fbpx

Արսեն Ջուլֆալակյան. «Եվրոպայի ու աշխարհի առաջնությունները ինձ համար ճանապարհ են դեպի օլիմպիական խաղեր»

2014թ.-ին ԱԱ-ի չեմպիոն դառնալուց հետո Արսեն Ջուլֆալակյանի մոտ միջազգային մրցաշարերն այդքան էլ հաջող չեն ստացվում: 2016-ի Ռիոյի օլիմպիական խաղերից հետո տիտղոսակիր ըմբիշը դադար էր վերցրել, ինչից որոշ ժամանակ անց, 2018-ին հոգեբանական լարված պայքարի արդյունքում պարտվեց Հայաստանի առաջնության եզրափակիչում: Այս ամենը թողել է իր դրական ազդեցություննն ու Արսեն Ջուլֆալակյանը շարունակում է իր մարզումները նոր թափով՝ առջևում ունենալով մի շարք նպատակներ: Հայաստանի ամենատիտղոսակիր ըմբիշներից մեկը իր առջև դրած նոր մարտահրավերների և ունեցած դժվարությունների մասին պատմեց vivaronews.am-ին:

Արսե՛ն, ի՞նչ փուլում են մարզումները, որո՞նք են Ձեր ապագա ծրագրերը:

Հաճախ լսում եմ տարբեր սպորտային և ոչ սպորտային միջոցառումների ժամանակ պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ լրագրողներից. «Արդյո՞ք Արսեն Ջուլֆալակյանը մարզվում է, թե՞ ոչ»: Իրականում Արսեն Ջուլֆալակյանը երբեք չի դադարեցրել մարզվելը, բացառությամբ 2016 թ.-ի օլիմպիական խաղերին հաջորդած մոտ երկու ամիսը: Դրանից հետո միշտ մարզվել եմ, նույնիսկ այն ժամանակ, երբ մեջքի վնասվածք ունեի, կամ դեռ չէի որոշել՝ շարունակելու՞ եմ սպորտային կարիերաս, թե՞ ոչ: Ընդ որում՝ ամբողջ ժամանակահատվածում մարզվել եմ հավաքականի հետ ու գրեթե ոչ մի հավաք բաց չեմ թողել:

Մոտ ժամանակներս պատրաստվում եմ այն երկու մրցաշարերին, որոնց կմասնակցենք աշխարհի առաջնությունից առաջ, նպատակս է նվաճել ԱԱ-ի ուղեգիր և լավագույնս մասնակցել մրցաշարին, ինչն ինձ համար նշանակում է մեդալ նվաճել:

Այժմ ֆիզիկական պատրաստության փուլում եմ, գորգի պարապմունքները կսկսեմ ավելի ուշ:

Մարզումներից մի հատված. Արսեն Ջուլֆալակյանի անձնական արխիվից

Հետևե՞լ եք Եվրոպայի առաջնությանը: Ի՞նչ կարծիքի եք նոր կանոնների ու մրցավարության մասին: Մինչև առաջնությունը խոսվում էր մրցավարական հնարավոր «ջարդի» մասին:

Բացարձակ ջարդ չէր, բայց կողմնապահություն իրոք կար: Միգուցե որոշ քաշերում ավելի շատ կամ քիչ, բայց միևնույն է, մասնագետի համար դրանք ակնհայտ էին, որը ջարդ համարել չի կարելի: Կարծում եմ, որ միշտ էլ լինելու է կողմնապահ վերաբերմունք կախված տվյալ երկրից:

Եթե խոսեմ օրենքներից, բազմիցս նշել եմ, որ այն, ինչ կար մինչև այս, ուղղակի նոնսենս էր: Մեկ տարի ժամանակ կորցրինք անիմաստ օրենքների փորձարկման վրա: Նոր չեմպիոններ հայտնվեցին, որոնցից շատերը, կարծում եմ, էլ չեն լինի: Օրենքները բերել էին պասիվ ըմբշամարտի, ինչի մասին խոսում էին միավորները:

Հին կանոններն ավելի ձեռնտու էին ֆիզիկական պատրաստվածությամբ աչքի ընկնող մարզիկների համար, ի՞նչ հետևանքներ ունեցավ դա, լուծման ի՞նչ եղանակներ կան:

Այո, հին օրենեքներով եթե նայենք, կտեսնենք որ 6 րոպե ինչ-որ մարզիկ անհասկանալի գոտեմարտի ոճով անընդհատ հրում էր, իսկ հանդիսատեսը պրոֆեսիոնալ չի, տեսնում է ու մտածում «Հա, հետո՞»: Չի եկել սումո նայելու, ինչքան իրեն պատմել էին՝ ըմբշամարտում հրելով չէին հաղթում:

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան նպատակ ունի ըմբշամարտը ավելի դիտարժան դարձնել, իսկ մարդիկ ցանկանում են գործողություն տեսնել, որոշ դեպքում նաև շոու, դրայվ: Լինելով Մարզիկների կոմիտեի անդամ, ես փորձում եմ հասցնել դժգոհություններն ու գոհունակությունը, բայց կատարելագործվելու տեղ միշտ կա:

Հայաստանի առաջնությունը հիմնականում նոր օրենքներով էր անցկացվում: Եզրափակիչում զգացնե՞լ տվեց ֆիզիկական պատրաստվածության թերացումը: Եթե այո, ինչպե՞ս եք պատրաստվում լրացնել այդ բացը:

Այո, մասնագետները ճիշտ էին նկատել, որ ֆիզիկական պատրաստվածությունս այն մակարդակին չէր, ինչ պետք էր, դրա համար կային օբյեկտիվ պատճառներ. օգոստոս ամսից հավաքներ չէինք անցկացրել և անհնար է տան պայմաններում այնպիսի ֆիզիկական վիճակի գալ, ինչ հավաքների ընթացքում, այնինչ այդ հավաքները պլանավորած էին: Հակառակ դեպքում, ես չեմ հիշում մի մրցակցի, ով կկարողանա ֆիզիկապես ինձ «նեղել», հակառակը, ինձ համար ավելի հեշտ են այդպիսի մարզիկների հետ գոտեմարտելը, քանի որ հրելով ինձ ոչ ոք չի հաղթել:

Իմ խնդիրն այդ գոտեմարտի ժամանակ էմոցիոնալ էր: Ես պատրաստ չէի, որ դահլիճում այդպիսի արձագանք կլինի: Նույնիսկ ինձ պարզապես ճանաչող մարդիկ, երբ տեսնում էին, ասում էին, որ իմ անցած ուղով չեմ արժանացել նրան, որ դահլիճի թեկուզ փոքր մասն իրեն այդպես անշնորհք պահի գոտեմարտիս ընթացքում: Այդ ամենը վիրավորական էր, անսպասելի, և որ ամենացավալին է՝ հունից հանող:


ՀՀ 2018թ. առաջնություն. 77 կգ քաշային կարգ եզրափակիչ, Արսեն Ջուլֆալակյան 3 -5 Կարապետ Չալյան. Լուսանկարը՝ ՀԸՖ

Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում բոլոր հարգի մեդալները նվաճել եք, մնացել է օլիմպիական ոսկին: Մինչև Տոկիոյի օլիմպիական խաղերը կայանալիք ԱԱ-ներն ու ԵԱ-ները նպատակակետե՞ր են, թե՞ դրանք «Ճանապարհ են դեպի Տոկիո»:

Ազնվորեն ասում եմ, որ դրանք ինձ համար ճանապարհ են դեպի օլիմպիական խաղեր: Բայց դա չի նշանակում, որ բավարարվելու եմ ավելի ցածր հարգի մեդալներով: Չես կարող մինչև այդ ոչ մի մեդալ չունենալ, ու ասել, որ եկել եմ օլիմպիական չեմպիոն դառնալու: Կարող եմ ասել, որ և՛ քո, և՛ մրցակցի համար հոգեբանորեն կարևոր է տեսնել, որ ավելի լավն ես դարձել: Բացի այդ, ևս մեկ նոր մրցաշար կա՝ եվրոպական խաղերը, որը հաղթելու միակ հնարավորություն կլինի ինձ համար, քանի որ հաջորդը 4 տարի անց է:

Իսկ մտածե՞լ եք Տոկիոյից հետո կարիերան ավարտելու մասին:

Այն, որ Տոկիոյից հետո վերջացնելու եմ՝ հաստատ է, այն, որ չեմ ուզում ասել այդ մասին՝ նույնպես: Չեմ փորձի հեռանալուց հետո վերադառնալ, քանի որ հետաքրքրությունների մեծ շրջանակ, որոնցով զբաղվելու եմ սպորտից հետո:


Ընթերացասեր Արսեն Ջուլֆալակյանը. Լուսանկարը՝ ըմբիշի անձնական արխիվից

Կարիերան ավարտելուց հետո մտածե՞լ եք քաղաքականությամբ զբաղվելու մասին:

Եթե այս հարցը տայիք մեկ ամիս առաջ, կասեի՝ ոչ, որովհետև համակարգը լրիվ փտած և ճահճացած էր: Չկար քաղաքականությամբ զբաղվելու ազատ հնարավորություն, պետք էր դառնալ կուսակցական, ինչին սկզբունքորեն դեմ եմ: Ավելի շատ ուզել եմ զբաղվել դիվանագիտությամբ, սակայն այդտեղ նույնպես գերակայում էր թիմի քաղաքական շահը, այնինչ պետք է կարևորվեր միայն պետականը:

Ինչպե՞ս են գործերը համալսարանում: Ասպիրանտուրան ավարտելուց հետո կցանկանա՞ք դասավանդել ԵՊՀ-ում:

Թեզիս պաշտպանությունը կլինի մոտավորապես մեկ ամսից:

Ասպիրանտուրա սովորելու ընթացքում էլ հրավերներ եմ ստացել դասավանդելու: Այդ ժամանակվա ծանրաբեռնվածությունս հաշվի առնելով, ոչ թե մերժեցի, այլ չկարողացա հասցնել ֆիզիկապես: Հետագայում կարծում եմ, կանեմ այդպիսի փորձը, դա կբարձրացնի նաև համալսարանի վարկանիշը, որին ես շատ հարցերում երախտապարտ եմ:

Հարցազրույցը վարեց՝ Վիկտորյա Մանուկյանը

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Ես դեմ եմ բռնությանը». Արսեն Ջուլֆալակյանը հերքում է իր և Լևոն Ջուլֆալակյանի հասցեին հնչած մեղադրանքը

Արսեն Ջուլֆալակյան․ «UWW-ի ղեկավար կազմի հետ խոսել եմ տարբեր խնդիրների մասին»

Կայացավ Երևանի մետրոպոլիտենի ֆուտբոլային գնացքի առաջին ուղերթը (ֆոտոշարք)

Արդեն առաջիկա զորակոչից ՀՀ Զինված ուժերում վերականգնվելու է մարզական վաշտը

«Արթուր Ալեքսանյանը 99 տոկոսով կմասնակցի Եվրոպական խաղերի». Լևոն Ջուլֆալակյան

Արսեն Ջուլֆալակյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Ըմբշամարտի ԵԱ. Այսօր մեկնարկած մեր հունահռոմեականները պարտվեցին վաղ փուլերում

Ըմբշամարտի ԵԱ. Ջուլֆալակյանն ու Գալստյանը հավակնում են բրոնզի, Մանուկյանը լքեց պայքարը

Ըմբշամարտի ԵԱ․ 5 ըմբիշներ սկսում են պայքարը, ևս 3-ը կպայքարեն միայն բրոնզի համար

Ըմբշամարտի ԵԱ. Պայքարը շարունակում է միայն Մաքսիմ Մանուկյանը (տեսանյութ)

Ջուլֆալակյանն ու Մանուկյանը վստահ մեկնարկեցին, 2 ըմբիշ ձախողվեցին որակավորման փուլում

Ըմբշամարտի ԵԱ. Պայքարի են դուրս գալիս հունահռոմեականները

Ումից՝ ինչ ակնկալել. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը ընդառաջ

Հունահռոմեական ոճի ըմբիշների բաց մարզումը Եվրոպայի առաջնությունից առաջ (տեսանյութ)

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը Եվրոպայի առաջնության համար

Լևոն Ջուլֆալակյանը նորմալ է գնահատում հայ ըմբիշների ելույթները Նիսի մրցաշարում (տեսանյութ)