Բախտորոշ հանդիպում Ալեքսանդր Գրիգորյանի և նրա սաների համար. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 7-րդ տուրից առաջ - VNews
Բաժիններ

Բախտորոշ հանդիպում Ալեքսանդր Գրիգորյանի և նրա սաների համար. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 7-րդ տուրից առաջ

Screenshot 2 23 - Բախտորոշ հանդիպում Ալեքսանդր Գրիգորյանի և նրա սաների համար. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 7-րդ տուրից առաջ

Մեկնարկում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կայանալիք 5 հանդիպումներին վերաբերող ամենահետաքրքիր ու ամենաուշագրավ փաստերը:


«ԱԼԱՇԿԵՐՏ» -«ՆՈՐԱՎԱՆՔ»

20 սեպտեմբերի, ժ.16:00, Երևան, «Նաիրի»  մարզադաշտ

VBET ՀՊԼ-ում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու

«Ալաշկերտ»՝  9-րդ տեղ (1 միավոր), «Նորավանք»՝  7-րդ տեղ (4 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

  1. Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում «Մաքաբիից» 1-4 խոշոր հաշվով կրած պարտությունից հետո «Ալաշկերտը» պետք է ամեն ինչ ներդնի առաջնությունում վերջապես անդրանիկ հաղթանակը տոնելու համար: Դա ալաշկերտցիներին նոր լիցք կհաղորդի «Արարատի» հետ կայանալիք Սուպերգավաթի և ՀԻԿ-ի հետ սեպտեմբերի 30-ին նախատեսված կարևոր հանդիպումներից առաջ: 

Հակառակ դեպքում չի բացառվում, որ ակումբի ղեկավարությունն ընդունի Ալեքսանդր Գրիգորյանի հրաժարականի դիմումը, որը ներկայացրել էր նախորդ տուրում «Արարատից» կրած պարտությունից հետո:

  1. «Նորավանքը» չեմպիոնի հետ մրցախաղին բարձր տրամադրությամբ է նախապատրաստվել, քանի որ գավաթի մրցաշարում հաղթահարելով «Շիրակի» արգելքը, քառորդ եզրափակչի ուղեգիր է նվաճել:
  2. Իսկ ահա առաջնությունում «Նորավանքի» գործերն այնքան էլ հաջող չեն ընթանում: Վերջին 4 հանդիպումներում թիմն ընդամենը մեկ միավոր է վաստակել: Ճիշտ է, նախորդ տուրում «Նորավանքը» «Նոայի» հետ կայացած խաղում շատ մոտ էր հաղթանակին, սակայն ավելացված ժամանակում գոլ բաց թողեց և 2 միավորի կորուստ ունեցավ:
  3. «Ալաշկերտի» համար ընթացիկ առաջնության մեկնարկն ամենաանհաջողն է թիմի պատմության մեջ: Չեմպիոնը միայն 4-րդ խաղում բացեց գոլերի հաշիվն ընթացիկ առաջնությունում՝ միակ միավորը վաստակելով «Սևանի» հետ գրանցած գոլազուրկ ոչ-ոքիի շնորհիվ:
  4. Երկու թիմերում էլ մեծ թիվ են կազմում լեգեոնականները: Առաջնության 4 հանդիպումներում «Ալաշկերտի» կազմում խաղադաշտ դուրս եկած 26 ֆուտբոլիստներից 19-ը լեգեոնականներ են: «Նորավանքը» 6 հանդիպումներում ասպարեզ է դուրս բերել 20 ֆուտբոլիստների, որոնցից 13-ն այլազգի են:


ԲԿՄԱ – «ԱՐԱՐԱՏ»

21 սեպտեմբերի, ժ.16:00, Երևան, ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

1 խաղ, որում  հաղթել է «Արարատը», խփած  և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝  1-3

ԲԿՄԱ՝  10-րդ տեղ (0 միավոր), «Արարատ»՝  2-րդ տեղ (15 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

  1. ԲԿՄԱ-ին ոչ մի կերպ չի հաջողվում առաջին միավորը վաստակել առաջնությունում: Գավաթի մրցաշարում էլ բանակայիններն անհաջողության մատնվեցին ու թեև առաջինն էին բացել հաշիվը, սակայն քառորդ եզրափակչի ուղեգիրը զիջեցին «Փյունիկին»:
  2. «Արարատը»  հաջող մրցելույթների շնորհիվ շարունակում է առաջատարի հետապնդումը: Նախորդ երկու հանդիպումներում արարատցիները միևնույն 3-2 հաշվով առավելության են հասել «Նորավանքի» և «Ալաշկերտի» նկատմամբ, ընդ որում երկու խաղերում էլ խաղավերջում գոլ են բաց թողել:
  3. Մրցակիցների միջև միակ խաղը կայացել է 1996թ. սեպտեմբերի 28-ին և ավարտվել է «Արարատի» հաղթանակով՝ 3-1: Արդեն 6-րդ րոպեին Արթուր Քոչարյանը հաշվի մեջ առաջ է մղել արարատցիներին: Հետագայում Էրիկ Հայրապետյանն ու Սեդրակ Բաբայանը ևս երկու անգամ գրավել են Վահան Շմավոնյանի պաշտպանած դարպասը: Խաղավերջում Անդրանիկ Զանազանյանը 11մ հարվածով խոցել է Հարություն Աբրահամյանի պաշտպանած դարպասը:
  4. «Փյունիկի» հետ գավաթի մրցախաղում ԲԿՄԱ-ում նորամուտն էր նշել Հայկ Իշխանյանը, որն առաջնության մեկնարկային հանդիպումներում հանդես էր եկել հենց փյունիկցիների կազմում: VBET ՀՊԼ-ում 225 խաղ անցկացրած 32-ամյա փորձառու ֆուտբոլիստի համար ԲԿՄԱ-ն հայկական 8-րդ ակումբն է: Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Իշխանյանը հանդես է եկել նաև «Շիրակում» (2008-2009, 2020/21թթ.), «Միկայում» (2009-2011, 2013/14թթ.), «Իմպուլսում» (2012/13թթ.), «Ալաշկերտում» (2013/14-2014/15, 2019/20թթ.), «Գանձասար-Կապանում» (2014/15-2018/19, 2020/21թթ.) և «Լոռիում» (2018/19թթ.):
  5. Առաջնության նախորդ երկու հանդիպումներում դուբլի հեղինակ դարձած Սերժ Դեբլեն, որ 7 գնդակով գլխավորում է լավագույն ռմբարկուների ցանկը, որակազրկման պատճառով բաց կթողնի գոլերի քանակն ավելացնելու հնարավորությունը: Հիշեցնենք, որ նա «Ալաշկերտի» հետ խաղում հեռացվել էր խաղադաշտից:


ՎԱՆ» – «ՆՈԱ» 

22 սեպտեմբերի, ժ.15:00, Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ

3 խաղ, «Վանը» հաղթել է 1 անգամ, «Նոան»՝  2, խփած  և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝  2-6

«Վան»՝  6-րդ տեղ (7 միավոր), «Նոա»՝  8-րդ տեղ (4 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

  1. Առաջնության նախորդ տուրը չափազանց անհաջող դասավորվեց «Վանի» համար, որն «Արարատ-Արմենիայի» հետ մրցավեճում ցավալի պարտություն կրեց: «Վանը» հաղթում էր Լուիզ Մենեզեսի խփած գոլի շնորհիվ, սակայն ավելացված ժամանակում մրցակցին հաջողվեց 2 անգամ գրավել Արման Մելիքսեթյանի պաշտպանած դարպասը ու կորզել հաղթանակը:
  2. Իսկ ահա առաջնությունում անհաջող հանդես եկող «Նոան» «Նորավանքի» հետ խաղում ավելացված ժամանակում խփած գոլի շնորհիվ խուսափեց պարտությունից: Դա վերջին 3 խաղերում «Նոայի» վաստակած միակ միավորն էր:
  3. Ի տարբերություն «Նոայի», այս հանդիպմանը նախապատրաստվելու համար «Վանն» ավելի քիչ ժամանակ է ունեցել, քանի որ գավաթի 1/8 եզրափակչում 120 րոպե տևողությամբ ծանր մրցախաղ է անցկացրել «Սևանի» հետ՝ հաղթող ճանաչվելով հետխաղյա 11մ հարվածաշարում: «Վանը» 3-րդ տարին անընդմեջ հաջողությամբ հաղթահարեց գավաթի առաջին փուլի արգելքը:
  4. Մինչև մրցակիցների միջև կայացած նախորդ առաջնության 3-րդ շրջանի հանդիպումը «Նոան» առաջնության մասնակից թիմերից միակն էր, որի հետ հանդիպումներում «Վանին» ոչ միայն չէր հաջողվել միավոր վաստակել, այլև գրավել մրցակցի դարպասը: Թեև առաջնության ավարտական տուրի այդ հանդիպումը մարզական առումով «Վանի» համար առանձնակի նշանակություն չուներ, սակայն չարենցավանցիներին հաջողվեց 2-1 հաշվով կամային հաղթանակ տոնել:
  5. «Նորավանքի» հետ նախորդ տուրի խաղում Մաքսիմ Մայրովիչը վերադարձը «Նոա» նշել էր գոլով՝ թիմին փրկելով պարտությունից: Եթե նրան հաջողվի գրավել նաև «Վանի» դարպասը, ապա 15 գնդակով կդառնա VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում «Նոայի» պատմության լավագույն ռմբարկուն՝ գերազանցելով Վլադիմիր Ազարովին, որի հաշվին 14 գոլ է գրանցված:

Հանդիպմանը չի մասնակցի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված «Վանի» պաշտպան Արգիշտի Պետրոսյանը:


«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ» – «ՈՒՐԱՐՏՈՒ»  

22 սեպտեմբերի,  ժ.18:00, Երևան, ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

9 խաղ, «Արարատ-Արմենիան» հաղթել է 3 անգամ, «Ուրարտուն»՝  2, գրանցվել է 4 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝  9-7

«Արարատ-Արմենիա»՝  1-րդ տեղ (18 միավոր), Ուրարտու»՝  5-րդ տեղ (9 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

  1. «Արարատ-Արմենիան» նոր գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյի գլխավորությամբ գերազանց է մեկնարկել՝ հաղթելով բոլոր 6 հանդիպումներում էլ, ինչը թիմի պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ է: Ճիշտ է, առաջնության 6–րդ տուրում «Վանի» հետ մրցավեճում քիչ էր մնացել հաղթանակների տպավորիչ շարքն ընդհատվեր: Սակայն Գունկոյի սաներն ավելացված ժամանակում 2 գոլ խփեցին ու անչափ դժվարին կամային հաղթանակ տոնեցին: 
  2. «Ուրարտուի» համար առաջնության նախորդ տուրն անհաջող էր: Առաջնության բրոնզե մրցանակակիրը 0-2 հաշվով զիջեց «Փյունիկին»՝ կրելով 2-րդ պարտությունը: Առաջնության վերջին 3 խաղերում «Ուրարտուն» ընդամենը 3 միավոր է վաստակել՝ հաղթելով ԲԿՄԱ-ին՝ 2-1:
  3. Մրցակիցների վերջին հանդիպումը կայացել է մայիսի 15-ին և ավարտվել է «Արարատ-Արմենիայի»  հաղթանակով՝ 2-1: Իսկ մինչ այդ Հայաստանի կրկնակի չեմպիոնին 4 խաղ շարունակ չէր հաջողվել առավելության հասնել «Ուրարտուի» նկատմամբ՝ կրելով մեկ պարտություն, 3-ն ավարտելով ոչ-ոքի:
  4. Պաշտոնական վերջին 3 հանդիպումներում Մաիլսոն Լիման դաշտից չի հեռացել առանց գոլի՝ 4 անգամ գրավելով մրցակիցների դարպասները: Ընդ որում «Վանի» հետ առաջնության խաղում և «Լեռնային Արցախի» հետ գավաթային դիմակայությունում Լիման դարձել էր իր թիմի հաղթական գոլերի հեղինակը: «Վանի» հետ խաղում 27-ամյա Մաիլսոնն առաջնությունում 5-րդ գոլը խփեց և գերազանցեց Սերգեյ Վակուլենկոյի տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում 2020թ. 4 գոլ էր խփել:
  5. Եթե 29-ամյա Յուսուֆ Օտուբանջոյին հաջողվի գրավել մրցակցի դարպասը, ապա 2021թ. օրացուցային տարում ՀՀ առաջնություններում խփած գոլերի քանակով (12) Հայաստանում հանդես եկած լեգեոնականների մեջ արդյունավետության տարիքային ռեկորդ կսահմանի: Նա կգերազանցի «Բանանցի» նախկին հարձակվող Դու Բալայի ռեկորդային ցուցանիշը, որը 29 տարեկանում լեգեոնականներից բոլորից շատ՝ 11 գոլ էր խփել:

Դիմակայության  լավագույն ռմբարկուները՝

«Արարատ-Արմենիա»՝  Անտոն Կոբյալկո,  Յուսուֆ Օտուբանջո՝  2-ական գոլ:


«ՓՅՈՒՆԻԿ» -«ՍԵՎԱՆ»

23 սեպտեմբերի, ժ.18:00, Երևան, «Հանրապետական»  մարզադաշտ

VBET ՀՊԼ-ում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու

«Փյունիկ»՝  4-րդ տեղ (10 միավոր), «Սևան»՝  3-րդ տեղ (13 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

  1. «Փյունիկն» առաջնության վերջին 3 խաղերում բավական հաջող հանդես եկավ՝ վաստակելով 7 միավոր: Նախորդ տուրում փյունիկցիները 2-0 հաշվով պարտության մատնեցին «Ուրարտուին»: Գավաթի մրցաշարն էլ «Փյունիկը» հաջող սկսեց՝ ԲԿՄԱ-ի նկատմամբ տոնած հաղթանակի շնորհիվ քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճելով:
  2. Պամբոս Քրիստոդուլուի գլխավորությամբ «Սևանը» շարունակում է իր անպարտելի խաղերի շարքն առաջնությունում: Նախորդ տուրում նրա սաները 2 անպատասխան գնդակ ուղարկեցին ԲԿՄԱ-ի դարպասը: Կիպրոսցի մասնագետի գլխավորությամբ անցկացրած առաջնության 4 խաղում «Սևանը» 10 միավոր է վաստակել, խփել է 5 գոլ, սեփական դարպասն անառիկ է պահել:

Իսկ ահա գավաթի մրցաշարում «Սևանին» չհաջողվեց  հաղթահարել «Վանի» արգելքը՝ մրցակցին զիջելով 11մ հարվածաշարում: Պամբոս Քրիստոդուլուի օրոք «Սևանը» պաշտոնական մրցումներում առաջին գոլերը բաց թողեց:

  1. «Սևանի» 31-ամյա հարձակվող Անդրե Մենսալաոն ԲԿՄԱ-ի հետ խաղում առաջնությունում 6-րդ գոլը խփելով, 2021թ. օրացուցային տարում ՀՀ առաջնություններում խփած գոլերի քանակը հասցրել էր 8-ի (2 գոլ նա իր հաշվին էր գրանցել «Լոռիում» նախորդ առաջնության գարնանային հատվածում) և արդյունավետության տարիքային ռեկորդ էր սահմանել լեգեոնականների մեջ: Մինչ այդ, 31 տարեկանում 7-ական գոլի հեղինակ էին դարձել «Երևանի» հարձակվող Կախա Գոգոլաձեն (1999թ.) և «Միկայի» ֆուտբոլիստներ Անդրեյ Բուլանովն (2002թ.) ու Իվան Ռիստիչը (2007թ.):
  2. «Փյունիկի» հարձակվող Ուգո Ֆիրմինոն էլ բացելով գոլերի հաշիվը VBET ՀՊԼ-ում, ընդգրկվել էր ՀՀ առաջնություններում գոլ խփած ամենատարեց լեգեոնականների տասնյակում (32 տարեկան 265 օրական)՝ ցանկից դուրս մղելով «Արարատ-Արմենիայի» լեգեոնական Ֆուրջել Նարսինգին, որն իր վերջին գոլը խփել է 32 տարեկան 123 օրականում: Հենց Ֆիրմինոյի դուբլի շնորհիվ «Փյունիկը» քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեց:
  3. «Սևանի» 20-ամյա դարպասապահ Դիոգո Ֆիգերեդոն,  որ դեռևս ընթացիկ առաջնությունում գոլ բաց չի թողել, կարող է դարպասն անընդմեջ անառիկ պահած րոպեների քանակով գերազանցել «Փյունիկի» նախկին դարպասապահ Արսեն Պետրոսյանի տարիքային ռեկորդը (405 րոպե): Դրա համար Ֆիգերեդոն «Փյունիկի» հետ խաղում պետք է առնվազն 46 րոպե դարպասն անառիկ պահի:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


VBET ՀՊԼ. «Փյունիկը» նվազագույն հաշվով առավելության հասավ ԲԿՄԱ-ի նկատմամբ (տեսանյութ)

VBET ՀՊԼ. ԲԿՄԱ – «Փյունիկ». Մեկնարկային կազմեր

VBET ՀՊԼ. «Ուրարտուն» նվազագույն հաշվով հաղթեց «Նորավանքին» (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Նորավանք» – «Ուրարտու». Մեկնարկային կազմեր

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Վերջին 6 տարիների Հայաստանի չեմպիոնների սկզբունքային մրցավեճը. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 10-րդ տուրից առաջ

Փոխվել է «Սևան» – «Ուրարտու» հանդիպման ժամը

«Սևանը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել

«Արարատ-Արմենիան» երկու հոբելյան նշեց, Օտուբանջոն ու Բուչնևն էլ տարիքային ռեկորդներ սահմանեցին

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիա» 3-0 «Արարատ». VNews-ի ֆոտոշարքը

VBET ՀՊԼ. ԲԿՄԱ-ն առաջին հաղթանակն է տոնում ընթացիկ մրցաշրջանում (տեսանյութ)

VBET ՀՊԼ. ԲԿՄԱ – «Նորավանք». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիան» հաղթեց «Արարատին» և շարունակում է անպարտելի մնալ ընթացիկ մրցաշրջանում (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիա» – «Արարատ». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

VBET ամսվա լավագույն գոլը (տեսանյութ)