fbpx

Ավարտվեց Ռոբերտ Աբաջյանին նվիրված հուշամրցաշարը. Հաղթեց Շիրակավանի թիմը (լուսանկարներ)

Անի խոշորացված համայնքի Մարալիկ քաղաքում այսօր տեղի ունեցավ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանին նվիրված հուշամրցաշարի եզրափակիչն ու փակման արարողությունը։

Ռոբերտ Աբաջյանին նվիրված հուշամրցաշարը Մարալիկում անցկացվում էր արդեն 3-րդ տարին անընդմեջ։ Այս անգամ շուրջ մեկ ամիս տևած պայքարին մասնակցեցին 9 սիրողական թիմեր՝ Շիրակի և Արագածոտնի մարզի տարբեր բնակավայրերից։

Երկու խմբերում ծավալված պայքարից հետո երկուական թիմեր յուրաքանչյուր խմբից դուրս էին եկել կիսաեզրափակիչ։ Փլեյ-օֆֆի արդյունքում 3-րդ տեղը գրավեց Ձորակապ գյուղի թիմը, իսկ գլխավոր մրցանակի համար պայքարի դուրս եկան Մարալիկի մարզադպրոցի թիմն ու Շիրակավան գյուղի թիմը, որը եզրափակչին մասնակցում էր նաև անցած տարի։ Այս անգամ շիրակավանցիները խաղավերջում խփած գոլի շնորհիվ հաղթանակ տարան և հռչակվեցին մրցաշարի հաղթող։

Խաղի մեկնարկից առաջ երկու թիմերը և երկրպագուները հարգեցին Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հիշատակը և ծաղիկներ դրեցին նրան նվիրված հուշակոթողին։ Խաղի ավարտից հետո, պարգևատրման արարողության ժամանակ ներկաները ևս մեկ անգամ հարգանքի տուրք մատուցեցին բոլոր հերոսներին։

Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը հույս հայտնեց, որ նման մրցաշարերը կնպաստեն ներհամայնքային կապերի զարգացմանը, իսկ առաջիկա տարիներին կմասնակցեն առավել մեծ թվով թիմեր։

  • 36

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: