fbpx

Բարձրագույն խումբ. Չեմպիոն, որը հայտարարվելու է ոչ թե խաղադաշտում, այլ դատարանում

Կիրակի օրը «Յուվենտուսը» նվաճեց իր հերթական Սկուդետոն, ու գոնե հայաստանցիներիս կողմից ուշադրության արժանի բոլոր առաջնություններում չեմպիոնն արդեն հայտնի է՝ բացի Հայաստանի առաջնությունից։ Ավելին, նույնիսկ վերջին տուրից հետո մենք, ամենայն հավանականությամբ, չենք իմանա, թե ով է չեմպիոնը։ Չենք տեսնի սուլիչից հետո ծնկի իջնող ու ուրախության արցունքները ափերի մեջ հավաքող հերոսների, չենք առնի դեռ ապրիլի 23-ից Երևանի փողոցներից քթներումս մնացած շամպայնի հոտը, շարքը կարելի է շարունակել։ Չեմպիոնի անունը մենք կիմանանք ոչ թե մարզադաշտում՝ ցուցատախտակից, այլ դատարանում՝ դատավորի շուրթերից։ Ու ով էլ լինի այդ չեմպիոնը, նշել այսպիսի նվաճումը լիաթոք, միևնույն է, անհնար է լինելու։

Սկանդալը

Հայտնի սկանդալից հետո որոշվել է «Շիրակից» հանել 12 միավոր։ Հիմա բոլորս սպասում ենք «Շիրակի» բողոքարկմանը և ՀՖՖ կարգապահական կոմիտեի կողմից այդ բողոքարկման քննարկմանը։ «Շիրակի» պաշտոնական հայտարարությունները հաշվի առնելով՝ մեծ է հավանականությունը, որ ակումբը կդիմի նաև մարզական հարցերով գերագույն ատյան՝ Լոզանի Մարզական արբիտրաժային դատարան (CAS): «Շիրակի» երկրպագուների ու ֆուտբոլիստների վրդովմունքը հասկանալի է, բայց պետք է ընդունել նաև, որ ակումբը միայն թիմը և ֆուտբոլիստները չեն։ Ու նույնիսկ եթե դատական կարգով «Շիրակը» կարողանա Բարձրագույն խմբի հաղթողի գավաթը բերել Գյումրի, միևնույն է, այդ նվաճումը լիաթոք տոնել չի ստացվի։ Որովհետև, չեմպիոն թիմում պետք է ամուր լինեն ոչ միայն խաղային, այլև ակումբի կազմակերպչական կառուցվածքի օղակները, իսկ թույլ օղակն էլ մի օր քանդվելու է։

Բայց արդյո՞ք թույլ օղակները միայն «Շիրակում» կան։ Այո, թիմը գուցե և զրկվի չեմպիոնությունից, սկանդալն էլ մնա հայկական ֆուտբոլի պատմության մեջ՝ որբացնելով Բարձրագույն խմբի հաղթողի գավաթը։ Բայց բոլոր խոսակցություններին վերջ կարող է տալ միայն համապարփակ ու ամբողջական քննությունը։ ՀՖՖ կարգապահական կոմիտեն, լինելով հասարակական կազմակերպության մաս կազմող կառույց, բնականաբար չունի քննություն անցկացնելու այն լիազորություններն ու գործիքները, ինչ օրենքով տրամադրված են իրավապահ մարմիններին։ Ամենահասարակ օրինակը՝ գործում ներգրավված գլխավոր անձի՝ «Շիրակի» մարզական տնօրեն Արարատ Հարությունյանի հետ Կարգապահապան կոմիտեն անցկացրել է ընդամենը բանավոր հեռախոսազրույց, մինչդեռ իրավապահ մարմինները կարող են վերջինիս սահմանված կարգով հրավիրել հարցաքննության։ Եվ սա միայն մեկ օրինակ է այն հսկա գործիքակազմի, որին տիրապետում են քննչական մարմինները։

Երեկ տեղեկատվություն ստացվեց, որ ՀՀ Դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ հանցագործությունների գծով վարչությունից ստացված նյութերի հիման վրա Դատախազության միջնորդությամբ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել միջադեպի հետ կապված։ Ոստիկանության քննությունը պետք է պատասխանի մի շարք հարցերի, մասնավորապես.

  • Ի՞նչ հանգամանքներում ու ի՞նչ դրդապատճառներով է Արարատ Հարությունյանը Էդվարդ Կպոդոյին դիմել նման առաջարկով։ Սա ներառում է նաև հնարավոր շանտաժի բացահայտում կամ այդ տարբերակի բացառում։
  • Արդյո՞ք սա առաջին դեպքն է, երբ գործում ներառված երկու անձինք կատարել կամ ստացել են նման առաջարկներ (Ռուբեն Հայրապետյանի խոսքով՝ ձայնագրության մեջ Էդվարդ Կպոդոն նշում է, որ Արարատ Հարությունյանն իրեն մեկ անգամ արդեն խաբել է)։
  • Արդյո՞ք հիմնավորվում է «Շիրակի» այն պաշտոնական պնդումը, որ Արարատ Հարությունյանը գործել է սեփական նախաձեռնությամբ, և եթե այո՝ ինչպե՞ս էր վերջինս պատրաստվում վճարել խոստացված գումարը, ինչը կբացահայտի՝ արդյո՞ք եղել է ֆինանսական այլ դրդապատճառներ։
  • Գործում ներգրավված այլ կողմերի բացահայտում կամ դրանց առկայության ժխտում, ինչը ևս շատ կարևոր է։

Այս բոլոր հարցերի վերաբերյալ ամբողջական պատկեր ստանալու հարցում պետք է շահագրգռված լինեն ոչ միայն «Շիրակն» ու «Բանանցը», այլ նաև ՀՖՖ-ն, քանի որ, հնարավոր է, այս դեպքը ոչ թե մասնավոր օրինակ է, այլ մի մեծ կծիկի ծայր, որի քանդումը շատ բան կբացահայտի։ Ի վերջո, մեծ է ցանկությունը կարծելու, որ ԲԽ մյուս ակումբների կողմից արված հայտարարությունները՝ հնարավոր այլ խաղերի հետ կապված կասկածներով, ի վերջո իրավիճակին լույս սփռելու մտահոգությամբ էին արվել, այլ ոչ թե հերթական անգամ ՀՖՖ-ին լոյալություն հայտնելու։

Չեմպիոնին որոշում են Արարատները

«Շիրակից» 12 միավոր հանելու պարագայում չեմպիոն է հռչակվում «Ալաշկերտը»։ Թիմ, որը Հայաստանի չեմպիոնի տիտղոսը արժանիորեն կրում էր արդեն 2 տարի, թիմ, որի վերջին եվրոպական ելույթները և ձմեռային տրանսֆերային ակտիվությունը թույլ էին տվել հայ երկրպագուներին մեծ եվրագավաթային հույսեր կապել։

Բայց, ինչպես պարզվեց, «Ալաշկերտի» 1 տասնյակից ավելի ձմեռային ձեռքբերումներն ավելի շատ միտված էին ուժեղացնելու «Արարատը», քան այն ժամանակ դեռ Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը։ Հենց «Արարատին» անվճար ֆուտբոլիստների տրամադրումը և ընդհանրապես ամբողջ թիմի մոտիվացումը «Ալաշկերտին» դուրս թողեց պայքարից: «Ալաշկերտի» փոխարեն պայքարում էր «Արարատը», որի պատվախնդիր կոլեկտիվը մեկը մյուսի հետևից միավորներ էր խլում բոլոր այն թիմերից, որոնք կփորձեին չեմպիոնական հույսեր փայփայել, մասնավորապես՝ «Գանձասար-Կապանից» ու «Բանանցից»։  Ահա թե ինչ տեսք կունենար առաջնության աղյուսակը, եթե հաշվի չառնենք «Արարատի» հետ հանդիպումների արդյունքները.

Փաստորեն, «Շիրակի» հարցը «Ալաշկերտի» համար լուծեց Արարատ Հարությունյանը, մյուս մրցակիցներին էլ չեզոքացրեց «Արարատ» ակումբը։ Գուցե և երբեմնի հզորությունը, խաղային հստակ ձեռագիրն ու ոճը կորցրած «Ալաշկերտին» սա հոգեբանորեն ամենևին էլ չխանգարի տոնել չեմպիոնությունը, բայց Արարատներին ապավինել Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում այլևս հնարավոր չի լինի…

Առաջնություն առանց չեմպիոնի

Մայիսի 20-ին վերջին 3 հանդիպումներով կավարտվի Բարձրագույն խմբի 2017/18 մրցաշրջանը, որում այդպես էլ ոչ մեկը արժանի չէր չեմպիոն հռչակվելու։ «Շիրակն» իր ներքին խնդիրներով, «Ալաշկերտն» իր անատամ խաղով, «Բանանցը»՝ կարևոր պահին կարևոր քայլը կատարելու անվստահությամբ, «Գանձասար-Կապանը»՝ հավակնություններին համապատասխան կազմ հավաքելու անկարողությամբ, «Փյունիկը»՝ Երյոմենկոյական արկածախնդրությամբ։

Ամենաարժանին, գուցե և, հենց «Արարատն» էր, որ առանց լուրջ հավակնությունների ու ռեսուրսների մաքրամաքուր մարզական հետաքրքրությամբ ու պատվախնդրությամբ պայքարեց յուրաքանչյուր խաղում ու ստիպեց հարգել իրեն։ Առաջնության հետնապահը փաստացի ամենամեծ դերակատարությունն ունեցավ մրցանակային եռյակում թիմերի դասավորության վրա, թագադրեց ու թագազրկեց թիմերին, ապացուցեց, որ զբաղեցնում է ոչ թե վերջին, այլ 6-րդ հորիզոնականը։

Կարեն Ռաֆայելյան

Լուսանկարները՝ Football Plus.am, FC Banants ֆեյսբուքյան էջերի

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում, Instagram-ում և Telegram-ում:


Վարդան Մինասյանի և Անդրեյ Տալալաևի մեկնաբանություններն «Արարատ-Արմենիա» – «Փյունիկ» խաղից հետո (տեսանյութ)

Արամ Ոսկանյանը՝ Մկոյանին հիմնական կազմ ընդգրկելու մասին․ «Եթե մենք չաջակցենք մեր ֆուտբոլիստին, ապա որտե՞ղ պետք է աջակցեն» (տեսանյութ)

«Փյունիկը» չի կարողանում հաղթանակ տոնել առաջնության 3-րդ խաղում անընդմեջ (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյան․ «Եթե պիտի լեգեոներների բերենք և նրանց պատճառով խնդիրներ ունենանք, ավելի լավ է՝ մեր «երեխեքը» խաղան» (տեսանյութ)

Երևանում տոն է, իսկ ֆուտբոլային կրքերը թեժացնում էին չեմպիոնը և գավաթակիրը․ VNews.am-ի ֆոտոշարքը

«Արարատ-Արմենիա» – «Փյունիկ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Երևան քաղաքի տարեդարձին հաղթեց երևանյան թիմը․ չեմպիոնն ուժեղ էր «Գանձասար-Կապանից» (տեսանյութ)

Արմեն Գյուլբուդաղյանցը և Տիգրան Բարսեղյանը ներկա են «Ալաշկերտ» – «Գանձասար-Կապան» խաղին (լուսանկարներ)

«Ալաշկերտ» – «Գանձասար-Կապան»․ Հայտնի են մեկնարկային կազմերը

Վարդան Մինասյանը նշել է՝ ինչն է ազդել Հայաստանի հավաքականից հեռանալու որոշման վրա

«Արարատ-Արմենիա» – «Փյունիկ»․ Ամենահետաքրքիր տեղեկությունները, հավանական մեկնարկային կազմեր

«Ալաշկերտ» – «Գանձասար-Կապան»․ Ամենահետաքրքիր տեղեկությունները, հավանական մեկնարկային կազմեր

«Շիրակը» Գյումրիում հաղթանակ տոնեց հետնապահ «Արարատի» նկատմամբ (տեսանյութ)

«Շիրակ» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը նշել է՝ երբ ֆուտբոլը կվերադառնա Կապան

«Շիրակ» – «Արարատ»․ Ամենահետաքրքիր տեղեկությունները, հավանական մեկնարկային կազմեր