան մնաց իր իսկ ստվերում

Արկածներ Էմիրություններում և ժամանում Հայաստան՝ Առաջին խմբի առաջնություն

Սալոմոնն անցած տարվա հոկտեմբերին որպես ազատ գործակալ որոշեց առաջին անգամ ուժերը փորձել արտասահմանյան ակումբում: Արաբական Էմիրությունների «Դիբա Ֆուջայրահ» ակումբն էլ «անցողիկ» դարձավ Օբամայի համար: Նա այնտեղ մեկ ամիս անցկացնելուց հետո ակումբի հետ համաձայնության չեկավ աշխատավարձի պայմանների շուրջ, քանի որ իրեն նախապես մի առաջարկ էին արել, իսկ հետո՝ ցանկացել փոխել պայմանները:

Օբաման 2021 թվականի ձմռանը հայտնվեց Հայաստանում՝ Առաջին խմբի «Սևան» ակումբում, որը խաղում և մարզվում է Երևանում: 21-ամյա ֆուտբոլիստը լավ է ինտեգրվել Արմեն Շահգելդյանի թիմ, որն առաջնության միանձնյա առաջատարն է ու լավ շանսեր ունի դուրս գալ VBET Հայաստանի Պրեմիեր լիգա: Օբաման ավելի շատ գործում է եզրային հարձակվողի դիրքում: 5 խաղում արդեն 2 գոլ է խփել: «Ոչ մի վայրկյան չեմ կասկածել այստեղ գալու հարցում: Սա ինձ համար շատ լուրջ մարտահրավեր է: Երբ փետրվարին եկա Երևան, շատ ցուրտ էր: Բայց մարզիչն ասում էր, որ եղանակը մարտին սկսում է տաքանալ: Մարդիկ այստեղ լավն են, ֆուտբոլը՝ նույնպես»,- ասում է հարձակվողը:

171963736 2868486010134070 8937390263155939841 n 960x641 - «Ատլետիկոյի» ծագող աստղ Օբաման հայտնվել է Հայաստանում․ Ինչպես փառքի հասած տղան մնաց իր իսկ ստվերում

«Սարգիս Ադամյա՞ն․ չեմ ճանաչում»․ Ի՞նչ ուղի է անցել Մխիթարյանից հետո մեր այսօրվա գլխավոր աստղը

Օբաման պատմական գոլ է խփել իր հավաքականում ու կխաղա թոփ-մրցակիցների դեմ

«Պատանեկան տարիքում ընտրեցի Իսպանիայի հավաքականը, որովհետև ինձ դուր էր գալիս՝ այնտեղ ինչպես են խաղում, ինչպես են վերաբերվում ֆուտբոլին: Մերժեցի հայրենիքիս դրոշի ներքո ելույթ ունենալու առաջարկը: Բայց հետո դադարեցի խաղալ Իսպանիայի կազմում ու վերջիվերջո որոշեցի միանալ Հասարակածային Գվինեայի հավաքականին: Դա է իմ երկիրը, իմ ազգը»,- պատմում է Օբաման: Նա ընդամենը 18 տարեկան հասակում սկսեց հրավիրվել իր պատմական հայրենիքի ազգային թիմ: Այնտեղ վերջնականապես ամրապնդվեց 2021 թվականի Աֆրիկայի Ազգերի գավաթի որակավորման փուլում, որում 4 խաղ անցկացրեց՝ խփելով 1 գոլ: Դա պատմական գոլ էր, իսկ այն, ինչ արեց հավաքականը, պարզապես հերոսություն:

Հասարակածային Գվինեայի հավաքականը որակավորման փուլում Թունիսի, Տանզանիայի ու Լիբիայի հետ մրցակցությունում 2-րդ տեղը գրավեց ու հաջորդ տարի կմասնակցի աֆրիկյան գլխավոր ստուգատեսին՝ Ազգերի գավաթին: Թիմը 2 պարտությամբ էր մեկնարկել, 3-րդ տուրում մրցակիցը Լիբիայի ընտրանին էր: Վերջինս հաղթում էր 2-1 հաշվով, «Սասուոլոյի» կիսապաշտպան Պեդրո Օբիանգն ավելացված 1-ին րոպեին հավասարեցրեց հաշիվը: Օբաման փոխարինման մտավ դրանից 1 րոպե անց և ավելացված 4-րդ րոպեին անհատական անցումից հետո հիանալի գոլ խփեց՝ գերկամային հաղթանակ պարգևելով իր թիմին: Դա հիմնովին փոխեց ընտրանու հոգեբանությունը: Հասարակածային Գվինեայի հավաքականը հետագա 3 խաղում 2 հաղթանակ տոնեց և իր պատմության մեջ միայն 3-րդ անգամ կմասնակցի հեղինակավոր մրցաշարին:

Օբաման խոստովանում է, որ թիմը համեստ հնարավորություններ ունի, իսկ մրցաշարում՝ հետնապահի կարգավիճակ․ «Շատ համեստ հավաքական ունենք: 3 ֆուտբոլիստներ կան, որ բարձրագույն դիվիզիոններում են խաղում՝ Կառլոս Ակապոն «Կադիսից», Պեդրո Օբիանգը «Սասուոլոյից» և Էմիլիո Նսուեն կիպրական ԱՊՕԵԼ-ից: Մնացածն Իսպանիայի երկրորդ և երրորդ դիվիզիոններից են: Խաղալու ենք թոփ-հավաքականների, թոփ-ֆուտբոլիստների դեմ: Բայց ֆուտբոլում ոչինչ բացառված չէ, ու մենք կպայքարենք: Չկա մի բան, որն ինձ ավելի երջանիկ է դարձնում, քան հավաքականի կազմում խաղալը»:

Հայկական ակումբային ֆուտբոլում ոչ ոք «Ինստագրամում» չունի ավելի շատ հետևորդ, քան Օբաման

Նա վաղուց ազդեցիկ մարդ է դարձել նաև համացանցում: 21-ամյա ֆուտբոլիստն «Ինստագրամում» ունի ավելի քան 130 հազար հետևորդ: Օբաման կիսվում է ոչ միայն ֆուտբոլային, այլև ժամանցային լուսանկարներով: Սիրում է երևալ նաև դասական ոճում, լուսանկարվել շքեղ մեքենաների կողքին և այլն: Նրա հետևորդների քանակը մեծ առավելությամբ առաջատար է հայկական ակումբների ֆուտբոլիստների շարքում, նաև Հայաստանի ազգային հավաքականի խաղացողների էջերի համեմատությամբ, եթե հաշվից դուրս թողնենք համաշխարհային աստղ Հենրիխ Մխիթարյանին: «Այն պահից, ինչ սկսել եմ ֆուտբոլ խաղալ, մարդիկ հետևում են ինձ, զրուցում ինձ հետ։ Ես էլ չգիտեմ՝ որտեղից է այդքան մարդ հավաքվել, բայց շատ շնորհակալ եմ նրանց՝ աջակցության համար»,- պարզաբանում է Օբաման:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Salomon Obama (@salomonobama)

Եվ ի վերջո ինչո՞ւ խոստումնալից տղան չդարձավ մեծ աստղ

Օբամայի օրինակը կարող է ուսանելի լինել բոլորի համար, առավելապես՝ պատանի ու երիտասարդ ֆուտբոլիստների: Եթե պատանեկան տարիքում դու աստղ ես և բոլորը քո մասին են խոսում, դա դեռ չի նշանակում, որ նույն հաջողությունը պրոֆեսիոնալ ֆուտբոլում ես ունենալու: Իսկ մարդկանց սպասելիքները և անընդհատ ուշադրությունը կարող են պարզապես «ոչնչացնել» քեզ: Ի դեպ, Սալոմոնի եղբայրը՝ Ֆեդերիկոն ևս չարդարացրեց սպասելիքներն ու այժմ Իսպանիայի 4-րդ դիվիզիոնում է: Օբաման կիսվում է իր փորձով․

«Երբեք չպետք է քեզ երկնքում պատկերացնես, այլ լինես համեստ, աշխատես, որ շարունակես աճել: Իմ նպատակը Լա Լիգայում խաղալն է, բայց դրա համար պետք է օգտագործեմ իմ ամբողջ պոտենցիալը, ինչը մինչ օրս չեմ արել:

Մարդիկ ինձնից ու եղբորիցս միշտ ավելին էին ցանկանում տեսնել: Մեր անունները շատ էին ուռճացվել, բոլորը շատ հեռու ապագա էին նայում: Հիմա չեմ կարող ահռելի թվով գոլեր խփել, մրցակիցներին ֆիզիկապես գերազանցելն արդեն դժվար է: Ինձ ասում էին, որ երբ դուրս գամ պատանեկան տարիքից, այլևս չեմ կարողանա ֆուտբոլ խաղալ, քանի որ ուժերը կհավասարվեն, բայց ես շարունակում եմ անել իմ սիրելի գործը: «Ատլետիկոյում» ինձ շատ հնարավորություններ չտվեցին, գիտեի, որ ունեմ այդտեղ մրցելու խաղամակարդակ, միշտ շատ վստահ եմ եղել ուժերիս, բայց պահ եկավ, երբ դա անհետացավ: Միաժամանակ «Ատլետիկոն» ինձ համար ամենակարևոր ակումբն է, ու ես միշտ պարտական կլինեմ նրան այն ամենի համար, ինչ ինձ տվել է թե՛ որպես ֆուտբոլիստ, թե՛ որպես մարդ:

C5whtyrXEAAey3E 960x640 - «Ատլետիկոյի» ծագող աստղ Օբաման հայտնվել է Հայաստանում․ Ինչպես փառքի հասած տղան մնաց իր իսկ ստվերում

Նաև իմ գործակալները, շրջապատը, ներկայացուցիչները հետևողական չեղան, որ թռիչք կատարեմ իմ կարիերայում: «Սելտայից» հեռանալուց հետո հասկացա, որ պետք է «ցտեսություն» ասել այդ բոլոր գործակալներին: Սկսեցի ինքս դասավորել կարիերաս: Ֆուտբոլիստ լինելն արդեն իսկ արտոնություն է, քանի որ դու քեզ նվիրում ես նրան, ինչը քեզ դուր է գալիս: Այժմ նոր կարիերա եմ սկսել ու պետք է քայլ առ քայլ առաջ գնամ: Հիմա նպատակներս նույնն են, բայց մոտեցումներս փոխվել են»:

Ահա այսպիսի խայտաբղետ կարիերա ունի Սալոմոն Օբաման, 21-ամյա տղա, որը հիմա փորձում է վերագործարկել իր կարիերան ու դրա համար որպես վայր Հայաստանն է ընտրել: Հաճախ կարիք է լինում մեկ քայլ հետ կատարել՝ մի քանի քայլ առաջ անելու համար: Սա այդ դեպքերի՞ց է, դժվար է ասելը: Ֆուտբոլը սուտ չի սիրում, այն միշտ փոխհատուցում է այնպես, ինչպես ինքդ ես նրան վերաբերվում: Ամեն ինչ ֆուտբոլիստից է կախված: Նա պատրա՞ստ է իր գործի պրոֆեսիոնալը դառնալ, թե՞ ոչ: Բոլոր դեպքերում հենց նա է լինելու սեփական որոշումներից թե՛ շահողը, թե՛ տուժողը:

Հավաքականում նորամուտի թանկ գինը․ Ինչպես «կյանքի խաղը» վերափոխեց հայ դարպասապահի կարիերան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Միկիտա Տատարկով․ «Կապ չունի՝ չեմպիոնի՞, թե՞ հետնապահի դեմ ենք խաղում, նպատակը հաղթանակն է» (տեսանյութ)

Արմեն Համբարձումյան․ «Եթե թիմը գոլ չի խփում, դա հարձակվողների խնդիրն է» (տեսանյութ)

Վահագն Այվազյան․ «Մի փոքր դժվար էր բնական խոտածածկով խաղադաշտին հարմարվելը» (տեսանյութ)

Տիգրան Եսայան. «Մենք չպետք է նայենք մեր հակառակորդներին, պետք է վերցնենք մեր 3 միավորը և շարժվենք առաջ» (տեսանյութ)

Եղիշե Մելիքյան. «Տխուր ենք, որ չենք հաղթել, որովհետև մեր շանսերը ավելի մեծ էին» (տեսանյութ)

Արթուր Միրանյան․ «Հուսով եմ՝ խաղից խաղ կբարելավեմ մարզավիճակս» (տեսանյութ)

Անատոլի Բայդաչնի. «Պաշտպանությունում լավ ենք գործում, հարձակվողն է պակասում» (տեսանյութ)

Աղվան Դավոյան․ «Արդյունքները գարնանային հատվածում լավը չեն, բայց խաղային առումով առաջընթաց ունենք» (տեսանյութ)

Գեղամ Հարությունյան․ «Ամբողջ ուժով մարզվում եմ ու հուսով եմ՝ մոտ ապագայում ավելի շատ օգուտ կտամ «Նոային» (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Ուրարտուն» հաղթեց «Վանին», «Փյունիկն» ու «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

Դմիտրի Գունկո. «Հարձակման գծում խաղակցվածություն է ձևավորվել, որը չենք ուզում խախտել» (տեսանյութ)

Տիգրան Դավթյան. «Այսօր խաղադաշտում շատ վատ տեսք ունեինք» (տեսանյութ)

«Նոա» – «Շիրակ». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Սերգեյ Էրզրումյան. «Բավարարված ենք արդյունքով, քանի որ 3 առանցքային ֆուտբոլիստ բացակայում էր» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան. «Այսօր «Արարատը» այնպիսի վիճակում է, որ մեզ համար շատ կարևոր է թե՛ առաջնությունը, թե՛ գավաթի խաղարկությունը» (տեսանյութ)

Օգնեն Չանչարևիչ․ «Հաղթելու ավելի լավ շանսեր ունեինք, քան «Արարատը» (տեսանյութ)