#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Խաչիկ Աբաջյան - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Խաչիկ Աբաջյան

khachik - #ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Խաչիկ Աբաջյան

Ես Խաչիկ Աբաջյանն եմ, ինձ մտերիմ մարդիկ գիտեն, որ կա մի լեզու, երբ խոսում են՝ օգտագործելով միայն սկզբնատառերը, ուստի ինձ հաճախ ասում են՝ «Խ»: Շուտով կդառնամ 20 տարեկան։ Աշխատանք ունեցա, երբ արդեն 16 տարեկան էի: Այդ ժամանակ կարծում եմ, հիմնականում մեծ ցանկություն ունեի որևէ լավ ու հետաքրքիր գործ անելու, իսկ հետո՝ նոր աշխատանք ունենալու, քանի որ տարիքով փոքր էի:

Մասնագիտություն

Դեռ սովորում եմ ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում՝ միջազգային հարաբերություններ մասնագիտությամբ, փոխադրվեցի չորրորդ կուրս:

Աշխատում եմ որպես

Արդեն երեք տարի է ինչ աշխատում եմ «Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամում: Ներկայումս հանդիսանում եմ հիմնադրամի ծրագրերի ղեկավարը, նաև՝ դասընթացավարը:

Նախորդ երեք տարիների ընթացքում աշխատելով երիտասարդների, երեխաների հետ՝ համոզվել եմ, որ առանց նրանց հետ ամենօրյա շփման չեմ պատկերացնում օրս:

Հիմնադրամի աշխատանքների միջոցով զարգացնում ենք նրանց կարողությունները, ոչ ֆորմալ կրթության մեթոդներով փոխանցում գիտելիքներ, հմտություններ, կազմակերպում՝ դասընթացներ, ծրագրեր, ճամբարներ և այլ միջոցառումներ: Ես համակարգում եմ այդ բոլոր աշխատանքները:

Մի օր հասկացա որ պետք է

Նախ ասեմ, որ մանկուց երկու երազանք եմ ունեցել․ առաջինը՝ աշխատել բարձրահարկ գրասենյակում, ոլորտը կարևոր չէ, որը շատ-շատ հարկեր կունենա ու շատ աշխատողներ, ես կքայլեմ բոլոր հարկերով ու մարդիկ ինձ կճանաչեն։ Երկրորդն՝ ունենալ սեփական, ոչ ֆորմալ դպրոցը, որտեղ կդասավանդեն այնպես, ինչպես ես կցանկանայի ուսուցանվել դպրոցում:

12 տարեկանից սկսեցի զբաղվել կամավորությամբ «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպությունում, դրանք ինձ համար բեկումնային և խիստ կարևոր տարիներ եղան:  Նյութապես չվարձատրվող, բայց ռեսուրսների, կարողությունների, հմտությունների ու գիտելիքների ձեռքբերման առումով հզոր մի գործ:

14034740 671426486339585 7904681966656397274 n - #ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Խաչիկ Աբաջյան

Տարիների ընթացքում հիմնադրվեց «Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամը: Մեկ տարի անց համակարգող խորհրդի որոշմամբ ստանձնեցի հիմնադրամի աշխատանքների ղեկավարումը, որն իրականացնում եմ մինչ օրս: Կարելի էր ասել, որ առաջին երազանքս մասամբ կատարվեց, հիմա աշխատում եմ մեր գրասենյակը ընդլայնելու և երազանքս լիովին կատարելու համար:

Աշխատանք գտնելը

Պիտի անկեղծորեն ասեմ, որ իմ պարագայում աշխատանք գտնելը այդքան մեծ դժվարություններ չառաջացրեց: Դեռահաս տարիքում զբաղվել որևէ բանով, հետո սիրել այն և ապրել դրանով, արդեն իսկ լուրջ փորձություն է: Փորձություն է ինքդ քեզ հետ, քանի որ պիտի ինքդ քեզ համար հստակեցնես՝ արդյոք դա այն է, ինչ դու ուզում ես: Հիմա վստահ ասում եմ, որ դա նույնիսկ ավելին է նրանից, ինչ ես ուզում էի:
Եթե ավելի խորքային խոսեմ աշխատանքիցս, ապա անկեղծորեն նշեմ, որ խոչնդոտներն առկա էին: Հիմնական խնդիրը շրջապատի վերաբերմունքն էր, կամավոր՝ ըստ իրենց՝ անվճար, աշխատանքի նկատմամբ չմոտիվացնող խոսքերը, «խորհուրդները», սակայն ես ու իմ ընկերները ոչ միայն հաղթահարեցինք դրանք, այլև հիմա աշխատանքին զուգահեռ զբաղվում ենք կամավորությամբ:

Իմ կյանքը փոխվեց

Աշխատանքս սկելուց հետո շատ բան փոխվեց իմ կյանքում: Այն նոր գույն ու իմաստ ստացավ: Ներկայումս եղած էներգիան տասնապատկվեց կամ գուցե հազարապատկվեց, և որ ամենակարևորն է՝ հասկացա, թե ինչի համար եմ օգտագործում իմ էներգիան: Չեմ ցանկանա խոսել հմտություններից, ձեռք բերած կապերի, ընկերների, փորձի մասին, քանի որ դրանք անհամեմատելի են մինչև այդ ունեցած տարիների նկատմամբ:

Զգայական մակարդակում իսկապես շատ փոփոխություններ տեղի ունեցան՝ հասունություն, պատասխանատվության մեծ զգացում, մարտահրավերներ, դրանց հաղթահարում, նորից մարտահրավերներ և այդպես շարունակ։Կյանքս փոխվեց մի նոր ուղղությամբ՝ հետաքրքիրմ, բովանդակալի ուղղությամբ, դրա համար երջանիկ եմ:

Աշխատանք առանց ծանոթի

Եթե աշխատանք, ապա առանց ծանոթի: Երբ դու ընդունվես աշխատանքի ծանոթի օգնությամբ, դա նույնն է, եթե դու իրականում աշխատանք չունենաս: Եթե նույնիսկ գրանցես հաջողություններ՝ դու դրանց նկատմամբ չես ունենալու լիարժեք ընկալում, այլ ինչ-որ ժամանակ դրանք վերագրելու ես քո ծանոթին, ում շնորհիվ այս կամ այն հաստիքին ես: Ես մեկն եմ այն հազարավոր երիտասարդներից, ովքեր ունեն աշխատանք, սակայն որևէ ծանոթ-բարեկամ առնչություն չունի դրա հետ: Ոչ միայն ծանոթով չեմ ընդունվել աշխատանքի, այլև հիմա՝ ունենալով հնարավորություն նոր մարդկանց աշխատանքի ընդունելու, չեմ ընդունում ծանոթներին և բարեկամներին, քանի որ դա իմ ունեցած սկզբունքներից վեր է:
Կարծրատիպերը կան և լինելու են, հաղթող են դուրս գալիս նրանք, ովքեր կոտրում են եղած կարծրատիպերը, չեն ենթարկվում դրանց ստանդարտ կանոններին:

24232738 907839422698289 4324792265373232531 n - #ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Խաչիկ Աբաջյան

Աշխատանքում կարևոր է

Աշխատանքում կարևորը սերն է՝ դեպի քո արած աշխատանքը: Առանց դրա անհնար են բոլոր տեսակի հաջողություններն ու ձեռքբերումները, եթե նույնիսկ կան, ապա ոչ կարևոր են, անցողիկ: Լավ աշխատողը պետք է չափազանց պատասխանատու և ազնիվ լինի նախևառաջ ինքն իր առաջ, այնուհետև իր աշխատանքի ու գործի: Կարծում եմ, որ սիրով աշխատելը, պատասխանատվությունն ու ազնվությունը հենասյուններն են լավ աշխատանք ունենալու համար: Հաջորդ կարևոր պայմանը աշխատանքի արդյունքները վայելելն է: Միշտ երազել եմ ունենալ աշխատանք, որը կկարողանա ծառայել լայն հանրության շահերին, որը հնարավորինս շատ մարդու օգուտ կտա:

Ես սիրում եմ իմ աշխատանքը

Որովհետև ես ապրում եմ դրանով ամեն օր: Սիրում եմ, որովհետև իմ աշխատանքային պարտականությունները համընկնում են կյանքում՝ իմ ստանձնած պարտականություններին: Ես սիրում եմ իմ աշխատանքը, քանի որ մշտապես աշխատում եմ երեխաների ու երիտասարդների հետ, աշխատելով իմ հասակակիցների ու փոքրերի հետ՝ վստահաբար լցվում եմ մեծ էներգիայով ու հավատով դեպի մեր ապագան: Սիրում եմ իմ աշխատանքը, քանի որ այն ծառայում է հանրության լայն շերտերին: Ես սիրում եմ իմ աշխատանքը, քանի որ այն իմն է:

Խորհուրդ

Եթե դեռ չեք գտել ձեզ համար ցանկալի աշխատանք, ապա անպայման զբաղվեք կամավորությամբ, այն ձեզ հնարավորություն կտա ինքնակրթվելու և կողմնորոշվելու, ինչպես նաև ձեր կյանքի լավագույն տարիները կհամալրվեն մի քանի բովանդակալի տարիներով: Եթե արդեն երկար ժամանակ է չեք գտնում այն աշխատանքը, որը ցանկանում եք, ապա ինքներդ ստեղծեք այն, հիշեք, որ չկա ավելի լավ բան, քան զբաղվելը նրանով, ինչն իսկապես քոնն է ու քեզ դուր է գալիս:
Աշխատանքում մի կարևորեք նյութականը, այն վաղ թե ուշ լինելու է այնքան, ինչքան դուք ցանկանաք:


#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Աննա Փորսուղյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Լիլիթ Բարսեղյան

#Գործ կա. Ես աշխատում եմ…Գրիգոր Վարդանյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Կարեն Ղազարյան

Ի՞նչ հարցնել ապագա գործատուին

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Դավիթ Հովհաննիսյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Մանե Գևորգյան

#Գործկա․ Ես աշխատում եմ․․․ Տաթև Մկրտումյան

#Գործ կա. Ես աշխատում եմ…Հռիփսիմե Խոջայան

#Գործ կա. ճանապարհ դեպի Fashion TV

ՏՏ ոլորտն ամենացանկալին է աշխատանք փնտրողների համար (վերլուծություն)

Staff.am. կարիերայի նորարար հարթակ Հայաստանում

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Աննա Գարեգինյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Վոլոդյա Մուշեղյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․Վահե Սալահյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Աստղիկ Իսկանդարյան