Ինչպես է Գերմանիան պայքարում աշխատաշուկայի ճգնաժամի դեմ - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Ինչպես է Գերմանիան պայքարում աշխատաշուկայի ճգնաժամի դեմ

COVID-19 համաճարակի պատճառով այս օրերին հազարավոր ձեռնարկություններ չեն աշխատում իշխանությունների հանձնարարությամբ և իրենց իսկ նախաձեռնությամբ` պահանջարկի նվազման պատճառով: Ինչ միջոցներ են ձեռնարկում տարբեր պետություններ աշխատաշուկայում առաջացող ճգնաժամը հաղթահարելու համար։ Ներկայացնում ենք Գերմանիայի օրինակը։

Գերմանիայում, ինչպես աշխարհի բազմաթիվ երկրներում, նույնպես թագավարակի տարածումը հարկադիր պարապուրդի է մատնել բազմաթիվ ձեռնարկությունների։ Ինչ միջոցներից պետք է, օրինակ, մեքենայի վերանորոգման խանութի, կահույքի խանութի կամ թարգմանչական գործակալության սեփականատերը աշխատավարձ տա իր չաշխատող աշխատողներին, երբ բիզնեսը պարապ է և եկամուտ, ըստ էության, չի բերում:

Լինում են, իհարկե, իրավիճակներ, երբ նման անհրաժեշտություն չի առաջանում համավարակի կամ էլ այլ արտակարգ իրավիճակների հետևանքով, այլ խնդիրները կապված են լինում ժամանակավոր դժվարությունների կամ էլ տնտեսական ճգնաժամի հետ։ Այսպիսի դրությունում Գերմանիայում գոյություն ունի աշխատանքային ժամերի կրճատման գործիք (Kurzarbeit)։

Աշխատանքից ազատելու փոխարեն աշխատանքային ժամերի կրճատում

Եթե ​​ձեռնարկությունը, այս կամ այն օբյեկտիվ պատճառով, օրինակ՝ պատվերների ժամանակավոր բացակայության կամ պատվերի կրճատման պատճառով, հայտնվում է ծանր ֆինանսական իրավիճակում և այլ ելք չի տեսնում, բացի կադրային ծախսերը նվազեցնելը, ապա աշխատանքից հեռացնելու փոխարեն կարող է օգտագործել աշխատանքային ժամերը կրճատելու գործիքը:

Ավելին, աշխատանքային ժամանակը հնարավոր է կրճատել նույնիսկ զրոյական բոլոր աշխատողների համար, կամ միայն նրանց որոշ մասի համար: Միևնույն ժամանակ, ձեռներեցը կրճատում է իր աշխատողի վճարումը այնքանով, որքանով նվազում է նրա աշխատանքային ժամանակը: Եթե ​​զրոյական է, ապա հարկ չկա աշխատավարձ վճարել: Աշխատակցի ֆինանսական կորուստները պետությունը սկսում է հատուցել Գերմանիայում պարտադիր գործազրկության ապահովագրության միջոցներից:

Ճիշտ է, փոխհատուցումն ամբողջական չէ. նախորդ զուտ եկամուտի միայն 60%-ը, երեխայի առկայության պարագայում`67%–ը: Բայց որոշ խոշոր ձեռնարկություններ պայմանավորվում են պետական նպաստի հաշվին վճարել մինչև 80%, իսկ որոշ դեպքերում՝ իրենց նախկին աշխատավարձերի մինչև 100%-ը: Սա ավելի ձեռնտու է, քան աշխատանքից հեռացնելը փորձառու աշխատողներին, և այնուհետև, երբ ամեն ինչ հարթվի, նորից սկսել գտնել համապատասխան որակավորված կադրեր աշխատաշուկայում, գրում է Deutsche Welle-ն:

Օրինակ ՝ մեծ ձեռնարկության հաշվապահը, որը երեխա չունի և ստանում է 3000 եվրո, բոլոր նվազումները հանած իրեն մնում է 1938 եվրո: Եթե նրա աշխատանքային ժամանակը կիսով չափ կրճատվի, համապատասխանաբար կկրճատվի աշխատավարձի կեսը՝ 1500, իսկ մաքուր աշխատավարձը կկազմի 1129 եվրո: Այսինքն, փաստորեն, նրա եկամուտը նվազում է 809 եվրոյով: Այս վնասի 60 տոկոսը`485 եվրոն, փոխհատուցվում է պետության կողմից: Արդյունքում, 1938-ի փոխարեն աշխատակցի հաշվին մուտքագրվում 1.614 եվրո:

2008-2009թթ․ ֆինանսական ճգնաժամի դասերը

Այս տարբերակը ձեռնտու է նաև պետությանը, քանի որ ժամանակավորապես չաշխատելու կամ կրճատված աշխատանքային ժամեր աշխատելու համար փոխհատուցման ծախսերը ավելի ցածր են, քան գործազրկության նպաստները` նախատեսվող ֆինանսական և այլ ուղեկցող աջակցության միջոցներով հանդերձ:

Բացի այց, աշխատաժամանակի կրճատման գործիքը նաև զերծ է պահում սնանկությունների ալիքից, որը շատ թանկ է պետական ​​բյուջեի համար, ինչը անխուսափելիորեն հանգեցնում է հարկային եկամուտների կրճատմանը:

Այդպես եղավ, մասնավորապես, Գերմանիայի ռեցեսիայի ժամանակահատվածում, որը 2008-2009 թվականների ֆինանսական ճգնաժամին հետևեց: Այդ ժամանակ ավելացվեց վավերականության ժամկետը, որի ընթացքում պետությունը իր վրա վերցրեց կրճատված աշխատաժամերով աշխատողների աշխատավարձերի մասնակի փոխհատուցումը, դառնալով վեց ամսից մինչև մեկուկես տարի, իսկ որոշ դեպքերում՝ երկու: Ավելի ուշ այս ժամանակահատվածը կրճատվեց, բայց այս տարվա մարտին Բունդեսթագը կրկին ավելացրեց այն և զգալիորեն ընդլայնեց այս գործիքի օգտագործման հնարավորությունները` կորոնավիրուսային պանդեմիայի բացասական տնտեսական հետևանքները նվազեցնելու համար:

Զբաղվածության գերմանական գործակալությունը բավականաչափ գումար ունի բոլորի համար

Ներկայումս Գերմանիայում կրճատված աշխատանքային ժամերի Kurzarbeit պետական գործիքից օգտվում են մոտ կես միլիոն ընկերություններ: Այդ թվում են և՛ մեքենաշինական խոշոր կոնցեռններ, և՛ մանրածախ ցանցեր, և՛ հյուրանոցներ, և՛ նույնիսկ շատ փոքր ձեռնարկություններ, որոնք, օրինակ, ունեն 2-3 աշխատակից։ Բեռլինի Թեգելի շրջանում գործող փոքր պարի դպրոցի ղեկավարը՝ Պիտեր Մանգելսդորֆը, իրեն պատկանող պարի դպրոցի 3 պարուսույցների աշխատաժամերը նվազեցրել է՝ հասցնելով 0–ի և այժմ նրանք գումար են ստանում Զբաղվածության պետական ​​գործակալությունից (Bundesagentur für Arbeit, BA)։

Ներկայումս, մոտ մեկուկես միլիոն գերմանացի աշխատողներ ընդգրկված են նվազեցված աշխատանքային ժամերի ծրագրում: Կառավարությունն ակնկալում է, որ նրանց ընդհանուր թիվը ապրիլի վերջին կհասնի 2,35 միլիոն մարդու: Գործազրկության ապահովագրության ֆոնդում բոլորի համար բավարար գումար կա՞ արդյոք: Գերմանիայի սոցնախարար Հյուբերտուս Հիլը (Hubertus Heil) հավաստիացնում է, որ ֆոնդի միջոցները բավարար են: Վերջին տարիների ընթացքում Գործակալությունը կարողացել է կուտակել 26 միլիարդ եվրոյի չափով ռեզեվներ:

2008-2009թթ․ ֆինանսական ճգնաժամի տնտեսական հետևանքներն արժեցան 24 միլիարդ: Բայց 26 միլիարդը սահմանը չէ: Գործակալության ղեկավար Դեթլեֆ Շելեի (Detlef Scheele) խոսքով ՝ գերմանական աշխատաշուկայում կորոնավիրուսով առաջացած ճգնաժամը հաղթահարելու և հնարավորինս շատ աշխատատեղեր պահպանելու համար ընդհանրապես ֆինանսական սահմաններ չի լինի:


Reebok-ը ստեղծել է տեխնոլոգիական դիմակներ՝ սպորտով զբաղվելու համար

Ներկայացվել է նոր հակավիրուսային կոստյում՝ մաքսիմալ պաշտպանությամբ

Հեռավար կրթությունը Հայաստանում. e-school Armenia-ի հաջողությունը (տեսանյութ)

Կորոնավիրուսի նոր թեստը 15 րոպեում ստուգում է հիվանդության առկայությունը

ՏՏ ոլորտի աջակցության համար կկտրամադրվեն 10-30 մլն դրամի դրամաշնորհներ

Ֆրանսիացիները ավելի քան 10 մլն լիտր գարեջուր կոչնչացնեն

Apple-ն ու Google-ը չեն կարողանա հետևել մարդկանց

98-ամյա կինը Youtube-ի օգնությամբ ավելի քան 1.2 մլն ռուբլի է հավաքել բժիշկների համար

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Աննա Փորսուղյան

Երկրին մոտենում է «պաշտպանիչ դիմակով երկնաքար»․ գիտնականներ

Սմարթֆոնների շուկան 2020թ․ զգալիորեն կկրճատվի

Բիլ Գեյթսը՝ կարանտինից դուրս գալու վտանգների և պատվաստանյութի մասին

Facebook-ը News Feed-ում նախազգուշացնող հրապարակումներ կանի

Թիմ Քուկը՝ Apple-ի ճակատագրի մասին

Աշխարհի ամենամեծ ինքնաթիռը մոտ 100 տոննա պաշտպանիչ հագուստ ու դիմակ է տեղափոխել Վարշավա

Яндекс.Карты-ն սկսել է ցուցադրել խանութներում հերթերի չափը