Երևանում ՏՏ համաժողովի մասնակիցների թիվը ռեկորդային է WCIT պատմության մեջ - VNews

Երևանում ՏՏ համաժողովի մասնակիցների թիվը ռեկորդային է WCIT պատմության մեջ

Երևանում ընթացող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին գրանցված անձանց թիվը ռեկորդային է WCIT պատմության ընթացքում: Մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը:

«Դեռ 2014թ. մենք շահեցինք WCIT-ն Հայաստանում անցկացնելու իրավունքը: Մենք այս տարի ունեցել ենք 6200 գրանցված մարդ, որոնք հաճախելու են, որը ռեկորդային է համաժողովի պատմության մեջ, որն անցկացվում է 1978թ.-ից: Ունենք աշխարհի տարբեր երկրներից ժամանած տարբեր հյուրեր, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ուրախ եմ, որ այս երեք օրերին Հայաստանը դառնալու է ՏՏ ոլորտի կենտրոն, և անցկացվելու են մեծ քննարկումներ, հանրաճանաչ խոսնակների մասնակցությամբ»,- ասաց Ալեքսանդր Եսայանը:

Ալեքսանդր Եսայանի խոսքով՝ Հայաստանը համաժողովը Երևանում անցկացնելու հնարավորություն է ստացել ընտրված խորագրի շնորհիվ:

«2014թ. դեռ նոր էր սկսվում ապակենտրոնացման շարժումը, իսկ այժմ աշխարհում տարբեր ուղղություններով օգտագործվում են ապակենտրոնացման գաղափարները: Մինչ այս կոնգրեսն անցկացվել է կամ շատ մեծ երկրներում կամ շատ զարգացած երկրներում, և Հայաստանում համաժողովն անցկացնելու որոշման մեջ մեծ դեռ խաղաց հենց ապակենտրոնացման խորագիրը: Մենք հայտարարեցինք, որ այս իրար կապված աշխարհում, որտեղ համացանցը հասանելի է, այլևս մեծ նշանակություն չունի, թե որտեղ ես գտնվում: Այդ գաղափարն էր, որ մեզ օգնեց գրավել նրանց ուշադրությունը»,- նշեց նա:

Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ 

Այս հեղինակավոր համաժողովին իրենց մասնակցությունը կունենան Հայաստանում մի շարք առաջատար ՏՏ ընկերություններ, այդ թվում՝ SoftConstruct ընկերությունը։ VNews – Business and Tech-ը համաժողովի ինֆորմացիոն գործընկերն է։