fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Գործարկվեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների նոր պաշտոնական կայքը

Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Deworkacy AOKS-ի դահլիճում տեղի ունեցավ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների նոր պաշտոնական կայքի գործարկման շնորհանդեսը։ Վերջինիս ներկա էին ՀՀ ԿԳՆ նախարարի խորհրդական Արթուր Հովսեփյանը, Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը, ՏՀՏ համայնքի ներկայացուցիչներ, «Արմաթի» սաներ ու խմբավարներ:

Ի դեմս նոր կայքի, որը մշակվել է «eWorks» ընկերության կողմից, ստեղծվել է մի հարթակ, որը միավորում է «Արմաթ» լաբորատորիաների՝ աշխարհի ցանկացած ծայրում ապրող սաներին, տալիս է նրանց հաղորդակցվելու, գիտելիքով ու հմտություններով փոխանակվելու հնարավորություն։ Դրանում յուրաքանչյուր լաբորատորիա և «Արմաթի» յուրաքանչյուր սան կունենան իրենց անհատական էջերը, ուր հավաքագրվելու են բոլոր այն նախագծերը, որոնք իրականացվել են տվյալ լաբում, կամ որոնց հեղինակը սույն երեխան է։ Այսպիսով, ֆիքսվում են երեխաների գիտելիքները, հմտությունները և ստեղծվում է ամեն սովորողի անհատական պորտֆոլիո։

«ԱՏՁՄ հետ համագործակցության արդյունքում մշակվեց սոցիալական կայք, որի միջոցով   ՏՏ ոլորտում առաջին քայլերն էլ ավելի հասանելի են դառնում ոլորտով հետաքրքրված անձանց՝ հատկապես վաղ տարիքից ինժեներական կրթությունը նախընտրող երեխաների համար։ Վստահ եմ, որ մոտ ապագայում նախագիծը խթան կհանդիսանա ՏՏ աշխատաշուկան որակյալ կադրերով ապահովելու հարցում», – նշեց «eWorks» ընկերության գործադիր տնօրեն Խաչատուր Բադալյանը։

Կայքի մյուս առանձնահատկությունն էլեկտրոնային ուսուցման միասնական հարթակի ստեղծումն է, որտեղ տեղադրվում են «Արմաթ» ծրագրի ուսումնական մեթոդաբանությունը, ձեռնարկները, տեսադասերը, համակարգչային ծրագրերը, որոնք գերազանցապես մշակվել են «Instigate» ընկերության կողմից։

Հարթակում ինտեգրված է նաև խմբակավարների և մարզային համակարգողների գնահատման և մոնիտորինգի համակարգ։ Բոլոր հաշվետվություններն այսուհետ մուտքագրվում են կայք, որը լրացված դաշտերի հիման վրա գեներացնում է փաստաթուղթ, ինչպես նաև ստատիստիկ տվյալների աղյուսակ։

Հիշեցնենք, որ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիրը նախաձեռնել եւ իրականացնում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։ Այժմ Հայաստանի, Արցախի և Վրաստանի տարածքում գործում են 250-ից ավելի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ ավելի քան 6500 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։