Half-Life Episode 3-ի ավարտը հայտնվել է համացանցում - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Half-Life Episode 3-ի ավարտը հայտնվել է համացանցում

Half-Life episode 3

Մարկ Լեյդլոուն՝  Valve-ի նախկին սցենարիստ և Half-Life խաղի հեղինակը, անսպասելիորեն իր բլոգում հրապարակել է Half-Life-ի Episode 3-ի ամբողջական սյուժետը, ինչից կարելի է ենթադրել, որ խաղը այդպես էլ չի թողարկվի։

Մարկը փոփոխել է հերոսների անունները՝ ամենայն հավանականության Valve-ի հետ քաշքշուկներից զերծ մնալու համար։ Բոլորին ակնհայտորեն պարզ է՝ ում մասին է խոսքը, օրինակ՝ Գորդոն Ֆրիմանը այստեղ անվանվում է Գերտրուդ Ֆրիմոնտ, որի անունից էլ պատմությունը ընթանում է։

Ամբողջական սյուժեին կարող եք ծանոթանալ Մարկի Բլոգում։

Իլայա Վենսայի մահից հետո Դիմադրությունը կարողանում է ուշքի գալ։ Թաղում են իրենց լիդերին և գնում սառույցում մխրճված նավին՝ «Բորեյին», ընդառաջ։ Գորդոնը և Ալեքսը շարժվում են ինքնաթիռով, իսկ մեկ այլ թիմ նրանց հետևում է ուրիշ փոխադրամիջոցով։

Ինքնաթիռը ջախջախվում է։ Նավի կոորդինատները ստանալու փորձերից հետո թիմը հասնում է կոմբայների կողմից կառուցված կենտրոն՝ նավը հետազոտելու համար։ «Բորեյը»  մոլորված է տարածաչափության տարբեր հարթություններում, և դեռ չի ստացվում գտնել ստույգ կոորդինատներ։

Գորդոնը և Ալեքսը որոշում են ամեն կերպ հայտնվել «Բորեյում», սակայն ճանապարհին հանդիպում են բժիշկ Բրինին, ավելի շուտ ինչ-որ արարածի՝ Բրինի ուղեղով։ Երբ վերջինս իմանում է, որ իսկական Բրինը մահացել է Ցիտադելի պայթյունի ժամանակ, խնդրում է հերոսներին՝ ավարտել իր կյանքը։ Նրանք այդպես էլ վարվում են։ Հետագայում թիմը գտնում է բանտախցում կալանավորված  Ջուջիտ Մոսմանին։ Ալեքսը հիստերիայի մեջ է ընկնում, նա մեղադրում է Մոսմանին իր հոր սպանության մեջ, իսկ Մոսմանն ի պաշտպանություն հայտնում է, որ ինքը կրկնակի գործակալ է։

Վերջիվերջո երեքն էլ հասնում են կոորդինատներին, որտեղ էլ սպասվում է «Բորեյի» ժամանումը։ Մոսմանը կարողանում է կարճ ժամանակահատվածով նյութականացնել նավը, որպեսզի Գորդոնը և Ալեքսը բարձրանան տախտակամած։ Նավում հերոսներն հանդիպում են Half-Life-ի տարբեր ժամանակահատվածների տարբեր դրվագներին։ Վերջապես նրանք իմանում են, որ նավի անձնակազմը ստեղծել է տելեպորտացիայի սարք՝ Bootstrap:

Երբ կոմբայները հարձակվեցին և գրավեցին Երկիրը, անձնակազմը ստիպված եղավ նավը ուղարկել մոլորակի ամենահեռու կետը՝ Արկտիկայի շրջանին մոտ։ Նավը տեղափոխվեց ոչ միայն տարածության մեջ, այլ նաև ժամանակի, որի մասին անձնակազմը չգիտեր։ Բոլոր բացահայտումներից հետո Ալեքսը, Գորդոնը և Մոսմանը չեն կարողանում գալ ընդհանուր որոշման՝ ինչ անել նավի հետ։ Մոսմանը պնդում է, որ պետք է նավը հասցնել Դիմադրությանը, իսկ Ալեքսը ցանկանում է պահել իր հոր խոստումը և ոչնչացնել «Բորեյը»։

Սկսվում է վեճ, որի արդյունքում Ալեքսը սպանում է Մոսմանին։ Այնուհետև Գորդոնը և Ալեքսը ուղևորվում են կոմբայների կենտրոն։ Հանկարծակի Ալեքսի առջև հայտնվում է Ջի-մենը և նրան տանում իր հետ։ Պայթյունից վայրկյաններ առաջ, որը պետք է ոչնչացներ կոմբայներին, հայտնվում են որտիգոններ և ուղարկում Գորդոնին ապագա։ Այդ ապագայում Գորդոնը հայտնվում է գիտնականների խմբի մոտ։ Նա չի ճանաչում հետազոտական խմբի մեծամասնությանը, բայց մի քանիսը դեռ հիշում են իրեն։

Խաղացողներն այդպես էլ չեն իմանում, թե ինչ է կատարվելու այդ ապագայում, և պատմությունը ավարտվում է անբացատրելի, ինչպես և առաջ։