Գործարար կնոջ 1 օրը․ Photo Atelier Marashlyan-ի հիմնադիր Էմմա Մարաշլյան - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Գործարար կնոջ 1 օրը․ Photo Atelier Marashlyan-ի հիմնադիր Էմմա Մարաշլյան

Այս անգամ 1 օր ենք անցկացրել Photo Atelier Marashlyan-ի հիմնադիր Էմմա Մարաշլյանի հետ։ Marashlyan ֆոտոստուդիան հիմնվել է 2013-ին։ Հենց այս ֆոտոստուդիայում էլ վերածնվել է ընտանեկան և էթնիկ լուսանկարչության մշակույթը։ Marashlyan-ն առաջարկում է անհատական և խմբային ֆոտոշարքեր՝ ազգային հագուստով։

Էմման, երկար, տարիներ ապրելով Ռուսաստանի Դաշնությունում, վերադարձել է հայրենիք և հիմնել Marashlyan ֆոտոստուդիան։

Առավոտը

Արդեն յոթ ամիս է իմ առավոտներն այլ եմ, որովհետև լույս աշխարհ է եկել իմ երրորդ բալիկը։ Առավոտս սկսվում է ժամը 6-ին։ Կերակրում եմ փոքրիկիս, իսկ աղջկաս և տղայիս ճանապարհում եմ դպրոց։ Այս ամբողջ ընթացքում հեռախոսով փորձում եմ լուծել ստուդիային առնչվող հարցեր և կարգավորել օրվա անելիքներս։

Սու՞րճ, թե՞ թեյ

Սուրճ եմ սիրում, որովհետև հավատացած եմ, որ այն օգնում է վերականգնել ուժերը։

Մի քանի հարց

Photo Atelier Marashlyan-ի մասին

Մոսկվայից Հայաստան վերադառնալուց և երկու տարի Երևանում ապրելուց հետո ֆոտոստուդիա-ատելյե ստեղծելու գաղափարն ինձ մոտ հստակ դարձավ։ Կապը հայկական մշակույթի հետ ամենալավը հենց այդ ժամանակահատվածում զգացի։

Ֆոտոստուդիայի առանձնահատկությունը ազգային հագուստի ներկայացումը և այդ ավանդույթի պահպանումն է: Marashlyan-ն առաջին հայկական պրոֆեսիոնալ ֆոտոստուդիան է, որն զբաղվում է ընտանեկան և էթնիկ լուսանկարչությամբ։

Photo Atelier Marashlyan-ում բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն  Հայաստանի տարբեր տարածաշրջանների և անգամ Մեծ Հայքի ազգային հագուստով լուսանկարներ ունենալ։  Մեծահասկաների շրջանում նույնպես կա մեծ հետաքրքրվածություն ազգային հագուստի նկատմամբ։

Մարաշլյան ազգանվան մասին

Կար ժամանակ, երբ ֆոտոստուդիաները կրում էին տվյալ ընտանիքի ազգանունը։ Մարաշլյանն ամուսնուս ազգանունն է։ Կարծում եմ՝ այն լրացնում է ֆոտոստուդիայի ընդհանուր իմիջը և կապվում է դրա գաղափարախոսության հետ:

Մասնագիտությունը և բիզնեսը

Ավարտել եմ բժշկական ակադեմիան՝ դեղագետ-տեխնոլոգ եմ։ Ռուսաստանի Դաշնությունում ապրելու տարիներին որոշ ժամանակ մասնագիտությամբ աշխատել եմ։  Լուսանկարչությամբ զուգահեռ եմ զբաղվել։ Յուրաքանչյուր ասպարեզում աշխատելիս՝ միշտ գտել եմ դրա ստեղծագործական կողմը։

Լուսանկարչությունը դարձել է հայկական մշակույթի հետ ինձ կապող օղակը, որի միջոցով այսօր փորձում ենք ցույց տալ ազգային հագուսն իր ամբողջ շքեղությամբ։

Աշխատանքային փոխհարաբերություններ

Թիմում կան աշխատակիցներ, որոնք ինձ հետ են  հենց սկզբից։ Նրանց հետ կիսվել եմ իմ փորձով և այսօր նրանք կարողանում են գործել  Marashlyan-ի ընդհանուր գաղափարախոսությանը համահունչ։

Հազվադեպ առաջացող աշխատանքային կոնֆլիկտների ժամանակ՝ հարաբերություններ չեմ պարզում բոլորի ներկայությամբ։ Ստեղծում եմ աշխատանքային այնպիսի միջավայր, որտեղ աշխատակիցները կկարողանան ստեղծագործել ազատ և լինել ինքնուրույն։

Կեսօր

Ընդմիջում 

Քանի որ ամուսինս այժմ խիտ գրաֆիկով է աշխատում, երբեմն եմ հասցնում նրա  հետ ընդմիջումներ անել։

Զրուցենք

Ոգեշնչող կինը

Ինձ կարող են ոգեշնչել կանայք, որոնք հանրային դեմքեր չեն, ճանաչված չեն։ Հիացմունք է առաջացնում այն, թե ինչ ազատությամբ են նրանք գործում այս կամ այն ոլորտում և որքան նախաձեռնող են։

Ղեկավար կնոջ մասին

Ես խիստ  ղեկավար չեմ, պարզապես պահանջկոտ եմ։ Իմ տեսակով պերֆեկցիոնիստ եմ և սիրում եմ, երբ դա դրսևորվում է կատարված ցանկացած աշխատանքում։ Աշխատակիցներից պահանջում եմ պատասխանատվության բարձր զգացում և հարգանք այն աշխատանքի նկատմամբ, որն իրենք կատարում են։

Նոր ծրագրեր

Նոր ծրագրերում շեշտը դնում ենք ազգային հագուստի դերի բարձրացման և տարբեր միջավայրերում դրա ճիշտ մատուցման վրա։  Շուրջ 5 տարի ուսումնասիրել եմ հայկական ազգային տարազը, դրա առանձնահատկությունները, ինչն էլ օգնում է պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել։ Առաջիկայում կներկայանանք Marashlyan հագուստի բրենդով։ Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ ազգային հագուստ կրելն այսօր վերածվում է թրենդի։

Երեկո

Հանգիստը

Օրվա վերջում երեխաներիս հետ ամփոփում եմ նրանց օրը, հասկանում եմ դասերի հետ կապված ինչ անելիքներ կան։ Ազատ ժամանակ ունենալու դեպքում սիրում եմ հաճախել արվեստի հետ կապված միջոցառումների։

Երևանում սիրելի վայր 

Սիրում եմ Աբովյան, Սարյան փողոցները։ Նորք-Մարաշը, որտեղ ես բնակվում եմ, նույնպես սիրելի վայր է. այնտեղից երևում է քաղաքը՝ իր ամբողջ գեղեցկությամբ։

Խորհուրդ սկսնակներին

Յուրաքանչյուր կին, ով կփորձի ձեռնարկել որևէ գործ, պետք է հավատա, որ ամեն ինչ հնարավոր է։ Պետք է կազմել ճիշտ բիզնես-ծրագիր և խորհրդակցել գործից տեղյակ և հաջողակ մարդկանց հետ։ Ցանկացած խնդրի պետք է մոտենալ խորությամբ, քանի որ դրան մակերեսորեն նայելու դեպքում, բաց ես թողնում շատ կարևոր մանրուքներ։

Լուսանկարները՝ Լուսինե Գրիգորյանի 

Գործարար կնոջ 1 օրը․ Marog Creative Agency-ի հիմնադիր Մագդա

Գործարար կնոջ 1 օրը․ «Գինկո» լեզվի կենտրոնի տնօրեն Լուսինե Հայրապետյան

Գործարար կնոջ 1 օրը․ «ԱրմԱս» գինու և կոնյակի գործարանի տնօրեն Վիկտորիա Ասլանյան

Գործարար կնոջ 1 օրը․ «Լոֆթ» կենտրոնների գլխավոր տնօրեն Արևիկ Համբարձումյան