Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Հայկական CARDY ստարտափը մշակել է բիզնես կապեր հաստատելու ցանցային գործիք, որը հնարավորություն է տալիս թվային այցեքարտեր պատրաստել ու փոխանակել ձեր շուրջը գտնվող մարդկանց հետ: Արդեն մեկ ամիս է, ինչ անվճար բեռնման համար թողարկվել է համանուն հավելվածը iOS և Android հարթակների համար։
Գաղափարի հեղինակը և ստարտափի համահիմնադիրը՝ Միհրան Սահակյանը, բիզնես կոնֆերանսների և էքսպոների մասնակցելիս, հանդիպել է կապեր հաստատելու և շրջապատի մարդկանց ճանաչելու խնդրի առջև ու որոշել է լուծել խնդիրը՝ բիզնես քարտերի թվային հարթակ ստեղծելու միջոցով։
VNews – Business and Tech-ին Միհրանը պատմել է CARDY-ից օգտվելու, կարևոր առանձնահատկությունների և իրենց թիմի տեսլականի մասին․
«Օգտվելու համար հարկավոր է բեռնել հավելվածը, գրանցվել, թվային քարտում լրացնել անձնական տվյալները, հնարավոր է նաև խմբագրել ինֆորմացիան։ Ամենակարևորը կարելի է ստեղծել մի քանի բիզնես քարտ, ըստ անհրաժեշտության դրանցից կամայականը դարձնել տեսանելի շրջապատողների համար, տեսնել ովքեր են շուրջդ, կապնվել հետաքրքրող մարդկանց հետ։ Նույնիսկ եթե դիմացինդ մեր ծրագիրը չունի հնարավոր է Facebook-ով, մեյլով կամ այլ սոցցանցերով ուղարկել թվային այցեքարտը։
Ուղարկելուն զուգահեռ հավելվածը թույլ է տալիս նշել նկարագրություն, ուղարկելու պատճառների մասին, հետագայում նաև follow up անել այն մարդկանց, ում հետ թվային քարտեր եք փոխանակել»։
Արդեն պայմանավորվածություններ են ձեռք բերել Թբիլիսի Impuct Hub-ում, Fabrica հոսթելում տարբեր միջոցառումների ընթացքում CARDY-ն ներդնելու շուրջ։ Թիմն այժմ աշխատում է վեբ-կայքի պատրաստման վրա, որտեղ հասանելի կլինի ամբողջ ֆունկցիոնալությունը։
«Մասնակցել ենք Founder Institute-ի 3-4 ամիս տևողությամբ թրեյնինգների շարքին, որը մեզ շատ օգնեց ձևավորել բիզնես մոդելը, այնուհետև մասնակցել ենք Հայկական ստարտափ ակադեմիայի 2-րդ փուլին, այստեղ գործնական աշխատանք ենք տարել մասնագետների հետ։ Նրանցից յուրաքանչյուրը մարքեթինգի, բիզնեսի զարգացման մասին օգտակար գործիքներ էին տրամադրում, մեծ փորձառություն ենք ստացել։ Խաղայնացված մոդելով էր այդ ամենը, մենք թոփ 3-րդն ենք։ Մրցելը նպաստում է էլ ավելի ոգևորված գործն անել»,- ասում է Միհրանը։
Ստարտափն այժմ ընդունվել է Beeline Startup Incubator, դրամաշնոհային մրցույթների մասնակցության մտադրություններ նույնպես ունեն, սակայն դեռ ժամանակ է հարկավոր դաշտն ուսումնասիրելու և մասնակցության որոշում կայացնելու համար։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո