Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Այս անգամ 1 օր ենք անցկացրել Marog Creative Agency-ի հիմնադիր Մագդա Մարկոսյանի հետ։
Marog-ը կրեատիվ գործակալաություն է, որը զբաղվում է բրենդինգով, գովազդային արշավների իրականացմամբ, միջոցառումների կազմակերպմամբ և թվային մարքեթինգով։
Երբեք տանել չեմ կարողացել զարթուցիչները, սակայն այժմ ունեմ կենդանի զարթուցիչ, աղջիկս, հանուն որի մեծ ժպիտով եմ արթնանում։
Սու՞րճ, թե՞ թեյ
Թեյ եմ խմում, բայց սուրճի շուրջ զրույցներն ավելի հետաքրքիր են։
Marog-ի մասին
Հավատում եմ, որ կյանքում ոչինչ տեղի չի ունենում առանց պատճառ, և պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները՝ անկախ տարիքից։ Marog-ը ստեղծվեց պատահականորեն խենթ ու ոչինչից չվախեցող, արկածներ սիրող երկու ընկերոջ կողմից։
Սկզբում երկուսով էինք աշխատում, հետո, ժամանակի ընթացքում ընդլայնեցինք մեր թիմը և արդեն 7 տարի է ինչ գործում ենք։ Այս տարիների ընթացքում անցել ենք բազմաթիվ փորձությունների միջով, ունեցել ենք մեծ ու փոքր նվաճումներ, նպաստել ենք մարքեթինգի ստեղծագործ ոլորտի զարգացմանը։ Այսօր մեր ծառայություններով հետաքրքրվում են Հայաստանում և դրա սահմաններից դուրս։
Marog-ը ոչ միայն նախագիծ է կամ մարդիկ, այլև գաղափար է։ Մեր սկզբունքը անել այն, ինչ կնպաստի պատվիրատուի բիզնեսի զարգացմանը և կլինի մասնագիտական տեսանկյունից հետաքրքիր։ Մի խոսքով, անել այն, ինչ սիրում ես։ Մենք հաճախ հրաժարվում ենք նախագծերից, որոնք հակասում են մեր սկզբունքներին։
Աշխատանքային փոխհարաբերություններ
Թիմին պետք է տալ ստեղծագործելու, իրենց առաջադրված խնդիրը լուծելու ազատություն։ Ամեն մարդ Marog-ում իրեն պետք է զգա ճիշտ տեղում և ունենա ավելին անելու ցանկություն։ Կարևորում եմ նախաձեռնող աշխատակիցներին, ովքեր կարող են ինքնամոտիվացվել և նոր գաղափարներ են առաջարկում։ Կարևոր է, որ աշխատակիցը սիրի իր աշխատավայրը և այն դիտարկի ոչ թե վայր, որտեղ իրեն շահագործում են, այլ վերաբերվի ինչ-որ տեղ որպես երկրորդ ընտանիքի. չէ՞ որ գիտակից կյանքի մեծ մասը շատերս աշխատանքի վայրում ենք անցկացնում։
Մասնագիտությունը և բիզնեսը
Առաջին մասնագիտությամբ տնտեսագետ եմ։ Սովորել եմ ԵՊՀ-ի միջազգային տնտեսական հարաբերություններ բաժնում։ Սովորելուն զուգահեռ զբաղվել եմ նաև մարքեթինգով։ Հաճախել եմ բիզնես-դպրոց ԱՄՆ-ի Լիհայ համալսարանի Լի Յակոկկայի անվան ինստիտուտում։ Աշխատել եմ նաև «Անկախ կինոգործիչների ասոցիա – Հարավային Կավկաս»-ում որպես հայաստանյան ծրագրերի համակարգող, Համահայկական հիմնադրամում՝ որպես նախագծերի ղեկավար և թվային մարքեթինգի պատասխանատու։ Աշխատանքային փորձս բավականին հարուստ է նաև աշխարհագրության առումով։ Լի Յակոկկայի անվան ինստիտուտում սովորելուց հետո՝ ութ տարի անց հրավերով ետ գնացի որպես պրոեկտ մենթոր։ Մենթորությամբ զբաղվում եմ նաև ԱՄՆ դեսպանատան կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում։ Ժամանակ առ ժամանակ անցկացնում եմ մասնագիտական թրենինգներ և workshop-ներ, երբ ժամանակս հերիքում է։ Ներկայիս աշխատանքիս մեջ գնահատում եմ աշխատանքի բազմազանությունը։
Ընդմիջում
Երբեմն աշխատանքային օրն այնքան հագեցած է լինում, որ չեմ հասցնում ընդմիջում անել։ Եթե գործնական հանդիպումներից հետո ազատ ժամանակ եմ ունենում, վերցնում եմ մեկ բաժակ սուրճ և սիրում եմ զբոսնել քաղաքում։
Ղեկավար կնոջ մասին
Լինելով ինքնակազմակերպված մարդ՝ ինձ չեմ համարում ինձ լավ կառավարիչ։ Կարծում եմ ես լավ առաջնորդ եմ, քանի որ ունեմ հստակ պատկերացում՝ ուր պետք է գնա Marog-ը, ինչպիսին պետք է լինեն մեր աշխատակիցները և ինչպես հասնել այդ ամենին։ Ստացվել է այնպես որ ուսանողական ժամանակներից մարդիկ բնական կերպով գնացել են իմ հետևից, սակայն գործընթացները ճիշտ և ժամանակին կազմակերպելու համար ինձ միշտ անհրաժեշտ է բոյեվիկ թիմ, ով չի վախենում փոփոխություններից։
Ոգեշնչող կինը
Պատմության մեջ եղել են կանայք, որոնք նշանավորվել են տսրբեր ոլորտներում, սակայն իմ կյանքի վրա նրանցից ոչ մեկ ազդեցություն չի ունեցել։ Մտածողությամբ ինձանից շատ տարբեր, միշտ հիացել եմ իմ մայրիկով, իր անկոտրուն ու հստակ բնավորությամբ։ Հայտնի մարդկանցից ինձ ոգեշնչել է Նելսոն Մանդելան, Մահաթմա Գանդին։ Այս մարդկանց գործունեության ու գաղափարախոսության մեջ ես գտել եմ ինձ հոգեհարազատ կյանքի փիլիսոփայություն։
Կարծում եմ ժամանակի ընթացքում կնոջ դերն ավելի է բարձրանալու։ Վստահ եմ, որ կգա մի ժամանակ, որ կանայք իրենց հետևից կտանեն շատերին և կդառնան ոգեշնչման աղբյուր։
Երևանում սիրելի վայրը
Չեմ տարբերվի և կասեմ, որ սիրում եմ Կասկադը։ Այնտեղ յուրահատուկ աուրա կա, մարդիկ են մեկը մեկից տարբեր։
Հանգիստը
Բնության գրկում եմ սիրում լինել․ կլինի դա անտառային հանգիստ, կամ որևէ գագաթ հաղթահարել։ Միայնության մեջ նույնպես հանգստանում եմ՝ մնալով ինքս ինձ հետ և ճամփորդելով։
Խորհուրդ սկսնակներին
Պետք է հավատալ սեփական ուժերին և հույսդ դնել միայն քեզ վրա։ Իսկ եթե փոփոխություն ես ուզում, սկսի’ր քեզանից…
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Վիդեո
Ֆոտո