Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցն արդեն 2 տարի է ներդրումներ է կատարում հայկական ստարտափներում - VNews

Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցն արդեն 2 տարի է ներդրումներ է կատարում հայկական ստարտափներում

«Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը» Եվրոպական միության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ հունիսի 11-ին միավորել էր հայ և եվրոպացի գործարար-ներդրողներին:

BANA-ի 2-ամյակին նվիրված ներդրումային համաժողովի հատուկ հյուրն էր Մորիս Բեքենդը՝ միջազգային Crosspring վենչուրային ընկերության հիմնադիրը, նաև իսպանացի հրեշտակ-ներդրող Ջեսուս Լոզանոն, որոնք արդեն ներդրումներ են արել հայկական ստարտափ թիմերում։

ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սերանոն իր ողջույնի խոսքում շնորհավորել է Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցին գործունեության 2-ամյակի առիթով՝ ընդգծելով դրա կարևորությունը Հայաստանում բիզնես և ներդրումային միջավայրի զարգացման համար: Եվրոպական միությունը աջակցում է Business Angel Network of Armenia-ին ԵՄ-ի «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը» ծրագրի միջոցով:

Հոլանդացի ձեռներեց, ներդրող, Crosspring սաղմնային (seed) աքսելերատորի եւ վենչուրային ընկերության հիմնադիր Մորիս Բեքենդ Վերվին Հայաստան է բերել ներդրումային մշակույթի ոլորտում իր մեծ փորձը։ Նա սկսել է հրեշտակային ներդրումներ կատարել 2005 թվականից, ներդնում է ստեղծման փուլում ՏՏ ստարտափների մեջ` ներառյալ հայաստանյան ստարտափները: Մորիսը BANA-ում հրեշտակ ներդրող է է և որպես խորհրդատու եղել է կազմակերության հիմնադրման օրվանից:

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը» ծրագրի թիմի ղեկավար Էվա Նեհերը բարձր է գնահատում բիզնես հրեշտակների աջակցությունը ստարտափերին ոչ միայն ֆինանսապես, այլև գիտելիքի, փորձի փոխանցման և նրանց ուղղորդելու առումով: «Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցում ներգրաված եվրոպացի ներդրողները արժեքավոր աշխատանք են կատարում այս առումով՝ կիսելով իրենց փորձը և հմտությունները հայկական ստարտափ թիմերի հետ», – նշել է նա:

BANA-ի ներդրումային կոնֆերանսի նպատակն է՝ հայ և արտասահմանցի գործարարներին ներկայացնելու Հայաստանի ՏՏ ոլորտի ներդրումային միջավայրը և GlobalAM ՀԿ-ի նախաձեռնած Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի գործունեությունը, որը ձեռներեցներին հնարավորություն է տալիս կարևորագույն ներդրումներ անել Հայաստանի ստարտափ էկոհամակարգում։

BANA-ի ղեկավար Գրիգոր Հովհաննիսյանի խոսքով՝ այսպիսի բիզնես հանդիպումները հայ-եվրոպական տնտեսական համագործակցությունը կբերեն նոր մակարդակի.

«Ստարտափ էկոհամակարգի կայանալն իսկապես կարևոր է մեր երկրի համար, և ներդրումային միջավայրի զարգացմանն աջակցելու ձեր պատրաստակամության շնորհիվ կայացման գործընթացն ավելի արդյունավետ կլինի։ 2 տարվա ընթացքում արել ենք 6 ներդրում։ Առաջին տարում դա շատ դժվար էր կազմակերպելը։ Երկրորդ տարում ավելի հեշտացավ, քանի որ ավելի շատ մարդիկ ներգրավվեցին։ Սկսեցինք կրթական միջոցառումներ անցկացնել բոլոր հետաքրքրված ներդրողների և ստարտափների համար։ Երկու կողմի հետ էլ պետք էր շատ ակտիվ աշխատանք անել։ Արդեն ունենք 25 պաշտոնապես հաստատված անդամ։ Հիմնականում հայ են ներդրողները։ Մեծ մասը հենց Հայաստանից, սա շատ ուրախացնում է, որ հենց հայաստանցիները հետաքրքրվում են ու ուզում են ակտիվ մասնակցել, քանի որ այստեղ տեսնում են լավ հնարավորություններ»։

BANA-ի ղեկավարի խոսքով առաջիկայում ընդլայնելու են ներդրողների ցանցը, ներդրումները շատացնել, ինչպես նաև մեր կողմից ներդրումներ ստացած ստարտափները արդեն աճ են գրանցել և կզբաղվենք նրանց ներդրումային 2-րդ փուլով նույնպես։ Այժմ բանակցություններ են ընթանում եւս նոր երեք ստարտափ թիմում ներդրումներ անելու համար։

  • 15