«Բարսելոնան» վտանգի տա՞կ է. Հզոր ակումբների փլուզման 5 նախադեպերը - VNews
Բաժիններ

«Բարսելոնան» վտանգի տա՞կ է. Հզոր ակումբների փլուզման 5 նախադեպերը

7d688135 5ef5 460c 9d2c 981ad5cc8f2a - «Բարսելոնան» վտանգի տա՞կ է. Հզոր ակումբների փլուզման 5 նախադեպերը

«Բարսելոնան» ճգնաժամ է ապրում: Ամենացավալին այն է, որ սա խաղային ճգնաժամ չէ. թիմը հոգնածություն չի զգում, վնասվածքներ առանձնապես չկան: Ակումբը չունի հստակ ճանապարհ ու չգիտի՝ ուր է գնում: Խնդիրն ավելի խորն է ու նույնիսկ մարզչական փոփոխությունը կարող է չփրկել իրավիճակը կարճաժամկետ ապագայում: Խնդիրը խորն է և ունի խորքային պատճառներ, որոնք առաջացել են դեռ տարիներ առաջ: Սխալ տրանսֆերներ, կորոնավիրուսի հետևանքով առաջացած ֆինանսական լուրջ խնդիրներ, հարկադրված նոր փուլ, Մեսիի հեռանալ: Թե ինչ է սպասվում կատալոնական ակումբին՝ դեռ պարզ չէ:

Նույնը կարելի է ասել «Յուվենտուսի» մասին: Մոտ մեկ տարի առաջ թուրինցիները նվաճեցին իրենց 9-րդ անընդմեջ Սկուդետոն, բայց այդ ժամանակներից սկսած «Յուվեն» միայն գահավիժում է: Ճգնաժամն ինստիտուցիոնալ է՝ հեռացավ Ֆաբիո Պարատիչին, Կրիշտիանու Ռոնալդուն, ակումբ վերադարձած Մաքս Ալեգրին էլ դեռ ոչինչ չի կարողանում անել: Ա սերիայի առաջին 5 տուրից հետո «Յուվենտուսն» ընդամենը 1 հաղթանակ է տարել: Ի՞նչ է լինելու…

Ֆուտբոլի պատմության մեջ կան նախադեպեր, երբ տիտղոսակիր գրանդ ակումբները մեկ կամ մի քանի տարվա ընթացքում ընկել են, կորցրել մեծ ակումբի կարգավիճակը: Որոշներին հաջողվել է արագ ուշքի գալ, որոշներից պահանջվել են երկար տարիներ, որոշներն էլ այդպես էլ ոտքի չեն կանգնել:

Վերհիշենք այն գրանդներին, որոնք 21-րդ դարի ընթացքում քանդվել են:

«Վալենսիա»

1990-ականների վերջին ու 2000-ականների սկզբին Իսպանիայի երրորդ քաղաքի թիմը՝ «Վալենսիան» ոչ միայն ուժեղագույններից էր հայրենիքում, այլ նաև Եվրոպայում, ու իր պատմության լավագույն ժամանակներից մեկն էր ապրում: Այդ տարիներին «Վալենսիան» ամուր թիմ էր հավաքել, որոնցից շատերն Իսպանիայի հավաքականի անդամներ էին ու նաև խաղում էին մեկնարկային կազմում. Կանիսարես, Մարչենա, Այալա, Ալբելդա, Բարախա, Վիսենտե, Միստա… և ակումբը նաև ճիշտ ընտրություն էր անում գլխավոր մարզիչների հարցում՝ Կլաուդիո Ռանիերի, Ռաֆա Բենիտես, Հեկտոր Կուպեր, ինչի շնորհիվ թիմը նախանձելի ֆուտբոլ էր խաղում: Ավագ սերնդի բազմաթիվ ներկայացուցիչներ կան (այդ թվում՝ Հայաստանում), որոնք մինչև հիմա «Վալենսիայի» երկրպագուներ են:

«Չղջիկները» 4 տարվա ընթացքում 2 անգամ (անընդմեջ) դուրս եկան ՉԼ եզրափակիչ, 2 անգամ դարձան Իսպանիայի չեմպիոն (2000/2001, 2003/04), 2003/04-ին նաև դարձան ՈւԵՖԱ-ի գավաթակիր:

Classic Teams #5 | Valencia (2003-04) - Get Spanish Football News

Բայց 2004-ից հետո, երբ հեռացավ Բենիտեսը, «Վալենսիայի» դանդաղ անկումը սկսեց: «Ոսկե սերնդի» ներկայացուցիչները տարեցտարի հեռանում էին, «Վալենսիան» էլ չէր կարողանում պայքարել Իսպանիայի չեմպիոնության համար, թեև շարունակում էր մնալ լավագույն քառյակում ու խաղալ Չեմպիոնների լիգայում: Բայց 2010-ականների սկզբին ակումբը խոշոր պարտքեր ուներ (323 մլն եվրո), ինչի պատճառով ստիպված էր վաճառել թիմի առաջատարներին՝ Դավիդ Վիլյային, Դավիդ Սիլվային ու Խուան Մատային: Նրանց հեռանալուց հետո «Վալենսիայի» համար նույնիսկ լավագույն քառյակ մտնելը լուրջ խնդիր դարձավ:

2014-ին ակումբը գնեց սինգապուրցի միլիարդատեր Պետեր Լիմը, բայց նա իր հետ լավ ժամանակներ չբերեց: 2014-ից 2021-ը՝ միավորների ընդհանուր հաշվարկով «Վալենսիան» Իսպանիայում միայն 6-րդն է ու զիջում է «Սևիլիային» և «Վիլյառեալին»՝ չհաշված 3 հիմնական գրանդներին: Լիմի պաշտոնավարման օրոք «Վալենսիան» թաշկինակի պես փոխել է մարզիչներին, չի ունեցել հստակ ձեռագիր և ուղեցույց ու միայն 2 անգամ է ՉԼ-ում խաղացել, իսկ վերջին 2 մրցաշրջանների ընթացքում «չղջիկները» Լա լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցրել են, համապատասխանաբար, 11 և 13-րդ հորիզոնականները:

Մեր ընտրանին.

«Միլան»

Ֆուտբոլի պատմության ամենահաջողակ ու տիտղոսակիր ակումբներից մեկը՝ «Միլանը» ֆանտաստիկ ֆուտբոլ էր ցուցադրում 21-րդ դարի առաջին տասնամյակում: «Ռոսոներիներն» ունեին էպիկ մեկնարկային կազմ, որը թույլ կողմ պարզապես չուներ. դարպասում Դիդան էր, պաշտպանությունում այս մարզաձևի լավագույն ներկայացուցիչներից երկուսն էին՝ Մալդինին ու Նեստան, աջից՝ աշխարհի չեմպիոն Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստ Կաֆուն, կենտրոնում՝ Գատուզոն, որ փշրում էր բոլորին, առջևից՝ Պիռլոն ու Զեդորֆը, խաղարկողի դիրքում՝ Կական, հարձակման զույգն էլ՝ իր սերնդի լավագույն գոլահարներից Անդրեյ Շևչենկոն, իսկ նրա կողքին՝ Ֆիլիպո Ինձագին, որն ինչ-որ անբացատրելի ձևով գոլեր էր խփում խաղից դուրս իրավիճակից այնպես, որ մրցավարները չնկատեին այդ խաղից դուրսը:

Գլխավոր մարզիչն էլ Կառլո Անչելոտին էր, որն իր «տոնածառի» սխեմայով ստեղծել էր գերհարձակողական, բայց նաև հզոր պաշտպանություն ունեցող թիմ: «Միլանը» 2003-ից մինչև 2007 թվականները 3 անգամ հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որոնցից հաղթեց 2-ում:

Անչելոտիի հեռանալուց հետո «Միլանի» անկումը դանդաղ քայլերով սկսեց: Վերոնշյալ թիմի աստղերը կամաց-կամաց հեռացան, իսկ եկող ֆուտբոլիստներն աստղեր էին, բայց արդեն իրենց կարիերայի մայրամուտում՝ Ռոնալդինյոն, Ռոնալդոն, Բեքհեմը, Ռոբինյոն: Ալեշանդրե Պատուն էլ, որ թիմի ապագան էր, շատ արագ անհետացավ: «Միլանն» իր վերջին Սկուդետոն նվաճեց 2011-ին, ինչից հետո «ռոսոներիներին» գրանդ համարել հնարավոր չէր: 2007-ից հետո «Միլանը» ՉԼ-ում 1/8 եզրափակիչ փուլը չի հաղթահարել, կազմն էլ 2010-ականներին անհամեմատ ավելի թույլ էր. Նոչերինո, Հոնդա, Բակա, Լուիս Ադրիանո և այնպիսի խաղացողներ, որոնց հետ դժվար է տիտղոսներ նվաճել:

AC Milan Are the Architects of Their Own Downfall in Empoli Draw | Bleacher Report | Latest News, Videos and Highlights

«Միլանի» նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին դադարեց ներդրումներ կատարել ակումբում. կային ֆինանսական խնդիրներ, գուցե՝ Բեռլուսկոնին հոգնել էր նաև պրոյեկտից: Ի վերջո, 2015-ին ակումբի 99 տոկոս բաժնեմասը գնեց թայլանդացի գործարար Բի Տեկուբոլը՝ 520 մլն եվրոյով, ամերիկյան ընկերություններից վերցրեց խոշոր վարկեր՝ ակումբի պարտքերը մարելու համար, բայց «Միլանին» ոտքի կանգնեցնելը հեշտ ու արագ գործընթաց չէ: Միլանյան ակումբը 2013/14 մրցաշրջանից հետո չէր կարողանում լավագույն քառյակ մտնել, խոշոր տիտղոսների մասին խոսելն էլ ավելորդ է: 2017-ին «Միլանը» մի քանի հնչեղ տրանսֆեր իրականացրեց՝ գնելով Ռիկարդո Ռոդրիգեսին, Անդրե Սիլվային, Ֆրանկ Կեսիեին, Լեոնարդո Բոնուչիին, Հաքան Չալհանողլուին, բայց նույնիսկ դա արդյունք չտվեց:

«Միլանը» վերջապես նոր շունչ առավ Ստեֆանո Պիոլիի ժամանումից հետո: Իտալացի մասնագետին հաջողվեց իր ձեռքի տակ ունեցածից ամուր թիմ ստանալ ու 7 տարվա դադարից հետո նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր:

«Լիվերպուլ»

«Լիվերպուլին» երկար տարիներին չէր հաջողվում դառնալ Անգլիայի չեմպիոն, մասնավորապես՝ նվաճել Պրեմիեր լիգան (1992-ից՝ անվանափոխումից հետո), բայց «մերսիսայդցիները» միշտ էլ եղել են անգլիական ֆուտբոլի հպարտություններից և ամենահարուստ պատմություն ունեցողներից մեկը (2000-ականների սկզբին նրանք Անգլիայի 18-ակի չեմպիոն էին ու ՉԼ 5-ակի գավաթակիր):

21-րդ դարի առաջին տասնամյակում «Լիվերպուլին» ինչ-որ բան չէր բավականացնում Պրեմիեր լիգան հաղթելու համար, բայց Ռաֆա Բենիտեսի գլխավորությամբ այս թիմը կարողանում էր սարեր շուռ տալ, հաղթել հզոր մրցակիցների, Չեմպիոնների լիգայի պատմության ամենաանհավանական քամբեքներից մեկն իրականացնել (այն էլ՝ եզրափակիչում): «Լիվերպուլը» նույնպես թիմ էր, որի խաղերը բաց թողնել չէր կարելի: Սթիվեն Ջերարդ – Ֆերնանդո Տորես տանդեմի խաղը մերսիսայդցի երկրպագուների սրտերում հավերժ կմնա:

Fernando Torres Calls Steven Gerrard 'By Far' the Best Player He's Played With | Bleacher Report | Latest News, Videos and Highlights

2008-2009 թվականներին «Լիվերպուլը» համառ պայքար էր մղում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պրեմիեր լիգան հաղթելու համար, Չեմպիոնների լիգայում էլ գրեթե միշտ հասնում էր նվազագույնը մինչև կիսաեզրափակիչ: Բայց ամեն ինչ մեկ-երկու տարվա ընթացքում քանդվեց, ինչի մասին մանրամասնում է Ֆերնանդո Տորեսը:

«Ես ինձ երջանիկ էի զգում «Լիվերպուլում», ամեն ինչ հրաշալի էր, բայց հանկարծ ակումբը սկսեց վաճառել ամենակարևոր ֆուտբոլիստներին՝ Մասկերանոյին, Ալոնսոյին, Բենիտեսին հեռացրին, իսկ հետո ակումբը վաճառվեց: Եկան մարդիկ, որոնք մտածում էին միայն սեփական շահերի ու հետաքրքրությունների մասին՝ ստորադասելով ակումբի շահերը: Ես շատ եմ խոսել ղեկավարության հետ ու ասել, որ մենք ամեն ինչ ունենք, մեզ միայն պետք է պահել թիմն ու 1-2 տրանսֆեր իրականացնել: Մենք այնքա՜ն մոտ էինք Անգլիայի ու Եվրոպայի լավագույն թիմը դառնալուն:

Բայց ես որոշեցի հեռանալ «Լիվերպուլից», քանի որ ամեն ինչ կորած էր: Չկար հավակնություն, չկային լավագույն տղաները, չկար Բենիտեսը, չկար պրոյեկտ: Ես էլ սկսեցի իմ մասին մտածել: Ես իմ հարազատ քաղաքից ու ակումբից՝ «Ատլետիկոյից» հեռացել էի տիտղոսներ նվաճելու համար, դա էր ամենակարևորը: «Չելսին» ինձ տվեց տիտղոս նվաճելու հնարավորություն»:

«Լիվերպուլը» խորը անդունդում հայտնվեց, հեռացան բոլոր ուժեղագույնները: Կար մի պահ, որ կազմի որակը չէր տարբերվում անգլիական միջակ ակումբների թիմերից: Եթե նրանց մարզաշապիկին չլիներ «Լիվերպուլի» տարբերանշանը, ոչ ոք չէր կռահի, որ դա «Լիվերպուլն» է:

5 of Liverpool's Scariest Lineups (for Their Own Fans) of Recent Times This Halloween

Ամեն ինչ փոխվեց 2015-ի հոկտեմբերին, երբ «Լիվերպուլ» եկավ Յուրգեն Կլոպը: Գերմանացին ժամանակ խնդրեց երկրպագուներից՝ իր թիմը կառուցելու համար, իր տրանսֆերներն անելու համար և տիտղոսներ նվաճելու համար: Կլոպը ստացավ այդ ժամանակն ու արդարացրեց, նույնիսկ գերազանցեց սպասելիքները: 2018-ին «Լիվերպուլը» ՉԼ-ի եզրափակիչում էր, 2019-ին արդեն՝ ՉԼ հաղթողը, 2020-ին էլ «կարմիրները» նվաճեցին իրենց առաջին Պրեմիեր լիգան:

«Արսենալ»

Արսեն Վենգերի «Արսենալը» ֆուտբոլի պատմության լավագույն թիմերից էր 1999-ականների վերջին 2000-ականների սկզբին: Այդ տարիներին «Արսենալը» միակն էր, որ լուրջ պայքար էր մղում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ Անգլիայի չեմպիոնության հարցում: Ֆերգյուսոն-Վենգեր մրցակցությունը ոչնչով չէր զիջում Գվարդիոլա-Մոուրինյո դիմակայությանը:

Սկզբում կազմն էր հզոր՝ Տիերի Անրիի, Դենիս Բերգկամպի, Պատրիկ Վիեյրայի ու մյուսների գլխավորությամբ: Այդ «Արսենալը» 2004-ին դարձավ Պրեմիեր լիգայի հաղթող: 2005-ին փոքրիկ սերնդափոխություն եղավ, թեև կազմի հիմնական կորիզը մնաց նույնը: Այդ «Արսենալը» 2005/06-ին հասավ մինչև ՉԼ եզրափակիչ:

2006-ից հետո «Արսենալը» ֆինանսական խնդիրների հանդիպեց: Ճգնաժամ չկար, պարզապես կառուցվում էր «Էմիրեյթս» մարզադաշտը, որի համար խոշոր գումարներ էր վճարում լոնդոնյան ակումբը, իսկ տրանսֆերների համար գրեթե ոչինչ չէր մնում: «Զինագործներն» իրենց խաղադրույքն այդ իրավիճակում կատարեցին Արսեն Վենգերի մարզչական և սելեկցիոն տաղանդի վրա: Ֆրանսիացին «աճեցնում», զարգացնում էր ակադեմիայի ամենատաղանդավոր սաներին, կամ «Արսենալը» գնում էր այլ ակումբների ակադեմիաների խոստումնալից ֆուտբոլիստներին (ինչպես, օրիկնակ՝ Ֆաբրեգասի դեպքում) և շարունակում այդպես պայքարել ուժեղագույնների դեմ:

2007-ից 2012 թվականներին «Արսենալը» ցույց էր տալիս Եվրոպայում ամենագեղեցիկ ֆուտբոլը, բայց միշտ 4-րդն էր Պրեմիեր լիգայում, ինչը կատակների ու ծաղրի առիթ էր դարձել մյուս թիմերի երկրպագուների համար: 4-րդ հորիզոնական Պրեմիեր լիգայում, ՉԼ-ում էլ 1/8 եզրափակիչ, պարտություն «Բավարիայից», ու այդպես մի քանի տարի շարունակ: «Արսենալի» երկրպագուները, սակայն, չէին պատկերացնում, որ վատագույնը դեռ առջևում է:

Arsenal to take on Bayern Munich in pre-season friendly in China | Shropshire Star

2016/17 մրցաշրջանում «Արսենալը» 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում ԱՊԼ-ում ու չի հայտնվում ՉԼ-ում: 2018-ին հեռանում է Վենգերն ու ավարտվում է ակումբի պատմության մի ամբողջ ժամանակաշրջան, որից հետո սկսում են ծանր ժամանակներ: 3 տարվա ընթացքում «Արսենալը» 3 մարզիչ է փոխում՝ Էմերի, Լյունբերգ, Արտետա, բայց թունելի վերջում դեռ լույս չի երևում: Այնպես չէ, որ «Արսենալը» վերջին տարիներին տրանսֆերներ չի կատարում ու գումար չի ծախսում, բայց այստեղ կան ենթակառուցվածքային խնդիրներ. ղեկավարություն-մարզիչ ներդաշնակություն չկա, չկա նաև հստակ վեկտոր, որով պետք է շարժվի «Արսենալը»:

Լոնդոնցիները 2017-ից հետո չեն հայտնվում ՉԼ-ում, իսկ այս մրցաշրջանում, առհասարակ, չեն մասնակցում եվրագավաթային խաղերին: «Արսենալը» ԱՊԼ-ի այս խաղարկության առաջին տուրում պարտվեց 75 տարվա դադարից հետո ԱՊԼ վերադարձած «Բրենթֆորդին», առաջին 3 խաղում էլ պարտվեց՝ առանց գոլ խփելու: «Արսենալը» հիմա նույնիսկ «փոքր գրանդ» համարվել չի կարող:

«Մանչեսթեր Յունայթեդ»

Անգլիայի ամենատիտղոսակիր ակումբը՝ «Մանչեսթեր Յունայթեդն» ուներ թիմ, որի դեմ ոչ ոք չէր ցանկանում խաղալ, նույնիսկ՝ «Ռեալն» ու «Բարսելոնան»: Վերջին 20 տարվա ընթացքում ՄՅՈւ-ն 2 անգամ դարձավ ՉԼ հաղթող, իսկ Պրեմիեր լիգայի տիտղոսները, մինչև 2013-ը, մեծամասամբ ուղևորվում էին «Օլդ Թրաֆորդ»:

2008-ին «Յունայթեդն» իր գագաթնակետին էր. լեգենդար դարպասապահ՝ Վան դեր Սար, լեգենդար պաշտպանության զույգ՝ Ֆերդինանդ – Վիդիչ, լեգենդար հարձակում՝ Ռոնալդու – Ռունի: Նույնիսկ Ռոնալդուի հեռանալուց հետո այս թիմը հրաշալի ֆուտբոլ էր խաղում ու տիտղոսներ նվաճում:

Բայց ամեն ինչ ավարտվեց մի մայիսյան գեղեցիկ օր, երբ սըր Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարեց իր՝ թոշակի անցնելու մասին: Այդ օրվանից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» կորցրեց իր դեմքը, կորցրեց այն մարդուն, որը թե՛ մարզում էր թիմը, թե՛ կայացնում էր բոլոր տրանսֆերային որոշումներն ու գրեթե երբեք չէր սխալվում: Էդ Վուդվարդի վարչակարգը 6-7 տարի տապալեց «Յունայթեդի» պրոյեկտը, դարձրեց ակումբ, որտեղ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստները չէին ցանկանում խաղալ:

Manchester United 'at start of a new journey', says Ed Woodward in defiant defence of his record

Սխալ տրանսֆերներ, մարզիչների սխալ ընտրություն: Արդյունքում՝ Glory Glory Man United-ը փոխարինվեց Boring Boring Man United-ով: Պոստ-Ֆերգյուսոն էտապի առաջին մրցաշրջանում ՄՅՈւ-ն զբաղեցրեց Պրեմիեր լիգայի 7-րդ հորիզոնականը, իսկ առհասարակ, վերջին 7 տարva ընթացքում «Յունայթեդը» ոչ մի անգամ չի դարձել ԱՊԼ հաղթող ու չի մասնակցել Չեմպիոնների լիգայի 3 խաղարկությունների. ամենահեռուն, որ հաջողվել է գնալ՝ 1/4 եզրափակիչն է եղել:

Իրավիճակը փոխվեց 2019/20-ին, երբ ակումբը մի քանի հաջողված տրանսֆերներ իրականացրեց. Աարոն վան Բիսակայի, Հարի Մագուայրի ու հատկապես Բրունու Ֆերնանդեշի գալուց հետո այս թիմի խաղի պատկերը փոխվեց, մյուս ֆուտբոլիստների խաղում նույնպես առաջխաղացում նկատվեց: 2021-ի ամռանը «Յունայթեդը» ևս փայլեց տրանսֆերային շուկայում՝ գնելով Սանչոյին, Վարանին ու Ռոնալդուին, և այս տարի արդեն լրջորեն պայքարելու է տիտղոսների համար:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ռոնալդուի կոչը՝ ՄՅՈՒ-ի ֆուտբոլիստներին

Կրիշտիանու Ռոնալդուն ու Ջորջինան երեխայի են սպասում

Ռոնալդուն ստիպված կլինի քանդել իր առանձնատան տարածքում կառուցած որոշ շինություններ

Ռայոլան՝ Պոգբայի նոր պայմանագրի մասին. «Նորություններ չկան»

Պոգբան կտրուկ է արձագանքել Սուլշերի հետ կոնֆլիկտ ունենալու վերաբերյալ լրատվամիջոցի հրապարակմանը

«Մանչեսթեր Յունայթեդի» ողնաշարը կողմ է Սուլշերի հեռացմանը

Լիգայի գավաթ. «Արսենալն» ու «Չելսին» հաջորդ փուլում են (տեսանյութ)

Ժիրուի գոլը «Միլանին» օգնեց հերթական 3 միավորը վաստակել (տեսանյութ)

«Միլանի» մեկնարկային կազմը «Տորինոյի» դեմ խաղում

Լիգայի գավաթ. «Չելսիի» ու «Արսենալի» մեկնարկային կազմերը

Ալեքս Ֆերգյուսոնը ներկա է գտնվել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզմանը

«Արսենալն» ու «Տոտենհեմն» ընդհանուր տրանսֆերային թիրախ ունեն

«Լիվերպուլը» հետաքրքված է «Բորուսիայի» ֆուտբոլիստի ծառայություններով

Աղբյուր. Սուլշերը չի հեռացվի

«Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու Կոնտեի պայմանը

Անգլիական գրանդները հետաքրքրված են Օլմոյի ծառայություններով