Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Այս անգամ մեկ օր ենք անցկացրել Mashroom.am կայքի հիմնադիր, բլոգեր Մարիաննա Քաբաբյանի հետ։
Ես երկու երեխաների մայրիկ եմ, առավոտներն ինձ մոտ սկսվում են շատ վաղ ու շատ ակտիվ: Երեխաներին դայակին ու մանկապարտեզ հանձնելուց հետո նոր սկսվում է իմ անձնական առավոտը, որն ինձ համար կարևոր ռիտուալ է. սուրճ, կրուասան, ոգեշնչում առաջին ինստագրամյան պոստի համար ու այդ պոստը… Վերջ, կարող եմ աշխատանքի գնալ։
Սու՞րճ, թե՞ թեյ
Տաք ամերիկանո, միշտ։
Mashroom.am-ի մասին
Mashroom.am նորաձևության բլոգը հիմնադրել եմ 2011 թ-ին: Այն տարիների ընթացքում վերափոխվել է և դարձել կայք՝ կենսակերպի (լայֆսթայլի) մասին։ Ամեն ինչ սկսվեց 2009 թ. իմ առաջին ճանապարհորդությունից Եվրոպա, մասնավորապես` Փարիզ, որտեղ մոտիկից ծանոթացա նորաձևության տների, այդ աշխարհի հետ, մոտ եղա նորաձևությանը և հագուստի ու աքսեսուարների լավագույն ժամանակակից նմուշներին։ Վերադառնալուն պես հասկացա, որ այլևս կյանքս ցանկանում եմ կապվել այդ ոլորտի հետ: Ցավոք, այդ շրջանում Հայաստանում ոլորտը դեռ այդքան էլ լավ վիճակում չէր։
Այսօր Mashroom.am-ը սոցցանցերում ունի հետևորդների բազմահազար բանակ և հարյուրավոր գործընկերներ։ Mashroom-ը նաև իմ՝ հայ արտադրողների մուլտիբրենդային ցուցասրահի անվանումն է, այսինքն բլոգինգի բիզնեսը եկել է նաև ռիթեյլի ոլորտ։
Մասնագիտությունը և բիզնեսը
Մասնագիտությամբ բանասեր եմ, ռուսաց լեզվի և գրականության մասնագետ, գրականագետ։ Բիզնեսի հետ այն երբևէ կապ չի ունեցել և իմ անձնական համոզմունքն է, որ բիզնեսի հանդեպ հակումը ներքին բնածին որակ է, այլ ոչ թե մասնագիտական գիտելիքների համախումբ:
Ամեն օր տարբեր են իմ կեսօրները. կամ խանութում եմ, կամ լանչի ժամին հանդիպումների մեջ: Իդեպ, միշտ փորձում եմ համատեղել աշխատանքային ու գործնական հանդիպումները:
Ոգեշնչումներ
Բլոգերի աշխատանքը ենթադրում է, որ ամեն օր դու պիտի ոգեշնչես հազարավոր մարդկանց ավելի լավը դառնալ, մոտիվացված լինել, առաջ գնալ, շրջապատել կյանքը գեղեցիկով և գեղեցիկ ապրել:
Աշխատանքային փոխհարաբերություններ
Ես փորձում եմ առաջնորդվել ժամանակակից աշխարհում այս պահին այդքան հայտնի էմոցիոնալ ինտելեկտի կառավարման մոդելով: Ընտրում եմ ոչ թե աշխատակիցներ, այլ նոր ընկերներ. ընթացքում կամ ընտանիք ենք դառնում, կամ՝ բաժանվում:
Հանգիստը
Չգիտեմ՝ ինչու է երեկոն հանգստի հետ ասոցացվում, ինձ մոտ այդպես չէ. ես կամ միջոցառումների եմ մասնակցում որպես կազմակերպիչ, կամ՝ որպես հյուր, կամ էլ տնային աշխատանքով եմ տարվում: Հանգստի ժամն ինձ համար բացառապես քնի ժամն է:
Երևանում սիրելի վայր
Սիրահարների այգում կա մի սրճարան, մեր ընտանիքի սիրելի «Աչաջուրը», որտեղ հարմար է այցելել երեխաների հետ և օրվա կեսն այնտեղ անցկացնել: Այնտեղ սիրում եմ այցելել թե՛ նախաճաշելու, թե՛ ընթրելու:
Խորհուրդ սկսնակներին
Եղեք համառ, խիզախ, անվախ, մի լսեք ոչ մեկի կարծիքը, հատկապես հարազատների: Միայն դուք գիտեք, ինչ եք ուզում, իսկ եթե արդեն գիտակցել եք, դա, համարեք՝ արել եք գործի կեսը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո