-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Անցկացրել ենք մեկ օր Eat & Fit սրճարանի հիմնադիր Անժելա Իլիխինի հետ.
տանը
– Տանը շատ քիչ եմ լինում։ Արթնանում ենք առավոտյան ժամը 7-30-ից 8-ին։ Ամուսնուս հետ առավոտյան անպայման սրճում ենք։ Երեխային տանում ենք մանկապարտեզ, իսկ մենք գնում ենք աշխատանքի։
աշխատավայրում․ առաջին անելիքը
– Աշխատանքի գալուն պես` նախ խոհարարների հետ քննարկում ենք ՝ ինչ պակաս պարագաներ կան և արդեն պատվեր ենք տալիս։
Սու՞րճ, թե՞ թեյ։
– Սուրճ շատ եմ սիրում։ (սեղանին դրված սուրճից արդեն պարզ էր ընտրությունը)
Իմիջիայլոց մեզ մոտ նույնպես սուրճերի մեծ բազմազանություն կա։
Դա՞ռը, թե՞ քաղցր։
-Դառը։
Նախասիրություններ
– Մարզասրահ այցելելը կյանքիս անբաժան մասն է։ Լավ մարզավիճակ պահելու համար շաբաթվա մեջ երեք անգամ պարտադիր հաճախում եմ։
Eat & Fit-ի մասին
– Այնպես ստացվեց, որ ապրելակերպս ու նախընտրություններս փոխվեցին․ երեխա ունենալուց հետո քաշս ավելացավ։ Սկսեցի հատուկ սննդակարգով սնվել: Սկզբնական շրջանում Instagram-ում բլոգ էի վարում․ կիսվում էի առողջ սնվելու իմ գաղտնիքներով, մարզվելու արդյունքում գրանցած հաջողություններովս։ Ապրելակերպս կապվեց երազանքիս հետ և արդյունքում ստեղծվեց Eat & Fit-ը։
Երազանքից իրականություն
-Երկար ժամանակ ամուսնուս հետ եմ աշխատել։ Օգնել եմ նրան ադմինիստրատիվ հարցրերում։ Eat & Fit-ը ստեղծելու երազանքը, սակայն, վաղուց ունեի։ Արդեն 5 ամիս է, ինչ սրճարանը գործում է։
Լավ սրճարանի գրավականը
– Համեղ և որակյալ սնունդ և յուրահատուկ ճաշացանկ, որը պարբերաբար թարմացվում է։ Սրճարանում կարող եք գտնել ուտեստներ, որոնցում կալորիաները նախօրոք հաշվարկված են, իսկ որակը վերահսկվում է։ Բանիմաց խոհարար, ով խոհանոցում ստեղծագործում է՝ խաղալով համերի հետ։
Մասնագիտությունը և բիզնեսը
– Մոսկվայում սովորել եմ ռեստորանային բիզնեսի կառավարում մասնագիտությունը։ Այն այժմ էլ շատ է օգնում աշխատանքի ավելի լավ կազմակերպման գործում։ Սիրում եմ այդ մասնագիտությունը:
Ընդմիջում
– Քանի որ ունեմ անհատական սննդակարգ՝ ընդմիջումներին հիմնականում այստեղ եմ սնվում։ Լինում են օրեր, երբ մեզ երես ենք տալիս և գնում ենք որևէ տեղ, ասենք բուրգեր և մեծ կալորիաներով այլ սնունդ ուտելու։ Տղաս է հաճախ սրճարան գալիս։ Խոհանուցում խոհարարներից հանձնարարություններ է ստանում ու սկսում է ինչ-որ բաներ պատրաստել։ Եթե սրահում հյուրերի մեջ երեխա է գտնում, ապա իր պատրաստածը սիրով հյուրասիրում է։
Ոգեշնչող կինը
-Չկա կոնկրետ կերպար։ Նիհարելու ողջ ընթացքում ոգեշնչվել եմ ուժեղ կանանցով, ովքեր, իրենց ջանասիրության ու նպատակասլացության շնորհիվ, կարողացել են ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Անկախ ամեն ինչից, սովորել եմ հույսս միշտ ինձ վրա դնել։ Ես մայր եմ, կին եմ և ամեն ինչ անում եմ՝ երեխայիս լավ ապագայի համար։ Կարծես թե ստացվում է։
Թողնել ամեն ինչ, թե՞․․․
– Ես միշտ պետք է աշխատեմ։ Չեմ պատկերացնում կյանքս առանց աշխատանքի։ Ես մայր եմ, բայց դա ինձ չի խանգարում նաև որպես կին կայանալ։ Ամուսինս միշտ կողքիս է, բայց ինքնուրույն որևէ բանի հասնելը շատ կարևոր է։
Ղեկավար կնոջ մասին
– Կինը պետք է լինի խելացի և տեղեկացված այն ոլորտից, որում աշխատում է։ Ցանկացած խոչընդոտի հանդիպելիս՝ նա պետք է չնահանջի և շարունակի գնալ իր նպատակների հետևից։ Նկատել եմ, որ Հայաստանում կնոջ կարողություններին դեռևս թերահավատորեն մոտեցողներ կան։ Ուզում եմ այդ կարծրատիպերը կոտրվեն ու կինը տղամարդու կողքին կարողանա կանգնել՝ հավասար իրավունքներով։։
Բարդույթներ
– Երբ նոր էի սկսում ուժերս փորձել այս ոլորտում, մարդիկ գալիս էին ու հարցնում էին՝ ով է տնօրենը։ Երբ ինձ տեսնում էին՝ զարմանում էին։ Ես հիմա վստահորեն ներկայանում եմ մարդկանց՝ ասելով, որ, այո, ես այն մարդն եմ, ով այստեղ որոշումներ է ընդունում:
Աշխատանքային փոխհարաբերությունները
– Միջավայրը շատ ընկերական է։ Ես խիստ ու պահանջկոտ չեմ, սակայն պատահում է, երբ ինչ-որ բան պատրաստ չի լինում կամ ուշացնում են, այդ ժամանակ, բնական է, մի փոքր խիստ եմ դառնում։ Ես տեսակով փափուկ մարդ եմ և բոլորի հետ հեշտ եմ շփվում։ Հեշտությամբ աշխատում եմ թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց հետ։
Երևանում սիրելի վայր
– Երբ եղանակը լավն է, սիրում եմ որևէ լավ երաժշտություն միացնել և ականջակալներով դուրս գալ զբոսնելու։ Ամենասիրելի վայրը Կասկադի վերևի ամենաբարձր հատվածն է։ Երեխայի հետ հաճախ Թումոյի կամ սիրահարների այգի ենք գնում։
Հանգիստը
-Սիրում եմ ժամանակս երեխայիս և ընկերներիս հետ անցկացնել։ Տարբեր սրճարաններ նույնպես գնում եմ, չնայած որ նախընտրում եմ ավելի շատ ժամանակ հենց այստեղ անցկացնել։ Ամենից լավը մարզասրահ հաճախելիս եմ կարողանում հանգստանալ։ Սիրում եմ քնելուց առաջ գիրք կարդալ։
Զրուցեց՝ Շուշան Հովհաննիսյանը
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո