Ինչպե՞ս սմարթֆոնն ազատել աղբից, քանի դեռ տանն եք - VNews

Ինչպե՞ս սմարթֆոնն ազատել աղբից, քանի դեռ տանն եք

Ներկայացնում ենք մի քանի միտք գաջեթներն այս ընթացքում՝ քանի դեռ տանն եք, կարգի բերելու համար։

Կարգավորեք լուսանկարները և տեսանյութերը

Եթե հաճախակի եք օգտվում տեսախցիկից, սիրում եք սելֆիներ անել ու ֆիքսել կյանքի գրեթե յուրաքանչյուր պահը, ապա Ձեր սմարթֆոնում, համակարգչում կամ էլ ամպում մեծ թվով մեդիաֆայլեր են կուտակվել։ Կարանտինի օրերին կարող եք ժամանակ տրամադրել և կարգավորել հին կոնտենտը։ Ջնջեք ավելորդ ֆայլերը, տեսակավորեք դրանք առանձին ալբոլներում։

Հիշեք նաև միացնել ավտոմատ սինքրոնացման համակարգը սմարթֆոնում։ Այս ծառայությունը կօգնի պահպանել մեդիաֆայլերի ռեզերվային կրկնօրինակները։

Համակարգեք գաղափարները և նպատակները

Եթե կարևոր մտքերն ու գաղափարները շատ են, անելիքներն ու գործերը նույնպես խառն են, ապա ժամանակն է դրանք համակարգելու։ Այս գործողության համար կան բազմաթիվ հավելվածներ։

  • Trello–ն հիանալի է երկարաժամկետ պլանավորման և կատալոգիզացման խնդիրների համար:
  • Todoist–ն օգնում է կենտրոնանալ իսկապես կարևոր և շտապ գործերի վրա։
  • Mindmeister–ը պետք կգա գաղափարների վիզուալիզացման համար։

Կարգի բերեք էլ․ փոստը

Շատերը հակված են դատարկ պահել էլ․ փոստի ստացված նամակների բաժինը: Բայց միայն առավել կարգապահներն են այս նպատակին հասնում: Ջանքեր գործադրեք ու կարդացեք բոլոր չբացված էլեկտրոնային հաղորդագրությունները, հեռացրեք սպամերը, ապաբաժանորդագրվեք անպետք և անհետաքրքիր գովազդային փոստերից: Իհարկե դրանից հետո դուք կզգաք թեթևություն:

Մաքրեք գաջեթում հավաքված աղբը

Գաջեթների շահագործման ընթացքում դրանցում կուտակվում են լրացուցիչ ֆայլեր և ծրագրեր, որոնք խցանում և սպառում են հիշողությունը, ինչն էլ կարող է դանդաղեցնել օպերացիոն համակարգի աշխատանքը: Այսպիսով, առաջարկում ենք օգտագործել ազատ ժամանակը և մաքրել Ձեր սարքերը ավելորդ ֆայլերից։

Ապաբաժանորդագրվեք անհետաքրքիր ալիքներից

Ժամանակի ընթացքում մեր հետաքրքրությունները փոխվում են: Տեղեկատվության աղբյուրները, որոնք ժամանակին կարևոր էին, գուցե այլևս արդիական չեն: Սա հատկապես նկատելի է լրատվական ծրագրերում և սոցիալական ցանցերում բաժանորդագրություններով: Եթե երկար ժամանակ չեք մաքրել դրանք, գուցե հիմա արժե անել դա: Զտեք աղբը ձեր տեղեկատվական դաշտում:

Ավտոմատացրեք հավելվածներն ու ծառայությունները

IFTTT պլատֆորմը հնարավորություն է տալիս ավտոմատացնել առօրյա գործողությունները բազմաթիվ ծրագրերի և ծառայությունների մեջ: Օրինակ, դուք կարող եք Facebook-ի Ձեր հրապարակումները կրկնօրինակել այլ սոցիալական ցանցերում կամ այնպես անել, որ YouTube-ում Ձեր նախընտրած երգերն անմիջապես ներբեռնվեն երաժշտական հավելվածում: IFTTT-ն ունի հազարավոր նմանատիպ ավտոմատացման սցենարներ: Անշուշտ, դուք կգտնեք ինչ-որ բան Ձեր կարիքների համար:

Ազատվեք անկարևոր վճարովի բաժանորդագրություններից

Եթե երբեմն նկատում եք, որ բանկային հավելվածը ազդարարում է iTunes–ում կամ Google Play–ում տարօրինակ գործարքների մասին, ապա ստուգեք ծառայությունների բաժանորդագրությունները: Միգուցե նրանք, որոնք այլևս չեք օգտագործում, շարունակում են գումար վերցնել:

Մի՛ ծուլացեք և մի քանի րոպե տրամադրեք բաժանորդագրությունների ծախսերը ստուգելու ու կրճատելու համար: Android-ում ակտիվ բաժանորդագրությունները դիտելու համար Google Play-ում բացեք կողային ցանկը և սեղմեք «Բաժանորդագրություններին»: Իսկ iOS–ում, բացեք կարգավորումները, սեղմեք օգտվողի անունի վրա և ընտրեք «բաժանորդագրությունների» ցանկը: