Հայկական ForgeFiction-ի առաջին գիրքը Amazon.com-ում է - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Հայկական ForgeFiction-ի առաջին գիրքը Amazon.com-ում է

Հայկական ForgeFiction ստարտափը հրատարակել է օգտատերերի կողմից գրված առաջին գիրքը՝ True Darkness /truedarknessook.com/ անվանմամբ։ ForgeFiction.com-ը օնլայն հարթակում միավորում է ֆանտաստիկ գրականության, ֆիլմերի և կոմիքսների սիրահարներին, ովքեր համատեղ անգլալեզու գրքեր են գրում։ Միջազգային հեղինակների կողմից ստեղծված առաջին գիրքը միստիկ ժանրի պարանորմալ պատմություն True Darkness-ն է։ Գրքի իրադարձությունները զարգանում են Լոնդոնում, որտեղ գլխավոր հերոսուհին պայքարում է մոգական ուժերի դեմ և պաշտպանում է մարդկանց պարանորմալ երևույթների ազդեցությունից։

Երբ հարթակում նոր գիրք է ստեղծվում, աշխարհի տարբեր երկրների օգտատերերն ավելացնում և քվեարկության միջոցով հաստատում են գլուխները։ Ավարտելուց հետո ForgeFiction-ը խմբագրում է գիրքը և միջազգային շուկայում հանում է վաճառքի։ Գիրքը գրող օգտատերերը վաճառքի հասույթից չափաբաժին են ստանում։

Ցանկացած մարդ կարող է այցելել հարթակ և սկսել նոր գիրք։ Այնուհետև, յուրաքանչյուր օգտատեր կարող է գրել և ներկայացնել առաջին գլխի իր տարբերակը, որից հետո բոլորը քվեարկում են և ընտրում լավագույնը։ Ամենաշատ ձայներ հավաքած գլուխը հաստատվում է՝ դառնալով վերջնական գրքի մի մաս, ապա երկրորդ գլուխը գրվում է նույն կերպ՝ հիմնվելով նախորդ հաստատվածի վրա։ Այս ընթացքը շարունակվում է մինչև գրքի ավարտը, որից հետո գիրքը խմբագրվում է և վաճառվում։ Գրքի բոլոր հեղինակները, ինչպես նաև գրքի գաղափարն առաջարկող օգտատերը վաճառքի հասույթից չափաբաժին են ստանում։ Հարթակը նաև օգտատերերին տրամադրում է հատուկ գործիքներ, որոնք օգնում են պատմություններ գրելու և Marvel Universe-ի պես աշխարհներ կերտելու ընթացքում։

Այժմ շաբաթական շուրջ 1000 օգտատեր այցելում է forgefiction.com և հարթակում ստեղծման ընթացքի մեջ են տարբեր ժանրերի և սյուժեների ավելի քան 50 գրքեր։ Գարնանը լույս կտեսնի ընկերության երկրորդ գիրքը, իսկ մինչ այդ կարող եք գտնել True Darkness-ը Ամազոնում։

Ի դեպ, 2019-ի աշնանը ForgeFiction-ի թիմում ներդրում են կատարել Smart GateVC վենչուրային ֆոնդը, Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը (Business Angel Network of Armenia) և Գիտության ու տեխնոլոգիաների հրեշտակների ցանցը (Science and Technology Angel Network)։