Աշխարհի ամենահայտնի ֆինանսական գրազներից մեկի ժամկետը լրանում է - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Աշխարհի ամենահայտնի ֆինանսական գրազներից մեկի ժամկետը լրանում է

Այս տարվա վերջին կավարտվի  ֆինանսական ամենահայտնի գրազներից մեկը, որը տեղի է ունեցել 10 տարի առաջ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Ուորեն Բաֆեթի և Protege Partners ընկերության ներդրողների միջև։

Գրազի բովանդակությունը կայանում է հետևյալում՝ Բաֆեթը պնդում է, որ ամենաեկամտաբեր ներդրումը, ուղղակի S&P 500 ինդեքսից որևէ մի ընկերության արժետոմսեր գնելն է, այլ ոչ թե ներդրումները հատուկ մասնագետներին վստահելը։  Բաֆեթը 2007 թվականին, 10 տարվա հեռանկարով այս գրազը առաջարկում է բազում ներդրողների, պայմաններին համաձայնվում է Protoge Partners-ի ղեկավար Թեդ Սայդեսը։ Համաձայն գրազի՝ երկու կողմերը 330 հազար դոլարին համարժեք ներդրումներ պետք է կատարեն՝ Բաֆեթը S&P 500 ինդեքսի հիման վրա, իսկ Սայդեսը պրոֆեսիոնալների կողմից կառավարվող հեջ-ֆոնդի վրա՝ կազմված 5 ֆոնդերից։

S&P 500 ինդեքսը ԱՄՆ-ի ամենախոշոր 500 ընկերությունների արժեթղթերի ամբողջական ինդեքսն է և ամենատարածվածը ներդրումների համար։ Իսկ հեջ-ֆոնդը պրոֆեսիոնալ ֆինանսիստների կողմից կառավարվող ներդրումների հիմնադրամ է։ Դրա ուղղությունները կարող են բազմազան լինել՝ բարձր ռիսկայիններից մինչև հասարակ ներդրումային ոլորտներ։

2016 թվականին Բաֆեթը գրում էր, որ 9 տարվա արդյունքում նա հաղթում է, ինդեքսային ֆոնդով ներդրումները ապահովել են 85 տոկոսի չափով եկամուտ, մինչդեռ 5 ֆոնդերի միջին եկամուտը 9 տարիների ընթացքում կազմել է 22 տոկոս։

«Ես վստահ եմ, որ մեծ մասամբ հեջ-ֆոնդերի կառավարիչները անկեղծ ու խելացի են, սակայն նրանց իրենց խնայողությունները վստահած մարդկանց եկամուտները բավական ցածր են»,- ասում է Բաֆեթը։ Նա ցածր եկամտությունը կապում է նաև կառավարիչներին տրվող միջնորդավճարներով։

Պաշտոնապես գրազը ընթացքի մեջ է, սակայն ելքը արդեն ակնհայտ է, անգամ սպասվում է, որ Բաֆեթը էլ ավելի կմեծացնի առավելությունը։ Պարտվողը ըստ գրազի պայմանների պարտավորվում է 1,000,000 դոլար տրամադրել բարեգործությանը։