fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Գործարար կնոջ 1 օրը․ «Առողջություն» ամսագրի հիմնադիր Սաթենիկ Մկրտչյան

Այս անգամ մեկ օր ենք անցկացրել «Առողջություն» ամսագրի հիմնադիր, հանրային կապերի մասնագետ, մարկետոլոգ Սաթենիկ Մկրտչյանի հետ։

Առավոտը

Ամեն օր տարբեր կերպ է սկսվում: Իհարկե, իմ նախընտրելի ու իդեալական տարբերակն այն է, երբ անշտապ ու հանգիստ է սկսվում, առանց ինչ-որ տեղից ուշանալու, ինչ-որ բան չհասցնելու մտավախության: Այդ ժամանակ է, որ հանգիստ սուրճ եմ խմում, մի քանի կազմակերպչական հարցերով զբաղվում, զանգեր անում, հաստատ ինչ-որ բան ընթերցում, ապա հանգիստ դուրս գալիս տնից:

Սու՞րճ, թե՞ թեյ

Միանշանակ՝ սև, թարմ սուրճ՝ առանց ավելորդ համերի:

Մի քանի հարց

«Առողջություն» ամսագրի մասին

«Առողջություն» ամսագիրը չափազանց կարևոր տեղ ունի իմ կյանքում, քանի որ այն իմ ինքնուրույն գործունեության սկիզբն է ու հետագա զարգացումների հիմքը: Ես շատ երկար եմ մտածել մինչև այն իրականություն դարձնելը:

2015 թվականի մայիսին լույս տեսավ 1-ին համարը և զուգահեռաբար թողարկվեց կայքը: Գաղափարը կար շատ ավելի վաղ: Իհարկե, այն ավելի շատ անիրականանալի երազանքների ժանրից էր: Նախկինում, երբ հաճախ էի շփվում զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների ու ղեկավարների հետ, այնքան էին բարդացնում իրենց աշխատանքը, որ համարյա թե համոզված էի՝ չարժե նման ռիսկի գնալ: Ու այդպես էլ միջազգային որակին համապատասխան, արտերկրից մեզ հասնող ամսագրերի նմանը չունենալու մտքի հետ հաշտվել էի:

Շուրջ մեկ տարի ուսումնասիրեցի աշխարհի բոլոր ամսագրերը, հատիկ առ հատիկ կարդացի օնլայն տարբերակները, կարդացի մեդիամագնատների մտքերն ու հարցազրույցները, ուսումնասիրեցի դետալները՝ բոլոր առումներով՝ դիզայն, ոճ, ստեղծագործական լեզու, գույն… հանդիպեցի մեր առաջին դիզայներին, ով միանգամից  տեսք տվեց իմ պատկերացումներին… ու սկսեցինք: Այսօր, տարիներ անց, երբ քիչ թե շատ ճանաչելի է ամսագիրը, ես չեմ դադարում շնորհակալ լինել իմ բոլոր գործընկերներին՝ կազմակերպություններին, ովքեր միայն խոսքով հավատացին, որ ամսագիրը պետքական է լինելու և ֆինանսներ ներդրեցին մի պրոյեկտում, որը չէին տեսել: Մեծ պատիվ է աշխատել այն բժիշկների հետ, ովքեր իրենց թանկ ժամանակը չեն խնայում ու կիսվում են խորհուրդներով: Արդյունքում՝ այսօր մենք հնարավորություն ունենք ընթերցողին ապահովել որակյալ, ժամանակակից, հանրամատչելի ու հավաստի տեղեկատվությամբ: Ո՛չ կայքում, ո՛չ ամսագրում, չկան հոդվածներ, որոնք կլինեն զուտ ընթերցողին գրավող, բայց կասկածելի հավաստիությամբ կամ սուտ: Մենք չունենք թարգմանություններ անհայտ աղբյուրներից:

Մասնագիտությունը և բիզնեսը

Իմ առաջին մասնագիտությունը բացառապես կապ չունի բիզնեսի հետ: Միանգամայն հակառակը: Ես բանասեր եմ: Ու օրենքով պետք է դասավանդեի կամ դպրոցում կամ բուհում: Երկուսն էլ արել եմ՝ վստահ լինելով, որ դա ժամանակավոր է: Հետագայում ես պարբերաբար անցել եմ տարատեսակ թրեյնինգներ: Արդյունքում, պետք է հպարտությամբ ասեմ, որ որոշ բրենդերի կայացման մեջ (անուններ չեմ նշում) միանշանակ է իմ կողմից իրականացված մարկետինգային ու PR ռազմավարությունների մշակումն ու ներդնումը:

Կեսօր

Ընդմիջում 

Ժամանակային առումով ֆիքսված  դասական ընդմիջում չունեմ: Բայց հաճախ ընդմիջումները բիզնես լանչի հնարավորություն են: Հաճախ դա նաև հնարավորություն է հանդիպել այն ընկերներիս հետ, ովքեր հստակ ժամային գրաֆիկ ունեն:

Զրուցենք

Ոգեշնչող կինը

Հավանաբար, ակնկալում եք լսել պատմական, քաղաքական կամ հայտնի մեկի անունը: Ես շատ սիրում եմ այն մարդկանց, ովքեր հաջողակ են: Ու ցանկացած մարդ, ով ինչ-որ բան է ստեղծում ինքնուրույն՝ անկախ ծավալից, ոգեշնչման աղբյուր է: Բայց կինն, ով ինձ ոգեշնչում է ու ժամանակին, երբ  դեռ առաջին քայլերս էի անում, կրթությունից հետո, վստահեցրեց, որ ես կարող եմ դիմակայել, կայանալ ու հաջողել, մայրս է: Իրականում իմ ծնողներն իրենց փորձով յուրօրինակ ինքնավստահություն են ներարկել իմ մեջ իրենց կենսափորձով, որը երբեմն «վտանգավոր» է:

Աշխատանքային փոխհարաբերություններ

Ես աշխատում եմ այն մարդկանց հետ, ովքեր պրոֆեսիոնալ են իրենց գործում: Երբեք չեմ ղեկավարում: Դա սկզբունք է: Քանի որ գործընկերների շրջանում ինքնահաստատման իմաստը այդպես էլ  դեռ չեմ հասկացել: Միակ բանաձևը՝ չեմ աշխատում, չեմ շփվում, ընկերություն չեմ անում մարդկանց հետ, ում չեմ հասկանում և «պարզապես իմ մարդիկ» չեն:

Երեկո

Հանգիստը

Շատ եմ սիրում մշակութային միջոցառումների ներկա լինել, այցելել՝ թատրոն, դասական ու ոչ դասական համերգների, ցուցահանդեսներ: Բայց լավագույն հանգիստը ինձ համար սիրելի ու ընդունելի մարդկանց հետ զրույցներն են: Այն մարդիկ, ում հետ ես ընկերություն եմ անում, քիչ են քանակով, բայց շատ խորը անհատականություններ են՝ տարբեր մասնագիտական ոլորտներ ներկայացնող: Ու յուրաքանչյուր հանդիպում ու ժամեր տևող զրույց ինձ համար դրական լիցքեր, մոտիվացիա, գիտելիքներ ամբարելու հնարավորություն է:

Երևանում սիրելի վայր 

Սիրում եմ Երևանն ամբողջությամբ: Հնի հետ մեկտեղ սիրում եմ ժամանակակից զարգացումները՝ Հյուսիսային պողոտան, բոլոր շենքերը, որ կառուցվում են: Միակ բանը, որի համար ափսոսում եմ այն է, որ այսօր կառուցապատելու հնարավորություն ունեն այն մարդիկ, ում աշխարհայացքը հաճախ ուղիղ համեմատական է իրենց ընտրած դիզայնին, գունային ու ոճային լուծումներին: Նրանք Երևանի հետ, մեղմ ասած, կապ չունեն: Ու այստեղ է, որ մենք կորցնում ենք Երևանը:

Խորհուրդ սկսնակներին

Խորհուրդ տալն ամենաանշնորհակալ բանն է: Պետք է պարզապես հավատալ այն ամենին, ինչ անում ես, և ունենալ բավականաչափ հաստատակամություն չընկճվելու, սխալներից ու ձախողումներից հետո ուժ գտնելու ու շարունակելու: Հիասթափվելն ու ոչինչ չանելը հեշտ է: Պատասխանատվություն չվերցնելը ամենահեշտն է: Իսկ սեփական գործ, անկախ դրա ծավալներից, սկսելը նշանակում է պարզապես ապրել դրանով, զոհաբերել հանգիստ, հաճելի շփումներ, վայելքներ, քուն…: Պատրա՞ստ եք: