Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Ես Դավիթն եմ: Մարդ, ով խաղերի տարիքից այդպես էլ չկարողացավ կտրվել, քանի որ արդեն 4 տարի է, ինչ ինքս եմ խաղեր ստեղծում և տարածում:
Մասնագիտություն
Մակրոտնտեսագետ, Մարքեթինգային հաղորդակցությունների մասնագետ:
Աշխատում եմ որպես
«Հոլ» սեղանի ժամանցային խաղեր և գրենական այլ արտադրանքներ մշակող և արտադրող ընկերության հիմնադիրն եմ՝ մարքեթոլոգը, վաճառողը և առաքիչը:
Մի օր հասկացա, որ պետք է…
Մեզ՝ երիտասարդներիս, ժամանցը ապահովելու այլընտրանք առաջարկել, հետո նաև դա տարածվեց փոքրերի ու ավելի մեծ տարիքի մարդկանց վրա: Դեռ ուսանող էի, երբ ընկերոջս հետ հերթական քննաշրջանից հետո լիցքաթափվել էինք ուզում: Հետաքրքիր ժամանցը այդ պահին հայկական խաղերով լցնելու տարբերակները շատ չէին, մտածեցինք մերը ստեղծել: Ստեղծեցինք առաջին հայկական ժամանցային խաղը, որը, մեղմ ասած, սկզբում հաջողություն չունեցավ: Պատճառը տուփի չափսն էր. հասկացանք, որ հայերը ամեն ինչի մեծն են սիրում, նույն խաղը մեծ տուփով արտադրեցինք, ու սկսվեց:
Աշխատանք գտնելը
Երբ փնտրել եմ աշխատանք, փառք Աստծո, միշտ գտել եմ: Գործ իսկապես կա։ Սկսած 18 տարեկանից աշխատել եմ՝ սկզբից որպես գանձապահ սուպերմարկետում, հետո որպես վաճառող՝ խոշորագույն կապի օպերատոր ընկերություններից մեկում, որտեղ և մի քանի մակարդակ առաջ գնալուց հետո դեռ 21 տարեկանս չլրացած դարձել եմ նույն կազմակերպության շրջիկ վաճառքի բաժնի ղեկավարը: Իմ ամենասիրած տարիներն են եղել՝ որպես որևէ կազմակերպության աշխատակից: Պրակտիկ փորձս այդ 3 տարում այնքան մեծ էր, որ մինչ օրս կիրառում եմ ձեռք բերած հմտություններս: Հետո, երբ արդեն խաղերի արտադրությունը կար, զուգահեռ աշխատում էի ապահովագրական առաջատար ընկերությունում ու բարդ ընտրության առաջ էի՝ թողնել կարիերան, որը նոր էր սկսում ու մեծ պոտենցիալ ուներ, թե զբաղվել սեփականով, որը դեռ անհայտ էր՝ ինչ ապագա կունենա։ Ես ընտրեցի սեփականը, ինչի համար երբեք փոշմանելու առիթ չեմ ունեցել:
Իմ կյանքը փոխվեց
Իմ կյանքը միշտ շատ շրջադարձային է փոխվում ու ոչ ժամանակ է հարցնում, ոչ էլ տեղ: Ես սիրում եմ իմ գործը, բայց ինձ համար ավելի մեծ արժեքներ կան՝ հավատս ու ընտանիքս, որոնց ամրության ու բարեկեցության համար ես պատրաստ եմ փոխել ամեն բան: Աշխատանքիս մեջ կա սահման, որը ես չեմ հատել ու թեև սիրում ու մեծ հաճույքով եմ զբաղվում իմ աշխատանքով, ես այն հեշտությամբ կփոխեմ, եթե առաջնային արժեքներիս հակասի։
Աշխատանք առանց ծանոթի
Չգիտեմ ծանոթով աշխատանքն ինչ է, բայց չեմ էլ քննադատում ծանոթով աշխատանք գտնողներին, եթե նրանք իրոք այդ դիրքում արժանի լինեն: Կարևոր է, որ միևնույն միջավայրում լինեն աշխատանքային հավասար պայմաններ «ծանոթով» և ան-«ծանոթ» գործընկերների հանդեպ։ Փոքր քաղաքի հատկանիշ է՝ տարիների հետ բոլորը կա՛մ ծանոթ են դառնում կա՛մ ծանոթի ծանոթ:
Աշխատանքում կարևոր է…
Ազնվությունը: Կարելի է անվերջ տարբեր կետեր թվարկել, բայց եթե հիմքում չդնենք ազնվությունը, մնացածը չի լինի: Ինքս էլ ժամանակին սխալ որոշումներ եմ կայացրել՝ զիջելով իրականությունը էմոցիաներին, բայց դա միայն կարճաժամկետ է հարց լուծում: Ազնվությունը ամեն բանի հանդեպ է պետք՝ գործընկերների, պետության, հաճախորդի, մրցակիցների։
Ես սիրում եմ իմ աշխատանքը
Աշխատանքս շատ եմ սիրում, բայց ինձ ավելի շատ դուր է գալիս ազատությունը, որ այն ինձ տալիս է: Սիրել և միևնույն ժամանակ չունենալ կապվածություն բարդ է, հատկապես երբ զրոյից ստեղծում ես նոր ապրանք ու տանում զարգացման բոլոր փուլերով։ Չլինի ազատություն, չի լինի առաջ գնալու մղումը։
Խորհուրդ
Ինքս հաճախ դժվար եմ խորհուրդներ լսում մարդկանցից, ում չեմ ճանաչում կամ ծանոթ չեմ նրանց անցած ճանապարհին, այդ պատճառով նախընտրում եմ ոչ թե խորհուրդ տալ, այլ կարծիք հայտնել կամ ցանկություն: Շատ կուզեմ, որ ամեն մեկն իր գործով զբաղվի՝ լինի դա պետական սեկտորում, թե մասնավոր։ Գործ կա ամենուր՝ կոմպետենտ մասնագետների համար, մնում է համարձակություն լինի զբաղվել նրանով, ինչն իսկապես քեզ մոտ լավ է ստացվում։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո