#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Վոլոդյա Մուշեղյան - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Վոլոդյա Մուշեղյան

Vova - #ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Վոլոդյա Մուշեղյան

Ես Վոլոդյան եմ, երբ անձնագրային բաժանմունքում եմ։ Վլադիմիրն եմ, երբ ռուսերենի դասախոսին եմ տեսնում։ Վովան եմ, երբ ընկերներիս հետ եմ։ Վովն եմ, երբ «Ֆեյսբուքում» կամ «Ինստագրամում» եմ։ Դե, կռահեք, թե ով եմ, երբ հանդիպում եմ Էմմա տատիիս ու Վալոդ պապիիս․․․ ինչևէ:  Տարիքս 23 է, մնացածի մասին կկարդաք ներքևում։

Մասնագիտություն

Ես մարդ եմ շատերի նման, ով երազել է դիվանագիտության մասին, ուսումնասիրել է հայոց պատմությունը, լավ տիրապետում է հայերենին, որոշել է տնտեսագետ դառնալ, հետո «տեղափոխվել» է ծրագրավորման դաշտ ու ընդունվել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ։ Ես լրագրող եմ։ Հիմա ուսումնասիրում եմ հանրային կապերի ոլորտը, այսինքն՝ մագիստրոս եմ։ Մեկ դիպլոմը՝ հորս, մյուսն ալ մորս եմ խոստացել․․․ալ կարմիրը։

Աշխատում եմ որպես

Լրագրության բնագավառում եմ աշխատում, մասնավորապես՝ թերթի խմբագրությունում։ Ժամանակ առ ժամանակ լրագրող եմ, հաճախ՝ նյութեր սրբագրող, ավելի հաճախ՝ խմբագրող ու լրահոսի պատասխանատու։

43878045 2212339535697465 943716662685728768 n 960x764 - #ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Վոլոդյա Մուշեղյան

Մի օր հասկացա որ պետք է

Սովորել Ժուռնալիստիկայի ֆակուլտետում ու սպասել, թե դիպլոմիդ առաջ խմբագիրներ են խոնարհվելու, ամենամեծ մոլորությունն է։ Մի օր հասկացա դա ու ուսմանս զուգահեռ փորձեցի աշխատանք գտնել։ Հեշտ ստացվեց։

Աշխատանք գտնելը

Առաջին պատնեշները մենք՝ ինքներս ենք ստեղծում՝ մտածելով, թե չենք կարող կամ գլուխ չենք հանի այս կամ այն աշխատանքից։ Եթե ինձ պես մի փոքր էլ իդեալիստ եք, խնդիրը եռակի բարդանում է։ Քեզ թվում է, թե առաջին իսկ օրը գործատուն պետք է ճակատդ համբուրի։ Ահա առաջին պատնեշը, երբ առաջին օրով «համբույր» չես ստանում։ Հետո ստանում ես առաջին հոնորարը, ուրախանում, բայց տուն հասնելուն պես վերջանում է․ սա էլ 2-րդ պատնեշը։ Կյանքն ավելի է դժվարանում, երբ քեզ վստահում են խմբագրության «դինոզավրի» նյութն ու զգուշացնում՝ «քթի մազ է»։ Հետո ամիսներ են անցնում, «դինոզավրերի» հետ սուրճ ես խմում, այն, ինչ ճիշտ չես գտնում, չես անում, աշխատավարձդ էլ բողոքելու տեղիք չի տալիս։

Իմ կյանքը փոխվեց

Պարզ մեխանիզմ է․ աշխատանք ունենալուց հետո դառնում ես ֆինանսապես անկախ։ Կախված աշխատանքիդ բնույթից՝ դառնում ես ավելի քմահաճ։ Գործատուները սկսում են քեզ աշխատանքի առաջարկներ անել, բայց արդեն ինքդ ես որոշում՝ ինչ «գին» սահմանել և ինչ պայմաններ «թելադրել»։ Այսինքն՝ կամաց-կամաց ինքդ ես դառնում «դինոզավր» ։

DSC 9193 - #ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Վոլոդյա Մուշեղյան

Աշխատանք առանց ծանոթի

Իմ պատկերացումներն այս հարցում այնքան էլ ստանդարտավորված չեն։ Ծանոթով աշխատանքի ընդունվելն, առհասարակ, վատ բան չէ, եթե դու լավ մասնագետ ես։

Տեսեք՝ «ծանոթ» բառի ստուգաբանությունը հետևյալն է․ ճանաչած, գիտակ, տեղյակ, հայտնի։

Գործատուներից շատերը (մանավանդ լրագրության ոլորտում) նախընտրում են մասնագետի, որին խորհուրդ են տալիս գործընկերները, որը հայտնի է, որին ճանաչում են։ Բայց մեզնում «ծանոթով» աշխատանքի անցնելու մեխանիզմը սխալ է արմատավորվել։ Այս համատեքստում անպայման մենք հասկանում ենք մի իրավիճակ, երբ անկախ մասնագիտական որակներից՝ մարդն անցնում է աշխատանքի, քանի որ «ծանոթ» է։

Աշխատանքում կարևոր է

Պատասխանատվությունը:

DSC 0517 960x640 - #ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Վոլոդյա Մուշեղյան

Ես սիրում եմ իմ աշխատանքը

Հաճախ եմ տրտնջում, թե «քոռանում եմ նյութերի ձեռքը», բայց «քոռանալու» պրոցեսն էլ է հաճույք պատճառում։ Երբ, ասենք, խմբագիրը, սրբագրիչը բացակայում են, ու քեզ են վստահում ամբողջ աշխատանքը, դու սկսում ես սիրել այն, ինչ անում ես, քանի որ քեզ վստահել են։ Դու սիրում ես ոչ թե աշխատանքային բուն պրոցեսը, այլ դրա արդյունքը։ Բայց լինում են դեպքեր, երբ հակառակն ես զգում, դա էլ պարզունակ դիալեկտիկա է։

Խորհուրդ

Ականջի ծայրով ու աչքի պոչով հաճախ հետևե՛ք ձեր ոլորտի «ասերին»։ Սովորե՛ք, ինքնակրթվե՛ք թաքուն կամ բացահայտ։ Եթե չգիտեք, մի՛ ամաչեք, եթե չեք կարողանում, նորից փորձեք։ Ցածր աշխատավարձին մի՛ նայեք․ դրանք ամիսներ, տարիներ անց եռապատկվելու կամ հնգապատկվելու ունակություն ունեն։


#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Աննա Փորսուղյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Լիլիթ Բարսեղյան

#Գործ կա. Ես աշխատում եմ…Գրիգոր Վարդանյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Կարեն Ղազարյան

Ի՞նչ հարցնել ապագա գործատուին

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Դավիթ Հովհաննիսյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Մանե Գևորգյան

#Գործկա․ Ես աշխատում եմ․․․ Տաթև Մկրտումյան

#Գործ կա. Ես աշխատում եմ…Հռիփսիմե Խոջայան

#Գործ կա. ճանապարհ դեպի Fashion TV

ՏՏ ոլորտն ամենացանկալին է աշխատանք փնտրողների համար (վերլուծություն)

Staff.am. կարիերայի նորարար հարթակ Հայաստանում

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Աննա Գարեգինյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․Վահե Սալահյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Աստղիկ Իսկանդարյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Մարինե Գրիգորյան