Գյումրիում բացվել է «Յանդեքս» ընկերության ծրագրավորման դպրոցը - VNews

Գյումրիում բացվել է «Յանդեքս» ընկերության ծրագրավորման դպրոցը

2017 թվականի հոկտեմբերի 10-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել «Յանդեքս»-ի ծրագրավորման դպրոցի պաշտոնական բացումը: Այն «Յանդեքս» ընկերության և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի համատեղ նախագիծն է 9-11-րդ դասարանների աշակերտների համար, ովքեր դպրոցում կծանոթանան ծրագրավորմանը և իրենց համար կստեղծեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատելու հեռանկարներ:

Դպրոցում ուսում ստանալու հայտ են ներկայացրել 99 աշակերտներ, որոնցից 27-ը հաջողությամբ անցել են թեստավորման և հարցազրույցի փուլերը: Դասընթացները սկսվել են հոկտեմբերի 4-ին և կտևեն մեկ ուսումնական տարի: Աշակերտները կծանոթանան ծրագրավորման հիմունքներին Python լեզվի օրինակով: Այն լայն տարածում ունեցող և արագ զարգացող լեզու է, որն օգտագործում են մի շարք ծառայություններ, օրինակ՝ Yandex Taxi-ն, Youtube-ը, Facebook-ը և Instagram-ը:

«Այսօր մեծ քաղաքներում երիտասարդները շատ հնարավորություններ ունեն դեռ վաղ տարիքից ծրագրավորում սովորելու համար, ինչը շրջաններում ավելի բարդ է: Վանաձորում բացելով ծրագրավորման դպրոց՝ մենք տեսանք, թե ինչպիսի խանդավառությամբ են սովորում երեխաները և թե ինչպես են արդեն մի քանի ամիս անց ստեղծում իրենց առաջին ծրագրերը: Հույս ունենք, որ մեր նոր դպրոցը Գյումրիում կօգնի այստեղի ավագ դասարանների աշակերտներին յուրացնել այն մասնագիտությունը, որը դառնում է աշխարհում ամենապահանջվածը», – ասել է Yandex Taxi ընկերության Միջազգային զարգացման ծառայության ղեկավար Մուշեղ Սահակյանը:

Ուսուցումը լինելու է անվճար և հայերենով: Դպրոցում դասավանդում են տեղի մասնագետներ Արամ Հովհաննիսյանը՝ փորձառու ֆրոնթէնդ և բեքէնդ ծրագրավորող, ով շուտով կավարտի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը  «Կիրառական մաթեմատիկա» մասնագիտությամբ, և Արամ Մուրադյանը՝ համակարգչային գիտությունների և ինֆորմատիկայի բակալավր, ալգորիթմների, տվյալների կառուցվածքների և նկարների մշակման մասնագետ:

  • 6