-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Այս անգամ 1 օր ենք անցկացրել Petoor-ի հիմնադիր Անի Մկրտչյանի հետ։
Առավոտը սկսվում է ժպիտով ու ջերմությամբ։ Նախաճաշելիս սիրում եմ հետևել տեղական լուրերին կամ դիտել որևէ առավոտյան ծրագիր՝ պատկերացում կազմելու ՝ ինչ է կատարվում մեր երկրում․ տանից դուրս գալիս, կարող եմ վստահ լինել, որ որևէ կարևոր ու նշանակալի բան բաց չեմ թողել։ Կարծում եմ, եթե թերթ կարդալու մշակույթը դեռ պահպանված լիներ, ես ամեն առավոտ գոնե մի փոքրիկ պարբերություն կընթերցեի։
Սու՞րճ, թե՞ թեյ
Սկզբում ջուր, հետո սուրճ։ Սիրում եմ դառը ըմպել, սակայն անպայման որևէ քաղցրավենիքով։
5 Concept-ի մասին
Երբ ստեղծվեց 5 Concept-ը, չկար հարթակ՝ դիզայներիների հեղինակային աշխատանքները ներկայացնելու համար։ Երևանում գործում էին դիզայներական մի քանի խանութներ, որոնք ներկայացնում էին ոչ թե մի քանի դիզայների, այլ միայն մեկի աշխատանքները։ 5 Concept-ի ստեղծումից հետո պահանջարկն իրոք մեծացավ։ Սրահը ստեղծել ենք 5 դիզայներով, սակայն այսօր ցուցադրում ենք 60-ից ավելի դիզայների աշխատանքներ։ Այն Հայաստանում առաջին մուլտիբրենդային կոնցեպտուալ խանութն է։
Petoor-ի մասին
Petoor կրող աղջիկը թեթև է, եթերային, նախընտրում է հարմարավետություն և իր երիտասարդական թարմությունը շեշտադրող հագուստ։ Նախնական շրջանում Petoor-ում ներկայացվում էին գիշերազգեստեր, ներքնազգեստներ, սակայն ժամանակի ընթացքում այդ աղջիկ մեծացավ և նրա պահանջները փոքր-ինչ փոխվեցին։ Այսօր Petoor-ը բացի դեմոկրատական հարմարավետ և նորաձև հագուստից առաջարկում է իր սպառողին Petoor Jewellery, Petoor Shoes գծերը, Petoor դեմքի խնամքի միջոցները, ինչպես նաև պայուսակներ, բիժուտերիա, գուլպաներ:
Նորաձևության ներկան Հայաստանում
Կարծում եմ նորձևությունը Հայաստանում ընթացիկ, չձևավորված և դեռևս էքսպերիմենտալ փուլում է։ Առնվազն 10 տարի հարկավոր է, որպեսզի Հայաստանն ունենա իր ուրույն դեմքը և ներկայանա աշխարհին։
Երևանով քայլելիս՝ նկատում եմ, որ մարդիկ պրպտում են, սակայն դեռ չեն գտել իրենց ոճը։ Նորաձևության հետևից գնալը անիմաստ է։ Կան թրենդեր, միտումներ, որոնք պարզապես կարելի է վերցնել և դարձնել քոնը, խաղալ դրանց հետ։
Մասնագիտությունը և բիզնեսը
Մասնագիտությամբ էկոլոգ եմ։ Մագիստրոսական թեզս գրել եմ էկոլոգիական կրթության մասին։ Ալտերնատիվ էներգիա և կայուն զարգացում եմ սովորել նաև Նորվեգիայում՝ Օսլոյի համալսարանաում։ Դրան հաջորդել է Էկոլոգիայի գծով ասպիրանտուրա ընդունվելը, սակայն, Petoor-ի ստեղծումը համընկավ հենց այդ ժամանակահատվածի հետ։
Թեև Petoor-ը հանկարծակի է ստեղծվել, սակայն այդ գաղափարը միշտ ունեցել եմ։ Ինձ միշտ գրավել է ինչ-որ բան ստեղծելու, արարելու միտքը։ Petoor-ը դարձավ հենց այդ ներքին զսպված ճիչը, որը դուրս հանեցի իմ ներսից և այն դարձրի իրական։ Կարծում եմ, որ գիտությունը նույնպես արարչական մեծ գործընթաց է։ Չեմ բացառում, որ մի օր, երբ Petoor-ը լիարժեք ոտքի կանգնի և «ամենօրյա խնամքի» կարիք չունենա, ես կվերադառնամ գիտության ոլորտ։
Նախքան նորաձևության աշխարհ մտնելը ես 5-6 տարի աշխատել եմ նորվեգիական հասարակական կազմակերպությունում։ Կրթական ծրագրի շրջանակում զբաղվում էինք սահմանաամերձ դպրոցներում էկոլեգիական կրթության իրականացմամբ։ Ես ծրագրի համակարգողն էի։ Երբեմն կարոտում եմ հասարակական աշխատանքը, որով զբաղվում էի նախկինում։ Այսօր այդ փորձը շատ է օգնում Petoor-ի կառավարման գործում։
Աշխատանքային փոխհարաբերություններ
Շատ կարևոր է գտնել «քոնոնց», մարդկանց, ովքեր մտածում են քեզ նման։ Աշխատակիցների մեջ կարևորում եմ մարդկային որակները, քանի որ դրանք ստեղծում են աշխատանքային բարի և հաճելի մթնոլորտ։ Մասնագիտական որակները հնարավոր է զարգացնել ամենօրյա աշխատանքի ընթացքում ։ Այդ է պատճատը, որ կարևորում եմ լավ մարդկանց ներգրավածությունը մեր թիմ։
Ընդմիջում
Ես առողջ ապրելակերպի սիրահար եմ։ Աշխատում եմ հետևել սննդակարգիս։ Եթե ստացվում է՝ համատեղում եմ ընկերական հանդիպումները ընդմիջումների հետ։ Աշխատակիցների հետ ընդմիջումները նույնպես արդյունավետ են, քանի որ հասցնում եմ հասկանալ նրանց ընդհանուր տրամադրվածությունը, շփվել նրանց հետ և տեղեկանալ՝ ինչ ընթացիկ խնդիրներ կան
Ոգեշնչող կինը
Մայրս իր տեսակով տոկուն և իմաստուն կին է, նա է ինձ ոգեշնչում։ Լինում են նաև այնպիսի դրվագներ, երբ ես ոգեշնչվում եմ տարբեր կանանցից․ կլինի դա որևէ լավ դիմահարդար, գիտության կամ որևէ այլ ոլորտում հաջողության հասած կին։ Առհասարակ կանանց մեջ կան դետալներ, որոնք կարող են ոգեշնչել։
Ղեկավար կնոջ մասին
Ղեկավարելու մեջ մեծ բարդություններ չկան։ Ես կոնֆլիկտային մարդ չեմ և կողմ եմ ավելի կառուցողական զրուցների։ Կարծում եմ, որ լավ մենեջերը պետք է կարողնա ճիշտ հրահանգներ տալ և անցնել մի կողմ։ Եթե դու վստահել ես թիմին, ապա պետք է նրանց տալ ինքնուրույն աշխատելու հնարավորություն։ Անընդհատ կատարելագործվելու և սխալների վրա աշխատելու արդյունքում կհասնեք արդյունքի։
Նոր ծրագրեր
Ժամանակի ընթացքում պատկերացումները մեր անելիքների, ոճի և արտադրանքի վերաբերյալ ավելի հստակեցան։ Petoor-ի «աղջիկը» երկու տարվա ընթացքում հասունացավ ու կայացավ իր ցանկություններում ու պահանջմունքներում։ Մենք գիտենք ՝ ինչպիսին պետք է լինի մեր բիզնեսի տեսլականը, ովքեր են մեր հաճախորդնորը և ինչի կարիք ունեն նրանք։
Ամենամեծ ձեռբերումը մեր թիմն է, որտեղ հավաքվել են մարդիկ, ովքեր միանման են մտածում։ Ժամանակի ընթացքում պետք է աշխատենք որակն ավելի բարձրացնելու վրա։
Միջազգային հարթակներում Petoor-ը նույնպես ներկայացվել է․ ցուցադրվել ենք ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ռուսաստանում, մասնակցել ենք Կիևի նորաձևության շաբաթին։ Հայաստանում անելիքներ շատ կան, այդ է պատճատը, որ մեծ մասամբ, կենտրոնացած ենք հայկական շուկայի վրա։
Երևանում սիրելի վայրը
Շատ եմ սիրում իմ աշխատանքի վայրից (Թումանյան) դեպի Տերյան փողոց տանող ճանապարհը։ Երբեմն սիրում եմ նստել և նայել՝ ինչպես են մարդիկ քայլում․ դա իմ սիրած զբաղմունքն է (ժպտում է)։
Ինչպես բոլոր երևանցիները, ես նույնպես սիրում եմ Կասկադը, Աբովյան փողոցը։ Առհասարակ ինձ դուր է գալիս երևանյան ամբողջ միջավայրը։
Հանգիստը
Ես այն մարդկանից եմ, ովքեր սիրում են տանը ընթրել։ Աշխատանքից հետո սովորաբար ընթրիքի համար գնումներ եմ կատարում։ Հաճախ ընկերներս են հյուր գալիս, իսկ երբ ազատ ժամանակ եմ ունենում, սիրում եմ կարդալ։ Քանի որ գործի բերումով շատ եմ առնչվում «դրսի» հետ, սիրում եմ հանգստանալ տանը։ Շաբաթվա մեջ որևէ միջոցառման, համերգի անպայման մասնակցում եմ։
Խորհուրդ սկսնակներին
Կարծում եմ, եթե դու քո ամբողջ աուրայով հասկանում ես՝ ինչով ես ուզում զբաղվել և ունես ներքին մղումներ, ապա անհնար է՝ որևէ բան չստացվի։ Պետք է նախևառաջ հետևել ինքդ քեզ, իսկ հետո խորհրդակցել խելացի մարդկանց հետ, ովքեր այդ ոլորտում արդեն փորձ ունեն։
Լուսանկարները՝ Լուսինե Գրիգորյանի
Գործարար կնոջ 1 օրը․ Photo Atelier Marashlyan-ի հիմնադիր Էմմա Մարաշլյան
Գործարար կնոջ 1 օրը․ Marog Creative Agency-ի հիմնադիր Մագդա Մարկոսյան
Գործարար կնոջ 1 օրը․ Eat & Fit-ի հիմնադիր Անժելա Իլինիխ
Գործարար կնոջ 1 օրը․ OD Blow Dry Bar-ի հիմնադիր Հրաչուհի Առաքելյան
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո