Ալ Եսայանը՝ հայկական մունաթի, «պորտֆոլիո» մենթալիտետի ու թավշյա հեղափոխության մասին - VNews

Ալ Եսայանը՝ հայկական մունաթի, «պորտֆոլիո» մենթալիտետի ու թավշյա հեղափոխության մասին

ajjjj - Ալ Եսայանը՝ հայկական մունաթի, «պորտֆոլիո» մենթալիտետի ու թավշյա հեղափոխության մասին

VNews – Business and Tech-ի բացառիկ հարցազրույցը ՏՏ ոլորտի հայտնի հայ մասնագետ, ճանաչված գործարար և ներդրող, ԱՄՆ-ում գործող IconApps ընկերության (Science Inc.-ի կողմից ձեռք բերված) համահիմնադիր ու Integrien ընկերության (VMWare-ի կողմից ձեռք բերված, որն այժմ Հայաստանում 140-ից ավելի աշխատակից ունի) հիմնադիր Ալ Եսայանի հետ: Նա նաև IntelinAir հայ-ամերիկյան ընկերության համահինադիրն է, որի նպատակն է թվայնացնել ագրոբիզնեսը։ Անօդաչու սարքերի օգնությամբ մշակում են տնտեսությունների «տոմոգրաֆիկ պատկերը», որոնք ցածր բարձրության վրա անում են բարձրորակ լուսանկարներ, ինչն էլ օգնում է ֆերմերներին ավելի խելացի կառավարել գյուղատնտեսությունը։  

Ինչպե՞ս եք սկսել Ձեր կարիերան, հետաքրքրվել տեխնոլոգիաներով։

– Ես Հայաստանում չեմ ծնվել, մինչև 13 տարեկան Իրանում եմ ապրել։ Երբ 31 տարեկան էի 1996-ին առաջին անգամ եկա Հայաստան և 1999 թվին ուխտ արեցի, որ 40 տարի շարունակ ամեն տարի գամ Հայաստան և ինչպես կարող եմ օգատակար լինել և բերել նոր տեխնոլոգիաները, ինչ-որ ձևով ներգարվվել Հայաստանի կյանքում:

Երբ երիտասարդ էի, ես ունեի մենթոր, նա ինձնից 10 տարով մեծ էր։ Ակտիվիստ էր։ Նա ինձ հետ խոսում էր ինժեներության մասին, ես լավ էի մաթեմատիկայից և ուսումնասիրում էի փիլիսոփայություն քոլեջում և համալսարանում, 2 տարի անց տեղափոխվեցի ինժեներության բաժին: Ես աշխատում էի և ինքս վճարում իմ կրթության համար և հոգում այլ ծախսերը։ Երբ լքեցի Իրանը, մի քանի ամիս անց հեղափոխությունը եղավ, շատ տնտեսական փոփոխություններ էլ եղան, և ես ստիպված էի ինքս ինձ պահել, այդ թվում հոգալ ապրուստի և սովորելու ծախսերը, քանի որ ծնողներիս համար դժվար էր:

Գիտեմ, որ առաջին ընկերությունը, որտեղ  աշխատանքի եք անցել Tandem-ն է եղել։ Պատմեք ՏՏ ոլորտում Ձեր առաջին աշխատանքի մասին։

-1987-ին Միացյալ Նահանգներում տնտեսական շատ ծանր տարի էր. չկային շատ աշխատատեղեր, բայց ես գտա աշխատանք։ Tandem ընկերությունում աշխատում էի 2 եղբայրների հետ, այդ ստարտափում ես սովորել եմ շատ բաներ՝ պրոդուկտը նախագծելուց մինչև կյանքի կոչել, կառուցել և շուկա դուրս բերել։ Սա իմ առաջին աշխատանքն էր։ Հետո բացի այդ ընկերությունից, ես աշխատանքի ընդունվեցի մի ճապոնական ընկերությունում։ Իմ քույրն ապրում էր Ճապոնիայում և դա լավ հնարավորություն էր գնալ Ճապոնիա և աշխատել այնտեղ: Դա hardware ընկերություն էր, այնտեղ աշխատեցի 9 տարի, շատ գիտելիքներ ձեռք բերեցի: 1998-ի վերջում միացա այլ ընկերությունների։

Ո՞րն էր առաջին ստարտափը, որն ստեղծեցիք: 

– Առաջինը 1999 թվին էր, որի գաղափարն էր ստեղծել Միացյալ Նահանգներում տարբեր էթնիկ խմբերը միավորող ինժեներական հարթակ։ ԱՄՆ-ում բնակչության 40 տոկոսն էմիգրանտներ են կամ էլ էմիգրանտների սերունդներ՝ տարբեր մշակույթներով:

Ուխտ եք արել, որ 40 տարի շարունակ ամեն տարի այցելելք Հայաստան։ Այստեղ մասնակցում եք տարբեր IT կոնֆերանսների, այս ընթացքում նաև ակտիվ հետևել եք Հայաստանում ՏՏ ոլորտի տրանսֆորմացիային, ի՞նչ փոփոխություններ եք նկատել:

– Ես կբաժանեի 3 փուլի: Առաջինը՝ 90-ականների կեսերից մինչև 2005թ. կարող ենք անվանել աշխատանքի ստեղծման շրջան, երբ սփյուռքից ընկերություններն իրենց մասնաճյուղերն էին տեղափոխում Հայաստան, պետք է ստեղծվեին նոր աշխատատեղեր:

2005-2010թ. մենք ավելի կարիք ունեինք սովորելու, գիտելիք հավաքելու։ Ես չեմ հավատում outsource-ին, Հայաստանի ինժեներները, տեխնո-համայնքը պետք է իսկապես ներգրավված լինեն պրոդուկտի կոնցեպտուալ փուլից մինչև նախատիպեր մշակելու, հաճախորդների հետ կապեր հաստատելու փուլերում։ 2009-ին ես մի քանի ընկերներիս հետ կազմակերպեցի Yerevan Startup Mixer-ը։ Մեր նպատակն էր միացնել ու համախմբել, բաց քննարկել գաղափարներ տեխնո-համայնքի հետ, սովորել միմյանց փորձից: Մինչ այդ, բարձր տեխնոլոգիաների համայնքի անդամները ամեն մեկը կենտրոնացած էր իր գաղափարի գաղտնիության վրա: Շատ տարօրինակ էր, 2009-2014թթ. բնիկ հայաստանցի երեխեքը զգացին, որ ոչնչի պակաս չունեն աշխարհի այլ երկրների երիտասարդներից և սկսեցին կիսվել իրենց մտքերով ու գաղափարներով, մարդիկ ավելի քիչ էին ծածուկ խոսում իրենց գաղափարների մասին:

2014-ից հայաստանցիները տեսան, որ կարող են ստեղծել իրենց սեփական կապիտալը և սկսեցին ստեղծել։ Ներկայումս կա բավականին մեծ կապիտալ Հայաստանում: Հայաստանում ծնողներդ քեզ դուրս չեն գցելու, սա արդեն իսկ կապիտալ է, դու Երևանում մեքենայի կարիք չունես մի տեղից մյուսը հասնելու համար: Պատկերացրեք՝ այս բոլոր ծախսերը, երբ գալիս եք Սիլիկոնյան հովիտ, Լոնդոն կամ էլ այլ ինովացիոն կենտրոններ։ Դու պարզապես 100 հազար դոլարի կարիք ունես ուղղակի գոյատևելու համար և ես միշտ ասում եմ, որ դու արդեն իսկ ունես այդ կապիտալը խնայած և կարող ես հաջողել:

Կապը մեծ տեխնո-իրադարձություներին ու կյանքին այլևս խնդիր չէ: Եվ արդեն գաղափարները կարող են դառնալ մեծ նախագծեր, ինչպես Սևան Ստարտափ Սամիթը, Hero House-ը և այս բոլոր հրաշալի բաները, որ կատարվում են Հայաստանում՝ հրաշալի ապագայի համար: Նաև կներառեի այնպիսի կազմակերպությունների, ինչպիսին Tumo-ն է, որն իսկապես տեխնոլոգիաների կապը իրական է դարձնում՝ թույլ տալով մարդկանց դուրս գալ Հայաստանի աշխարհագրական մեկուսացումից և հնարավոր դարձնում դառնալ գլոբալ քաղաքացի և գործել ամբողջ աշխարհում:

Խոսենք այժմյան դժվարությունների ու սխալների մասին, որ կարելի է ուղղել ու զարգացնել բարձր տեխնոլոգիաները Հայաստանում:

– Ճիշտը ու սխալը չեմ կարող գնահատել, բայց հիմնական խնդիրը կրթությունն է գիտական հաստատություններում: Խնդիրը գիտահետազոտական համալսարաններում է: Ոչ թե համայնքը պետք է ստեղծի այն, այլ պետք է պահանջի ու աջակցի ֆինանսավորելով: Ֆինանսների ներդրումը կլինի հրաշալի համալսարանի ստեղծման մի մասը: Մենք կարող ենք ստեղծել իրական գիտահետազոտական համալսարան:

Մենք ունենք կապ նաև սփյուռքի հետ և ոչ միայն հայաստանցիների, նաև այլ պրոֆեսիոնալների հետ կապ հաստատելով, կարող ենք հմտություններ ձեռք բերել բարձր տեխնոլոգիաների ոլորտում, օրինակ՝ բլոկչեյնի, AR/VR-ի։ Հիմնել համալսարան, որը կզբաղվի իսկական հետազոտությամբ: Ես չեմ հավատում, որ հնարավոր է ստեղծել մոդեռն և շատ հաջողակ հասարակություն կամ երկիր պարզապես հիմնվելով տեխնոլոգիաների վրա, որոնք արդեն իսկ ուսումնասիրված են, հիմնվել այլ մարդկանց արդեն իսկ ստեղծած տեխնոլոգիաների վրա: Պետք է նոր գիտություն ստեղծել և դրա շուրջ հիմնել նոր ընկերություններ ու ստարտափներ: Ես հուսով եմ, որ այս նոր կառավարությունը կամ այս նոր էներգիան, որ հայ ազգն ունի գլոբալ որևէ բանի ստեղծողը կլինի:

2-րդը, որ ես խորհուրդ կտամ, այն է, որ ներառենք աղջիկներին ու իգական սեռի ներկայացուցիչներին այս բոլոր ընկերություններում: Ասում են՝ աղջիկները չեն կարողանում կոդ գրել, սա լավ հնարվորություն է որ սովորեցնենք ընդունել մարտահրավերները և վերածել դրանք հնարավորությունների: Ինչու, քանի որ կազմակերպությունները որոնք բազմազանություն ունեն, ավելի բարձր մակարդակի վրա են և հակված են ավելի լավ գործել, հակված են ավելի լավ գաղափարների: Կարծում եմ սա երկրորդ մարտահրավերն է:

Համայնքն ինքնուրույն պետք է կենտրոնանա այս բանի վրա և ակտիվորեն սկսի դպրոցական level-ից ցույց տալ՝ ինչու է տեխնոն կարիերայի ընտրության համար լավ, հաճելի և ներգրավել մարդկանց: Ես մտածում եմ, որ Հայաստանը պետք է ավելի տոլերանտ դառնա, ավելի հյուրընկալ ոչ հայերի համար, ովքեր կգան կհաստատվեն Հայաստանում: Ազգային տարբերությունները, պետք է գրավիչ լինեն ոչ հայերի համար:

Բազմաթիվ ստարտափներ դիմում են Ձեզ խորհուրդների, աջակցության համար։ Դուք մենթոր եք ու ներդրող, ի՞նչ պետք է ունենա ստարտափը, որ ուշադրություն դարձնեք և սկսեք աշխատել այդ ստարտափի հետ:

– Ես աշխատում եմ բոլորին օգնել, առատաձեռն եմ ու շատ խորհուրդներ եմ տալիս նրանց, բայց ես չեմ կարող լինել միաժամանակ բոլորի բիզնեսի խորհրդի անդամը կամ էլ խորհրդատուն, քանի որ ես ինքս էլ ունեմ բիզնեսներ և ոչ միշտ եմ ժամանակ գտնում բոլորին պատասխանելու համար: Եվ նրանցից շատերը պետք է հասկանան և չընդունեն ամեն-ինչ անձնական: Տհաճ է, երբ ինձ email են անում ու եթե չեմ հասցնում պատասխանել կամ էլ կարճ եմ պատասխանում, նեղանում են ու չեն հասկանում, որ ես պարզապես ժամանակ չունեմ: Փոխարենը երախտապարտ լինեն, որ ես տրամադրել եմ իրենց իմ ժամանակի մի մասը:

2 տարի առաջ մի նոր բառ սովորեցի՝ մունաթ: Ամենատհաճ բանն է։ Եթե մարդը մի քանի րոպե, 20 կամ ավելի րոպե է քեզ տալիս, պետք է սովորել ինչ-որ բան այդ ընթացքում, պետք է հասկանալ, որ մարդը դա անում է, որ օգտակար լինի: Ես հետաքրքրված եմ, որ երիտասարդ սերունդը սովորի: Մի գիրք կա էմոցիոնալ ինտելեկտի վրա աշխատելու մասին, որը անձնական հմտություններն է զարգացնում, սա շատ կարևոր է մարդկային հարաբերություններ կառուցելու համար: Կյանքը կառուցված է տալ ու վերցնել սկզբունքով, ոչ թե միայն վերցնել, վերցնել ու վերցնել։

Պատմեք Ձեր նոր ընկերության՝ IntelinAir-ի մասին:

– IntelinAir-ը կենտրոնացած է գլոբալ գյուղատեսությունը փոխելու վրա, սա այն ոլորտն է, որը պետք է տրանսֆորմացիա ապրի, քանի որ աշխարհում բնակչության քանակն աճում է։ 7 միլիարդ մարդ ենք հիմա և 2050-ին արդեն 10 միլիարդի կհասնենք: Մենք չունենք շատ հողատարածություններ և պետք է ինովացիոն ճանապարհով մեծացնենք սնունդի քանակն արդեն իսկ գոյություն ունեցող հողերի վրա։ Ապագայում աշխարհում շատ բաներ կախված են լինելու տրադիցիոնալ գյուղատնտեսությունից: Մենք կենտրոնացած ենք, նորագույն տեխնոլոգիաները՝ մեքենայական ուսուցումը, արհեստական ինտելեկտը, տվյալների վերլուծությունը բերել դեպի գյուղատնտեսություն՝ առավել լավ փորձառության համար: Մենք կենտրոնացած ենք լայնածավալ ագրարային տնտեսությունների վրա, դրանց թվում են եգիպտացորենի, սոյայի, բրնձի դաշտերը և այլն:

Այս պահին ինքնաթիռները թռչում են ԱՄՆ-ի երեք նահանգներում՝ Իլինոյս, Այովա, Ինդիանա։ ԱՄՆ-ի եգիպտացորենի ու սոյայի ամենամեծ դաշտերը գտնվում են հենց այս նահանգներում։ Հիմա ակտիվ աշխատում ենք Բրազիլիայի ու Կանադայի ֆերմերների հետ՝ լուծումն այնտեղ կիրառելու համար։ Մենք ցանկանում ենք բերել այս տեխնելեգիաները տարբեր երկրների գյուղատնտեսություններ: Ինչպես նաև կան որոշ քննարկումներ Ուկրաինայի շուկա մուտք գործելու վերաբերյալ:

e30fef45553776ae 960x718 - Ալ Եսայանը՝ հայկական մունաթի, «պորտֆոլիո» մենթալիտետի ու թավշյա հեղափոխության մասին

Նախորդ տարի դեկտեմբերին ստացել էիք ներդրում հայկական Granatus Ventures-ից, խոսենք ներդրումների մասին, ի՞նչ փուլում եք հիմա, ի՞նչ կարող ենք սպասել առաջիկայում:

– Նախընտրում եմ ներդրումների մասին այժմ չխոսել, մենք այս փուլում չենք բարձրաձայնում դրանց մասին: Որպես ստարտափ, իմ կարծիքով, մշտապես պետք է ներդրում փնտրել ու ներգրավել: Հայաստանում, որ խոսում եմ, ասում եմ՝ ժողովուրդ երբեք մի դադարեք ներդրում ներգարվել, միշտ հարկավոր է կապիտալ, այն մշտապես անհրաժեշտ է աճելու, նոր շուկաներ մուտք գործելու համար։ Այսպիսով, մենք միշտ ներդրումային փուլում ենք:

Խոսենք նաև անհաջողություններից։ Ի՞նչ խորհուրդ կտաք ստարտափերներին դրանցից խուսափելու համար։ Ո՞րն է ամենամեծ ձախողումը եղել Ձեր կարիերայի ընթացքում, որը լուծել եք կամ էլ նոր բան եք սովորել, նոր ճանապարհներ եք բացահայտել: 

– Ես ունեցել եմ բազմաթիվ անհաջողություններ: Ես կխոսեմ ընդհանուր ու մասնավոր դեպքերից: Կա 2 հիմնական պատճառ, ինչի հետևանքով ստարտափներն անհաջողության են մատնվում, իհարկե կան շատ-շատ պատճառներ, բայց հիմնականը երկուսն են: Առաջինը, որ ստարտափի համահիմնադիրների մեջ համերաշխություն չկա կամ չի պահպանվում։ Մարդիկ սկսում են շատ մեծ էնտուզիազմով, բայց ամեն ինչ դեռ առջևում է, սև գործը դեռ չի սկսել և դեռ միայն գաղափարների մասին է խոսքը գնում, այդ ամենը պրակտիկ պետք է գործով արվի և հաճախ էգոն առաջ է գալիս ու հաղթում է: Սա շատ հաճախ 2 կամ 3 համահինադիրներ ունեցող ստարտափների անհաջողության պատճառն է դառնում, որն ավարտվում է նույնիսկ իրար աչքերի մեջ նայել չկարողանալով։ Էգոն հաղթում է ու դառնում գաղափարից առաջնահերթ:

Ստարտափները բարդ են ու շատ կարևոր է կենտրոնացումը: Եթե դու սկսում ես ստարտափ, ապա, ըստ էության, պետք է դադարես անել մնացած ամեն ինչ և պարզապես կենտրոնանաս միայն դրա վրա: Եվ հայկական մենթալիտետի մեջ կա «պորտֆոլիո» լրացնելը՝ միանգամից մի 5 գործով զբաղվելը, որը յուրահատուկ է հենց Հայաստանին։ Հավանաբար բավականաչափ հավատք չկա իրենց արածի հանդեպ: Մտածում են՝ սա էլ կանեմ, եթե սա չեղավ՝ մյուսը կանեմ, սակայն կարևորը մեկ բանի վրա կենտրոնանալն է։ Չգիտեմ, գուցե ես ճիշտ չեմ, բայց ես կարող եմ կենտրոնանալ միայն մեկ ընկերության վրա միառժամանակ: Ես իսկապես դեմ եմ «պորտֆոլիո» մենթալիտետին, քանի որ 5 բան ես անում և ոչ ոք չի իմանում որն է քո բռենդը, քո գործը։ Անհասկանալի է, թե ի վերջո ինչ ես անում:

Ամեն անգամ, երբ ես սկսում եմ որևէ ընկերություն, ապա ես դուրս եմ գալիս այլ ընկերությունների խորհրդականների շարքից, գիտեք ինչու, որովհետև ես զբաղված եմ, ես իսկապես իմ էներգիան ծախսում եմ մեկ գործի ուղղությամբ: Շատ երիտասարդ ձեռներեցներ՝ մոտ 26 տարեկան հասակ ունեցող, արդեն ունեն 2 ընկերություն և խորհրդատվություն են անում 4 այլ ընկերությունների համար։ Սա ծիծաղելի է, առաջին հերթին ի՞նչ գիտես այդ տարիքում, որ խորհուրդ տաս 4 տարբեր ընկերությունների: Որոշ մարդիկ մտածում են, որ իրենց անունն ինչքան տարածվի այդ կերպով ավելի մեծ հեղինակություն են ունենում:

Իմ կարիերայի սկզբնական շրջանում ես համոզեցի իմ ճապոնական ընկերությանը տեղափոխվել Թայլանդից Չինաստան ու հետո պարզվեց, որ սխալ էր ու շատ թանկ նստեց դա յմեզ վրա: Այո, մենք սխալվում ենք ու սովորում, առերեսվում ենք խնդիրներին ու լուծում դրանք: Ես խորհուրդ կտամ, որ մարդիկ չխուսափեն դժվարություններից կամ էլ ձախողումներից։ Չկան ձախողումներ, կան դասեր: Բոլոր ձախողումներն իրենց տեսակի մեջ փորձ են ու դաս, ձեռներեցը կամ էլ սովորական մարդը պետք է լինի օբյեկտիվ իր ձախողումների նկատմամբ, ինչն էլ հետագայում կօգնի հաջորդ քայլերում: Բայց որոշ մարդիկ ձախողում են ու վազում են հեռու դրանից, խուսափում են, հետո շարունակում են նորից նույն բանն անել ու երկրորդ անգամ չեն հասկանում, ինչու դա պատահեց, չեն վերլուծում:

Եթե նայենք գլոբալ, աշխարհում ինչ թրենդներ կնշեք, որ վաղը կդառնան մեր ներկան։ Ո՞ր տեխնոլոգիաների վրա արժե ժամանակ ու գումար ծախսել:   

– Շատ դժվար հարց է: Ամեն մեկս այն ամենի ազդեցության տակ ենք, ինչ կարդում ենք, լսում ու նայում: Այժմ կան շատ անվճար ժամանցներ․ Google, Netflix ու նման այլ ծառայություններ, որոնք չունեն սահմանաակումներ: Կարելի է դիտել ու տեսնել շատ բաներ: Եթե որոշում ես, որ ժամանակդ ու կենտրոնացումդ ներդնել ինչ-որ բանի մեջ, ապա դու կարող ես սովորել ամեն ինչ, ինչ ցանկանաս: Եվ հիմնվելով այդ սովորածի վրա՝ կարող ես պարզապես գումար վաստակել քո և քո ընտանիքի համար։ «Ամենաթողության» դարաշրջանում իսկապես կարևոր է իմաստը, թե քո ժամանակի ամբողջ իմաստը որն է, ինչ ես ուզում ապացուցել աշխարհին: Սահամանփակումներ չկան։

Եթե նայենք ապագայի տեխնոլոգիաներին, ինչպիսին օրինակ՝ բլոկչեյնն է, մենք հիմա կանգնած ենք սկզբում, պետք է մտածել՝ ինչ կարող է բլոկչեյնն անել մարդկանց կյանքի հետ, ինչ ազդեցություն այն կարող է ունենալ:

Հիմա արդեն իսկպաես կարևոր է դառնում, թե ինչպես են մարդիկ իրար վերաբերվում, ինչ են տալիս միմյանց տեխնոլոգիաների միջոցով: Նույնիսկ Հայաստանում, փոքր երկիր է բայց 10 տարի անց շփումներն ամբողջովին կփոփոխվեն, և այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են gg-ն, menu.am-ը կարող են լինել առաջատրներ, քանի որ իրենք շփվում են հասարակության հետ ամեն օր:

Ամեն անգամ, երբ գալիս եք Հայաստան, ի՞նչն եք ամենաշատը սիրում այստեղ: 

– Երիտասարդներին: Հատկապես ազատության սերունդը, անհավատալի են, այս սերնդում չկան այն սահամանափակումները, որոնցով մենք ենք մտածում: Մեծ սերունդը մեծ սահամափակումներ ունի, մտածում են՝ սա չի լինի, նա չի լինի: Ես մեծ հույսեր ունեմ ազատության սերնդի հետ։ Ամեն անգամ, երբ գալիս եմ Հայասատան, միշտ հիանում եմ այնպիսի տեղերով, ինչպիսին է Hero House-ը: Նոր սերունդն անվախ է և հենց այս անվախության շնորհիվ էր նաև այն ինչ եղավ Հայաստանում։

Թավշյա հեղափոխության ժամանակ էլ մեծ դերակատարություն ունեցավ երիտասարդությունը, ի՞նչ սպասելիքներ ունեք այս իրադարձություններից հետո։

– Այո, որ ասում են անփորձ մադիկ են ու չեն կարողանա, ես ասում եմ՝ հրաշալի է։ Երբեմն, երբ անփորձ ես, սահմանափակված չես նորարարության ու այլ կերպ մտածելու առումով: Միայն թե մեծախոսությունն ու մեծամտությունը չմտնեն նոր սերնդի մեջ։ Սա թիմային աշխատանք է, և իհարկե կարող են լինել նաև ձախողումներ, բայց գիտեք դրանք էլ պարզապես դասեր են, դա վերջը չէ, որ ասես՝ օ՜ ես ձախողեցի, աշխարհի վերջն է: Միակ բանը, որ աշխարհի վերջն է՝ աշխարհի վերջն է, մնացածը վերջը չեն: Երբ էլ աշխարհի վերջը գա, ապա բոլորի համար կգա, բոլորս կիմանանք այդ մասին։


Հայկական Dowork.ai-ը Product Hunt-ում է (տեսանյութ)

Մայիսի 12-ին հեռահար ձևով կկայանա Հայաստանի ստարտափ ակադեմիայի 5-րդ դեմո օրը

Հայկական Flight Hunter ստարտափը կարող է դառնալ ավիաթռիչքների Uber-ը

Հայ ինժեներները մշակում են արևային պանելներին փոխարինող թափանցիկ արևային պատուհաններ

Lucky Carrot-ը ներդրում է ստացել BANA-ի բիզնես հրեշտակների կողմից

Forbes-ն անդրադարձել է Հայաստանի տեխնոլոգիական հեռանկարին

Նոր իրավիճակը նոր ռազմավարություն է պահանջում. Կարեն Վարդանյան

Himnark-ը նոր ներդրում է ստացել Հայաստանի բիզնես հրեշտակներից (տեսանյութ)

ConnectIT նախագիծը կնպաստի Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը

BANA-ի ներդրողները փակ հանդիպում են ունեցել ստարտափների հետ

#SSS19. Սևան Ստարտափ Սամմիթի հաջողակ ստարտափները (տեսանյութ)

Հայկական Lucky Carrot-ը մշակել է նոր գործառույթ, որը կբարձրացնի աշխատակիցների մոտիվացիան

Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը ներդրում է կատարել 2 հայկական ստարտափում

Հայկական 2Hz-ի Krisp համակարգը ներդրվել է «Ռոստելեկոմ»-ի զանգերի կենտրոնում

10Web-ը մշակում է նոր լուծում, որը AI-ի միջոցով կավտոմատացնի վեբ-կայքեր պատրաստելը (տեսանյութ)

Հայկական Evi հավելվածը թույլ է տալիս սնվել զեղչված գներով