#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․Ռոբերտ Խաչատրյան - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․Ռոբերտ Խաչատրյան

Photo 11 1 - #ԳործԿա. Ես աշխատում եմ․․․Ռոբերտ Խաչատրյան

Ես Ռոբերտ Խաչատրյանն եմ: Հաջողության և երջանկության իմ բանաձևն է «այո» ասել սիրուն և կյանքի հնարավորություններին: Ես միշտ առաջ եմ շարժվում՝ առերեսվելով և հաղթահարելով նոր մարտահրավերները: Քաջ գիտակցում եմ, որ գիտելիքը ուժ է, իսկ ինքդ քեզ ճանաչելը՝ անսահման ուժ՝ հավատացած լինելով, որ մարդու գիտելիքներն ու գիտակցությունն են կառավարում նրա ճակատագիրը: Կյանքիս առաջնահերթություններից է ընդլայնել հետաքրքրություններիս շրջանակը և «խորասուզվել» դրանց մեջ, որի արդյունքում կստեղծեմ ինտելեկտուալ, հաճելի և նպաստավոր միջավայր նոր հետաքրքրիր փորձ ձեռքբերելու համար:

Մասնագիտություն

Լինելով բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ՝ որոշեցի վերաորակավորվել և ընդլայնել իմ մասնագիտական գիտելիքների և կարողությունների շրջանակը՝ մասնագիտանալով կառավարման ոլորտում (մասնագիտացումներ՝ հանրային կառավարում, կրթության կառավարում): Իմ մասնագիտական զարգացման ուղին գլխավորապես ձևավորվել է ամերիկյան կրթության և փորձառության շնորհիվ: Ես բնակվել եմ ԱՄՆ-ի ինտելեկտուալ և մշակութային մայրաքաղաք Բոստոնում, աշխարհի ֆինանսական և մշակութային խոշորագույն կենտրոններից մեկում՝ Նյու Յորքում, գյուղատնտեսական և արդյունաբերական կենտրոններից մեկում՝ Կանզասում: Ավարտել եմ ԱՄՆ-ի Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի անվան իրավաբանության և դիվանագիտության դպրոցը, Կանզասի համալսարանը (ԱՄՆ հանրային կառավարման մագիստրոս), ԱՄՆ-ի Քենեսոյի պետական համալսարանը (քաղաքագիտության և ամերիկագիտության ֆակուլտետ), Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը: Միջազգային տարբեր նախաձեռնությունների շրջանակում մասնագիտական վերապատրաստումներ եմ անցել ԱՄՆ-ի այլ քաղաքներում՝ կառավարման ոլորտի մի շարք առաջատար կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների լավագույն փորձերն ուսումնասիրելու նպատակով (Նյու Ջերսի քոլեջ, Նյու Յորքի Սիրակուս համալսարանի քաղաքացիության և հանրային կապերի Մաքսվել դպրոց և այլն):
Կարևոր է գիտակցել նաև, որ հնարավորությունները միշտ ընձեռվում են ամենաանսպասելի պահին, ուստի պետք է մշտապես ընդարձակել սեփական աշխարհայցքը և բաց լինել նոր մարտահրավերների առջև:

33396863 10155274359710723 6666984494135771136 n 960x720 - #ԳործԿա. Ես աշխատում եմ․․․Ռոբերտ Խաչատրյան

Աշխատում եմ որպես՝

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի (ԵՊԼՀ) Որակի ապահովման և բարեփոխումների կենտրոնի ղեկավար և Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի վարիչ: Բացի այդ, դասավանդում եմ կառավարման ոլորտի մի շարք դասընթացներ (ներառյալ Երևանի պետական համալսարանում): Միշտ ռիսկի եմ դիմում, քանի որ իմ խորին համոզմամբ հաղթանակները տրվում են փոփոխություններից չվախեցող, նոր մարտահրավերներ ընդունելուն կարող և առաջադեմ անհատներին: Հաղթելու դեպքում ես սովորում եմ, թե ինչպես առաջնորդել, իսկ պարտվելու դեպքում դասեր եմ քաղում՝ սովորելով չհուսահատվել, և որ ամենակարևորն է, ինքնաքննադատությունը օգտագործել որպես ինքնակատարելագործման գործիք: Առհասարակ ես աշխատանքումս գնահատում եմ առողջ քննադատությունը և մասնագիտական զարգացման նորանոր հնարավորությունները:

Մի օր հասկացա, որ պետք է…

դառնամ կրթության ոլորտը բարեփոխողներից մեկը, ընդ որում, հանդես գալով որպես նախաձեռնող և հնարավորություններ ստեղծող: Կրթության բարեփոխողների դերը ստանձնելու համար ինքս իմ առջև նպատակ դրեցի ստանալ լավ կրթություն, զարգացնել մասնագիտական մի շարք կոմպետենցիաներ՝ արդյունքներն առավելագույնս նպատակաուղղելով կրթության բարեփոխմանը: Իմ մասնագիտական կարողությունների շնորհիվ կարողացել եմ մշակել կրթության կառավարման որակի բարելավման մի շարք ռազմավարություններ, մեխանիզմներ և ընթացակարգեր բուհում՝ առանցքային նշանակություն տալով մարդկային կապիտալին: Իմ ռազմավարական մտածողության, մասնագիտական կարողությունների և ՀՀ-ում կրթությունը բարելավելու իմ առաքելության շնորհիվ կարողացա դառնալ մրցունակ մասնագետ՝ ինձ հետ առաջ տանելով նաև ինձ վստահող թիմին և գործընկերներիս:
Ամերիկյան փորձը մեծ դեր է խաղացել ոչ միայն իմ մասնագիտական կյանքում, այլ նաև իմ անձի ձևավորման կարևոր գործում՝ ինձ դարձնելով ավելի բաց տարբեր մշակույթների և արժեքների նկատմամբ: Այս կարևոր գաղափարը փորձում եմ տարածել նաև հայկական մշակույթում՝ իմ արարքներով և անձնական փորձի օրինակով:

Իմ կյանքը փոխվեց,

երբ դեռևս դպրոցական հասակում հայտնվեցի ամերիկյան իրականության մեջ և հնարավորություն ունեցա բացահայտելու իմ ներուժը և հասնելու ինքնավստահության ավելի բարձր մակարդակի: Սովորելով Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցում՝ ես ինձ համար կարգախոս դարձրեցի ռուս անվանի գրող Չեխովի հետևյալ խոսքերը` «Պահպանիր քո մեջ մարդկայինը»: Ամերիկյան փորձն այդպիսով ձևավորեց իմ «ես»-ը՝ նոր ձգտումներով, ավելի լայն ձևավորված աշխարհայացքով և կյանքի հանդեպ դիմակայելու մեծ ուժով և իմ ազգային երկարամյա արժեքների պահպանմամբ: Եվ ամենակարևորը՝ իմ կյանքի բոլոր կարևոր փոփոխություններում մշտապես ստացել եմ մորս, մորաքրոջս աջակցությունը և առաջնորդվել եմ պապիկիս՝ հայտնի շինարար Ռաֆիկ Վիրաբյանի խոհուն կերպարով՝ որպես առաջնորդ և աշխատասեր հայորդի:

50489413 10155753401210723 4715031916640731136 n - #ԳործԿա. Ես աշխատում եմ․․․Ռոբերտ Խաչատրյան

Աշխատանք գտնելը

կրթություն ստանալուց հետո հնարավորություն ունեցա անմիջապես մուտք գործելու աշխատաշուկա՝ իմ կուտակած գիտելիքներն ու հմտություններն իրացնելու նպատակով: Տարիներ անց հնարավորություն ունեցա կրթության բարեփոխումների իրականացման իմ առաքելությունը սկսել հենց իմ հարազատ բուհից՝ ալմա մատերից՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանից, և այն տարածել նաև այլ բուհերում:

Աշխատանք առանց ծանոթի

Մասնագիտական երաշխավորությամբ և մրցութային հիմունքներով ընտրվելուց հետո ինձ հնարավորություն ընձեռվեց կատարելու իմ մասնագիտական կյանքի առաջին քայլերն ու վստահ ուժերով առաջանալ՝ կայանալով և՛ որպես անձ, և՛ որպես կրթության կառավարման մասնագետ: Իմ աշխատավայրում արձանագրած մասնագիտական հաջողություններս լիիրավ արդարացրին մասնագիտական երաշխավորումը: «Ծանոթը» կարող է ուղղորդել, բայց ոչ քո փոխարեն անցնել քո մասնագիտական զարգացման և ինքնակայացման ուղին:

Աշխատանքում կարևոր է

• ինքնամոտիվացումն ու այդ մոտիվացիայով բոլորին «վարակելը»՝ տարածելով էթիկապես ընդունելի արժեքներ,
• սեփական ուժերին վստահելը, սակայն պետք է հիշել, որ ձեր մեծությունն այն է, թե դու ինչ ես տալիս մարդկանց, և ոչ թե ինչ ունես,
• սերն ու նվիրվածությունն աշխատանքիդ և թիմիդ հանդեպ,
• չսպասել, այլ մշտապես գործել,
• սխալներդ ընդունելը և դրանք որպես կատարելագործվելու հնարավորություն դարձնելը,
• զարգացման հնարավորություններ ստեղծելը և միշտ ուրիշներից մի քանի քայլ առաջ նայելը:

Robert1 - #ԳործԿա. Ես աշխատում եմ․․․Ռոբերտ Խաչատրյան

Ես սիրում եմ իմ աշխատանքը

Այո, սիրում եմ: Հետ նայելով այն սերունդներին, որոնց կրթության և զարգացման գործում ունեցել եմ իմ ներդրումը՝ հասկանում եմ, որ ջանքերս ապարդյուն չեն եղել, և ինձ գնահատված եմ զգում:

Խորհուրդ

Սիրով կատարված աշխատանքը միշտ դրական արգասիք է տալիս: Միշտ վստահեք ձեր ուժերին, քանի որ դա ձեզանից լավ ոչ ոք չի անի, և հիշեք, որ ձեզ ամենաօբյեկտիվ գնահատողը դուք եք: Մի անտեսեք ձեզ անշահախնդիր օգնել ցանկացողներին. միգուցե նրանք բացահայտեն ձեր ներուժի չբացահայտված բաժինը: Երբեք ոչ մի պարագայում և ոչ ոքի թույլ մի տվեք կոտրել ձեզ. դուք ավելի ուժեղ և խոհեմ գտնվեք: Ի վերջո, իմ կյանքի նշանաբանն է՝ «ինձ լավ վերաբերվեք, և ես ձեզ էլ ավելի լավ կվերաբերվեմ»: