Ուղիղ եթերները կոտրեցին կեղծ նորություններ տարածելու հնարավորությունը․ Սամվել Մարտիրոսյան - VNews

Ուղիղ եթերները կոտրեցին կեղծ նորություններ տարածելու հնարավորությունը․ Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը խոսել է վերջին օրերին սոցիալական ցանցերի դերի ու ազդեցության մասին։ Նրա գնահատմամբ՝ սոցցանցերը շատ լուրջ ազդեցություն ունեցան ներքաղաքական վերջին իրադարձությունների վրա, արտասահմանյան լրատվամիջոցներին տեղեկություն տրամադրելու առումով նույնպես:

«Թվիթեր»-ն  այս օրերին դարձավ շատ լուրջ գործիք, որովհետև անգլալեզու բովանդակությունը շատ օպերատիվ կերպով  տարածվում էր դեպի դուրս, իսկ ռուսալեզու լսարանի համար տեղեկություն էր տրամադրում «Տելեգրամ»-ը: Եթե գլոբալ նայենք, սոցցանցերը չլինեին, ապա իրադարձությունները դանդաղ կզարգանային: Ինչ-որ պահի Փաշինյանը պարզապես «ուղիղ եթեր»-ով էր կոորդինացնում ակցիաները: Սա սոցիալական շարժում էր, ինչպես նաև՝ սոցիալական ցանցերի»,- նշել է Սամվել Մարտիրոսյանը։

Անդրադառնալով այդ օրերին շրջանառվող տարբեր կեղծ լուրերին՝ նա նշեց, որ կեղծ լուրերը շատ մեծ ազդեցություն չունեցան ներքաղաքական իրավիճակի վրա:

«Ադրբեջանում կա կեղծ լուրեր տարածողների մեծ բանակ, որոնք «Թվիթեր»-ում փորձում են Հայաստանը վարկաբեկել կամ Հայաստանի հասարակության վրա ազդել, բայց այս անգամ իրենք պասիվ էին գործում և ինչ-որ պահի ոչինչ չէին գրում: Կարծում եմ, դա պայմանավորված էր նրանով, որ մինչև իրենց քարոզչական կենտրոնում որոշում էին, թե ինչ պետք է գրել, Հայաստանում իրադարձությունները փոխվում էին, և պետք էր նորից ինչ-որ նոր բան մտածել»,- ասաց նա:

Բացի այդ, ուղիղ եթերները կոտրեցին կեղծ նորություններ տարածելու հնարավորությունը: