Բագարանի դպրոցում նույնպես կգործի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա - VNews

Բագարանի դպրոցում նույնպես կգործի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

Հունիսի 8-ին Արմավիրի մարզի Բագարան գյուղի միջնակարգ դպրոցում Ucom ընկերության հովանավորությամբ բացվեց արդեն 40-րդ «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիան։ Բագարանի լաբորատորիայում ծրագրավորման և ինժեներական դասընթացները կվարի «Դասավանդի՛ր Հայաստան»-ի մասնակից, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցիչ Վանիկ Վարդանյանը, իսկ սեպտեմբերից Վանիկին կփոխարինի «Դասավանդի’ր, Հայաստան»-ի նոր մասնակիցը։

Երկու ընկերություններն այսուհետ կհամագործակցեն «Տեխնոլոգիաները հանուն կրթության» կարգախոսի ներքո: Գործակցության նպատակն է նորարության եւ բարձր տեխնոլոգիաների կիրառումը Հայաստանի հեռավոր մարզերում, որտեղ աշխատում են «Դասավանդի’ր, Հայաստան»-ի մասնակիցները։

«Վերջին շրջանում արված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ Ucom-ը հանդիսանում է Հայաստանում ամենանորարարական ու զարգացող հայկական ընկերությունը։ Այս գնահատականը խիստ պարտավորեցնող է, ահա թե ինչու մենք կարծում ենք, որ միայն կապի հասանելիության և հեռահար ուսուցման պայմաններ ապահովելով՝ հնարավոր չէ հասնել ցանկալի արդյունքի։ Դպրոցահասակ տարիքից ինժեներական մտքի զարգացմանը նպաստող լաբորատորիաների բացումն առաջին հերթին կրթության ոլորտում նորարարական մոտեցման ջատագովների ձեռքերում է։ Կրթության միջոցով նորարարության համար հիմք ստեղծելու ճանապարհին այսօր մեր աջակիցը «Դասավանդի՛ր Հայաստան»-ի մասնագետներն են», – նշեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

«Արագ փոփոխվող այս աշխարհում, որտեղ բարձր տեխնոլոգիաները կարեւոր դեր են խաղում եւ նպաստում են զարգացմանը, անարդար է, որ հեռավոր գյուղերում ապրող երեխաներն անմասն մնան այդ ամենից։ «Դասավանդի’ր, Հայաստան»-ի նպատակն է գերազանց կրթությունը հասանելի դարձնել Հայաստանի բոլոր երեխաների համար, եւ ես ուրախ եմ, որ Յուքոմ ընկերության շնորհիվ մենք կարող ենք կիրառել նաեւ նորարարություններ այդ կրթությունն էլ ավելի արդյունավետ եւ բազմակողմանի դարձնելու համար։ Այս լաբորատորիան միայն սկիզբն է մեր երկարաժամկետ համագործակցության, որի համար առաջին շահառուները մեր երեխաներն են», – նշեց «Դասավանդի՛ր Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր և ղեկավար Լարիսա Հոհաննիսյանը։

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց․

«Համոզված եմ, որ մեր գործընկերների միավորումը «Արմաթ» ծրագրի շուրջ առանձնահատուկ արդյունք է գրանցելու: Ե՛վ Ucom ընկերությունը, և՛ «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագիրը իրենց դրական փորձն ու ներդրումն են կատարում կրթական այս համահայկական ծրագրում, և որքան ավելի շատ են ընկերությունները կոնսոլիդացվում տեխնոլոգիական կրթության շուրջ, այնքան ավելի մեծ հաջողություններ ենք գրանցում»:

Կ. Վարդանյանը նաև հավելեց, որ «Դասավանդի՛ր Հայաստան» և «Արմաթ» կրթական ծրագրերի ու մի շարք ՏՏ ընկերությունների հետ առաջին և հաջողված համագործակցությունը սկսվել է դեռևս հունվար ամսին՝ Արցախի Նորշեն համայնքի «Արմաթ» ինժեներական լաբորատորայի հիմնադրմամբ:

Հավելենք, որ Ucom ընկերության և ԻՏՁՄ-ի կողմից հիմնադրվող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կրթական ծրագիրը նպատակ ունի խթանելու տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի համայնքների բոլոր դպրոցներում, նպաստելու աշակերտների մոտ ժամանակակից բարձր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, վաղ տարիքից ճարտարագիտական մտածելակերպի զարգացմանը և բանիմաց ուսանողների նախապատրաստմանը։

«Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաներում մշակված ծրագրային փաթեթները, ինչպես նաև սարքավորումների գծագրերը բաց են հանրության համար։ Խմբակ-լաբորատորիաների համար ծրագրային միջոցներ ձեռք բերելիս նախապատվություն է տրվում տեղական արտադրողին, ինչի վառ օրինակ են հանդիսանում Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ (3D) տպիչները, մինի համակարգիչները, ռոբոտաշինության հավաքածուները և այլ սարքերը։


«Արմաթը» դիմավահաններ է տրամադրել շուրջ 50 բուժհաստատության

«Արմաթն» անցնել է հեռավար ուսուցման

Այլ երկրներ օգտագործում են այն մոդելը, որը մշակվել է Հայաստանում. Կարեն Վարդանյան

«Արմաթը»՝ Հարավային Ասիայի խոշորագույն տեխնոլոգիական ցուցահանդեսում

Փետրվարին կբացվի առաջին «Արմաթ» լաբորատորիան Հնդկաստանում

Ucom-ը մտադիր է գնել «Բիլայն»-ը

Շիրակի մարզի բոլոր դպրոցներում կան «Արմաթ» լաբորատորիաներ

Վերջին հինգ օրում բացվել է 57 «Արմաթ» լաբորատորիա

Արմաթն ամփոփել է «IT շաբաթվա» նվաճումները

Արմաթ կրթական ծրագիրն արտահանվում է Հնդկաստան

Արմաթ կրթական ծրագիրն ընդլայնում է իր սահմանները դեպի Եթովպիա և Աֆղանստան

ՀՀ դպրոցների 50 տոկոսում մինչև տարեվերջ ռոբոտիկայի «Արմաթ» լաբորատորիաներ կլինեն

«Արմաթ» տեխնոճամբարին մասնակցել է ավելի քան 400 դպրոցական

«Գալաքսի» ընկերությունների խումբը և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը կհամագործակցեն

«Արմաթ»-ը Մերձավոր Արևելքի երկրներ արտահանելու վերաբերյալ բանակցություններ են ընթանում

Թիվ 200 հիմնական դպրոցի «Արմաթ»-ը համալրվել է FabPro1000 պրոֆեսիոնալ եռաչափ տպիչով