Գործարար կնոջ 1 օրը․ Սոֆիյա Դիլանյան - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Գործարար կնոջ 1 օրը․ Սոֆիյա Դիլանյան

Այս անգամ մեկ օր ենք անցկացրել «Marmelada Event Bureau» միջոցառումների կազմակերպման ընկերության համահիմնադիր, գործարար և սոցիոլոգ Սոֆիյա Դիլանյանի հետ։

Առավոտը

Օրս սկսվում է ոչ շատ շուտ, որովհետև իմ աշխատանքը շատ ժամանակ գիշերային բնույթ է կրում, այդ պատճառով էլ վաղ արթնանալը տանջալի է։ Ամռանը պատահում է, երբ վաղ առավոտյան դեռ բոլորը քնած են, իսկ ես նոր եմ վերադառնում աշխատանքից, հաջողվում է վայելել արևածագը։ Այդ իմ սիրած պահերից է։

Սու՞րճ, թե՞ թեյ

Սուրճ և թեյ առավոտյան չեմ ըմպում։ Կաթ եմ սիրում։ Հիմնականում սուրճ ցերեկային ժամերին եմ խմում, բայց ինձ բացարձակ սրճամոլ չեմ համարում։

Մի քանի հարց

«Marmelada Event Bureau» միջոցառումների կազմակերպման ընկերության մասին

Ես իսկապես շատ եմ սիրում իմ աշխատանքը, եթե չսիրեի, ինձ ճանաչողները կփաստեն, որ երբեք չէի զբաղվի այս գործով արդեն իսկ 12 տարի։ Ինձ բնութագրող գծերից մեկն այն է, որ ես երբեք առանց սիրելու ոչ մի բան չեմ անում։ Մինչ այդ էլ, երիտասարդ տարիներին, երբ աշխատում էի Մոսկվա քաղաքում կինոարտադրության բիզնեսում աշխատանքին խանդավառությամբ վերաբերվելը շատ ավելի կարևոր էր ինձ համար, քան ֆինանսական կողմը։ Ճակատագրական եմ համարում իմ վերադարձը հայրենիք, որովհետև, իհարկե թող ներեն ինձ մարզերի բնակիչները, բայց ես Երևան քաղաքի մոլի սիրահար եմ։ Երբ Մոսկվայում էի բնակվում, հաճախ փակում էի աչքերս և տեսնում Երևանի կիզիչ և արևոտ երկինքը, որն ինձ համար ունի անկրկնելի երանգ։

Մասնագիտությունը և բիզնեսը

Ես սովորել եմ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, իսպաներենի բաժնում։ 2 տարի հետո տեղապոխվեցի Մոսկվա՝ Լոմոնոսովի անվան պետական համալսարան, բայց որոշեցի փոխել մասնագիտությունս և կրթությունս շարունակեցի սոցիոլոգիայի ֆակուլտետում։  Այսպիսով ես սոցիոլոգ եմ, ով տիրապետում է իսպաներեն և անգլերեն լեզուների։

Կեսօր

Ընդմիջում 

Ընդմիջում չեմ ունենում, որովհետև անկանոն գրաֆիկով եմ ապրում։

Զրուցենք

Ոգեշնչող կինը

Ինձ ոգեշնչում են բոլոր ուժեղ կանայք, որովհետև ես էլ եմ ինձ դասում նրանց թվին։ Ես միշտ մինչև վերջ իմ խոստումը կատարում եմ և ուրիշներից էլ պահանջում եմ նույնը։ Այդ պատճառով մեր իրականությունում տղամարդիկ չեն համակերպվում շատ հաճախ, երբ նրանց ուղղորդող կին է հանդիպում։

Աշխատանքային փոխհարաբերություններ

Բոլոր հանգամանքներում էլ միշտ լինում են բացառություններ և ես շատ անգամ հենց այդ բացառությունների վառ ապացույցն եմ։ Գործնականում փոխհարաբերություններում էլ, ինչպես և անձնական կյանքում որևէ հաստատուն կանոններ չեն եղել և չեն լինի ինձ համար։ Կարող եմ փաստել, որ ես դեռ վաղ տարիքից ինձ միշտ հիշում եմ հենց այսպիսին, իրականում շատ բան չի փոխվել։

Երեկո

Հանգիստը

Ազատ ժամանակ ես նախընտրում եմ անցկացնել իմ հավատարիմ ընկերների հետ։ Շատ կարևոր եմ համարում իմ մշտական գործընկեր, ոճաբան, մանկական ատամնաբույժ և պարզապես ամենամտերիմ ընկերոջ՝ Գեորգի Հարությունյանի հետ մեր հանդիպումները։

Երևանում սիրելի վայր

Լինելով բնիկ Երևանցի՝ պաշտում եմ հին Երևանը, որը ցավոք քիչ է պահպանվել։ Ի դեպ՝ պապերս էլ են ծնվել Երևանում․ մեկը՝ Նորքում, մյուսը՝ Աբովյան և Տերյան փողոցները հատող Աղայան փողոցում։ Շատ եմ սիրում զբոսնել Երևանում, մեծագույն հաճույք եմ ստանում, մանավանդ երբ հրաշալի եղանակ է լինում։

Խորհուրդ սկսնակներին

Սկսնակներին կարող եմ խորհուրդ տալ չվախենալ դժվարություններից, փորձել աշխատանքը վերածել հաճույքի։ Իհարկե, դա չի նշանակում, որ աշխատամքը զուտ միայն հաճույք է կամ շատ հեշտ է գումար վաստակել։ Փորձեք երբեք չայրել կամուրջները, քանի որ չգիտես ապագայում ինչ կլինի։ Իսկ ամենից կարևորը պահպանեք մաքուր և շիտակ մարդկային հարաբերություններ, դրա կարևորության մեջ համոզվել եմ ամբողջ կյանքիս ընթացքում։