fbpx

Ճապոնիայի հնագույն բանտը կվերածվի շքեղ հյուրանոցի

Ճապոնիայի հնագույն բանտը շուտով վերակառուցվելու է ու վերածվելու բարձրակարգ հյուրանոցի: Ինչպես տեղեկացնում Է News On Japan-ը` «Նարա» պատմական բանտի վերակառուցման համար պլանավորվում է ծախսել շուրջ 136 մլն դոլար: Կատարվելու են երկրաշարժերի նկատմամբ դրա դիմացկունությունը բարձրացնելու աշխատանքներ: «Նարա» բանտի շինարարությունն ավարտվել է 1908 թվականին, եւ դա միակ անձեռնմխելի մնացած բանտն է այն հինգից, որոնք կառավարության կողմից ստեղծվել են այն ժամանակ:

Հաստատությունը ճանաչված է կարեւոր մշակութային օբյեկտ, եւ դառնալու է Ճապոնիայի առաջին բանտը, որը վերափոխվելու է հյուրանոցի: Պատժիչ հաստատությունը գործել է մինչեւ 2017 թվականը, դրանում պահվել են անչափահաս իրավախախտները: Պլանավորվում Է, որ հյուրանոցն այցելուների համար կբացվի 2021 թվականին: Բարձր առաստաղներով բանտախցերը կօգտագործվեն որպես սենյակներ հյուրերի համար, իսկ պահեստային հարկաբաժինները եւ պահապանների սենյակները կվերասարքավորվեն ռեստորանների ու սրահների:

Հյուրանոցում մի քանի տասնյակ համարներ կլինեն հինգ շենքերից չորսում: Գներն առայժմ չեն հրապարակվում, բայց կարող են տատանվել 450-ից մինչեւ 725 դոլար, ինչը համադրելի է մյուս բարձրակարգ հյուրանոցների ցուցանիշների հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: