#Գործ կա. Ես աշխատում եմ… Նարեկ Շամամյան - VNews

#Գործ կա. Ես աշխատում եմ… Նարեկ Շամամյան

Narek - #Գործ կա. Ես աշխատում եմ… Նարեկ Շամամյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․Նարեկ Շամամյան

Ես Նարեկ Շամամյանն եմ։ Համալսարանում, դպրոցում, փողոցում և սոցիալական ցանցերում առավել հայտնի եմ որպես «Շամամ»։ Նոր եմ դարձել 18 տարեկան, բայց ինչ-ինչ պատճառներով ոչ ոք 22-ից պակաս չի տալիս։ Սիրում եմ մաթեմատիկան, իսպաներենն ու բոլոր կենդանիներին, հատկապես` մարդկանց։ Ինձ համարում եմ հումանիստ։

Մասնագիտություն

10-րդ դասարանից ի վեր ամեն կիսամյակ մի մասնագիտություն էի փոխում, իրավաբանից մինչև բժիշկ, դիվանագետից մինչև մարքեթոլոգ, բայց համալսարան դիմելու վերջին օրը նշեցի «Համակարգչային գիտություններ» բաժինը, որի համար հիմա շատ երջանիկ եմ։ Սակայն դերասան դառնալու անհագ ցանկությունս հաստատ մի օր ի կատար կածեմ (ժպտում է)։

PicsArt 1499534737221 960x960 - #Գործ կա. Ես աշխատում եմ… Նարեկ Շամամյան

Աշխատում եմ որպես

Չգիտեմ էլ ինչպես ասեմ․ թարգմանիչ-ուսուցիչ-վիդեոգրաֆ, մի խոսքով մաթեմատիկական տարբեր թեմաներով տեսանյութեր եմ պատրաստում  «Քան Ակադեմիա» միջազգային պրոյեկտի հայկական գրասենյակի համար, որը հանդիսանում է «Այբ» կրթական հիմնադրամի երիտասարդ, բայց արդեն իսկ հաջողակ ծրագրերից մեկը։ Աշխատանքս չափազանց շատ եմ սիրում, որովհետև ինձ համար միշտ հաճելի է գիտելիքներս ու փորձս փոխանցել ուրիշներին։ Համոզված եմ, որ այս աշխատանքով մեծ ներդրում եմ անում հետագա դասախոսական կարիերայիս մեջ։

Մի օր հասկացա, որ պետք է
Ինքնուրույն դառնամ՝ ինչքան հնարավոր է շուտ: Այդ ժամանակ դեռ 16 տարեկան էի, բայց ուզում էի վայելել անձնական գումարները ծախսելու բերկրանքը, այդ պատճառով ընտրեցի մի բան, որը և՛ ինձ կհետաքրքրի ու հաճելի կլինի, և՛, ինչու ոչ, թույլ կտա գիտելիքներս կիսել նրանց հետ, ովքեր դրա կարիքն ունեն։

Աշխատանք գտնելը
Միշտ չեմ սիրել, երբ ասել են, թե աշխատանք չկա։ Կարծում եմ, որ աշխատանք գտնելու ամենակարևոր նախապայմանը աշխատելու ցանկությունն է։ Երբ արդեն զգում էի, որ ոտք եմ դնում մեծ կյանքում, սկսեցի կամավորական սկզբունքով աշխատել, որպես թարգմանիչ-զբոսավար՝ մի հասարակական կազմակերպությունում և որպես միջոցառումների-ֆորումների կազմակերպիչ՝ մեկ ուրիշում։ 16 տարեկանից սկսեցի տանը դասընթացներ վարել դպրոցականների համար՝  նրանց սովորեցնելով մաթեմատիկա և անգլերեն։ Այնուհետև որոշ ժամանակ աշխատել եմ որպես բանավոր թարգմանիչ և վերջապես, մոտ մեկ տարի առաջ աշխատանքի անցա «Այբ» հիմնադրամում, որտեղ էլ մինչ օրս աշխատում եմ։

Իմ կյանքը փոխվեց
«Քան Ակադեմիա»-ի համար տեսանյութեր պատրաստելը ինձ համար դարձավ ամենահաճելի աշխատանքը, որի մասին կարող էի երազել։ Երբեք չէի պատկերացնի, որ իմ ներդրումը կունենամ մի ծրագրում, որով ինքս եմ մաթեմատիկա սովորել։ Մինչ այդ ես ունեի ընդամենը չորս աշակերտ և միայն նրանց հետ կարող էի կիսվել իմ գիտելիքներով ու փորձով։ Իսկ հիմա, ես մասն եմ մի ծրագրի, որը անվճար և որակյալ կրթությունը հասանելի է դարձնում ամենուր, բոլորի համար։

24993393 1395853593870615 8319253878064152509 n 1 - #Գործ կա. Ես աշխատում եմ… Նարեկ Շամամյան

Աշխատանք առանց ծանոթի

«Այբ» հիմնադրամում աշխատանքի անցնելս շատ հետաքրքիր է ստացվել։ ԱԺ ընտրությունների ժամանակ դիտորդ-թարգմանիչ աշխատելիս՝ պատահական ծանոթացա ներկայիս գործընկերներիցս մեկի հետ, որը, իմանալով հետաքրքրություններիս մասին, տեղեկացրեց «Քան Ակադեմիա» պրոյեկտի հայաֆիկացման նախագծում թափուր հաստիքների մասին։ Դիմելով և ընդունվելով աշխատանքի՝  ևս մեկ անգամ համոզվեցի, որ այնպիսի կառույցներում, ինչպիսին է «Այբ» կրթական հիմնադրամը, աշխատանքի ընդունելուց հաշվի են առնում միայն աշխատանքային հմտություններն ու գիտելիքները։ Չեմ կարծում, որ կա այնպիսի երիտասարդ, ով մեծ ոգևորությամբ ու եռանդով աշխատանք փնտրի Հայաստանում ու չգտնի։

Աշխատանաքում կարևոր է
Իմ աշխատանքում կարևոր է աշխատելիս ընտանիքիս անդամներին սենյակից դուրս հանելը, խնդրել որ չխոսեն ու չշնչեն, մի բաժակ ջուր ունենալ կողքիս, և աշխատելուց առաջ ընկուզեղեն չօգտագործել։ Սակայն շատ ավելի կարևոր է այս ամենն անել մեծ սիրով և նվիրվածությամբ, որպեսզի թե՛ ես, և թե՛ «Քան Ակադեմիա»-ից օգտվողները հաճույք ստանանք տեսանյութերից։

Ես սիրում եմ իմ աշխատանքը
Աշխատանքս սիրելուն նպաստում են թե՛ հրաշալի ընկերական մթնոլորտը, որ տիրում է «Քան»-ում, թե՛ այն բանի գիտակցումը, որ կարևոր գործ եմ անում ու մատչելի կրթություն ապահովում մեծ լսարաններին:

Խորհուրդ

Միշտ համարձակ եղեք ձեր նախաձեռնություններում: Սկսեք հնարավորինս շուտ մտածել ձեր ընտրած ուղու, նպատակների մասին ու րոպե առաջ քայլեր ձեռնարկեք: Համառորեն փնտրեք ու վստահաբար կգտնեք մի վայր, որտեղ կհամատեղեք հաճելին ու օգտակարը:

#ԳործԿա. Ես աշխատում եմ… Տիգրան Գալստյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ… Լուսինե Թորոսյան

#ԳործԿա… Ես աշխատում եմ. Կառլ Ավետյան