«Այսքանով խնդիրը ամբողջությամբ լուծված չենք համարելու, գործընթացը շարունակվելու է». Արթուր Ազարյանը՝ պայմանավորված խաղերի խնդրի մասին - VNews
Բաժիններ

«Այսքանով խնդիրը ամբողջությամբ լուծված չենք համարելու, գործընթացը շարունակվելու է». Արթուր Ազարյանը՝ պայմանավորված խաղերի խնդրի մասին

Հայկական ֆուտբոլում այսօր կայացվեց իր բնույթով հեղափոխական ու մեծ աղմուկ հանած որոշում՝ Առաջին խմբի առաջնությունը դադարեցվեց, 5 ակումբներ ու 58 անձինք տարբեր աստիճանի որակազրկումներ ստացան: Սա առաջին մեծ քայլն էր՝ լուծելու բավականին լուրջ արմատներ գցած պայմանավորված խաղերի խնդիրը: Այս ամենի մասին VNews.am-ը զրուցել է ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանի հետ:

  • Պարոն Ազարյան, կայացվեց որոշում, որը թեև երկար սպասված էր ֆուտբոլային հանրության կողմից, բայց և պահանջում էր լուրջ ապացուցողական հիմք: Ինչի՞ հիման վրա է հաջողվել ապացուցել այս 5 թիմերի մասնակցությունը պայմանավորված խաղերին:

Կարգապահական կոմիտեի որոշումը իրավական հիմքերով ամրագրված որոշում է, որը հիմնված էր ՀՖՖ Գործկոմի կողմից ստեղծված Պայմանավորված խաղերի դեմ պայքարի հարցերով փորձագիտական կոմիտեի զեկույցների հիման վրա: Իսկ այդ զեկույցների հիմքում մի քանի աղբյուրներից ստացված փաստեր են:

Առաջին հերթին դրանք ՈՒԵՖԱ-ի զեկույցներն են, որոնք կազմում է ՈՒԵՖԱ-ի պայմանավորված խաղերի դեմ պայքարի բաժինը՝ համագործակցելով նաև բուքմեյքերական շուկայի վերլուծությամբ զբաղվող առաջատար ընկերությունների հետ: Նրանք յուրաքանչյուր կասկածելի խաղի վերաբերյալ կազմում են մոտ 40 էջանոց զեկույց և ուղարկում են ֆեդերացիաներ, որտեղ վերլուծվում է թե՛ բուքմեյքերական ընկերություններից ստացված տեղեկատվությունն ու շուկայի տատանումները, թե՛ կոնկրետ ֆուտբոլային դրվագների բովանդակությունը: Մյուս հիմքը Starlizard ընկերության զեկույցներն են, որոնք առանձնանում են նրանով, որ համարվում են հավաստի ապացույց սպորտային արբիտրաժային գլխավոր մարմնում՝ Լոզանի դատարանում: Եվ որ ամենակարևորն է՝ այսօրվա որոշմանը առնչվող դեպքերի մեծ մասի վերաբերյալ ունենք փաստեր՝ ներկայացված իրավապահ մարմինների՝ ԱԱԾ և Ինտերպոլի կողմից, այսինքն՝ բացի զուտ ֆուտբոլային ապացույցներից մենք ունենք նաև այլ՝ ոչ սպորտային ապացույցներ:

Իրականում, Կարգապահական կոմիտեի համար բավարար են նույնիսկ միայն սպորտային ապացույցները, որովհետև առաջնության կազմակերպիչը ՀՖՖ-ն՝ իր գործող կանոնադրության և կանոնակարգերի հիման վրա, իսկ դրանցում հստակ ֆիքսված է, թե ինչ կարելի է անել և ինչ չէ: Եթե կան զուտ ֆուտբոլային բնույթ կրող ապացույցներ ու փաստեր պայմանավորված խաղեր կազմակերպելու վերաբերյալ, այսինքն՝ ՀՖՖ, ՈՒԵՖԱ-ի կամ ՖԻՖԱ-ի զեկույցներ, ապա դրանք բավարար հիմք են ծառայում Կարգապահական կոմիտեին նման որոշում կայացնելու համար: Բայց մենք հիմա ունեինք էլ ավելի լայն ապացուցողական հիմքեր, ինչպես գիտեք՝ այս մասով հարուցված է նաև քրեական գործ ու կարող եմ հայտնել, որ կան նաև մի շարք նախաքննություններ:

  • Ի՞նչն էր խանգարում այս խնդրին անդրադառնալ և լուծումներ գտնել ավելի շուտ:

Երբ մենք ստանում ենք կասկածելի խաղի մասին զեկույց ՈՒԵՖԱ-ի կողմից, ապա նախ դրանով զբաղվում է ՀՖՖ ներքին վերլուծական կենտրոնը, կան համապատասխան մասնագետներ, ովքեր ուսումնասիրում են գործը և կասկածելի դրվագների առկայության դեպքում գործը համապատասխան ուղեկցող նամակով ուղարկվում է ԱԱԾ: ԱԱԾ-ն արդեն այս գործերով սկսում է նախաքննություն:

Բայց կա մեկ շատ մեծ խնդիր, որը հանգեցրել էր Հայաստանում այս իրավիճակին: Բանն այն է, որ մեր օրենսդրական դաշտն է շատ բաց: Քրեական օրենսգրքում չկա պայմանավորված խաղերի վերաբերյալ օրենսդրական խախտում արձանագրող դրույթ կամ հոդված, կա սպորտային իրադարձությունների ժամանակ խարդախության և կոռուպցիայի հոդված, որը ցավոք նախաքննական մարմիններին թույլ չի տալիս կիրառել դատարանի կողմից սահմանված այն միջոցները, որոնք թույլ կտան հավաքագրել անհրաժեշտ ապացույցներ քրեական գործ հարուցելու համար: Այդ առումով պայմանավորված խաղերի անցկացումը ապացուցելը շատ բարդ է իրավական հարթությունում:

Առաջ գնալով՝ կարող եմ ասել, որ մենք որպես այս հարցով շահագրգիռ գլխավոր կողմերից մեկը՝ ինքներս ենք դիմել Արդարադատության նախարարություն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու և Քրեական օրենսգրքում համապատասխան հոդված սահմանելու համար:

Մենք հասկացանք, որ պետք է ինքներս լուծենք մեր առաջնության հարցերը

Մենք ի սկզբանե փորձում էին մեր աշխատանքը կառուցել հիմնականում իրավապահ մարմինների հետ, որպեսզի բոլոր այս գործերը քննվեին ու հաստատվեին իրավապահ համակարգի կողմից, լինեին համապատասխան դատական վճիռներ: Բայց հասկանալով, որ այդ հարթությունում իրավապահ մարմինները չեն կարող շատ արագ տեսանելի արդյունք ապահովել՝ վերոնշյալ օրենսդրական բացերի պատճառով, մենք որոշեցինք ինքնուրույն լուծել այս խնդիրը: Խորհրդակցեցինք ՈՒԵՖԱ-ի հետ, որը ևս շահագրգիռ կողմ է այս հարցում, միասին կառուցեցինք ճանապարհային քարտեզ ու սկսեցինք աշխատել՝ փորձելով զուտ մարզական, ֆուտբոլային ապացույցների վրա հիմնվել և մեր համապատասխան կարգապահական վարույթով կայացնել որոշումներ:

Մենք հասկացանք, որ իրավիճակի տերը մենք պետք է լինենք ու պետք է ինքներս լուծենք մեր առաջնության հարցերը: Ինչպես գիտեք՝ ապրիլին ստեղծվեց համապատասխան կոմիտե, որը սկսեց ուսումնասիրել ավելի քան 1,5 տարվա ընթացքում հավաքված զեկույցները: Կատարվում էր ամենօրյա աշխատանք, ուսումնասիրվել է մոտ 2000 էջ զեկույց: ՈՒԵՖԱ-ն մեզ տրամադրեց յուրաքանչյուր թիմի՝ մրցաշրջանի բոլոր խաղերի վերաբերյալ մանրամասն զեկույց՝ կապված բոլոր ֆուտբոլիստների անհատական գործողությունների և պայմանավորված խաղերին նրանց մասնակցության հնարավորության մասին:

Այս ամենի ուսումնասիրությունից բացի մենք նաև ունեցել ենք հարցազրույցներ մի շարք մարդկանց հետ. մի մասը այն մարդիկ էին, ովքեր ըստ այդ զեկույցների պայմանավորված խաղերի հնարավոր մասնակիցներ էին, մյուս մասն էլ մարդիկ էին, ովքեր այս հարցով մեզ կարող էին օգտակար տեղեկատվություն տրամադրել: Այս գործընթացի ընթացքում ևս շատ մանրամասների ծանոթացանք, ինչպես նաև համադրելով առկա զեկույցների հետ՝ ավելի հաստատվեցին մեր կասկածները, և ապահովվեց համապատասխան հիմք՝ գործընթացը սկսելու համար:

  • Սպասվում է, որ ակումբները կամ անձինք կարող են բողոքարկել այդ որոշումը: Ինչպե՞ս է ընթանալու այդ գործընթացը:

Բողոքարկման ցանկության դեպքում ակումբներին կտրամադրվի որոշման բոլոր հիմքերը, և նրանք 7 օրվա ընթացքում կկարողանան բողոքարկել որոշումը ՀՖՖ Բողոքարկման կոմիտե: Բողոքարկման կոմիտեի որոշումը Հայաստանի ներքին ատյաններում վերջնական է և բեկանման ենթակա չէ, այն անմիջապես մտնում է ուժի մեջ: Եթե կողմը համաձայն չէ Բողոքարկման կոմիտեի որոշման հետ, միակ ատյանը, որում հնարավոր է դա բողոքարկել, Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանն է:

Կարևոր եմ համարում նշել, որ ակումբները, մասնակցելով ՀՖՖ կազմակերպած առաջնություններին կամ առավել ևս՝ լինելով ՀՖՖ անդամ, մեր կանոնադրության և տարբեր կանոնակարգերի հիման վրա իրավունք չունեն դիմել ՀՀ ընդհանուր իրավասության կամ վարչական դատարաններ, քանի որ մասնակցելով առաջնությանը՝ նրանք ընդունում են այդ կանոնները՝ ստորագրելով հավաստագիր: Ցանկացած տեսակի վեճերի լուծման մարմին այս պարագայում համարվում են ՀՖՖ կարգապահական մարմինները, իսկ վերջին ատյանը Լոզանի Արբիտրաժային դատարանն է: Նույնը սահմանվում է ՀՀ օրենսդրությամբ՝ եթե կողմերի միջև կա արբիտրաժի մասին պայմանավորվածություն, ապա հայցը չի կարող ընդունվել ընդհանուր իրավասության դատարան:

Մենք հրապարակել ենք կարգապահական կոմիտեի որոշումները, բայց հիմքերն ու ապացույցները չենք հրապարակում: Դա կոնֆիդենցիալ ինֆորմացիա է: Այդ տեղեկատվությունը կտրամադրվի միայն այն ակումբներին, որոնք կցանկանան բողոքարկել որոշումը: Այս պարագայում արդեն նրանք են որոշելու՝ հրապարակել դրանք, թե ոչ, քանի որ կոնֆիդենցիալությունը ապահովվում է հենց նրանց համար:

  • Օրեր առաջ ՀՖՖ Արտոնագրման կոմիտեն որոշում կայացրեց մի քանի ակումբների չտրամադրելու Առաջին խմբում հանդես գալու արտոնագրեր: Արդյո՞ք դա այս գործընթացի մի մասն էր:

Ոչ, դրանք միանգամայն առանձին կայացված որոշումներ են և իրար հետ որևէ կապ չունեն: Այն տեղեկատվությունը, որ հիմք է ծառայել այսօրվա որոշումը կայացնելու համար, նույնիսկ ՀՖՖ-ի ներսում չի տրամադրվել ոչ ոքի՝ բացի փորձագիտական կոմիտեից, ինչպես նաև կարգապահական կոմիտեից, որը այդ հիմքերի վրա որոշում է կայացրել: Իսկ Արտոնագրման կոմիտեն, որը մի քանի օր առաջ այս 5 ակումբներից մի քանիսին չտրամադրեց լիցենզիա, այս տեղեկատվությանը չի տիրապետել: Այդ կոմիտեն ինքնուրույն, բաց աղբյուրներից հայթայթել է այն տեղեկատվությունը, որ իրեն է անհրաժեշտ՝ արտոնագրման հարցի վերաբերյալ որոշում կայացնելու համար: Պետք է շեշտել, որ այս որոշումները միմյանց հետ փոխկապակցված չէին, բայց որոշակիորեն համընկնում էին, որովհետև այդ ակումբներում կան ռեալ խնդիրներ:

  • Ի՞նչ է լինելու Առաջին խմբի առաջնության հետ, թե՛ այս, թե՛ հաջորդ մրցաշրջանում:

Ակումբները այս որոշումով հանվում են ընթացիկ առաջնությունից և հաջորդ երկու մրցաշրջաններում չեն կարող մասնակցել ՀՖՖ կողմից կազմակերպվող ոչ մի առաջնության, ներառյալ մանկապատանեկան մրցաշարերը: Առանձին կետերով նաև բոլոր այն խաղերում, որոնց մասին մենք ունեն հավաստի ապացույցներ, պայմանավորված խաղին մասնակից թիմերին գրանցվում է տեխնիկական պարտություն:

Ընդամենը մի քանի տուր է մնացել առաջին խմբի առաջնության ավարտին, ու եթե ուղղակի սպասեինք 7 օր՝ ակումբների հնարավոր բողոքարկման համար, հետո էլ մի քանի օր մինչև բողոքարկման գործընթացի ավարտը և որոշման կայացումը, ապա կստացվեր իրավիճակ, որ մենք ունենք հավաստի ապացույցներ այս թիմերի կողմից պայմանավորված խաղերի կազմակերպման վերաբերյալ, բայց թույլ էինք տալիս, որ նրանք շարունակեն դա:

Ուստի, որոշում կայացվեց հրավիրել ՀՖՖ Գործադիր կոմիտեի արտահերթ նիստ՝ այս հարցի վերաբերյալ, և ինձ համար շատ ուրախալի էր, որ Գործադիր կոմիտեն միաձայն որոշում կայացրեց առաջնությունը դադարեցնելու վերաբերյալ: Մենք մեզ չպետք է խաբենք: Բացի այդ, ավելի քան 30 խաղ առաջնությունում պայմանավորված է եղել, տրամաբանությունից դուրս է այդ առաջնությունը համարել կայացած, հռչակել չեմպիոն և այլն: Բոլոր իրավական գործընթացների ավարտից հետո Գործադիր կոմիտեն ևս մեկ նիստ կհրավիրի և արդեն Բողոքարկման կոմիտեի վերջնական որոշումների հիման վրա կկայացնի որոշում՝ Առաջին խմբի մարզական արդյունքների վերաբերյալ, այլ կերպ ասած՝ թե որ թիմը կհամալրի Բարձրագույն խումբը:

Ինչ վերաբերում է հաջորդ մրցաշրջանին, Առաջին խմբին մասնակցության արտոնագիր են ստացել 5 ակումբներ, կան նաև Բարձրագույն խմբի ակումբների դուստր թիմերը, որոնք կկազմեն հաջորդ մրցաշրջանի Առաջին խմբի առաջնությունը: Ճիշտ է, մենք ՀՖՖ ռազմավարության մեջ ունեինք կետ, որ 2-3 տարվա մեջ պետք է Առաջին խումբը դարձնեինք առանձին առաջնություն՝ առանց դուստր թիմերի, բայց ստեղծված իրավիճակը մեզ ստիպում է առայժմ շարունակել այս տարբերակով:

Առաջին խումբ հասնելը կլինի դժվար, բայց կգան այն ակումբները, որոնք ունեն իրական ֆուտբոլային նպատակներ

  • Ինչպե՞ս է ստացվել, որ այս թիմերը անարգել հայտնվել են հայկական ֆուտբոլում և ո՞րն է լինելու այն մեխանիզմը, որ ապագայում կանխարգելի նմանատիպ ակումբների մուտքը Հայաստան:

Խնդիրն այն է, որ մենք Առաջին խմբի նախորդ մրցաշրջանից առաջ չունեինք որևէ իրավական հիմք՝ այս կամ այն թիմին առաջնության մասնակցության թույլ չտալու: Այս մրցաշրջանից ներդրեցինք արտոնագրման համակարգը և մեզ լծակ ստեղծեցինք ստուգելու ակումբներին, ու այն միանգամից տվեց իր պտուղները՝ մի քանի ակումբ չստացան արտոնագիր: Նախկինում մենք այդ լծակը չունեինք:

Մենք շարունակելու ենք կատարելագործել արտոնագրման համակարգը: Արդեն այս պահին՝ յուրաքանչյուր ակումբ, որ ցանկանում է մասնակցել Առաջին խմբի առաջնությանը, պետք է մինչ այդ նվազագույնը մեկ տարվա գործունեություն ծավալած լինի, այսինքն մասնակցի ՀՖՖ որևէ մանկապատանեկան մրցաշարի: Ավելին, բոլոր ակումբները պետք է դառնան նաև ՀՖՖ անդամ, մենք ունենալու ենք անցումային շրջան, որի ընթացքում ՀՖՖ առաջնություններին մանակցող բոլոր ակումբները դառնալու են ՀՖՖ անդամ:

Այս գործիքների օգնությամբ մենք ստեղծելու ենք մի դաշտ, որում, եթե կան մարդիկ, ովքեր իրոք ցանկանում են ստեղծել ֆուտբոլային ակումբ և նպաստել ֆուտբոլի զարգացմանը, ապա պետք է թիմ ստեղծեն ու մասնակցեն մանկապատանեկան առաջնությունների, ապա նոր դիմեն Առաջին խմբի առաջնությանը մասնակցելու համար: Քիչ է հավանականությունը, որ այն մարդիկ, ովքեր պայմանավորված խաղերի միջոցով գումար վաստակելու նպատակով են ակումբ ստեղծում, մեկ տարի կհամբերեն, որ հասնեն Առաջին խումբ: Առաջին խումբ հասնելը կլինի դժվար, բայց կգան այն ակումբները, որոնք ունեն իրական ֆուտբոլային նպատակներ:

  • Այդ դեպքում ինչպե՞ս էր «Երևանը» ստացել արտոնագիր ու հասել Բարձրագույն խումբ:

Երբ «Երևանը» խաղում էր Առաջին խմբում, ուներ այլ սեփականատեր, ունեինք հստակ տեղեկատվություն թե՛ սեփականատերերի, թե՛ ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ: Բարձրագույն խումբ գալուց հետո նախորդ սեփականատերը ակումբը վաճառեց մեզ համար անհայտ սեփականատիրոջ. այդ ժամանակ գործող օրենքները մեզ թույլ էին տալիս ճանաչել իրավահաջորդությունը և արտոնագիրը փոխանցել նոր սեփականատերերին: Հիմա արդեն, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, մենք փոխել ենք կանոնակարգը և հաջորդ մրցաշրջանից խստացումներ են լինելու, նույնիսկ ակումբի անուն փոխելը լինելու դժվար, իսկ սեփականատիրոջ փոփոխությունը լրջորեն ուսումնասիրվելու է ՀՖՖ կոմիտեների կողմից և միայն Գործադիր Կոմիտեի դրական որոշման պարագայում նման թիմը կկարողանա շարունակել ելույթները առաջնությունում:

Մենք հույս ունենք, որ արտոնագրման համակարգի կատարելագործման շնորհիվ մենք կկարողանանք լիարժեք փակել այս հարցը: ՈՒԵՖԱ-ի արտոնագրի պարագայում կանոնները շատ խիստ են ու գրեթե բացառում էին դա, բայց ԲԽ արտոնագրի չափանիշները մի փոքր թույլ էին: Արդեն իսկ մի շարք խստացումներ ենք կատարել կանոնակարգի մեջ և այդ գործընթացը շարունակական է լինելու:

  • Բացի ակումբներից, որակազրկվել են 58 անձինք: Ինչպե՞ս է աշխատում և աշխատելու նրանց վերահսկողության մեխանիզմը, որպեսզի նման մարդկանց մուտքը հայկական ֆուտբոլ բացառվի:

Չենք բացառում, որ մեր կողմից հրապարակված անձանցից բացի կարող են լինել այլ մարդիկ, որոնք ներգրավված են եղել, բայց այդ մարդկանց մասով մենք չունենք բավարար ապացույցներ: Ինչ վերաբերում է նման խաղացողների վերահսկողությանը, բացառվում է, որ միջազգային մակարդակում որակավորված ֆուտբոլիստը՝ լինի դա մեկ տարով կամ ցմահ, Հայաստանում գրանցվի: Նույն Կիրիլ Գրիգորովսը Հայաստանում գրանցվելու պահին դեռ որևէ երկրում որակազրկված չէր:

Յուրաքանչյուր նոր խաղացողի գրանցելիս մենք ինֆորմացիա ենք վերցնում երկու հարթակից, նախ՝ ՖԻՖԱ-ի կողմից յուրաքանչյուր միջազգային որակազրկում ստացած ֆուտբոլիստի մասին մենք ստանում ենք համապատասխան նամակ, և բացի այդ՝ տրանսֆերը գրանցելիս այդ տեղեկատվությունը ստուգում ենք նաև TMS համակարգում: Հիմա, մեր կողմից որակազրկված ֆուտբոլիստների ու պաշտոնյաների մասով տեղեկատվությունը, Բողոքարկման կոմիտեի հնարավոր որոշումից հետո ուղարկելու ենք ՖԻՖԱ և միջնորդելու ենք, որպեսզի տեղեկատվությունը տարածվի բոլոր ֆեդերացիաներին:

Բացի այդ, ՈՒԵՖԱ-ն ունի հարթակ, որտեղ յուրաքանչյուր երկրի ֆեդերացիայի համապատասխան աշխատակիցներ միմյանց հետ կիսվում են կասկածելի ֆուտբոլիստների հետ կապված ինֆորմացիայով:

  • Միթե՞ այսքանով գործընթացը կարելի է ավարտված համարել: Առաջին խմբում կասկածելի ընթացք ու ելք ունեցող խաղերին մասնակից ակումբների թիվը կարծես այսքանով չի սահմանափակվում:

Էլի պետք է կրկնեմ, որ պայմանավորված խաղերի ապացուցումը շատ բարդ գործ է: Պետք է հիմնվել անհերքելի ապացույցների վրա և զերծ մնալ սուբյեկտիվությունից: Մենք ստանում ենք շատ զեկույցներ, Առաջին խմբի ակումբների մեծ մասի վերաբերյալ: Բայց կան ակումբներ, որոնց վերաբերյալ ստացել ենք 2-3 զեկույցներ, իսկ կան ակումբներ, որոնց վերաբերյալ ստացել ենք տասնյակ զեկույցներ:

Մենք այս պահին խնդիր էինք դրել առաջին հերթին զբաղվել այն ակումբներով, որոնց մասնակցությունը պայմանավորված խաղերին ակնհայտ էր, որոնց վերաբերյալ ունենք հարուստ ապացուցողական բազա և գրեթե անհերքելի ապացույցներ: Բայց, մենք այսքանով չենք սահմանափակվելու, Փորձագիտական կոմիտեն շարունակելու է իր աշխատանքը ու յուրաքանչյուր պահի, երբ որևէ ակումբի վերաբերյալ հավաքվի բավարար քանակությամբ ապացույցներ, մենք կրկին կիրառելու ենք պատժամիցոցներ:

Իհարկե, հույս ունենանք, որ այս որոշումը կառաջացնի մեծ ռեզոնանս և մյուս ակումբները այլևս կխուսափեն նման քայլերի դիմելուց, բայց դա չի նշանակում, որ մենք սրանով ամբողջությամբ լուծված ենք համարելու հարցը: Բարձրագույն խմբի առաջնության մասով բացի «Երևան» ակումբից որևէ այլ ակումբի հետ կապված հիմնավոր կասկածներ չունենք, բայց պրոցեսը շարունակական է, յուրաքանչյուր պահի կարող ենք ստանալ նոր զեկույցներ ու շարունակաբար աշխատելու ենք այս ուղղությամբ: Կարող եմ ասել, որ թե Առաջին խումբը, թե ԲԽ-ն մշտապես մեր մանրադիտակի տակ են լինելու:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ՀՖՖ-ն փորձել է պարզել՝ Վբեյմարից ու Սոլոմոն Իմե Ուդոյից ով է ավելի լավ հայերեն խոսում (տեսանյութ)

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստանի հավաքականի 7 նորեկներին (տեսանյութ)

Մելիքբեկյանը հանդիպել է մարզերում ՀՖՖ ներկայացուցիչների հետ

Հայ մրցավարները կսպասարկեն Եվրոպա լիգայի որակավորման փուլի հանդիպումը

«Ալաշկերտ-2»-«Արարատ-2» հանդիպումը հետաձգվել է՝ կորոնավիրուսի դեպքերի պատճառով

«Լոռիի» պահանջը չունի իրավական որևէ հիմք»․ ՀՖՖ պատասխանը «Լոռիի» հայտարարությանը

«Նորավանք». Նոր ակումբ Հայաստանում (տեսանյութ)

ՀՖՖ. ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների գլխավոր քարտուղարները մասնակցել են տեսակոնֆերանսի

Հայտնի է Հայաստանի՝ 2019/20 մրցաշրջանի լավագույն մարզչի անունը

Կայացել է Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի վիճակահանությունը

ՀՖՖ Բողոքարկման կոմիտեն ուժի մեջ թողեց ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի որոշումները

Ինչո՞ւ են դադարեցված Վանաձորի, Սևանի, Արմավիրի և Սիսիանի մարզադաշտերի վերակառուցման աշխատանքները

Հայաստանի 2019-20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ կորոշվի նաև երկրպագուների վարկածով

Մեկնարկում է Հայաստանի 2019/2020 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը

Աբովյանի քաղաքային մարզադաշտը կվերանորոգվի

Շիրակի մարզի 12 բնակավայրերում կառուցվել են արհեստական խոտածածկով ֆուտբոլային խաղադաշտեր