Գործարար կնոջ 1 օրը․ Haze-ի հիմնադիր Կարինե Չիբուխչյան - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Գործարար կնոջ 1 օրը․ Haze-ի հիմնադիր Կարինե Չիբուխչյան

Այս անգամ 1 օր ենք անցկացրել Haze-ի հիմնադիր, PR-ի և մարքեթինգի մասնագետ Կարինե Չիբուխչյանի հետ։ Haze-ը Երևանում գործող գեղեցկության սրահ է, որը մասնագիտացված է վարսահարդարման  մեջ։ Սրահն ունի նաև դիմահարդարման և մատնահարդարման ծառայություններ:

Առավոտը

Կարծում եմ, երջանիկ է այն կինը, ով զբաղվում է իր սիրած գործով և ունի լավ ընտանիք։ Ինձ համարում եմ այդպիսին։  Իմ օրը սկսվում է ընտանիքիս հետ։ Ամուսնուս և երեխաներիս աշխատանքի և մանկապարտեզ ճանապարհելուց հետո գալիս եմ աշխատավայր։

Սու՞րճ, թե՞ թեյ

Ես սուրճի մեծ սիրահար եմ. օրվա ընթացքում կարող եմ մի քանի գավաթ սուրճ խմել, սակայն գիտակցում եմ, որ դա այնքան էլ օգտակար չէ։

Մի քանի հարց

Haze-ի  մասին

Միշտ ցանկություն կար Երևանում սկսել մի նախագիծ, որն իր տեսակի մեջ յուրահատուկ կլիներ և գեղեցկության ոլորտում կկոտրեր կարծրատիպերը։ Haze-ը հիմնադրվել է 2018 թ-ին։ Նախնական շրջանում մենք ստեղծել էինք վարսահարդարման սրահ և բար, որպեսզի աղջիկները հնարավորություն ունենային գեղեցկության պրոցեդուրաների ընթացքում փորձել տարբեր ալկոհոլային խմիչքներ։ Հայաստանում, սակայն, այս քայլը կարծես թե միանշանակ չընդունվեց,  քանի որ այստեղ կանանց և աղջիկների շրջանում ալկոհոլի նկատմամբ հետաքրքրությունն այնքան էլ մեծ չէ։ Ներկայումս ալկոհոլային խմիչքներին փոխարինել է սուրճը, որն ունի երկրպագուների մեծ բանակ։ Առանձին միջոցառումների ընթացքում հյուրասիրում ենք նաև գինի։

Haze-ում հիմնական շեշտադրումը սանրվածքների վրա է։ Մեր ամենակարևոր սկզբունքը մեզ դիմող կանանց և աղջիկների անահատականությունն ընդգծելն է։ Haze-ի մասնագետների կողմից արված կտրվածքները և սանրվածքներն ունեն իրենց յուրահատուկ և տարբերվող ձեռագիրը։ Սրահն առաջարկում է նաև դիմահարդարման, մատնահարդարման, լամինացիայի, մաշկի և դեմքի խնամքի ծառայություններ։

Մասնագիտությունը և բիզնես 

PR-ի և մարքեթինգի մասնագետ եմ։ Մասնագիտությամբ աշխատել եմ Մոսկվայում՝ միջազգային կազմակերպությունում։ Գովազդի ոլորտում ունեցած փորձը բիզնեսի կառավարման հարցում շատ է օգնում։

Haze Talks-ի մասին

Բացի գեղեցկության սրահ բացելուց,  ի սկզբանե մենք նպատակ ենք ունեցել ստեղծել միջավայր, որտեղ կանայք կկարողանան հավաքվել, շփվել և ժամանակ անցկացնել։ Ամեն ամիս անցկացնում ենք Haze Talks հանդիպումներ։ Հրավիրում ենք իրենց ոլորտում հաջողություն գրանցած կանանց, ովքեր կիսվում են իրենց փորձով և ներկայացնում իրենց անցած ճանապարհը։ Այս հանդիպումների ընթացքում էլ ձեռք են բերվում նոր ծանոթություններ և  կամա, թե ակամա ստեղծվում է կանանց ակումբ։

Կեսօր

Ընդմիջում

Ընդմիջման հատուկ ժամեր չունենք, սակայն երբեմն ստացվում է ամբողջ թիմով  լանչ անել։

Զրուցենք

Ոգեշնչող կինը

Մայրս ընտանիքին նվիրված լավ կնոջ կերպար է։ Քանի որ աշխատանքում նա չի կարողացել իրեն դրսևորել, նա  ինձ միշտ հորդորել է ուշադրություն դարձնել հենց դրա վրա։

Ինձ ոգեշնչում են կանայք, որոնք ունեն ընդգծված անհատականություն, և նորաձևության ու թրենդների ազդեցության տակ երբեք չեն ընկնում։ Այդ տեսակին պատկանող կանայք հստակ գիտեն իրենց առավելությունները և կարողանում են դրանք ճիշտ ընդգծել։

Աշխատանքային փոխհարաբերությունները

Աշխատակիցների և իմ միջև ընկերական հարաբերություններ են, սակայն ղեկավար-աշխատակից դերաբաշխումը  նույնպես պահպանվում է։ Haze-ի հետ կապված բոլոր որոշումները քննարկում եմ  իմ թիմի հետ։

Երեկո 

Երևանում սիրելի վայրը

Այնպես  է ստացվել, որ բնակության և աշխատանքիս վայրը Կասկադում է։ Օրս սկսվում և ավարտվում է այստեղ։ Ինձ դուր է գալիս քայլել կենտրոնական փողոցներով և տեսնել ծանոթ դեմքեր։

Խորհուրդ սկսնակներին

Եթե ցանկություն ունեք սկսել որևէ բան , ապա մի վարանեք, հավատացեք ձեր ուժերին, և ամեն ինչ կստացվի։

Լուսանկարները՝ Լուսինե Գրիգորյանի