fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Կայացել է #LikeAGirl նախաձեռնության առաջին հանդիպումը (լուսանկարներ)

Girls in Tech-ի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ՝ սկսվել է կանանց հզորացմանն ուղղված նոր նախագիծ, որի առաջին հանդիպման խոսնակներն էին  ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեվազյանը, ֆոտոլրագրող, գրող և 4Plus ֆոտոլրագրության կենտրոնի համահիմնադիր Անահիտ Հայրապետյանը և «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» ՀԿ նախագահ Լորիկ Հարթունյանը: Նախաձեռնությունն անվանվել է #LikeAGirl կամ «աղջիկների նման», որը համաշխարհային մեծ արձագանք ստացած արշավ էր՝ ուղղված կանանց կարողությունների թերագնահատման դեմ: Հայաստանում նույնանուն նախաձեռնության նպատակն է անդրադառնալ հաջողակ կանանց պատմություններին և ոչ միայն օրինակ ծառայել կանանց ու աղջիկների համար, այլ նաև վերաիմաստավորել «աղջիկների նման» արտահայտությունը, քանի որ աղջիկները նույնպես շատ հաճախ հաղթում ու հաջողության են հասնում:

Նախաձեռնության առաջին հանդիպմանը ներկա էին մի քանի տասնյակ կանայք ու աղջիկներ տարբեր ոլորտներից, ովքեր առիթ ունեցան ծանոթանալու միմյանցից շատ տարբերվող, բայց միաժամանակ մեկ ընդհանուր՝ ոգեշնչող գիծ ունեցող հաջողության պատմությունների հետ:

«Դեռ մանկության տարիներին, հետո արդեն պատանեկան տարիքում տատիկս միշտ ասում էր՝ պետք է ամուսնանաս, պետք է ամուսնության մասին մտածես: Ու ես հավատում էի, որ մի օր կգա նաեւ իմ ասպետը, ուղղակի չգիտեի, որ որ այդ ասեպտը ավիացիան է», – պատմել է քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռեվազյանը: Նա Girls in Tech Հայաստանի խոսնակ էր եղել ուղիղ մեկ տարի առաջ, բայց այն ժամանակ չէր էլ ենթադրում, որ ընդամենը մեկ տարի հետո ելույթ է ունենալու որպես պետական պաշտոնյա, ավելին, որ գլխավորելու է իր երազանքի ասպետը դարձած ավիացիայի ոլորտը Հայաստանում:

Երեք երեխաների մայր, գրող և ֆոտոլրագրող Անահիտ Հայրապետյանը նախաձեռնության մասնակիցների հետ կիսեց իր բազմազան փորձառությունը՝ համակարգչային գիտության ակադեմիական կրթությունից մինչև տանիքներում նորածին երեխայի հետ լուսանկարելու բարդ փորձությունները:

«Աղջիկների համար միշտ ճանապարհն ավելի անկանխատեսելի է, քանի որ հատկապես երբ մայր ես դառնում, կարծրատիպերն ավելի են խանգարում: Բայց ես և իմ գործընկեր ֆոտոլրագրող կանայք կարողացանք մի շարք կարծրատիպեր կոտրել ու ապացուցել, որ ոչինչ անհնար չէ»,- նշել է նա:

Իսկ Լորիկ Հարթունյանը, որ ծնվել եւ մեծացել է Իրանում, մի քանի տարի առաջ տեղափոխվել է Հայաստան և այժմ էլ ամեն օր բախվում է բազում կարծրատիպերի, երբ Հայաստանի գյուղերում փորձում են աղջիկների ֆուտբոլի հերթական պատանեկան թիմը ձևավորել:

«Սա շատ կարևոր նախաձեռնություն է, քանի որ «աղջիկների նման» արտահայտությունը չպետք է օգտագործել թերագնահատելու համար որեւէ երեւույթ: Փոխարենը այս հաջողության պատմությունների միջոցով մենք ապացուցում ենք, որ աղջիկները ոչ միայն լավ ֆուտբոլ են խաղում, լուսանկարում կամ ղեկավարում, այլեւ արժանի են հավասար վերաբերմունքի եւ գնահատականի», – իր խոսքում ասել է Girls in Tech-ի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Սեդա Պապոյանը: Նրա խոսքով՝ նախատեսվում է #LikeAGirl-ը դարձնել շարունակական:

 

  • 6