Բայդաչնի. «Հայկական թիմերն ունեն դրական կողմ, որը նաև ազգային հավաքականում եմ տեսնում» - VNews
Բաժիններ

Բայդաչնի. «Հայկական թիմերն ունեն դրական կողմ, որը նաև ազգային հավաքականում եմ տեսնում»

anatoli baydachni - Բայդաչնի. «Հայկական թիմերն ունեն դրական կողմ, որը նաև ազգային հավաքականում եմ տեսնում»

«Արարատ-Արմենիան» մրցաշրջանից ձմեռային դադարի էր գնացել առաջին տեղը կիսելով «Արարատի» հետ, սակայն արձակուրդից վերադարձն անհաջող էր. VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 3 խաղում թիմը վաստակեց 3 միավոր: Արդյունքում ակումբը որոշեց փոխել մարզչին: Դավիդ Կամպանյան պաշտոնանկ արվեց և նրա փոխարեն ժամանակավորապես նշանակվեց Արմեն Ադամյանը: Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ նոր գլխավոր մարզչի անունը՝ Անատոլի Բայդաչնի: Նա ճանաչված նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ է, սակայն երկար ժամանակ թիմեր չէր մարզել:

VNews.am-ը հանդիպեց 68-ամյա ռուս մասնագետի հետ պարզելու, թե ով է նրան համոզել ընդունել երևանցիների առաջարկը, ինչ խնդիրներ են նրա առջև դրվել և ինչ է փոխելու թիմում:

9 տարի մարզիչ չեք աշխատել: Ի՞նչն էր պատճառը, որ այդքան երկար դադար վերցրիք:

Չէի մարզում, որովհետև սրտի վիրահատության էի ենթարկվել: Այդ պատճառով հրաժարվում էի աշխատանքի բոլոր առաջարկներից:

Բայց դեռ 2013-ին Դուք հայտարարել էիք, որ պատրաստ եք վերադառնալ մարզչական աշխատանքին:

Այո՛, բայց հետո առողջության պատճառով որոշեցի դադար վերցնել:

Զարմանալի է, որ այդքան երկար ընդմիջումից հետո ընդունեցիք առաջարկ Հայաստանից: Ինչպե՞ս Ձեզ համոզեցին:

Սոչիում բնակվող իմ լավ ընկերը հայ է, նրա խնդրանքով ընդունեցի առաջարկը: Անունը չեմ նշի, որովհետև նրան, միգուցե, դա դուր չգա: Նաև ազդեց կորոնավիրուսի պատճառով երկար ժամանակ տանը մնալը: Ցանկացա ակտիվացնել իմ կյանքը:

Ձեր ընկերը որևէ կապ ունի՞ «Արարատ-Արմենիայի» հետ:

Այո, ինչպես նաև ֆուտբոլի:

Ե՞րբ է ակումբն առաջին անգամ Ձեզ հետ կապի դուրս եկել:

Հունվարին: Սկզբում խոսակցությունը գնում էր ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո թիմի ղեկը ստանձնելու մասին: Բայց այնպես ստացվեց, որ նախկին մարզչին պաշտոնանկ արեցին, ստիպված եղանք փոխել ծրագրերը: Որոշեցի ռիսկի դիմել և ընդունել թիմը:

Ինչիպիսի՞ն են թիմից առաջին տպավորությունները:

Կան լավ ֆուտբոլիստներ, որոնցից հարկավոր է լավ թիմ ստեղծել: Շատ խնդիրներ կան խաղային կառուցվածքի և նախապատրաստման հարցերում: Տպավորություն կա, որ որոշ ֆուտբոլիստներ չափազանց շատ են մարզվել, մյուսները՝ զգալի քիչ: Դա իմ կարծիքն է: Երբեք վատ չեմ խոսել ինձ նախորդած մարզիչների մասին: Միգուցե, նրանք, այլ տեսակետ ունեին, ես՝ այլ: Շատ դժվար է մրցաշրջանի վերջում ընդունել թիմը, երբ ծանոթ չես ֆուտբոլիստների ունակություններին և այդ իրավիճակում խնդիրներ լուծել: Նայել եմ փետրվար-մարտ ամիսներին կայացած խաղերը:

Իսկ եթե խոսենք կազմի մասին…

Ուրախալի է, որ կան շատ լավ, տաղանդավոր երիտասարդներ, բայց նրանք չեն կարող արդյունք ապահովել: Այդուհանդերձ, մենք նրանց շանս տալիս ենք, նրանք են ակումբի ապագան: Կան ֆուտբոլիստներ, որոնք 30-ն անց են: Նրանք փորձառու են, բայց նախկին դիմացկունությունը չունեն: Մեր նպատակն է ստեղծել երիտասարդների և փորձառուների համաձուլմամբ ակումբ: Դրա համար ժամանակ է հարկավոր: Հիմա փորձում եմ փոխել թիմի խաղը: Եթե նկատել եք, մինչև այդ «Արարատ-Արմենիան» խաղում էր շատ պարզ ֆուտբոլ՝ երկար փոխանցումներով: Դա առաջատարի խաղ չէ, մեր թիմը պետք է այլ կերպ գործի: Սակայն դա փոխելը դժվար կլինի, որովհետև եթե ֆուտբոլիստներին անընդհատ ասում են դու պետք է այսպես խաղաս, դժվար է նրան արագ փոխել և ստիպել այլ խաղաոճով գործել: Եթե անմիջապես կոտրես նախկին խաղաոճը, ֆուտբոլիստները կարող են ապշած վիճակում հայտնվել, դրա համար երբեմն հարկավոր է թողնել դրված հիմքը և հետզհետե փոփոխություններ կատարել: Այդ ամենը հոգեբանության պատճառով է, իսկ հոգեբանությունն ամենադժվարն է կոտրել: Ինձ բարդ խնդիր է բաժին հասել:

anatoli baydachni 1 960x960 - Բայդաչնի. «Հայկական թիմերն ունեն դրական կողմ, որը նաև ազգային հավաքականում եմ տեսնում»

Որքա՞ն ժամանակ Ձեզ կպահանջվի այդ փոփոխությունները կատարելու համար:

Կոնկրետ ժամկետ չկա, ամեն ինչ հոգեբանությունից է կախված: Բայց մենք ձգտելու ենք արագ անել: Թիմը, որը երկու տարի անընդմեջ չեմպիոն է դարձել, պետք է ձգտի կրկնել իր արդյունքը: Բայց «Արարատ-Արմենիան» այնպես է մեկնարկել, ինչպես չպետք է իրեն թույլ տա չեմպիոնությանը ձգտող թիմը:

Ձեր առջև կոնկրետ խնդիրներ դրվե՞լ են:

Դառնալ չեմպիոն և գավաթակիր: «Արարատ-Արմենիայում» չի կարող այլ խնդիր դրվել:

Իսկ եվրագավաթներո՞ւմ:

Ցանկալի է հայտնվել Չեմպիոնների լիգայի խմբային փուլում: Շատ բարդ խնդիր է, ես դա հստակ հասկանում եմ: Այլընտրանք է մյուս եվրագավաթների խմբային փուլ մտնել: Նույնիսկ ռուսական թիմերը խմբային փուլում հաճախ չեն հայտնվում: Ամեն ինչ կախված կլինի թիմի ֆիզիկական պատրաստվածությունից, տակտիկական, հոգեբանական խնդիրներից և ցանկությունից: Բայց սկզբի համար հարկավոր է Հայաստանի չեմպիոն դառնալ, հետո եվրագավաթների մասին մտածել:

08.04.2021 Ararat Armenia 2 3 Van 14 960x640 - Բայդաչնի. «Հայկական թիմերն ունեն դրական կողմ, որը նաև ազգային հավաքականում եմ տեսնում»

Հայաստանում «Արարատ-Արմենիան» համարվում է ֆինանսապես մեկ գլուխ բարձր իր մրցակիցներից և ենթադրվում է, որ նման պարագայում պետք է ավելի հեշտ չեմպիոն դառնա, ինչպես Ռուսաստանում «Զենիթն» է անում: Բայց երկու տարի անընդմեջ երևանյան թիմը միայն վերջին տուրում է չեմպիոն դառնում: Ի՞նչ է պետք փոխել, որ առավելությունն ավելի զգալի լինի:

Չեմ կարող դատել մյուս ակումբների ֆինանսական միջոցների մասին, բայց չեմ կարծում, որ՝ օրինակ «Ուրարտուն» ավելի վատ ֆինանսական վիճակում է գտնվում: Ես դեռ չեմ խոսում ենթակառուցվածքների մասին: «Ուրարտուն» նույնպես Հայաստանի համար թանկարժեք լեգիոներներ է գնում և նույնպիսի ֆինանսական միջոցներ ունի: Կարծում եմ՝ Երևանի «Արարատը» նույնպես այդ մակարդակում է: Բայց ֆուտբոլ է խաղում մարդը, ոչ թե փողը: Այնպես որ ֆուտբոլում ֆինանսները որոշիչ չեն:

Ի՞նչ ժամկետով է կնքված Ձեր պայմանագիրը:

Նախատեսված է մեկ տարով՝ մինչև 2022 թվականի ամառը: Կարծում եմ՝ այս ժամանակահատվածը միմյանց աշխատանքին ծանոթանալու համար է: Եթե ամեն ինչ հաջող դասավորվի, հարաբերությունները և արդյունքները լավը լինեն, ինչպես նաև առողջությունս թույլ տա, կարելի է նաև երկարաձգել պայմանագրի ժամկետը:

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում մրցակցության մակարդակը ինչպիսի՞ն է Ձեր գնահատմամբ:

Այնպիսի տպավորություն է, որ բոլոր թիմերը հավասարազոր են:

Շատերն են այդպես ասում…

Առաջատարը խաղա, թե հետնապահը, կարծես նույնը լինի: Կա մեկ դրական կողմ, բոլորը խաղում են մինչև վերջ, չեն հանձնվում: Այդ դրական կողմը հատուկ է ամբողջ հայկական ֆուտբոլին, որովհետև Հայաստանի հավաքականը վերջին հանդիպումներում հենց այդպես էր խաղում: Նրանք ձգտումով, կամքի ուժով, երբեմն նույնիսկ ինքնամոռաց էին խաղում և կարողացան արդյունքի հասնել, և դա շատ լավ է հայկական ֆուտբոլի, ներքին առաջնության, մանկապատանեկան ֆուտբոլի համար, որովհետև մոտիվացիա է տալիս բոլորին: Հայաստանի հավաքականը խորհրդային երկրների շարքում մեկնարկեց բոլորից լավ:

Հայաստանում միշտ տաղանդավոր ֆուտբոլիստներ են եղել, ես դա գիտեմ, որովհետև վաղուց եմ ծանոթ հայկական ֆուտբոլին: Երբ հիմա տեսնում եմ արդյունքները, հասկանում եմ, որ Հայաստանում չեն դադարել տաղանդներ ծնվել: Եթե ինձ հաջողվի, կնպաստեմ «Արարատ-Արմենիայի» և հայկական ֆուտբոլի զարգացմանը:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Միկիտա Տատարկով․ «Կապ չունի՝ չեմպիոնի՞, թե՞ հետնապահի դեմ ենք խաղում, նպատակը հաղթանակն է» (տեսանյութ)

Արմեն Համբարձումյան․ «Եթե թիմը գոլ չի խփում, դա հարձակվողների խնդիրն է» (տեսանյութ)

Վահագն Այվազյան․ «Մի փոքր դժվար էր բնական խոտածածկով խաղադաշտին հարմարվելը» (տեսանյութ)

Տիգրան Եսայան. «Մենք չպետք է նայենք մեր հակառակորդներին, պետք է վերցնենք մեր 3 միավորը և շարժվենք առաջ» (տեսանյութ)

Եղիշե Մելիքյան. «Տխուր ենք, որ չենք հաղթել, որովհետև մեր շանսերը ավելի մեծ էին» (տեսանյութ)

Արթուր Միրանյան․ «Հուսով եմ՝ խաղից խաղ կբարելավեմ մարզավիճակս» (տեսանյութ)

Անատոլի Բայդաչնի. «Պաշտպանությունում լավ ենք գործում, հարձակվողն է պակասում» (տեսանյութ)

Աղվան Դավոյան․ «Արդյունքները գարնանային հատվածում լավը չեն, բայց խաղային առումով առաջընթաց ունենք» (տեսանյութ)

Գեղամ Հարությունյան․ «Ամբողջ ուժով մարզվում եմ ու հուսով եմ՝ մոտ ապագայում ավելի շատ օգուտ կտամ «Նոային» (տեսանյութ)

Բալեկյանն իր ընտանիքի անդամների հետ հյուրընկալվել է ՀՀ դեսպան Հովհաննես Վիրաբյանին

VBET ՀՊԼ. «Ուրարտուն» հաղթեց «Վանին», «Փյունիկն» ու «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

Դմիտրի Գունկո. «Հարձակման գծում խաղակցվածություն է ձևավորվել, որը չենք ուզում խախտել» (տեսանյութ)

Տիգրան Դավթյան. «Այսօր խաղադաշտում շատ վատ տեսք ունեինք» (տեսանյութ)

«Ուրարտու» – «Վան»․ մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

«Փյունիկ» – «Արարատ-Արմենիա»․ մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

«Նոա» – «Շիրակ». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում