Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Ես Աստղիկ Իսկանդարյանն եմ, 24 տարեկան, մասնագիտությամբ՝ լրագրող: Սիրում եմ հեռուստացույց դիտել, երբեմն լսում եմ ռադիո, բայց ինքս նախընտրում եմ աշխատել տպագիր և էլեկտրոնային մամուլում: Չեմ սիրում գրասենյակային աշխատանքը, հետևաբար՝ վերջին տարիներին անցել եմ ազատ գրաֆիկով (ֆրիլանս) աշխատանքին, որի առիթով ինձ երջանիկ մարդ եմ համարում :) Անկեղծ ասած՝ այնքան էլ չեմ սիրում խոսել իմ մասին և առհասարակ խոսել (ինձ մոտ գրելն ավելի լավ է ստացվում՝ ըստ իս), բայց սիրում եմ լսել մարդկանց և ֆոբիաներ չունեմ ո՛չ նրանց ազգային, ո՛չ սեռական, ո՛չ կրոնական պատկանելությունից:
Մասնագիտություն
Կստեմ, եթե ասեմ, որ մասնագիտությունս մանկության երազանք է եղել: Դպրոցական վերջին տարիներին եմ որոշել, որ պետք է լրագրող դառնամ, ընդ որում՝ ոչ թե աշխատեմ հեռուստատեսությունում, լուրեր կամ հաղորդաշարեր վարեմ, այլ պիտի հոդվածներ գրեմ քաղաքական ուղղվածության թերթերում: Իհարկե, արդեն 2-րդ կուրսից որոշեցի իրականացնել երազանքս և սկսեցի աշխատել հայկական ամենահայտնի թերթերում, բայց շատ շուտով հասկացա, որ որքան էլ հետաքրքրված եմ քաղաքականությամբ, բայց որպես լրագրող ինձ ավելի շատ հետաքրքրում է մշակույթի ոլորտը՝ կինոն, երաժշտությունը, թատրոնը, գրականությունը… Այդպես, մեր երջանկահիշատակ դասախոսի՝ Գագիկ Հովհաննիսյանի խորհրդով ես դադարեցի քաղաքական նյութեր գրել և արդեն 3 տարուց ավելի է՝ մեծ հաճույքով մշակութային ոլորտն եմ լուսաբանում:
Աշխատում եմ որպես
Այս պահին աշխատում եմ իմ ամենասիրելի BRAVO.am-ում, որը «Մեդիամաքս» ինտերնետային հոլդինգի նախագծերից մեկն է: Այստեղ ես մշակութային, շոու-բիզնեսյան և ժամանցային ոլորտներն եմ լուսաբանում՝ փորձելով մարդկանց փոքր-ինչ շեղել քաղաքական թոհուբոհից:
Մի օր հասկացա, որ պետք է
Անվճար համակարգով էի ընդունվել համալսարան, բայց առնվազն մեկ տարի անց ինձ հոգնեցրեց և ձանձրացրեց գնահատականի համար մղվող հուժկու պայքարը, որի արդյունքում մենք ձեռք էինք բերում միայն լավ գնահատականներ, բայց ոչ՝ աշխատանքային փորձ և գործնական գիտելիքներ: Այդպես, 2-րդ կուրսի ավարտին հասկացա, որ ժամանակն է նաև աշխատելու՝ թեկուզ չնչին աշխատավարձով: Դիմեցի մեր դասախոսներից մեկին, ով նաև հայտնի շաբաթաթերթի խմբագիրն է: Նա ասաց՝ «Սա դու, նա էլ համակարգիչը: Գնա, նստիր և թեմաներ փնտրիր, սկսիր ինչ-որ բան գրել»: Հենց այդպես էլ սկսվեց իմ մասնագիտական աշխատանքը:
Աշխատանք գտնելը
Անկեղծ ասած՝ աշխատանք գտնելու հարցում երբեք ստիպված չեմ եղել ինչ-որ լուրջ խոչընդոտներ հաղթահարել, բայց դժվար իրավիճակներ, իհարկե, շատ են եղել: Հայաստանում այնքան էլ հեշտ չէ աշխատանք գտնելը, բայց մեծ ցանկության դեպքում հնարավոր է ինչ-որ բան մտածել: Հատկապես լրագրողի աշխատանքն ամենաբարձր վարձատրվողներից չէ`մեր երկրում, բայց այստեղ նույնպես բացառություններ լինում են: Պիտի ուժ գտնես քո մեջ՝ ամեն ինչ հաղթահարելու և առաջ շարժվելու: Ճանապարհին շատ մարդիկ կնեղանան քեզնից, շատերը գուցե կասեն, որ կռվարար ես, կոնֆլիկտային, ոմանք էլ կասեն, որ քո և իրենց հետաքրքրությունները չեն համընկնում, բայց ի վերջո դու մի օր անպայման կգտնես քո տեղն ու քո ներդաշնակությունը։
Իմ կյանքը փոխվեց
Առաջին նյութը գրելու օրվանից: Մինչև հիմա հիշում եմ այդ օրվա հուզմունքս: Երբ տեսա, որ նյութս ամենադիտվածն է ոչ միայն տվյալ օրվա, այլև ամբողջ շաբաթվա կտրվածքով, պարզապես երջանկացա: Իսկ երբ նյութը տպագրվեց նաև թերթում, ես սկսեցի գլուխս բարձր պտտվել բոլոր կրպակների և թերթ գնողների կողքով, կարծես պիտի ճանաչեին ինձ: Իհարկե, ծիծաղելի է հնչում, բայց հենց այդպես էլ սիրահարվեցի մասնագիտությանս:
Աշխատանք առանց ծանոթի
Ամեն տեղ էլ հնարավոր է աշխատանք գտնել առանց ծանոթի, եթե լավ մասնագետ լինեք կամ պարզապես ձեր բախտը բերի: Մինչև ինքներս չհրաժարվենք այդ կարծրատիպից, մեզ ոչ ոք աշխատանքի չի ընդունի առանց ծանոթի: Պիտի կարողանանք ցույց տալ մեր հմտությունները, կարողությունները: Մի լսեք ոչ ոքի, երբ ցանկանում եք որևէ աշխատանքի համար դիմել: Գուցե շատերը փորձեն ձեզ հակառակը համոզել, բայց իսկապես անհնարին ոչինչ չկա՝ ցանկության դեպքում:
Աշխատանքում կարևոր է
Աշխատանքը սիրելն է: Գործատուն և գործընկերները նույնպես պիտի նպաստեն, որ սիրեք ձեր աշխատանքը, այլապես գաղջ մթնոլորտում և ամենօրյա վատ վերաբերմունքի պայմաններում հնարավոր է հիասթափվել նույնիսկ ամենասիրելի աշխատանքից: Կարծում եմ՝ ավելի լավ է պարզապես թողնել նման աշխատանքը, քանի որ փոխադարձ հարգանքն ու վստահությունը իսկապես շատ կարևոր են:
Ես սիրում եմ իմ աշխատանքը
Քանի որ ամեն օրս տարբերվում է նախորդից, ամեն օրս լի է նորություններով, իրադարձություններով, նոր ծանոթություններով ու նոր գիտելիքներով: Երբեմն մարդիկ չեն հասցնում համերգ, թատրոն կամ կինո գնալ, իսկ իմ աշխատանքը հենց այդ վայրեր այցելելն է, համերգներին ներկա լինելը, նոր ներկայացումներ ու ֆիլմեր դիտելը և հետո այդ մասին գրելը։ Սիրում եմ այդ ամենը լուսաբանել, գեղեցիկ գրել, մարդկանց պատմել իմ տեսածն ու լսածը, որպեսզի քաղաքի մշակութային կյանքն էլ ակտիվանա, մարդկանց հետաքրքրությունն էլ մեծանա: Ես վստահ եմ, որ կարևոր գործով եմ զբաղված:
Խորհուրդ
Երիտասարդ գործընկերներիս, ովքեր դեռ սովորում են համալսարանում, խորհուրդ կտամ հենց այսօրվանից սկսել լրագրող դառնալը, պետք չէ սպասել ուսումն ավարտելուն, որովհետև դուք ամենայն հավանականությամբ ուշացած ճամփորդ կդառնաք՝ այս ոլորտում։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո