Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Այս անգամ 1 օր ենք անցկացրել Be Informed հասարակական կազմակերպության հիմնադիր և DJ Արուսիկ Մկրտչյանի հետ։ Իրականացվող տարբեր աշխատանքների կողքին այժմ ավելացել է Hugo Bar-ի արտ- տնօրենի պաշտոնը։
Քանի որ օրվա ընթացքում ազատ ժամանակս այնքան էլ շատ չէ, ստեղծել եմ որոշակի «ավանդույթներ», որոնք իմ և երեխաների առավոտներն ավելի գունեղ են դարձնում։ Օրը սկսվում է ջերմ գրկախառնություններով, ինչին հաջորդում է երեխաներին կերակելու ընթացքը։ Քննարկում ենք նրանց օրվա անելիքները։
Սու՞րճ, թե՞ թեյ
Նախընտրում եմ սենչա և պուեռ տեսակի թեյեր, երբեմն խմում եմ նաև կապուչինո։
Be Informed հասարակական կազմակերպության մասին
Արդեն երկար տարիներ է զբաղվում եմ հանրային իրազեկմամբ, իսկ 2012-ին՝ հիմնելով իմ հասարակական կազմակերպությունը՝ Be Informed-ը /Եղիր Տեղեկացված, սկսեցի այդ ոլորտում ավելի պրոֆեսիոնալ գործունեություն ծավալել։ Մեր թիմը բաղկացած է մարքեթինգի մասնագետներից և բժիշկներից։ Be Informed-ի գործունեությունը նպատակաուղղված է բարձրացնելու հասարակական գիտակցության մակարդակը առողջության պահպանման և սոցիալական մի շարք խնդիրների լուծման տեսանկյունից։ Հանրային իրազեկման և սոցիալական հոլովակների պատրաստման ու տարածման ճանապարհով մենք փորձում ենք մարդկանց տեղեկատվություն տրամադրել տարբեր հիվանդությունների առաջացման պատճառների, դրանց հավանական հետևանքների, ինչպես նաև կանխարգելման վերաբերյալ։
Մեր գործունեությանն աջակցում է Առողջապահության նախարարությունը, ՄԱԿ-ի գրասենյակը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Այս և միջազգային մի շարք կազմակերպությունների հետ մենք իրականացնում ենք համատեղ նախագծեր՝ ուղղված հակածխախոտային պայքարին, առողջության դերի բարձրացմանը և տեղեկացված լինելու շնորհիվ՝ տարբեր հիվանդությունների կանխարգելմանը։ Այս ամենից զատ, Առողջապահության նախարարության՝ ծխախոտի մասին օրինագծի մշակման աշխատանքային խմբում եմ․ զբաղվում եմ հանրային իրազեկմամբ։ Հասարակական գործունեությունից բացի ունեմ նաև սեփական բիզնես նախագիծ, որը զբաղվում է միջոցառումների կազմակերպմամբ և PR-ով։
Մասնագիտությունը և բիզնեսը
Շատերն ինձ ճանաչում են որպես DJ, սակայն ես առաջին մասնագիտությամբ կենսաբան-էկոլոգ եմ։ Գիտությունն իմ տարերքն է, կարծում եմ դա գեներով է եկել։ Բակալավրը և մագիստրատուրան ավարտել եմ գերազանց։ Հիշում եմ՝ ինչ ոգևորությամբ էի հաճախում դասերի․ինձ հետաքրքիր էր ուսումնասիրել բնությունն ու խորասուզվել դրա փիլիսոփայության մեջ։ Դասերից հետո շտապում էի իմ հաջորդ տարերքի՝ երաժշտության հետևից։ Առաջին կուրսից աշխատանքի անցա Հայ FM ռադիոկայանում՝ որպես հնչունային ռեժիսոր։ Առաջին աշխատավարձս 25 000 դրամ էր։Դրանից մի քանի տարի անց արեցի իմ առաջին նախագիծը՝ հանդես գալով որպես DJ և ստեղծեցի միջոցառումների կազմակերպմամբ զբաղվող կազմակերպություն։
Բիզնեսի կառավարման գործում պարբերաբար գիտելիքներս թարմացնելու նպատակով մասնակցել եմ մարքեթինգի թեմաներով տարատեսակ թրեյնինգների։ Ոլորտը խորությամբ ուսումնասիրելու նպատակով հետագայում երկրորդ բարձրագույն կրթություն եմ ստացել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանաում՝ մարքեթինգի և բինզեսի կազմակերպման ֆակուլտետում։ Երրորդ մասնագիտությունս էլ ստացել եմ Երևանի պետական բժշկական համալսարանում։
Ընդմիջում
Օրվա խիտ գրաֆիկի պատճառով ընդմիջումներ չեմ ունենում։
Ոգեշնչող կինը
Կին անհատականությունն ինձ համար միշտ ոգեշնչող է։ Տարբեր մշակույթներում կնոջ դերը ստորադասված և լղոզված է եղել։ Ժամանակի ընթացքում կարծրատիպերը մասամբ կոտրվել են, սակայն կինը հասարակության մեջ դեռևս ամբողջովին չի կարողանում ինքնադրսևորվել։ Կանանց առաջնորդ տեսակը, որը չի վախենում բարձրաձայնել իր կարծիքը, ինձ միշտ ոգեշնչում է։ Այդպիսի կանայք մնում են պատմության մեջ։
Աշխատանքային փոխհարաբերություններ
Ես համոզված եմ, որ ազատության մեջ ծնվում են լավ գաղափարներ։ Փորձում եմ ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ աշխատակիցներն իրենց գործողություններում ազատ են, սակայն չեն մոռանում նաև պարտականությունների մասին։ Քանի որ իմ աշխատանքային ոլորտները շատ տարբեր են, որպես ղեկավար՝ ես նույնպես տարբեր եմ լինում։
Ղեկավար կնոջ մասին
Յուրաքանչյուր առանջնորդ պետք է ուշադրություն դարձնի մանրուքների վրա ու հետևի իր աշխատակիցների տրամադրվածությանն աշխատանքի հանդեպ։ Բացահայտելով խնդիրները՝ կարելի է գտնել նաև դրանց լուծման տարբերակներն ու օգնել թիմի անդամներին դուրս գալ բարդ իրավիճակներից։ Կարևորում եմ աշխատակիցներին քաջալերելը և դրդելը, որ միշտ աճեն իրենց ոլորտում։
Հանգիստը
Երևանում ինձ ամենից շատ դուր են գալիս այգիները։ Մաքուր օդն ու բնությունը ինձ համար հանգստի լավագույն տարբերակն են։ Եթե այցելում եմ որևէ սրճարան կամ հանրային վայր, ապա նախընտրում եմ գտնվել չծխողների համար նախատեսված սրահներում։
Երևանում սիրելի վայրը
Սիրում եմ ազատ ժամանակս անցկացնել իմ սիրելի աշխատավայրում՝ Hugo բարում։
Խորհուրդ սկսնակներին
Երբեք մի լսեք կողմանակի մարդկանց խորհուրդները, քանի որ ամեն մեկն իր ֆիլտրով է անցկացնում երևույթները և կոնկրետ Ձեր իրավիճակի համար սխալ եզրահանգումներ է անում։ Եթե անգամ առաջին փորձից ոչինչ չստացվի, ապա դա կլինի հաջողության հասնելու ճանապարհ տանող ձեր առաջին քայլը։
Լուսանկարները՝ Լուսինե Գրիգորյանի
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո